Հաճախ ենք լսում տեղին ու անտեղի խորհուրդներ, թե հաճախակի ջուր խմելն օգտակար է առողջությանը, կամ օգնում է քաշի արագ նվազմանը։
«Անհրաժեշտ ջրի քանակը կախված է՝ տարիքից, սեռից, ֆիզիկական ակտիվությունից և այլ փոփոխականներից»,- ասում է բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը և շեշտում․ «Այդ իսկ պատճառով՝ ջրի անհրաժեշտ քանակը կարող է զգալիորեն տարբերվել մարդկանց մոտ»:
Բժիշկ-դիետոլոգը թվարկում է, որ մեր օրգանիզմը հեղուկ ստանում է․
1․ ջրից,
2․ոչ ալկոհոլային խմիչքներից,
3․սննդից, որոնք հեղուկ են պարունակում՝ բանջարեղենից և մրգերից, որոնցից շատերի 95% հեղուկ է:
Ըստ նրա, առողջ մարդու մոտ օրական մուտքային և ելքային ջրի քանակը հավասարակշռության մեջ է:
«Երբ մարդը հեղուկ է կորցնում, արյան պլազմայում լուծվող նյութերը դառնում են չափազանց խիտ, սա դրդում է հատուկ ընկալիչներին, որպեսզի օրգանիզմը սկսի «խնայել» հեղուկ: Երիկամներում ջրի հակադարձ ներծծումը մեծանում է և ծարավի զգացողությունը մեծանում է: Ահա թե ինչու քիչ հեղուկի ընդունման դեպքում կարող է առաջանալ այտուց»,- մանրամասնում է բժիշկ-դիետոլոգը և հավելում, որ ջրի օգտագործման վերաբերյալ հստակ ցուցումներ չկան։
«Դրանք պարզապես գոյություն չունեն, կան միայն ընդհանուր ցուցումներ հեղուկների սպառման մասին»,- բացատրում է բժիշկն ու հանգամանալի բացատրում, թե ինչու՞ է այդպես․ «Մարմինը չի մտածում, թե որտեղից կարող է ջուրը ստանալ: Թեյը և նույնիսկ սուրճը ներառված են հեղուկի ընդունման ընդհանուր բալանսի մեջ: Այն բոլոր հեքիաթներն, որ միայն մաքուր ջուրն է օգտակար մարմնի համար և 2 բաժակ հեղուկ պետք է խմել մի բաժակ սուրճից հետո՝ մնում են միայն հեքիաթներ»:
Բժշկի դիտարկմամբ․ «Իհարկե, թեյի, սուրճի մեջ շաքարավազ ավելացնելը, կամ գազավորված ըմպելիքների օգտագործումը հեղուկ լրացնելու համար լավ տարբերակներ չեն, քանի որ դա լրացուցիչ կալորիաների ընդունում է: Հետևաբար՝ հեղուկ ընդունում համարում ենք առանց շաքարի և, իհարկե, առանց ալկոհոլի ըմպելիքների օգտագործումը»։
Հարցին, թե ինչու չկա «օրը 2 լիտր ջուր» նորմա, Լ․ Այվազյանը ասաց․ «Քանի որ, սկզբունքորեն նման բան լինել չի կարող: Մենք բոլորս շատ տարբեր ենք, մեր հեղուկ ընդունման պահանջը օր օրի փոխվում է ՝ սպորտ, հիվանդություն, շատ աղի ու շաքարի օգտագործում, բնակության երկրի ու շրջանի կլիմա, աշխատավայրում օդափոխություն համակարգի առկայություն (кондиционер), այս ամենից կախված օրվա ընթացքում մենք օգտագործում ենք ջրի տարբեր քանակ»,– պարզաբանեց բժիշկ-դիետոլոգն ու հավելեց, որ ցուցումը հետևյալն է․ «Ըմպեք առաջնորդվելով ծարավի զգացումով, ուշադրություն դարձրեք մեզի գույնին, այն չպետք է մուգ լինի: Իսկ 30 մլ/ 1կգ-ում ու նմանատիպ այլ նորմաներ կարող են լինել միայն բժշկի ցուցումներից ելնելով: Օրինակ ՝ միզաքարային հիվանդության և ժառանգական նախատրամադրվածության դեպքում»,- եզրափակեց բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը:






Թողնել մեկնաբանություն