Blog
In
other , shrjaka-mijavayr
Ինչպե՞ս մարել անտառային հրդեհները․ ուսումնավարժանք Խոսրովի արգելոցում
Posted on 1 Օգոստոսի, 2022

«Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով օրերս Խոսրովի արգելոցում տեղի ունեցավ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի գործնական հմտությունները՝ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս, կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի ներդաշնակ աշխատանքը:
Ըստ սցենարի՝ Հիմնադրամի աշխատակիցները նկարահանող տեսախցիկի միջոցով նկատում են, որ «Խոսրովի անտառ պետական արգելոցի» Խաչաձոր տեղամասի Աղսու պահաբաժնում հրդեհ է բռնկվել: Հրդեհի վերաբերյալ ահազանգը փոխանցում է ԱԻՆ 911 և Արգելոցի աշխատակիցներին, և սկսվում է վարժանքը։
«Այս վարժանքը կրում էր նախապատրաստական բնույթ։ Եվ առաջին անգամ ուղղաթիռ էր կիրառվում, և մենք հասկացանք, որ այն բավականին արդյունավետ էր։ Մենք էլ ավելի բարելավում ենք մեր տեխնիկական միջոցները, տեղի է ունենալու թարմացում»,- նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Սա շատ կարևոր միջոցառում է, որը պարբերաբար պետք է կրկնվի։ Մենք պետք է պարբերաբար կարողությունների զարգացում իրականացնենք, որպեսզի հնարավոր դեպքերի դեպքում կարողանանք դիմակայել անտառային հրդեհներին։ Կլիմայի փոփոխության արդյունքում մենք տարեցտարի նկատում ենք, որ նման դեպքերը անխուսափելի են։ 2017 թվականից հետո անհամեմատ տեսանելի է մասնագիտական գործիքակազմի ավելացումը, և եթե մեր միջազգային գործընկերների օժանդակությամբ կարողանանք համալրել մեր տեխնիկական բազաները, ապա ի զորու կլինենք դժվար պահերին դիմակայել նման իրավիճակների»,- ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Ուսումնավարժությանը մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Խոսրովի անտառ պետական արգելոցը, ինչպես նաև Վեդի խոշորացված համայնքի և Ուրցաձոր համայնքի կամավորները։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՄՆ-ի Անտառային ծառայության փորձագետները, ովքեր այս օրերին ակտիվ աշխատանքներ են իրականացնում Հայաստանում։ Մասնակիցները բարձր գնահատեցին իրականացված աշխատանքները և վարժանքի կարևորությունը։
In
other , shrjaka-mijavayr
Բուսաբանության ինստիտուտն արդեն նոր տնօրեն ունի
Posted on 29 Հուլիսի, 2022

Այսօր ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Գասպարյանը։ Նորանշանակ տնօրենը տվյալ կառուցում պաշտոնակատար էր նշանակվել դեռևս հունվարի վերջին:
Բուսաբանության ինստիտուտում վեց ամսվա ընթացքում կատարած աշխատանքներն այսօր կետ առ կետ իր ելույթում ներկայացրեց Արսեն Գասպարյանը․
1․Վերանորոգվել է Հնէաբուսաբանության թանգարանի ֆասադային հատվածը,
2․նորոգվել է Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի տարածքը,
3․ մեկնարկել են Արմեն Թախտաջյանի կիսանդրու պատրաստման և տեղադրման աշխատանքները,
4․մեկնարկել է թափոնների տեսակավորման գործընթացը. տեղադրվում են թափոնամաններ,
5․ Ստեղծվել է բուսաբանական արահետ՝ կահավորված անհրաժեշտ ցուցանակներով,
6․ Մեկնարկել է նոր փայտե կառուցվածքներով խաղահրապարակի ստեղծման ծրագիրը,
7․ «ԲՈՒՆ» հեռուստաընկերության հետ համատեղ ստեղծվում է բույսերի մասին պատմող հաղորդաշար,
8․ Հերբարիումում տեղադրվել է հակահրդեհային համակարգ,
9․ստեղծվել են արագ արձագանքման խումբ և տարհանման պլաններ,
10․Իրականացվում են էկոկրթական միջոցառումներ, էքսկուրսիաներ,
11․ Բուսաբանության ինստիտուտը ներգրավվել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման, Քաղաքային կանաչ ենթակառուցվածքների կառավարում կլիմայի փոփոխության ակնկալվող մարտահրավերների շրջանակում քաղաքապետարանների կարողությունների զարգացման ծրագրերում:
Ըստ, նորանշանակ տնօրենի, նախատեսվում է․
1․ Երևանի բուսաբանական այգու սահմանների ճշգրտում,
2․ ինստիտուտի գիտաշխատողների տպագրությունների ավելացում Scopus/Web of Science շտեմարաններում, երիտասարդ գիտնականների համար ծրագրերի և միջոցառումների իրականացում,
3․ նոր լաբորատորիաների հիմնում և սարքավորումներով լաբորատորիաների վերազինում․
4․բնապահպանական ծրագրերից և ծառայություններից նախատեսվում է Ex-situ պահպանություն, վտանգված տեսակների վերաբնակեցում, կենսաբազմազանության մոնիթորինգ, տնկարանային և ջերմոցային տնտեսության վերականգնում, կանաչապատում և բույսերի վաճառք, խորհրդատվական ծառայությունների մատուցում:
Արսեն Գասպարյանը ծնվել է 1983թ-ին՝ Երևանում: 2001-2003թթ-ին անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում: Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, դոկտորանտուրան անցել է Բեռլինի Ազատ համալսարանում: Եղել է նույն համալսարանի Բուսաբանական գիտությունների «Դալեմ» գիտահետազոտական կենտրոնի անդամ:
Արսեն Գասպարյանը 2007-2012թթ-ին աշխատել է Երևանի պետական համալսարանի բուսաբանության ամբիոնում, 2009-2016թթ-ին եղել է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի նախագահ, 2016թ-ից ընդգրկված է եղել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) բնապահպանական ծրագրերում, 2020թ-ից ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավարն է: Նա դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, անդամակցում է Քարաքոսաբանների միջազգային ասոցիացիային (International Lichenological Association), Սնկերի պահպանության միջազգային միությանը, (International Society for Fungal Conservation):
Արսեն Գասպարյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, 12 գիտական հոդվածի, 2 մենագրության, 5 թեզիսի հեղինակ է: Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումն իրենց հայտնաբերած քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii:
In
other , shrjaka-mijavayr
Վայրի բնության պահպանության ոլորտներում պետությունն ու ՀԿ-ն մեկտեղում են ուժերը
Posted on 29 Հուլիսի, 2022

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում այսօր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև համագործակցության հուշագիր կնքվեց։ Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ: «Արտակարգ իրավիճակների նախարարության հետ մեր աշխատանքը շատ կարևոր է, համագործակցում ենք վայրի կենդանիների փրկության, ինչպես նաև հրդեհների արագ արձագանքման ոլորտներում։ Մենք տևական ժամանակ է՝ շատ լավ համագործակցում ենք, և վստահ եմ՝ շարունակությունն էլ ավելի արգասաբեր է լինելու»,- հանդիպման ժամանակ ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն էլ ընդգծեց․ «Այս փոխօգնության հուշագրով պետությունն ու հասարակական կազմակերպությունը մեկտեղում են իրենց ուժերը՝ վայրի բնության պահպանության ոլորտներում»։ Հուշագրի ստորագրման ընթացքում Խաչատրյանը հավելեց, որ ԱԻՆ տարեկան 10 աշխատակիցների համար հիմնադրամի ռեսուրսներով կազմակերպելու են թրեյնինգներ։ Կողմերը համաձայնեցին համագործակցել արտակարգ իրավիճակների դեպքում և նպաստել առկա խնդիրների հրատապ լուծմանը, համադրել ուժերը ՀՀ ողջ տարածքում՝ 1․ փորձելով հնարավորինս անվնաս կերպով բռնել, տեղափոխել, մեկուսացնել և/կամ բնություն վերադարձնել խնդրահարույց կենդանիներին, 2․ հրդեհավտանգ ամիսներին վայրի բնության և/կամ անտառային հրդեհների դեպքում համատեղ ջանքերով իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում և հարակից տարածքներում։
In
other , shrjaka-mijavayr
Պատանի բնապահպանները Արենիում իրականացրել են սպիտակ արագիլների հաշվառում
Posted on 27 Հուլիսի, 2022

«Գարնանն ընդառաջ» միջազգային ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի պատանի բնասերները իրականացրել են սպիտակ արագիլների հաշվառում։
Իրականացված հաշվառման արդյունքում արձանագրվել է սպիտակ արագիլների քանակային աճ, ինչն ուրախացնող ցուցանիշ է։ Մասնավորապես, եթե նախորդ տարի պատանիները հաշվել են 20 բույն, ապա այս տարի թիվը 10-ով աճել է՝ դառնալով 30: Ուրախալի է, որ արագիլների թվաքանակը գնալով ավելի աճում է և հատկանշական է այն, որ պատանի բնասերները հանդիսանում են առաջիններից մեկը, ովքեր իրենց մասնակցությունն ունեն հանրությունը հանուն թռչունների (citizen science for birds)՝ թռչունների հաշվառման գործընթացում։
Հիշեցնենք, որ «Գարնանն ընդառաջ» միջազգային ծրագրի նպատակն է խրախուսել երեխաների հետաքրքրությունը բնության, չվող թռչունների և այլ կենդանատեսակների պահպանության գործում։ Յուրաքանչյուր գարնան թռչունները հսկայական ժամանակ և ռեսուրսներ են ծախսում պաշտպանելու համար իրենց բույնն ու ձագերին։
Ծրագրով ընտրված «գարնան ավետաբերներն» են՝ Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու, Փողկապավոր քարադր, Առափնյա ծիծեռնակ, Ոսկեգույն մեղվակեր։ Սրանք այն ընտրված տեսակներն են, որոնք ունեն պահպանության կարիք։
Ծրագիրը իրականացվում է Բիրդլայֆ միջազգային կազմակերպության և Հայդելբերգ Ցեմենտի ֆինանսական աջակցության շնորհիվ։ Ծրագիրն իրականացնում է «Արավես» հասարակական կազմակերպությունը։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
«Կանաչ գիրք» ծրագիրը, նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ, կխթանի էկոկրթությունը
Posted on 27 Հուլիսի, 2022

Օրերս Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Կանաչ գիրք» ծրագրի մեկնարկային հանդիպումը, պետական, կրթական, հետազոտական, հասարակական և գործարար ոլորտների հետաքրքրված անձանց մասնակցությամբ։ Ըստ ներկաների, ծրագիրը ժամանակի հրամայական է, քանի որ ամեն տարի բևեռացումը մարդու և բնության միջև խորանում է, իսկ դրա հետ խորանում են էկոլոգիական խնդիրներն՝ ազդելով մարդու բարեկեցության վրա։ Ներդրումները կլիմայի փոփոխության հակազդման գործընթացում պահանջում են և՛ կրթված մասնագետներ, և՛ գիտակից քաղաքացիներ։ «Կանաչ գիրք» ծրագրի նպատակն է նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ խթանել էկոկրթությունը և ապահովել բոլոր սովորողների համար որակյալ և արդիական կրթություն ստանալու հավասար պայմաններ։ «Կանաչ գիրք» ծրագրի շրջանականերում, համագործակցելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև շահագրգիռ կառուցների հետ, կմշակվեն որակյալ, պարզ և համառոտ գիտահեն թվային մոդուլներ՝ կառուցելով բնության և մարդու հարաբերությունների խնդիրների և հնարավոր լուծումների տրամաբանական շղթան։ Նյութերը հասանելի կլինեն բոլորին, այդ թվում մայրաքաղաքից հեռու գտնվող ուսումնական հաստատություններին, ուսուցիչներին, դպրոցականներին և այլ հետաքրքրված անհատներին։ Հանդիպմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանը, ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ազգային համակարգող Սվետլանա Հարությունյանը և Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը: Հիմք ընդունելով ՀԿ-ի կողմից նախկինում հաջողությամբ իրականացված «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» ծրագրի արդեն փորձարկված մեթոդաբանությունը՝ ուսուցման նախագծային և մասնակցային մեթոդները, մոդուլների մշակումը և փորձարկումը հիմնված կլինի տեսական և գործնական վարժությունների և խաղերի վրա։ Ծրագրով ստեղծվում են թվային մոդուլներ, որտեղ համադրվում են գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը և շրջակա միջավայրի խնդիրները և լուծումները՝ սովորեցնելով աշակերտին էկոլոգիական հարցերին նայել որպես ամբողջական շղթայի մաս, այլ ոչ որպես առանձին գիտություն։ Հանդիպմանը ներկա բոլոր կառույցների, կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին իրենց գործունեության շրջանակում համագործակցել և օժանդակել ծրագրի իրականացմանը:
In
other , eco-aprelakerp
Օդի բարձր ջերմաստիճանի դեպքում ինչպես է աշխատավայրում կարգավորվում աշխատանքը՝ ԵՄ երկրներում
Posted on 26 Հուլիսի, 2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օպտիմալ աշխատանքային ջերմաստիճանը գնահատում է 16-ից 24 աստիճանի սահմաններում: Անոմալ շոգերի ֆոնին, Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիան կոչ է անում ԵՄ բոլոր երկրների համար ընդունել օրենք, որը կկարգավորի աշխատավայրում թույլատրելի ջերմաստիճան ապահովելու գործընթացը։ Աշխատավայրում ջերմաստիճանի պայմանները կարգավորող օրենքն այսօր ԵՄ միայն վեց երկիր ունի: Հունգարիայում նստակյաց աշխատանքի պարագայում օդի ջերմաստիճանը պետք է լինի 31 աստիճանից, Բելգիայում՝ 29 աստիճանից ցածր։ Հայաստանում, այդ հարցը դեռևս կարգավորված չէ օրենքով, պարզապես՝ սովորական օրերի մեկ ժամ ընդմիջման փոխարեն, հաճախակիացվում են ընդմիջումները։ 40-ից բարձր օդի ջերմաստիճանի դեպքում, անմիջական ղեկավարի համաձայնությամբ սահմանվում է՝ յուրաքանչյուր ժամից 10 րոպե ընդմիջում։ Եվրոպական կոնֆեդերացիայի հայտարարության մեջ նշվում են «Կենսապահովման և աշխատանքի պայմանների բարելավման եվրոպական հիմնադրամ»-ի ուսումնասիրության տվյալները, ըստ որի՝ 40 տոկոս աշխատաժամանակի ընթացքում օդի բարձր ջերմաստիճանն իր ազդեցությունն է թողնում շինարարության և գյուղատնտեսության ոլորտում աշխատող մարդկանց վրա։ Ըստ կոնֆեդերացիայի հայտարարության, եթե ջերմաստիճանը հասնի 38 աստիճանի, ապա աշխատավայրում դժբախտ պատահարների ռիսկն ավելանում է 7%-ով, իսկ 30 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում՝ 15%-ով։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Բաղնիքդ անուշ բարի արագիլ․ կենդանաբանները Վարդավառին լողացրեցին 14 սևացած արագիլների
Posted on 26 Հուլիսի, 2022

Հայաստանում բնակվող սպիտակ արագիլներն արդեն մի քանի տարի է, կանգնած են գոյատևման խնդրի առաջ։ Տարբեր պատճառներով նրանք աղտոտվում են, այնքան են յուղոտվում ու փոշոտվում, որ սպիտակից, դառնում են սև, իսկ հետո կորցնում իրենց թռչելու հնարավորությունը, որից հետո էլ մնում սոված, հյուծվում են, կամ ստանում տարբեր վնասվածքներ։ Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի (Protection of Endemic and Endangered Species և BirdLinks Armenia) նախաձեռնությամբ, կենդանաբաններն ու կամավոր սրտացավ մարդիկ Վարդավառի տոնին լվացրեցին սևացած արագիլներին։
Նախաձեռնության հեղինակները շեշտում են, որ արագլիներին լվանալու օրն այս անգամ հատուկ են ընտրել Վարդավառին, քանի որ այն Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնն է։ Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: Այս դեպքում աղավնիներին փոխարինել էին արագիլները, որոնց նախաձեռնության հեղինակները նախապես արդեն բուժել էին, կերակրել և լողացնելուց հետո նրանց տրվեց ապրելու հնարավորություն։
Արագիլների լողացմանը մասնակցեցին ոչ միայն հայաստանցիներ, այլ նաև Ռուսաստանից Հայաստան տեղափոխված աշխատանքային վերաբնակներ։ 14 արագիլների լվացմանը մասնակցեց մոտ 20 կամավոր։ Իսկ բոլոր արագիլները բաց կթողնվեն 5-10 օր հետո։
«Լողանալուց հետո, թռչուններին ժամանակ է պետք, որ մի փոքր ուշքի գան, լավ սնվեն, կազդուրվեն, իսկ փետուրներն էլ չորանան ու նորից ապահովեն թռչողականությունը։ Protection of Endemic and Endangered Species-ը, BirdLinks Armenia-ն և պարզապես բնասերներները արդեն երեք տարի է զբաղվում են սպիտակ արագիլների աղտոտման հետևանքների դեմ պայքարի խնդիրներով․ գտնում վնասված, վիրավոր, ճենճոտված թռչուններին, խնամում նրանց, բուժում, լողացնում ու բաց թողնում»,- նշում է կենդանաբան Մանուկ Մանուկյանը և շեշտում․ «Բայց արագիլների հետ կատարվող այս աղետը խորը էկոլոգիական խնդիր է, որի պատճառներից են Արարատյան դաշտի ջրագծերի աղտոտվածությունն ու աղբանոցները։ Պատճառները չեն վերացել, պայքարը շարունակվում է»։
In
other , eco-tourism
CNN-ը Հայաստանը ներառել է աշխարհի լավագույն արշավային ուղղությունների ցանկում
Posted on 25 Հուլիսի, 2022

Ամերիկյան հեղինակավոր CNN-ը Հայաստանն ընդգրկել է աշխարհի լավագույն արշավային 23 ուղղությունների ցանկում, որտեղ Հայաստանը ներկայացված է 12-րդ տեղում։ Ճանապարհորդական շարքի շրջանակում հեղինակավոր պարբերականը Հայաստանին վերաբերող հատվածը վերնագրել է «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը», ընդգծելով, որ Եվրոպայում լավագույն արահետներից մի քանիսը Հայաստանում են։ «Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով և սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ քայլարշավի, և երկրի ամենաբարձր լեռը՝ Արագածի գագաթը բարձրանալու հնարավորությամբ»,-նշված է հոդվածում:
In
other , eco-dizayn , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
Ստեփանավանում նշվեց ավանդական «Ծաղկի տոնը»
Posted on 25 Հուլիսի, 2022

Օրերս, տասը տարվա դադարից հետո, Ստեփանավան քաղաքում նշվեց ավանդական «Ծաղկի տոնը», որն իրականացվեց «Ստեփանավան՝ այցեքարտը ծաղիկներ» ծրագրի շրջանակում։
Ստեփանավանի քաղաքային հրապարակում, ողջ օրը ստեղծվել էր տոնական ու ծաղկաշատ միջավայր, ներկաներին փոխանցելով ծաղկի նման թարմ ու դրական տրամադրություն։ Մասնակիցները ներկայացրել էին ծաղկային, դաշտային ու դեկորատիվ ծաղիկների, ծաղկային կոմպոզիցիաների, սենյակային բույսերի, բնական և արհեստական ծաղիկներից պատրաստված դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների, նկարների, զարդերի, հուշանվերների, ծաղիկներով ու խոտաբույսերով մաշկի խնամքի միջոցների, թեյերի և ծաղկային թեմաներով ամենատարբեր իրերի ցուցահանդես-վաճառք։
Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև վարպետաց դասեր՝ գեղանկարչություն, գոբելենագործություն, Մարաշի ասեղնագործություն, կավագործություն։ Իսկ ավարտին ամփոփվեցին «Լավագույն ծաղկազարդ բակ» մրցույթի արդյունքները, հաղթողները պարգևատրվեցին շնորհակալագրերով և նվերներով։
Տոնակատարության ընթացքում Կարաբալայից անակնկալ էր սպասվում, ծաղկավաճառ ծերունին իր զամբյուղից ծաղիկներ, սեր ու ժպիտներ բաժանեց ներկաներին:
Տոնական համերգային ծրագրով հանդես եկան Ստեփանավանի պարային և երաժշտական խմբերը, մեներգիչներ, Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոնի սաները, Վանաձորի երգի թատրոնի մեներգիչ-մեներգչուհիները։
In
other , eco-aprelakerp
Վարդավառն այս տարի կտոնվի հուլիսի 24-ին
Posted on 22 Հուլիսի, 2022




