Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

«Շոգին ալկոհոլային խմիչքները կամ զովացուցիչ կոկտեյլները չեն հագեցնում ծարավը․ Գայանե Վարդազարյան

«Շոգին ալկոհոլային խմիչքները կամ զովացուցիչ կոկտեյլները չեն հագեցնում ծարավը․ Գայանե Վարդազարյան
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի 16-18-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։ Շոգ եղանակին, բժիշկները խորհուրդ են տալիս շատ հեղուկ խմել, սակայն, երբեմն մարդիկ հեղուկ ասելով սովորական ջրի ու հյութերի հետ միասին ընկալում են նաև ալկոհոլային խմիչքներն ու սուրճը։ Կարևոր է սահմանափակել կոֆեին պարունակող և օրգանիզմը ջրազրկող հյութեր, օրինակ՝  խնձորի քացախը և մի շարք բուժիչ դեղաբույսեր կարող են հանգեցնել արագ ջրազրկման։ «Շոգ եղանակին մի ընդունեք ալկոհոլային խմիչքներ և ալկոհոլ։ Խմեք շատ հեղուկ և կերեք մրգեր անսահմանափակ քանակությամբ. դրանք հանքային աղերի և վիտամինների աղբյուր են: Խմեք սենյակային ջերմաստիճանի ջուր և չգազավորված հանքային ջրեր, սակայն ավելի լավ է թեյը և կիտրոնով ջուրը: Խուսափեք նռան և խաղողի հյութերց, սակայն նարնջի և թուրինջի հյութերը շատ լավ են»,- խորհուրդ է տալիս Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բուժական հարցերով փոխտնօրեն Գայանե Վարդազարյանը։ Ըստ Գ․ Վարդազարյանի, շոգին ալկոհոլ օգտագործելիս սրտամկանն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ. «Լայնանում են արյունատար անոթները, նվազում է զարկերակային ճնշումը։ Շոգ պայմաններում, երբ օրգանիզմն ունի մեծ քանակով ջրի կարիք, ալկոհոլի օգտագործումն ավելի է խորացնում ջրազրկումը, և օրգանիզմի գերտաքացումն առաջացնում է գլխապտույտներ, ուշաթափություններ»,- փաստում է մասնագետն ու պնդում․ «Շոգին ալկոհոլային խմիչքները կամ զովացուցիչ կոկտեյլները որևէ կերպ չեն հագեցնում ծարավը, ընդհակառակը` առաջացնում են գլխացավ և բերանում` չորության զգացում»:

10 քայլ․ ինչպե՞ս նվազեցնել աղետի հետևանքով օդի ավազանի աղտոտվածության վտանգները

10 քայլ․ ինչպե՞ս նվազեցնել աղետի հետևանքով օդի ավազանի աղտոտվածության վտանգները
Վերջին օրերին օդերևութաբաններն ու էկոլոգներն ահազանգում են, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած աղետալի պայթյունն առավել բարդացրեց առանց այդ էլ նորմայի սահմանները գերազանցած օդի ավազանի աղտոտվածությունը։ ԵՊԲՀ Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանն իր մշակած 10 օգտակար քայլերով, հորդորում է համաքաղաքացիներին նվազեցնել աղետի հետևանքով առաջացած օդի աղտոտվածության վտանգները 1․ Խուսափեք վաղ առավոտյան լինել դրսում։ Օրվա այս ժամին օդում սմոգի առավելագույն քանակն է։ 2․ Հնարավորինս քիչ դրսում եղեք, հատկապես շոգ ժամերին։ 3․ Եթե պետք է դուրս գաք փողոց, ապա թոքային, սիրտ-անոթային, ալերգիկ հիվանդություններով տառապողները պետք է իրենց հետ վերցնեն անհրաժեշտ դեղամիջոցները։ 4․ Մի՛ բացեք պատուհանները, հատկապես գիշերը և վաղ առավոտյան, հնարավորության դեպքում օգտագործեք օդորակման և օդի մաքրման համակարգեր: 5․ Պատուհաններին կախեք խոնավ շորեր և պարբերաբար փոխեք։ 6․ Կատարեք բնակելի և աշխատանքային տարածքներում խոնավ մաքրում։ Օգտակար է նաև ջրով տարաներ դնել՝ օդի խոնավությունը բարձրացնելու համար։ 7․  Ողողեք քիթը և կոկորդը: 8․ Օրական մի քանի անգամ ցնցուղ ընդունեք։ 9․ Սահմանափակեք ֆիզիկական ակտիվությունը։ 10․ Եթե առկա է ծուխ՝ կրեք պաշտպանիչ դիմակներ, որոնք պետք է խոնավացնել, իսկ պատուհանների ու դռների բացվածքները խոնավ շորով մեկուսացնել։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունը ազդել է մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակի վրա

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունը ազդել է մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակի վրա
Կիրակի օրը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած աղետալի պայթյունը, որը խլեց մեկ տասնյակից ավելի մարդկային կյանքեր, մթնոլորտային օդի համար նույնպես անհետևանք չմնաց։ Պայթյունի հետևանքով մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Երևանի Կենտրոն, Շենգավիթ և Նոր Նորք համայնքներում։ Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 14-15-ին մոտակա տարածքից լրացուցիչ նմուշառում է իրականացվել, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները։ Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 4.6 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2.6 անգամ։ Շենգավիթ համայնքի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:  Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 4.2 անգամ՝ կազմելով 0.628 մգ/մ³:  Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:  Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ՝ կազմելով 0.215 մգ/մ³, ազոտի երկօպքսիդի կոնցենտրացիան՝ 1.1 անգամ՝ կազմելով 0.043 մգ/մ³: Ըստ մոնիթորինգի կենտրոնի, օգոստոսի 15-16-ին, մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալների կազմել է․ Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.6-1․8 անգամ, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.1-1․3 անգամ։ Նոր Նորքում համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ աննշան։

8 կարևոր փաստ՝ անտառների կարևորության մասին

8 կարևոր փաստ՝ անտառների կարևորության մասին
Ամռան տապին, հատկապես եղանակային բարձր ջերմային ֆոնին, անտառները դառնում են հրդեհավտանգ։ Անտառային հրդեհների հիմնական պատճառը լինում է հասարակության անփույթ վերաբերմունքի արդյունքը, որը կարող է անդառնալի լինել և՛ բուսականության, և՛ կենդանական աշխարհի համար։ Բնության գրկում ամառային պիկնիկների ավարտին, հասարակությունը կարծես երբեմն առաջնորդվում է՝ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ կարգախոսով, քանի որ բնությունն աղտոտելուն զուգահեռ վնասում են այն՝ պիկնիկից հետո սննդի մնացորդների հետ նաև հրդեհածին իրեր թողնելով։ Բայց իրականում անտառները մեծ նշանակություն ունեն ինչպես բնության, այնպես էլ մարդու համար: Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է անտառների կարևոր դերն ու նշանակությունը թե՛ մարդկության, և թե՛ բնության վերարտադրողականության համար։ Ի՞նչ էկոհամակարգային ծառայություններ են  մատուցում անտառները Հաճախ ենք լսում, որ անտառները երկրագնդի «թոքերն» են և թթվածնի հիմնական մատակարարները։ Հետևաբար, անտառի և դրա կենսաբազմազանության պահպանման խնդիրն այսօր աշխարհի բոլոր երկրների համար բնապահպանական կարևորագույն հիմնահարցերից մեկն է: Անտառներն օդը հարստացնում են1․ թթվածնով, 2․ բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը, 3․ ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան և կլիմայակարգավորիչ նշանակություն։ Անտառները կարևոր են, քանի որ․ 1․ Մեր մոլորակի թոքերն են, 2․ պաշտպանում են հողը, 3․հանդիսանում են մաքուր ջրի աղբյուր, 4․բնակության վայր են բույսերի, կենդանիների, սնկերի համար, 5․ փայտանյութի աղբյուր են, 6․հանդիսանում են վայրի պտղատուների, դեղաբույսերի, խեժի, եթերայուղերի ստացման աղբյուր, 7․համարվում է մարդկանց հանգստի վայր, ունի առողջարարական նշանակություն, 8․ ունեն գեղագիտական, գիտա-կրթական և բազմաթիվ այլ նշանակություններ։ Գոյություն ունի անտառների երկու տեսակ՝ 1․ միատեսակ ծառերից կազմված անտառներ․ օրինակ՝ կաղնուց, կազմված անտառները կոչվում են մաքուր անտառներ, 2տարբեր տեսակներից օրինակ՝ կաղնուց և հաճարենուց, կազմված անտառները կոչվում են խառնանտառներ։ Հայաստանը համարվում է սակավանտառ երկիր Անտառները և անտառային հողերը կազմում են երկրի տարածքի շուրջ 11.2 %-ը, նույնն է, թե ասել՝ 460 հազ. հա, որից 334.1 հազ. հա-ն անտառածածկ տարածքներ են: Այս թվի մեջ ներառված շուրջ 50 հազ. հեկտարն արհեստական անտառներն են: Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում անտառային տարածքները կազմում են երկրի ավելի քան 40%-ը: Այսուհանդերձ, մեզ բաժին հասած սուղ քանակի անտառները հարուստ են ուրույն տեսակային կազմով: Սառցադաշտային ժամանակաշրջանում վերջնականապես ոչնչացել են անտառների խոնավասեր ու ջերմասեր տեսակները, և մերձարևադարձային փարթամ անտառներն իրենց տեղը զիջել են լայնատերև անտառներին, որտեղ գերիշխում են հաճարենին, կաղնին և այլ տեսակներ։ Այժմ՝ Հայաստանի անտառ կազմող հիմնական տեսակներն են` հաճարենին, կաղնին, բոխին և սոճին: Ունենք նաև բազմաթիվ հազվագյուտ տեսակներ, որոնք զբաղեցնում են սահմանափակ տարածքներ և համարվում են բուսաշխարհի հնագույն ներկայացուցիչները: Դրանք են՝ կենին, սովորական բաղեղը, թփային հասմիկը, արևելյան սոսին, թաղարենի բոխատերևը, սովորական մտրակակոթը և այլն:

Երաժշտական փառատոն՝ Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքում

Երաժշտական փառատոն՝ Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքում
Օրգովում գտնվող Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքում սեպտեմբերի 10-ից 12-ը Հայաստանում  տեղի կունենա Sensor երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը։ Փառատոնը նախատեսում է արվեստի ծավալուն ծրագիր, որին մասնակցում են աշխարհահռչակ մեդիա արտիստներ։ Աստղադիտարանի կենտրոնական օբյեկտը 54 մետրանոց ռադիոօպտիկական աստղադիտակն է՝միջոցառման խորհրդանիշը և լազերային մեդիա ինստալյացիա հարթակը, դե իսկ փառատոնի երաժշտական բեմերը տեղակայված են աստղադիտակի հարակից տարածքներում։ Միջոցառման չորս երաժշտական բեմերում կհյուրընկալվեն Ավստրիայից, Հայաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թայվանից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Ճապոնիայից ժամանած ավելի քան 80 արտիստներ: Sensor-ի արվեստի ծրագրի աստղերը՝ ավստրիացի նկարիչ Պիտեր Կուտինը, իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Տոսինին և ավստրալացի նկարիչ Թոնի Բաքը փառատոնի հանդիսատեսի համար եզակի օբյեկտներ և ինստալյացիաներ են պատրաստում։ Փառատոնի արտ պատկերասրահի ստեղծման գործում ներգրավված են Armenia Art Basis պլատֆորմի մի խումբ արվեստագետներ: Տարբեր ժանրերի արտիստներ Արտեմ Ստեֆանովը, Վտոլը, Բորոգազը, Օլեգ Գլուշկովը կցուցադրեն իրենց աշխատանքները՝ սթրիթ արտից մինչև թատերական ներկայացումներ: Փառատոնի թիմն ամբողջ աշխարհում (Նյու Յորք, Բեռլին, Բարսելոնա, Մոսկվա) խոշոր մշակութային միջոցառումների անցկացման փորձ ունի: Կազմակերպիչների արխիվում են ամենաբարձր մակարդակի միջոցառումներ, ինչպիսին է օրինակ, բազմօրյա երաժշտական փառատոնը՝ անցկացված Բեռլինի ռադիոհեռարձակման կենտրոնի շենքում, որը մշակութային նշանակութան օբյեկտ է։ Sensor-ը լիարժեք եռօրյա փառատոն է: Կազմակերպվում է քեմփինգ, որտեղ հյուրերը կարող են տեղադրել իրենց սեփական վրանը կամ վարձել արդեն տեղադրվածը ստանդարտ կամ պրեմիում տարբերակներով: Գործելու է սննդի կետ՝ ընդարձակ ճաշացանկով։ Միջոցառման ողջ ընթացքում սոցիալական ակումբի մուտքը բաց կլինի։ Փառատոնի անցկացման վայր Երևանից և հակառակ ուղղությամբ կարող եք հասնել Sensor-ի՝ 30 րոպեն մեկ գործող տրանսպորտային երթուղիներով:

Որոնք են Սևանա լճի ծաղկման պատճառները․ պարզաբանում է ՇՄՆ-ն

Որոնք են Սևանա լճի ծաղկման պատճառները․ պարզաբանում է ՇՄՆ-ն
Ներկա պահին Սևանա լիճը գտնվում է ինտենսիվ ծաղկման փուլում։ Լիճը, ըստ տրոֆիկ վիճակի համապատասխանում է մեզոտրոֆիկ վիճակին: Լճի ինտենսիվ ծաղկման հետևանքով ֆոսֆատի կոնցենտրացիան նվազում է։ Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է։ Իսկ, թե որո՞նք են ծաղկման հիմնական պատճառները՝ հարց, որի շուրջ մտորում է յուրաքանչյուր մտահոգ քաղաքացի։ Շրջակա միջավայրի նախարարությունը, մեկ սոցիալական հոլովակի միջոցով, փորձել է ամփոփ ներկայացնել հիմնական պատճառները։ Մանրամասները՝ տեսանյութում․

Ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում Կառավարությունը կնվազեցնի տրամադրվող փոխհատուցումը

Ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում Կառավարությունը կնվազեցնի տրամադրվող փոխհատուցումը
2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը նախատեսում է նվազեցնել ինտենսիվ այգիների հիմնման աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այգեհիմնման համար տրամադրվող փոխհատուցման չափերը: Այդ մասին այսօր Կառավարության նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և պնդեց, որ ծրագիրը բավականին հաջող է ընթանում․ «Մեր պլանավորած 1000 հա ինտենսիվ այգու փոխարեն անցած տարի ունենք 1669,22 հա ինտենսիվ այգու հայտ, իսկ այս տարի 90 հա հայտ ունենք։ Եվ դա մեզ թույլ է տալիս փոքր ինչ մեղմացնել օժանդակության պայմանները՝ նախկինում 2 տոկոս էֆֆեկտիվ վարկային տոկոսադրույք ապահովելու փոխարեն, այժմ մի փոքր քիչ են սուբսիդավորելու և ապահովելու ենք 5 տոկոս էֆֆեկտիվ վարկային տոկոսադրույք, իսկ նախկինում 50 տոկոսի հետվճարային բաղադրիչը դառնալու է 30 տոկոս»,- գործադիրի նիստում վստահեցրեց Քերոբյանը։

Ուջանում կմեկնարկի «Ծիրանի ծառ» միջազգային 8-րդ փառատոնը

Ուջանում կմեկնարկի «Ծիրանի ծառ» միջազգային 8-րդ փառատոնը
«Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնն այս տարի տեղի կունենա օգոստոսի 21-28-ը՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։ Փառատոնի ծրագրում ընդգրկված է 30 վավերագրական ֆիլմ շուրջ 20 երկրից՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Սերբիայից, Շվեդիայից, Վիետնամից, Ֆրանսիայից և այլն։ Ցերեկային ցուցադրությունները լինելու են Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, իսկ երեկոյան ժամը 8-ից մինչև կեսգիշեր՝ Ուջանի այգում՝ բաց երկնքի ներքո։ Ամերիկահայ ռեժիսոր (նիդեռլանդաբնակ) և կինոտեսաբան Թինա Բաստաջյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդես կգա «Walking through the Interactive Documentary: Speculative Interfaces and Thresholds» դասախոսությամբ։ Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Փառատոնի շրջանակում կգործի նաև Ուջանի կինոդպրոցը, որտեղ ուջանցի երեխաները, փառատոնի մասնագետների օգնությամբ կնկարեն կարճամետրաժ ֆիլմեր, որոնք կցուցադրվեն փակման արարողության ժամանակ։ Նշենք, որ դպրոցը գործում է 2019 թվականից։ Վիետնամից ժամանած ռեժիսոր և արտիստ Թհու Ան Նգույենը կվարի կոլաժի աշխատարան Ուջանի և հարակից գյուղերի նկարչական խմբակների երեխաների համար. ստեղծված կոլաժները կցուցադրվեն փառատոնի ավարտին։ Հայ և վրացի երիտասարդ կինոռեժիսորների համար հատուկ աշխատարան կվարի հոլանդացի կինոգործիչ Դիրք Վիլեմսենը: Փառատոնի շրջանակում Ուջան ժամանած արտերկրյա շուրջ 30 հյուրերը մեկ շաբաթ կապրեն ուջանցիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին և մշակույթին:

9 Էկո վարքագիծ՝ արձակուրդը բնության գրկում անցկացնելու ընթացքում

9 Էկո վարքագիծ՝ արձակուրդը բնության գրկում անցկացնելու ընթացքում
Ամառային հանգիստը բնության գրկում անցկացնելիս հասարակությունը  հիմնականում կենտրոնանում է հանգստից սեփական հաճույքը վայելելու ուղղությամբ և արդյունքում՝ անտեսում բնության խնամքն ու շրջակա միջավայրի պահպանությունը։ Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողներին ներկայացնում է 9 էկո վարքագիծ, որը ցանկալի կլինի կիրառել արձակուրդը բնության գրկում անցկացնելու ընթացքում։ 1Արձակուրդի գնացեք հանգիստ ժամանակահատվածում` կանխելու ռեսուրսների գերօգտագործումը. այդպիսով դուք կխուսափեք նաև մարդաշատ ժամանակահատվածից։ 2․ Նախօրոք տեղեկացեք այն վայրերի մասին, որտեղ պետք է այցելեք: Հնարավոր է, որ այցելեք շրջակա միջավայրի առումով հատուկ տարածքներ, որի պարագայում դուք առավել ուշադիր պետք է լինեք արահետները գտնելուն և նշաններին հետևելու համար։ 3․ Մի՛ ճանապարհորդեք ինքնաթիռով, եթե հնարավոր է, քանի որ ինքնաթիռները սպառում են մեծ քանակի վառելիք և արտանետում ջերմոցային գազեր։ 4․ Օգտվեք հանրային փոխադրամիջոցներից` ավտոմեքենայի փոխարեն հեծանիվ քշեք կամ քայլեք ոտքով։ 5․Նավերը և ռեակտիվ շարժիչներով ինքնաթիռները ստեղծում են աղմուկ և քիմիական աղտոտվածություն, որը խաթարում է կենդանական աշխարհը. մի թողեք շարժիչը միացված, եթե անհրաժեշտություն չկա։ 6․Ծովափին աղբ մի թողեք, քանի որ դրանք կենդանական աշխարհի համար վտանգավոր կարող են լինել 7․ Տեղադրեք աղբամանները նպատակային. Հակառակ դեպքում այն կարող է վտանգավոր լինել կենդանական աշխարհի համար։ 8․ Մի՛ գայթակղվեք միջամտելու կենդանական աշխարհին և խանգարելու բնակիչներին` անկախ նրանից, թե այդ պահին գտնվում եք ափին, թե ջրի տակ։ 9․ Ուշադիր եղեք, թե ինչ հուշանվեր եք բերում արձակուրդից. փղերից և ալիգատորներից պատրաստված մարջանե և խխունջե շատ տեսակներ վտանգաված են, քանի որ նրանք սպանվել են հետաքրքրության, կամ հուշանվերների համար։

Ինչպես հուշարձանների գրավչությունը բարձրացնել զբոսաշրջիկների համար․ ԿԳՄՍՆ-ն ծրագիր է մշակում

Ինչպես հուշարձանների գրավչությունը բարձրացնել զբոսաշրջիկների համար․ ԿԳՄՍՆ-ն ծրագիր է մշակում
Տեղական տուրիզմը զարգացնելու համար ՀՀ ԿԳՄՍՆ-ն մտադիր է իր ենթակայության տակ գործող թանգարանների և պատմամշակութային հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքներ իրականացնել։ Օրերս, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, թանգարանների և մշակութային կառույցների տնօրենների հետ տեղի ունեցած նիստում, քննարկել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում միջոցառումների կազմակերպման, տաճարի հանրահռչակման, զբոսաշրջային այցելուների աճի խթանմանը միտված և Հանրապետության հրապարակի բարեկարգման շինարարական աշխատանքների ընթացքում ստորգետնյա հատվածում հայտնաբերված քանդված շենքերի նկուղային հարկաբաժինների հնարավոր ցուցադրության ու հանրությանը հասանելի դարձնելու առաջարկները: Հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձանի՝ «Զվարթնոց» համալիրի տարածքում տուրիզմի զարգացմանն ուղղված յուրահատուկ միջոցառումների մշակման և կազմակերպման  գլխավոր նպատակն է հետաքրքրություն առաջացնել ոչ միայն տեղացի, այլև օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում: Միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ: Աշխատանքային խմբի անդամներն առաջարկել են համագործակցել «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հետ, Օպերային թատրոնի մենակատարների, երաժիշտների, երգչախմբի մասնակցությամբ կազմակերպել ժամանակակից մոտեցումներով ներկայացումներ, որոնք «Զվարթնոց»-ը կդարձնեն երաժշտական մշակութային յուրօրինակ վայր: Օրակարգային մյուս հարցի վերաբերյալ աշխատանքային խմբի որոշ անդամներ առաջարկել են ապակե ցուցափեղկի տակ ցուցադրել նկուղային հարկաբաժինները, որի միջոցով յուրաքանչյուր զբոսաշրջիկ հնարավորություն կունենա ծանոթանալու  պատմամշակութային ժառանգությանը: Ըստ այլ առաջարկների՝ պետք է տարածքը դեռևս փակ պահել: Հանդիպման ավարտին որոշվել է մշակել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում միջոցառումների կազմակերպման, տաճարի հանրահռչակման, զբոսաշրջային այցելուների աճի խթանմանը միտված փառատոների կազմակերպման և հետագայում այն իրականացնելու նպատակով հայեցակարգային ծրագիր՝ հաշվի առնելով միջազգային փորձը, և ներկայացնելու ու հաստատելու համար կազմակերպել լրացուցիչ քննարկում: Հանրապետության հրապարակի ողջ տարածքում պահպանված  և 17-րդ դարին պատկանող և անցյալ դարասկզբին քանդված շենքերի նկուղային հարկաբաժինների ցուցադրության իրականացման հնարավորությունները կքննարկվեն նաև հետագայում: