Կիրակի օրը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած աղետալի պայթյունը, որը խլեց մեկ տասնյակից ավելի մարդկային կյանքեր, մթնոլորտային օդի համար նույնպես անհետևանք չմնաց։ Պայթյունի հետևանքով մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Երևանի Կենտրոն, Շենգավիթ և Նոր Նորք համայնքներում։
Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 14-15-ին մոտակա տարածքից լրացուցիչ նմուշառում է իրականացվել, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները։ Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 4.6 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2.6 անգամ։
Շենգավիթ համայնքի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 4.2 անգամ՝ կազմելով 0.628 մգ/մ³:
Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ՝ կազմելով 0.215 մգ/մ³, ազոտի երկօպքսիդի կոնցենտրացիան՝ 1.1 անգամ՝ կազմելով 0.043 մգ/մ³:
Ըստ մոնիթորինգի կենտրոնի, օգոստոսի 15-16-ին, մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալների կազմել է․
Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.6-1․8 անգամ, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.1-1․3 անգամ։
Նոր Նորքում համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ աննշան։






Թողնել մեկնաբանություն