Blog
In
other , eco-dexatun
Գիտնականներն ուսումնասիրում են հեղուկ բյուրեղային հիմքով ֆոտոնային տարբեր կառուցվածքները
Posted on 14 Հոկտեմբերի, 2022

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ԵՊՀ գիտնականների ներկայացրած «Հեղուկ բյուրեղային ալիքաթիթեղներ օպտոﬔխանիկական և օպտոէլեկտրոնային արդյունաբերության համար» գիտական թեման երաշխավորել է ֆինանսավորման: Ծրագրի նպատակն է զարգացնել տեխնոլոգիան և ավանդական հեղուկ բյուրեղների (ՀԲ) ու ՀԲ-ային էլաստոմերների հիման վրա՝ պատրաստել բազմաֆունկցիոնալ օպտիկական էլեմենտներ, ուսումնասիրել դրանց վրա մեխանիկական և արտաքին էլեկտրական դաշտի ազդեցությունները և դրանցով պայմանավորված՝ գծային ու ոչ գծային կողմնորոշումային ձևախախտումները։ «Մեր օրերում կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրամաբանական սարքերի և այլ բնագավառներում էլեկտրական ազդանշաններից ակտիվորեն անցում է կատարվում օպտիկականներին: Դրանով պայմանավորված՝ հեղուկ բյուրեղային հիմքով ֆոտոնային տարբեր կառուցվածքներն ուսումնասիրելը դարձել է ֆիզիկայի ամենաարդիական ուղղություններից մեկը»,- թեմայի արդիականությունից խոսելով ասաց գիտական խմբի ղեկավար Ռաֆիկ Հակոբյանը։ Ռ. Հակոբյանի խոսքով՝ նախատեսվում են ընդգրկուն հետազոտություններ՝ հեղուկ բյուրեղային հիմքով բազմաֆունկցիոնալ ալիքաթիթեղների, օպտիկական դիոդների, նեղշերտ օպտիկական լուսազտիչների և լույսի տարածաժամանակային մոդուլյատորների ստեղծման ուղղությամբ։ Վերջիններս իրենց էլաստիկության, հեշտ կառավարելիության և լայնաշերտության շնորհիվ կարող են լայն կիրառություն ձեռք բերել օպտոմեխանիկական և օպտոէլեկտրոնային արդյունաբերության ոլորտում: Անդրադառնալով առաջիկա հինգ տարիների անելիքներին՝ կապված հետազոտության ընթացքի հետ, գիտական խմբի ղեկավարը նշեց. «Մշակում ենք անիզոտրոպ հատկություններով էլաստոմերների և դրանց հիման վրա օպտիկական ալիքաթիթեղների պատրաստման տեխնոլոգիա, նախատեսում ենք ունենալ հոմեոտրոպ սահմանային պայմաններով ԽՀԲ թաղանթի հիման վրա ստեղծված, հեշտ ղեկավարվող փուլային թիթեղների լաբորատոր նմուշներ և դրանցով անցած լույսի բևեռացման հստակ պատկերը: Հինգ տարի անց նախատեսում ենք հետազոտական աշխատանքների արդյունքում ստեղծել ՀԲ-ային էլաստոմերների հիման վրա ախրոմատիկ ալիքաթիթեղներ»: Ռ. Հակոբյանը հավելեց, որ մասնակիցների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Հետազոտողների խումբը համագործակցում է Կանադայի, Անգլիայի և ԱՄՆ-ի գործընկերների հետ, որոնք հետազոտողներին փոխանցելու են հեղուկ բյուրեղային էլաստոմերների պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները: Տվյալ ուղղությամբ խմբի ունեցած ձեռքբերումները, որոնք հնարավորություն կտան իրականացնելու ծրագիրը, կապված են հեղուկ բյուրեղների ուղղությամբ նախկինում կատարված հիմնարար հետազոտությունների հետ: Ստացված արդյունքները կարող են օգտագործվել ցածր շեմի լազերների նախագծման, արևային բջիջների համակարգերում, խիրալ ֆոտոնիկայի մեջ և այլն: «Մեր ստացած արդյունքները հրատարակելու ենք գրախոսվող այնպիսի գիտական ամսագրերում, ինչպիսիք են «Liquid Crystals», «Molecular Crystals and Liquid Crystal» ամսագրերը, ինչպես նաև տեղական «Ֆիզիկա» ամսագիրը։ Նախատեսվում է հեղինակավոր գիտական կոնֆերանսների և սեմինարների ընթացքում ներկայացնել այդ արդյունքները»,- ընդգծեց Ռ. Հակոբյանը։ Գիտության կոմիտեի անցկացրած գիտական և գիտատեխնիկական գործունեության՝ պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեման, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆ․մ․գ․դ․, պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանի գլխավորությամբ, ներկայացրել են Ռոման Ալավերդյանը, Գևորգ Գևորգյանը, Մաքսիմ Սարգսյանը, Մարիամ Հակոբյանը, Արամ Սարգսյանը և Մանուկ Հայկազյանը: Հավելենք, որ ծրագրում առաջադրված խնդիրները աշխատանքային խմբի գիտական հետազոտությունների հիմնական ոլորտներից են. Ռաֆիկ Հակոբյանը և իր խումբը նշված ուղղությունը հետազոտում են ավելի քան 30 տարի, և այդ ընթացքում նրանք ընդհանուր առմամբ հրատարակել են 130-ից ավելի գիտական հոդված, մասնակցել 70-ից ավելի գիտաժողովի։
In
other , eco-aprelakerp
Հայ առագաստանավորդները մեդալներ են նվաճել Սևաստոպոլի և Թբիլիսիի մրցումներում
Posted on 14 Հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 1-ից 9-ը ՌԴ Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Սևաստոպոլյան առագաստներ» միջազգային մրցումներում, Հայ առագաստանավորդները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել։
Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով։ Օպտիմիստ դասի աղջիկների շատ բարդ պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Նարե Սուքիասյանը, իսկ լազեր 4,7 դասում երրորդ մրցանակի է արժանացել Միքայել Դավթյանը։
Հայաստանի պատանի առագաստանավորդների երկրորդ թիմն էլ օրերս հաջող ելույթներ է ունեցել Թբիլիսիի բաց առաջնությունում:
Օպտիմիստ դասում առաջին տեղը գրավել և ոսկե մեդալով է պարգևատրվել Ավետիք Մաթևոսյանը, իսկ Տիգրան Գրիգորյանը նույն դասում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Սմբատ Հակոբյանի խոսքով՝ հայ առագաստանավորդների գրանցած արդյունքները գոհացնող են, իսկ մեր մարզիկներն աստիճանաբար ավելի մրցունակ են դառնում միջազգային ասպարեզում:
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Հայաստանի առագաստանավային սպորտի հավաքականի մարզիկները միջազգային մեծ մրցաշարի կմասնակցեն Գելենջիկում: Այստեղ արդեն ներկայացուցիչներ կլինեն Ղազախստանից, Ուզբեկստանից, Բելառուսից և այլ երկրներից: Հայաստանի պատանեկան թիմը մրցաշարին կներկայանա 3 մարզիկով:
In
other , shrjaka-mijavayr
29 դեպքով վնաս է հասցվել շրջակա միջավայրին
Posted on 13 Հոկտեմբերի, 2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքում արձանագրվել է 29 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 102.308.268 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 2 դեպքով նշանակվել է 130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 47.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 13 դեպքով նշանակվել է 1.480.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 20 դեպք, որից 19-ով հաշվարկվել է 102.215.128 ՀՀ դրամի չափթվ շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 47.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 50.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 5 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 42.840 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է 1.180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 11 գործ (ընդհանուր՝ 902.950 ՀՀ դրամ)։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.167.800 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 13 հանձնարարագիր։ Նախկինում իրականացված 10 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 15 որոշում՝ 2.380.000 ՀՀ դրամի չափով, նաև 4-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 19.996.695 ՀՀ դրամի չափով։
In
other , eco-dexatun
ԵՊՀ-ում մեղվի թույնից հակաքաղցկեղային դեղամիջոցներ ստանալու քայլեր են կատարվում
Posted on 13 Հոկտեմբերի, 2022

«Հայաստանի մեղրատու մեղուների միկրոբիոմի ազդեցությունը նրանց թույնի կենսաբանական ակտիվության վրա» գիտական թեմայի հետազոտական աշխատանքների կատարման համար ԵՊՀ-ն հատկացրել է ներքին դրամաշնորհ: Թեմայի ղեկավար, կ.գ.թ., դոցենտ Ինգա Բազուկյանի հետ զրուցել ենք գիտական թեմայի կարևորության, կատարված ուսումնասիրությունների կիրառական նշանակության և այլ հարցերի շուրջ:
- Տիկի՛ն Բազուկյան, ո՞րն է գիտական թեմայի նպատակը, և ինչ մեթոդներ են կիրառվում ուսումնասիրությունների ընթացքում :
- Գիտական թեմայի նպատակն է Հայաստանի մեղուների թույնի կենսաբժշկական ներուժի ուսումնասիրությունը, ինչպես նաև բուլղարական և հայկական մեղրատու մեղուների աղիների միկրոբիոմի համեմատական վերլուծությունը և բակտերիական միկրոբիոմի ազդեցության ուսումնասիրումը մեղուների թույնի կենսագործունեության վրա։ Ուսումնասիրությունների հիմքում եղել են գիտական մի շարք մեթոդներ, ինչպես՝ մեղուների նմուշառում, մեղվաթույնի հավաքում, ընդհանուր ԴՆԹ-ի, բակտերիաների շտամների մեկուսացում, մեղվաթույնի հակաբակտերիական, հակասնկային ակտիվության ուսումնասիրություն, հայտնի ալերգեն սպիտակուցների (β-լակտոգլոբուլին, սոյայի սպիտակուցներ, գլյուտեն և այլն) նկատմամբ պրոտեոլիտիկ ակտիվության ուսումնասիրություն:
-Որքա՞ն ժամանակ է, ինչ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում մեղուները հետազոտության են ենթարկվում, և ինչո՞ւ է դա կարևոր:
- Առհասարակ, նոր հակամանրէային նյութերի և դրանց հնարավոր նոր աղբյուրների որոնումը մանրէաբանների առաջնային խնդիրներից մեկն է: Շուրջ վեց տարի է, ինչ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում իրականացվում է մեղրատու մեղուների հետազոտություն։
Մեղվի թույնի մեջ առկա կենսաբանական ակտիվ բաղադրիչները կարող են հիմք դառնալ մի շարք դեղամիջոցների համար, որոնք էլ կնպաստեն գլոբալ առողջապահական ճգնաժամերից շատերը հաղթահարելուն: Մեղվի թույնը պարունակում է բազմաթիվ պեպտիդներ, սպիտակուցներ, ֆերմենտներ և ցնդող մետաբոլիտներ: Այդ միացությունները ապահովում են թույնի հակամանրէային, հակաբորբոքային և հակաքաղցկեղային ազդեցությունները: Կան հետազոտություններ միջատների թույնի և հակաբիոտիկների միջև սիներգիստ-թերապևտիկ փոխազդեցությունների մասին: Սիներգիստական ազդեցությունը նպաստում է դեղամիջոցների դեմ կայունության առաջացմանը, դեղամիջոցի ներթափանցմանը և հնարավորություն է տալիս դեղաչափը և քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները նվազեցնելու:
- Ի՞նչ արհեստածին և բնածին գործոններ կան, որոնք կարող են ազդել մեղվի թույնի արտադրության վրա:
- Պետք է հաշվի առնել տարբեր գործոններ, ինչպիսիք են՝ ջերմաստիճանը, խոնավությունը և սննդի նախասիրությունը, որոնք ազդում են թույնի արտադրության վրա: Արդեն առկա են նախնական տվյալներ՝ տարբեր տարածաշրջաններից և միջատասպան միացություններ կիրառած տարածքներից հավաքված հայկական մեղրատու մեղուների միկրոբիոմի վերաբերյալ: Դրանք կենսաինֆորմատիկական վերլուծության մակարդակում են և շուտով կհրապարակվեն: Սակայն մեղվի թույնի վրա միկրոբիոմի ազդեցության մասին տվյալներ չկան: Այսպիսով՝ այս նախագիծը կենսաբանական մի քանի գիտությունների խաչմերուկում է, այդ թվում՝ կենդանաբանության, մանրէաբանության, կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության, թունաբանության, և շատ կարևոր է գյուղատնտեսության համար, քանի որ միկրոբիոմի ուսումնասիրությունը կարող է բարելավել մեղուների առողջությունը:
- Ի՞նչ հիվանդություններ կարող են բուժել մեղվի թույնից ստացվելիք դեղամիջոցները:
- Մեղրատու մեղուների թույնը համարվում է նուկլեոտիդների, ֆերմենտների, մուկոպրոտեինների, կենսածին ամինների, աղերի, ինչպես նաև պեպտիդների և սպիտակուցների խիստ բարդ խառնուրդ, որը հազարամյակներ շարունակ օգտագործվել է ավանդական բժշկության մեջ, հիմնականում՝ Ասիայում և Աֆրիկայում: Այն պարունակում է hակամանրէային մի շարք պեպտիդներ, որոնք ազդում են մանրէների լայն շրջանակի վրա, ինչպիսիք են՝ բակտերիաները, սնկերը, վիրուսները և նախակենդանիները: Բացի դրանից՝ վերջին տարիներին ուսումնասիրվել է մեղվի թույնի ազդեցությունն ապոպտոզի և նեկրոզի մակածման, ինչպես նաև տարբեր տեսակի քաղցկեղային բջիջների տարածման, բջջաթույնի ակտիվության և աճի արգելակման վրա: Այն արգելակում է կենդանիների մոդելներում (in vivo պայմաններում) քաղցկեղային բջիջների բազմացումը և ուռուցքի աճը: Ապացուցված է, որ ուռուցքի աճի այս արգելակումը պայմանավորված է ավշային հանգույցներում տեղային բջջային իմունային պատասխանի խթանմամբ:
- Կիրառական ի՞նչ այլ նշանակություն կարող են ունենալ ուսումնասիրությունները:
- Հայաստանի տարբեր շրջաններից մեղուների հավաքումը (առողջ և հիվանդ) և նրանց աղեստամոքսային ուղու միկրոբիոտայի բաղադրության ուսումնասիրությունը կօգնեն վերլուծել միկրոօրգանիզմների նշանակությունը միջատների առողջության համար։ ԿԹԲ-ի, ինչպես նաև մեկուսացված այլ բակտերիաների ուսումնասիրությունը հնարավորություն կտա առանձնացնելու ամենաակտիվ շտամները: Ենթադրվում է, որ այս շտամները կնվազեցնեն հիվանդ միջատների քանակը և կբարձրացնեն ընդհանուր մեղվաընտանիքի իմունիտետը՝ ախտածին բակտերիաների, խմորասնկերի և բորբոսների դեմ: Կինետիկայի, ջերմաստիճանի և pH օպտիմալի ուսումնասիրությունը, արգելակիչների ազդեցությունը կօպտիմալացնեն կենսաբանական ակտիվությամբ օժտված նյութերի սինթեզի տեխնոլոգիական պայմանները:
Ստացված տվյալները մեծ նշանակություն կունենան մեղուների բուժման և միջատների իմունիտետի բարձրացման համար։ Մյուս կողմից՝ մեղուների թույնի կենսաբանական ակտիվության հետազոտությունները անտագոնիստական բաղադրիչների նոր աղբյուր կստեղծեն: Սա կարող է օգնել հակաբիոտիկների նկատմամբ կայուն շտամները վերացնելու հարցում:
Նշենք, որ գիտական թեմայի արտասահմանյան խորհրդատուն Սոֆիայի պետական համալսարանի (Բուլղարիա) կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի ամբիոնի վարիչ Սվետոսլավ Դիմովն է, որի հետ վերջերս ԵՊՀ-ում կազմակերպվել է հանդիպում:
In
other , shrjaka-mijavayr
«Հայաստանում չափահաս բնակչության 28 տոկոսը ծխող է»․ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն
Posted on 12 Հոկտեմբերի, 2022

«Եվրոպական շատ երկրներ ցանկանում են մինչև 2040 թվական ծխախոտի օգտագործումը հասցնել 5 տոկոսի, իսկ մեր առջև խնդիր է դրված հնարավորինս նվազեցնել ցուցանիշը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
Ըստ նրա, Հայաստանում չափահաս բնակչության 28 տոկոսը ծխող է: Տղամարդկանց շրջանում ծխողների թիվը կազմում է 51,5 տոկոս, կանանց շրջանում՝ 1,8 տոկոս:
«51 տոկոսը բարձր ցուցանիշ է: Փաստորեն, մոտավորապես, բնակչության 1/3 տոկոսը ծխախոտային տարբեր ապրանքատեսակներ օգտագործող են: Սա բավական մտահոգիչ ցուցանիշ է»,- ասաց Ա․Բազարչյանն ու դժվարացավ հստակեցված խոսել ոլորտում օրենդրական փոփոխությունների ազդեցության մասին․«Խիստ նախնական պատկերը կարող ենք ունենալ հաջորդ տարվա վերջին: Իրական պատկերը կունենանք 5 տարի հետո: Արդեն 10-15 տարի հետո կունենանք լրջագույն հաջողություններ, այն է՝ այս կամ այն հիվանդությամբ պայմանավորված մահացության ցուցանիշի նվազեցումը»։
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ծխախոտի կիրառությունն իրապես խնդիր է առողջապահական համակարգերի համար: Շատ ծանր հիվանդությունների համար ծխախոտը ռիսկի գործոն է՝ սրտանոթային, շնչառական համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղի»,- մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը, հավելելով․ «Մեր քաղաքականության մեջ է մտնում ինչպես չծխողներին երկրորդային ծխից պաշտպանելն, այնպես էլ՝ այն ծխողներին աջակցելը, որոնք ցանկանում են հրաժարվել ծխախոտից»,- ասաց Մարիամ Մնացականյանը։
In
other , eco-aprelakerp
Հոկտեմբերի 12-ը Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է
Posted on 12 Հոկտեմբերի, 2022

2008 թվականից ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է ԱՀԿ-ի Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան, ըստ որի ամեն տարի հոկտեմբերի 12-ը նշվում է որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»: 2020 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում ճանաչվել են ՄԱԿ-ի Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման մրցանակակիր` ծխախոտի դեմ պայքարի համապարփակ օրենք ընդունելու համար: Ներկայումս միացել է աշխարհի 182 երկիր: Կոնվենցիայի դրույթները պարտադիր են այն վավերացրած երկրների համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի ծխախոտը 8 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում, որից 1,2 միլիոնը՝ երկրորդային ծխի ազդեցությամբ: Ըստ մասնագետների վերլուծության, եթե անհրաժեշտ միջոցառումներ չտարվեն, ապա 2030 թվականին ծխախոտի հետեւանքով մահերի թիվը կարող է գերազանցել 8 միլիոնը: 2020 թվականին Հայաստանն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, ըստ որի ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը արգելվում է, 1․ 18 տարին չլրացած անձանց, 2․ ինքնասպասարկմամբ, ինչպես նաև ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով, 3․բաց տուփով կամ հատով վաճառքը, 4․ թատերահամերգային, թանգարանային, գրադարանային կենտրոնների, կինոթատրոնների ներսում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացված (նրանց զբաղեցրած) տարածքների ներսում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, ինչպես նաև առողջապահական, կրթական և մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև 10 մետր հեռավորության վրա։ Ծխախոտի օգտագործումն արգելվում է 1․ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերում, 2․մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերում 3․ուսումնական հաստատություններում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա, 4․համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում, 5․ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, 6․պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայման շենքերում, 7․ վարորդի կողմից մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ, 8․հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ, 9․ hյուրանոցային տնտեսության օբյեկտներում, 10․աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից, 11․առևտրի կենտրոններում, 12․հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, 13․ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները: 14․արգելվում են գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը: 2022 թվականի հունվարի 1-ից արգելվում է` 1․հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, 2․ ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում, 3․մարտի 15-ից արգելվում է օգտագործումը` հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա:
In
other , eco-dexatun
«Հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը բոլորի համար դարձրե՛ք համաշխարհային առաջնահերթություն»․ նշվեց հոգեկան առողջության համաշխարհաին օրը
Posted on 11 Հոկտեմբերի, 2022

2013 թվականից ի վեր` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ամեն տարի կազմակերպում է գլոբալ արշավներ հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս տարվա կարգախոսն է. «Հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը բոլորի համար դարձրե՛ք համաշխարհային առաջնահերթություն»: Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ավելանում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց թիվը, փոփոխվում է հոգեկան խանգարումների տարածվածության համամասնությունը, ինչի պատճառը վերջին շրջանում հոգեկան առողջության վրա ազդող անբարենպաստ գործոններն են (բնակչության ծերացում, համավարակ, պատերազմ, տեղեկատվական անվերահսկելի հոսք և այլն)։ Վիճակագրական տվյալներով` Հայաստանում հաշվառման մեջ գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թիվը կազմել է. 1․ 2000թ.` 32717, 2․ 2015թ.` 51167, 3․ 2019թ.` 57164, 4․ 2021թ.` 60222` արձանագրելով հիվանդացության աճ: Նաև աճել է դիսպանսերային հսկողության տակ վերցված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թիվը: Հոգեկան առողջության տեսանկյունից խոցելի խմբեր են արտակարգ իրավիճակներում կա՛մ ռազմական, կա՛մ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձինք, երեխաները, դեռահասները և տարեցները։ Նշված խմբերում հոգեկան առողջության խնդիրների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, բուժումը և վերականգնումը, բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովումը, ինչպես նաև հասարակության մեջ անձի ներառումը կկրճատեն հոգեկան խանգարումների հետևանքով կյանքի դժվար իրավիճակում հայտնված անձանց թիվը և կբարելավեն շահառուների կյանքի որակը: Հոգեկան առողջության ոլորտի քաղաքականությունն ու օրենսդրությունը բարելավելու, որակյալ ծառայություններ մատուցելու, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, հասարակության իրազեկությունը բարձրացնելու նպատակով հաստատվել է «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների 2022-2026թթ. ծրագիրը»: Միաժամանակ, ոլորտի շարունակական զարգացման համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հոգեկան առողջություն» կոալիցիա` 40-ից ավելի կազմակերպությունների ներգրավմամբ, որոնց անդամների միջև կնքվել է գործակցության հուշագիր: Նպատակն է դիմակայել Հայաստանում COVID-19 համավարակով և հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված մարտահրավերներին և հոգեկան առողջության ծառայություններն ինտեգրել առողջության առաջնային պահպանման օղակում:
In
other , shrjaka-mijavayr
«Շատ մտահոգիչ է պատկերը»․ քննարկվել է Սևանա լճի էկոհամակարգի վրա ոչ մետաղական հանքերի ազդեցության հարցը
Posted on 10 Հոկտեմբերի, 2022

Սևանա լճի էկոհամակարգի վրա ոչ մետաղական հանքերի ազդեցության հարցն օրերս քննարկվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի նիստում:
«Մենք հավաքել ենք Սևանա լճի ավազանում շահագործվող բոլոր հանքերի վերաբերյալ տվյալներ: Շատ մտահոգիչ է պատկերը: Ամեն գյուղ իր համար խարամի հանք է բացում: Ուսումնասիրության և շահագործման համար տրված է 8 լիցենզիա, բայց 2019թ. տիեզերական նկարով արդեն կա 38 մեծ ու փոքր փորվածք: 2022թ. տիեզերական նկարով փորվածքների թիվը 2019թ.-ի փորվածքների համեմատ ավելի է շատացել»,- քննարկման ժամանակ խնդիրը ներկայացնելով ասաց հանձնաժողովի անդամ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։
Ըստ հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանի, մեկ հանքի դեպքում նկատելի ազդեցություն շրջակա միջավայրի վրա չկա, բայց դրանց գումարային ազդեցությունը շրջակա միջավայրի համար ակնհայտ է․ «Այդ հանքերի փորվածքների գումարային ազդեցությունն այն է, որ լանդշաֆտներն են փոխվում, կարող է էրոզիա լինել, սողանքներ, փլուզումներ: Այդտեղ կարող են արոտավայրեր լինել: Գետերի վերին հոսանքներում գտնվողները գետերի մեխանիկական աղտոտման պատճառ են դառնում, ազդում էկոհամակարգի վրա, քանի որ գետերը Սևանի ձկների ձվադրավայրն են: Այս եղածի հետ միասին մենք ստացել ենք դիմումներ 20 հանքերի հետախուզման համար և սա գրեթե նույն տարածքում՝ Արգիճի և Մարտունի գետերի հատվածում»,- ընդգծեց է Բ․ Գաբրիելյանը:
«Ապօրինություններն են շատ, մեկ ամիս առաջ շրջայցի ընթացքում երեք ապօրինի դեպք ենք հայտնաբերել»,- փաստեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը։
Քննարկվեց Սևանի ավազանում ոչ մետաղական հանքերի շահագործման ժամանակավոր դադարեցման հարցը մինչև խնդրի կարգավորումը: Որոշվեց խնդրի առնչությամբ ևս մեկ քննարկում կազմակերպել՝ հրավիրելով նաև ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներին:
Այնուհետև, Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի անդամները քննարկեցին «Արամ-Շին» ՍՊԸ-ի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ջիլի կոնգլոբրեկչային հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Հանձնաժողովը որոշեց հայտի վերաբերյալ կարծիք տալ իր դիտողությունների վերաբերյալ պատասխան ստանալուց հետո:
Օրակարգի մյուս հարցը վերաբերում էր Սևանա լճի ափամերձ ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքների մաքրման աշխատանքներին:
Զեկուցվեց՝
2019-2021թթ. ընթացքում 750 հա տարածքում մաքրման աշխատանքներ իրականացնելու համար պայմանագիր է կնքվել «Հարությունյան Շին» ՍՊԸ-ի հետ: 2019թ. նախատեսվել էր Վարդենիսի մասնաճյուղի Ծովակ տեղամասում մաքրել 98 հա տարածք, սակայն մաքրվել է 78 հա:
2020թ. նախատեսվել էր 271 հա տարածքի մաքրում, սակայն մաքրվել է 66 հա: 2020 թ. սեպտեմբերի վերջին դադարեցվել է մաքրման աշխատանքների իրականացումը: 2021թ. մաքրման աշխատանքներ չեն իրականացվել:
2022թ. ընթացքում նախատեսված է Սևանա լճի ափամերձ ջրածածկ և ջրածածկման ենթակա 64.8 հա տարածքների մաքրում: Սեպտեմբերի 12-ի դրությամբ մաքրվել է շուրջ 30 հա տարածք:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հնարավոր է համարում մինչև տարեվերջ ավարտել նախատեսված աշխատանքները:
In
other , eco-mshakuyt
«Բնության մարդը»․ կայացավ Մաչանենց արվեստի միջազգային 7-րդ սիմպոզիում-ցուցահանդեսը
Posted on 10 Հոկտեմբերի, 2022

Օրերս տեղի ունեցավ «Բնության մարդը» խորագրով Մաչանենց արվեստի միջազգային 7-րդ սիմպոզիում-ցուցահանդեսի բացման արարողությունը։ Միջազգային սիմպոզիումն այս տարի նվիրված էր գեղանկարիչ Ապրեսիկ Ալոյանի հիշատակին: Սիմպոզիումին մասնակցում էին շուրջ 10 երկրից 70 նկարիչ՝ այդ թվում Արցախից և Հայաստանից:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Ն.Գ. պարոն Կոռնել Իոնեսկու, Լեհաստանի դեսպան Ն.Գ. պարոն Պավել Չեպլակը և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Դենիս Նազարովը, Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, հոգևոր այրեր, պաշտոնական հյուրեր, մշակույթի գործիչներ և այլք։ Օրհնության խոսքով ցուցահանդեսը բացեց Տ. Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը։
Մասնակիցներին և գործընկերներին հանձնվեցին վկայականներ և խորհրդանշական նվերներ։ ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի կողմից Գրիգոր Մաչանենց Բաբախանյանին շնորհվեց «ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ» կոչումը:
Հյուրերը շրջեցին սրահներում և ծանոթացան սիմպոզիումի ընթացքում ստեղծված շուրջ 100 արվեստի գործերին։
In
other , eco-mshakuyt
20-ամյա «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը հատեց եզրագիծը
Posted on 10 Հոկտեմբերի, 2022

Երևանյան 14 բեմահարթակներում ցուցադրվեց ավելի քան 26 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի հեդլայները Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա հավերժ կուռքը» ներկայացումն էր, որի ցուցադրությունը մեծ հաջողություն ունեցավ:
Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես եկան Երևանի Կամերային, «Համազգային», Հ. Թումանյանի անվան տիկնիկային և «Միհր» թատրոնները:
Հիմնական ծրագրից բացի փառատոնի ընթացքում անցկացվեցին վարպետության դասեր՝ անվանի թատերական գործիչների կողմից, ինչպիսիք են՝ թատերագետ Անդրեյ Մոսկվինը (Լեհաստան), պրոդյուսեր Յուկկա Հիտտը (Ֆինլանդիա):
«Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» խորագրով միջազգային գիտական նստաշրջանի շրջանակներում, «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստների միջազգային թատերական 20-րդ փառատոնի հետ համագործակցությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատերագիտություն» («Studia Teatralne Europy rodkowo-Wschodniej», խմբագիր՝ Անդրեյ Մոսկվին, 2021, N 2, Վարշավա) եռալեզու գիտական հանդեսի շնորհանդեսը:
Հանդեսի այս համարի կենտրոնում հայ թատրոնն է, շապիկին` Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լուսանկարը և «FOKUS: ARMENIA» գրությունը։
Հանդեսում գիտական հրապարակումներով հանդես են եկել Արծվի Բախչինյանը (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ), Նարինե Սարգսյանը (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ), Անուշ Ասլիբեկյանը (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ), Սառա Նալբանդյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ), Նազենիկ Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ), Անահիտ Բեքարյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ):
Փառատոնի շրջանակում ներկայացումներ ցուցադրվեցին նաև Գյումրիում և Վանաձորում:
«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի հիմնադիր նախագահն է Արթուր Ղուկասյանը:
2019-2021թթ. Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 Եվրոպական փառատոներից «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:
Eco.am սոցիալական հարթակը հանդիսանում է «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային հոբելյանական փառատոնի ինֆորմացիոն աջակիցը։


