20-ամյա «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը հատեց եզրագիծը

https://eco.am/20-%d5%a1%d5%b4%d5%b5%d5%a1-%d5%b0%d5%a1%d5%b5-%d6%86%d5%a5%d5%bd%d5%bf-%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%a5%d6%81-%d5%a5%d5%a6%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae%d5%a8/

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի կանցկացավ հոկտեմբերի 1-ից 8-ը: Հոբելյանական 20-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում էր “The next 20 years will be better!” «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը:

Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը հյուրընկալեց 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի` այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների` Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:

Երևանյան 14 բեմահարթակներում ցուցադրվեց ավելի քան 26 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի հեդլայները Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա հավերժ կուռքը» ներկայացումն էր, որի ցուցադրությունը մեծ հաջողություն ունեցավ:

Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես եկան Երևանի Կամերային, «Համազգային», Հ. Թումանյանի անվան տիկնիկային և «Միհր» թատրոնները:

Հիմնական ծրագրից բացի փառատոնի ընթացքում անցկացվեցին վարպետության դասեր՝ անվանի թատերական գործիչների կողմից, ինչպիսիք են՝ թատերագետ Անդրեյ Մոսկվինը (Լեհաստան), պրոդյուսեր Յուկկա Հիտտը (Ֆինլանդիա):

«Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» խորագրով միջազգային գիտական նստաշրջանի շրջանակներում, «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստների միջազգային թատերական 20-րդ փառատոնի հետ համագործակցությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատերագիտություն» («Studia Teatralne Europy rodkowo-Wschodniej», խմբագիր՝ Անդրեյ Մոսկվին, 2021, N 2, Վարշավա) եռալեզու գիտական հանդեսի շնորհանդեսը:

Հանդեսի այս համարի կենտրոնում հայ թատրոնն է, շապիկին` Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լուսանկարը և «FOKUS: ARMENIA» գրությունը։

Հանդեսում գիտական հրապարակումներով հանդես են եկել Արծվի Բախչինյանը (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ), Նարինե Սարգսյանը (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ), Անուշ Ասլիբեկյանը (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ), Սառա Նալբանդյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ), Նազենիկ Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ), Անահիտ Բեքարյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ):

Փառատոնի շրջանակում ներկայացումներ ցուցադրվեցին նաև Գյումրիում և Վանաձորում:

«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի հիմնադիր նախագահն է Արթուր Ղուկասյանը:

2019-2021թթ. Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 Եվրոպական փառատոներից «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

Eco.am սոցիալական հարթակը հանդիսանում է «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային հոբելյանական փառատոնի ինֆորմացիոն աջակիցը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով