Blog
In
other , shrjaka-mijavayr
1936 թվականից մինչև այսօր տեղումները նվազել են 14%-ով. մասնագետ
Posted on 29 Նոյեմբերի, 2022

«1936 թվականից մինչև այսօր տեղումները նվազել են 14 տոկոսով: Իսկ ջրի կրճատումից զգալի տուժելու է գյուղատնտեսության ոլորտը, որը սպառում է ջրային պաշարների զգալի հատվածը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը։ Կլիմայի փոփոխությամբ, ջրային ռեսուրսների կրճատմամբ պայմանավորված առաջ է գալիս ռիսկային իրավիճակ նաև էներգետիկ ոլորտի համար: Մասնավորապես, էներգետիկ ենթակառուցվածքները պահանջում են ջուր սառեցման համար, ինչպես, օրինակ, ատոմակայանն է, ՋԷԿ-երը: Ըստ նրա, այսօր ամռանն էներգիայի սպառման առավելագույն ցուցանիշը հասնում է ձմեռայինին։ Այսինքն՝ շոգից պաշտպանվելու, հովացման համար ավելի շատ էներգիա է սկսել ծախսվել: «Հայաստանում օդի ջերմաստիճանը բարձրացել է վերջին երեսուն տարում, իսկ սա նշանակում է, որ մեր երկրում օրինակ ձմռանը տեղումները քիչ են լինում՝ ձմեռը չոր է։ Այս հանգամանքը շատ վատ է անդրադառնում շրջակա միջավայրի վրա, որովհետև լինում է շատ արագ ձնհալ, հետևաբար ջրի կուտակման խնդիր ենք ունենում, հետևաբար նաև՝ ոռոգման խնդիր, լինում են սելավներ, որոնք բերում են ենթակառուցվածքների վնասման։ Արդյունքում գյուղատնտեսության ու կայուն պարենային անվտանգության խնդիրներ են առաջանում»,- հանդիպմանն ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգային խնդիրներն աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, քննարկել են օրերս Եգիպտոսում կայացած ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին: Պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով, որտեղ ներկայացրել են իրենց դիրքորոշումը և իրենց երկրի տեսլականը բնապահպանության, բնական ռեսուրսների կառավարման ուղղությամբ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս համաժողովին հավանության է արժանացել մի նախաձեռնություն, որը շատ կարևոր է զարգացող երկրների համար: Խոսքը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված երկրների կրած վնասները, կորուստները վերականգնելու գործում ֆինանսական աջակցություն տրամադրող միջազգային հիմնադրամ ստեղծելու մասին է: «Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար: Մեր երկիրը նախ կարող է դիմել և լինել որպես տնօրենների խորհրդի անդամ: Դրանից բացի, հնարավորություն ստանալ օգտվել ֆինանսական աջակցությունից կլիմայի փոփոխության բացասական հետևանքները մեղմելու համար: Այսինքն՝ ունենում ենք լրացուցիչ միջոցներ»,-ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: Մինչ այդ, մեր երկիրը տեղական մակարդակում պետք է հստակեցնի կորուստները, վնասները: Դրանք կարող են վերաբերել գյուղատնտեսությանը, մասնավորապես, հողերի դեգրադացմանը, բնության հուշարձաններին, որոնք վնաս են կրում կլիմայի փոփոխության ազդեցություններից: Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ հաջորդ անվտանգային խնդիրը առողջապահությունն է: Մասնագետի կարծիքով՝ կարող է լինել համաճարակային իրավիճակի սրում, ձևավորվեն բարենպաստ պայմաններ վարակների տարածման համար: Դրանից բացի, դժվար իրավիճակ է լինում սրտանոթային հիվանդների համար, քանի որ շոգ օրերի թիվը գնալով ավելանում է:
In
other , shrjaka-mijavayr
Օրգանական աշխարհի համար օզոնի բացակայությունը աղետալի հետևանքներ կարող է ունենալ
Posted on 29 Նոյեմբերի, 2022

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զբաղվում է նաև հելիոերկրաֆիզիկական ուսումնասիրություններով («Հելիո» լատիներենից թարգմանաբար նշանակում է արեգակ)։ Այն գիտություն է, որն ուսումնասիրում է Արեգակի ֆիզիկական հատկությունները, Արևի հանդարտ վիճակում ճառագայթման սպեկտրի բոլոր դիապազոնները, Երկրի վրա թողած ազդեցությունները և միջմոլորակային տիրույթում տիեզերական եղանակի կանխատեսման ուսումնասիրությունները։ Պարզաբանելով տիեզերական եղանակ հասկացությունը՝ նշենք, որ այն կանխորոշում է հայտնի գեոմագնիսական դաշտի կայուն կամ անկայուն լինելը։ Գեոմագնիսական դաշտը Երկրի շուրջ գոյություն ունեցող հաստատուն և փոփոխական մագնիսական դաշտ է։ Այն ապահովում է Արեգակից Երկրին հասնող այնպիսի մասնիկներից, որոնք կարող են կործանարար հետևանքներ թողնել երկրագնդի վրա։ Այդ մասնիկերն Արեգակից արտանետվում են նրա վրա տեղի ունեցող պարբերական բռնկումների հետևանքով և հասնում Երկրին՝ արեգակնային քամու ուղղորդմամբ։ Սովորաբար այս դաշտի վիճակն էապես ազդում է սիրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց վրա։ Արեգակի ճառագայթման սպեկտրի չափման ուսումնասիրմամբ զբաղվում է ակտինոմետրիան։ Այն առանձին ճյուղ է, որը մեզ տալիս է ճշգրիտ արժեքներ Արեգակի ճառագայթման ինտենիսիվության վերաբերյալ։ Ակտինոմետրական դիտարկումների շնորհիվ կարող ենք չափել մեզ հասնող ճառագայթների ուժգնությունը՝ արտահայտված ԿՎ- ներով։ Գեոմագնիսական դաշտի դիմադրումը արեգակնային քամուն անկախ այն փաստից, որ Արեգակը հանդիսանում է Երկրի վրա կյանքի «հովանավորը», բոլոր դեպքերում պետք է նաև զգուշանալ «հրե հսկայից» արձակված ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Այդ ճառագայթների խիստ վտանգավոր մասը (մոտավորապես 70%) կլանվում է մթնոլորտի կողմից, մասնավորապես՝ մեզ համար կենսական նշանակություն ունեցող օզոնի շերտի: Ցավոք, ներկայումս գոյություն ունեն կենցաղային դարձած այնպիսի պրոցեսներ, որոնք ընդհանուր առմամբ վատ հետևանք են թողնում օզոնային շերտի վրա։ Առօրյա կիրառվող կրակայրիչների օգտագործման ժամանակ ևս մթնոլորտ են արտանետվում քիմիապես հագեցած օզոնաքայքայիչ նյութեր։ Դրանց մեկ բառով անվանում ենք քլորֆտորածխածիններ։ Օրգանական աշխարհի համար օզոնի բացակայությունը աղետալի հետևանքներ կարող է ունենալ, օրինակ Լուսինը Երկրի պես պաշտպանված չէ Արեգակի «անսանձ» ակտիվությունից, այդ իսկ պատճառով նրա վրա տեղադրված ԱՄՆ դրոշը ժամանակի ընթացքում ՈՒՄՃ-ի հետևանքով գունաթափվել է։ Ներկայացնենք այսօրվա ՈՒՄՃ-ի պատկերը՝ արտահայտված ինդեքսներով։ Բարձր արժեք ունեցող ինդեքսների դեպքում անվտանգության և առողջական նկատառումներից ելնելով՝ խորհուրդ չի տրվում կեսօրվա ժամերին (մասնավորապես 1100-1700) լինել արևի ուղիղ ճառագայթների տակ։ Այսօր շրջակա միջավայրի գամմա ( y ) ճառագայթման դոզայի հզորությունը գրանցվել է 12 միկրո/ռենտգեն։
In
other , shrjaka-mijavayr
Որքան է ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիայի աճը՝ 2017-2021թթ
Posted on 28 Նոյեմբերի, 2022

Չնայած նրան, որ ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիան վերջին 5 տարիների ընթացքում չի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ), դիտվում է կոնցենտրացիայի աճման տենդենց: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ 2021 թվականին ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիան մայրաքաղաքի մթնոլորտային օդում կազմել է 0․027մգ/մ³: Այս ցուցանիշն ավելի է. 2017 թվականի համեմատ՝ 1․7 անգամ, 2018 թվականի համեմատ՝ 1․5 անգամ, 2019 թվականի համեմատ՝ 1․7 անգամ, 2020 թվականի համեմատ՝ 1․2 անգամ։ Ազոտի երկօքսիդի 2021 թվականի առավելագույն օրական կոնցենտրացիան դիտվել է օգոստոսի 18-ին և կազմել 0.910 մգ/մ³, ինչը գերազանցում է ՍԹԿ-ն 22.7 անգամ: Վերջին տարիների ընթացքում գրեթե համանման ձևով փոփոխվում է նաև շարժական և անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետվող ազոտի օքսիդների քանակությունները:
In
other , shrjaka-mijavayr
Կարմրագլուխ սուզաբադ․ «Տարվա թռչուն 2023» արշավի ամենահմուտ սուզորդ թեկնածուն
Posted on 28 Նոյեմբերի, 2022

Eco.am սոցիալական հարթակն արդեն անդրադարձել էր, որ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մինչև դեկտեմբերի 10-ը անցկացնում է «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը։ Արդյունքներն ամփոփելուց հետո հայտնի կդառնա 2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչունը: Այսօր մեր ընթերցողին կներկայացնենք «Տարվա թռչուն» 2023 արշավի 6 թեկնածուներից Կարմրագլուխ սուզաբադին (Aythya ferina): Այն բադերի ընտանիքին պատկանող միջին չափսի թռչուն է: Բնադրում է Եվրոպայում, Ասիայում, ինչպես նաև Աֆրիկայի հյուսիսային հատվածներում, ձմեռում է՝ արևմտյան Եվրոպայում, Ճապոնիայում, Աֆրիկայում և Ասիայի տրոպիկական գոտիներում: Մարմնի երկարությունը՝ 42-49 սմ է, թևերի բացվածքը՝ 72-82 սմ, կենդանի զանգվածը՝ 700-1300 գ։ Կտուցի միջին մասը բաց մոխրագույն շերտով է։ Արուի վիզը, գլուխը դարչնավուն-կարմիր են, մեջքը՝ բաց մոխրագույն, կուրծքը և ներքնապոչը՝ սև։ Էգը մոխրագույն-դարչնագույն է, կտուցի հիմքի բիծը և լայն ակնօղակը՝ բաց գույնի։ Հմուտ սուզորդ է, մինչև 30 վ կարող է կեր փնտրել ջրի խոր շերտերում։ Նստակյաց է, քիչ տարածված։ Աշնանը և գարնանը հաճախ հանդիպում է մեծ երամներով (15-ից մինչև 2-3 հզ. թռչուն)։ Բնակվում է լճերում, գետերում, մեծ ճահճուտներում։ Սնվում է ջրային բույսերով, միջատներով, խխունջներով, մանր ձկներով, երկկենցաղներով։ Հարսանեկան խաղերը՝ մարտի վերջից ապրիլին, մի քանի արուներ պտույտ են գալիս ջրի մեջ ամբողջությամբ սուզված էգի շուրջը։ Բույնը պատրաստում է էգը՝ հին եղեգի կույտի վրա, կարող են լինել նաև ջրի մակերեսին կիսալողացող բներ։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից հունիսի սկիզբը։ Դնում է 62 մմ տրամագծով, կանաչավուն-մոխրագույն 8-10 ձու։ Թխսակալում է էգը՝ 24-26 օր։ Ձագերը հայտնվում են հունիսին, 2-3-րդ օրը կարող են հաջողությամբ սուզվել, նաև ջրի մակերեսին բույսերի վրայից միջատներ կտցել։ Մարզային և սիրողական թռչուն է։ Լայն ճանաչում ունի ոչ միայն որսորդների շրջանում։ Նախորդ տարի՝ 2021 թվականին, Կարմրագլուխ սուզաբադը ավելացվել է IUCN կարմիր ցուցակում որպես խոցելի տեսակ (A2abcd+3bcd+4abcd): Նույն կազմակերպության ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ տեսակի պոպուլյացիան նվազող է: Միևնույն ժամանակ տեսակը դեռևս ներկայացված չէ ՀՀ Կարմիր գրքում: «Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա: Մինչ դեկտեմբերի 10-ը Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը իր սոցիալական ցանցերի էջերում և կայքում պարբերաբար տեղադրելու է մրցույթի թեկնածու թռչնատեսակների մասին հետաքրքիր և ուսուցողական նյութեր, որոնք թույլ կտան կատարել գիտակցված ընտրություն: Քվեարկելու համար սեղմեք այստեղ
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Արևային ջրատաքացուցիչներ Արցախի չգազաֆիկացված Հաղորտի գյուղի բոլոր 42 ընտանիքներին
Posted on 25 Նոյեմբերի, 2022

Քանի որ Արցախը չունի հանածո վառելիքի պաշարներ, նավթային Ադրբեջանի դեմ այսօր կարող է պայքարել արևային էներգիա գեներացնելով՝ այդպիսով ունենալով էներգետիկ անկախություն։
2020 թվականի պատերազմից հետո Արցախի շատ շրջաններում տաք ջուր չունենալը, հոսանքի հաճախակի անջատումները էլ ավելի սրեցին այս խնդիրը։
Այդ նպատակով «ռեԱրմենիա»-ի կողմից հիմնադրված «Վյուն» գործակալությունը նախաձեռնել է «Արևային Արցախ» ծրագիրը։ Նպատակը էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով Արցախում վերականգնվող էներգետիկայի զարգացումն է։
Ծրագրի մեկնարկն արդեն տրվել է «Արևային Հաղորտի» դրամահավաքի նախագծով, որի իրականացմամբ Մարտունու շրջանի չգազաֆիկացված Հաղորտի գյուղի բոլոր 42 ընտանիքները կունենան մշտական տաք ջուր արևային ջրատաքացուցիչների միջոցով։
Անհրաժեշտ է հավաքել 9,489,800 դրամ։ Դրամահավաքի արդյունքում արդեն հավաքվել է 17 արևային ջրատաքացուցիչի գումար։
Ջրատաքացուցիչների գումարի 50%-ը սուբսիդավորելու է ԱՀ կառավարությունը, 13%-ը ֆինանսավորվելու է բնակիչների կողմից, իսկ մնացած 37%-ը նախատեսվում է հավաքել հանրային դրամահավաքի միջոցով։
Մեկ անգամ այցելելով Հաղորտի՝ կհիանաք գյուղացիների աշխատասիրությամբ, տեխնոլոգիական նորարարություններով և ջերմ հյուրնըկալությամբ։ Հաղորտեցիները՝
Կառուցել են տեխնոլոգիան բարձր կրթություն ապահովող «Մունք» տեխնոդպրոց։
Հիմնել են տեխնոլոգիական ընկերություն՝ «Start systems»-ը՝ պատվերներ ստանալով տարբեր երկրներից։
Զարգացնում են գյուղի էկոտուրիզմը։
Կազմակերպում են ամենամյա կրթական ճամբարներ, շաբաթօրյակներ։
Ձևավորում են ինքնաբավ համայնք՝ տնտեսապես ինքնուրույն, իրենք իրենց խնդիրները լուծող համայնք։
«Արևային Հաղորտի» սոցիալական նախագծի շուրջ արդեն միավորվել են հետևյալ ընկերությունները՝
ԱՀ կառավարություն,
«ռեԱրմենիա» հարթակ,
«ԷկոՎիլ» ընկերություն,
«Հաղորտիի զարգացման հիմնադրամ»,
«Ես» կրթական հիմնադրամ,
Հաղորտիի համայնքապետարան,
«Վյուն» գործակալություն։
Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
«Կլիմայական գործողությունները վարքագծային փոփոխություններ են պահանջում»․ՇՄ նախարար
Posted on 25 Նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 25-26-ը Հայաստանում տեղի է ունենում «Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված համաժողովը»։ Համաժողովի նպատակն է մասնակիցներին ներկայացնել կլիմայի փոփոխության անվտանգային ռիսկերի վերաբերյալ ամենավերջին գիտական փաստերն ու ապացույցները, ազգային բարենպաստ միջավայրում կլիմայի հետ կապված անվտանգության ռիսկերի վերաբերյալ փաստերը, ինչպես նաև դրանց՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցություններն ու առաջնահերթությունները: Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության անկյունաքարը կանաչ և կլիմայապես դիմակայուն տնտեսական համակարգի ձևավորումն է, ինչը թույլ կտա ընդլայնել երկրի տնտեսության մրցակցային առավելությունները՝ կլիմայի գլոբալ փոփոխությամբ առաջացած սոցիալական մարտահրավերներին զուգահեռ։ Տնտեսական նման քաղաքականության ձևավորումն ու իրականացումն առավել քան արդիական է համաճարակի և պատերազմի առաջացրած կրկնակի ճգնաժամային շրջանում։ Այս համատեքսում, մեր երկիրը կարևորում է Փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը, քանզի դրանք հիմնված են կանաչ տնտեսության սկզբունքների վրա ու համատեղելի են մեր երկրի սոցիալտնտեսական զարգացման նպատակների հետ։ Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշման, շրջակա միջավայրի նախարարությունն ի թիվս այլ հարցերի, մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված քաղաքականություն։ Համաժողովի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն իր ելույթում անդրադարձել է Կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ոլորտում ՀՀ վարած քաղաքականությանը և խոսել իրականացվող միջոցառումներից և օրենսդրական բարեփոխումներից։ «Կլիմայական գործողությունները վարքագծային փոփոխություններ են պահանջում, ինչը արդի աշխարհում անընդհատ վերաձևակերպվում է՝ հնից-նորին կարգախոսով։ Շրջակա միջավայրի նախարարության խնդիրն է նաև այդ փոփոխությունների վերաբերյալ իրազեկումը՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում սահմանված թիրախին համատեղ ջանքերով ձգտելու և իրականացնելու համար»,- հանրության դերը կլիմայական գործողություններում կարևորելով ասել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարը։ «Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված համաժողովը» կազմակերպվել է Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» (ՆՀԺԽ), ՄԱԶԾ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի, և Կորեայի կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ Բանգկոկի տարածաշրջանային գրասենյակի «Գենդերազգայուն և ռիսկերի վրա հիմնված կայուն զարգացման գլոբալ ծրագրի » և ՀՀ Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ։
In
other , shrjaka-mijavayr
Երևանում և որոշ մարզերում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է
Posted on 24 Նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 17-23 -ը ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում և Նոր Նորքում՝ նոյեմբերի 18-20-ը։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում՝ նոյեմբերի 17-ին, 18-ին, 22-ին, Արաբկիրում՝ նոյեմբերի 21-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Իսկ Արարատ, Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. նոյեմբերի 13-20-ը Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 1․ Արարատում նոյեմբերի 17-19-ը, 2․ Գյումրիում՝ նոյեմբերի 18-ին, 3․ Հրազդանում՝ նոյեմբերի 14-16-ը, 18-ին, 19-ին, 4․Վանաձորում՝ նոյեմբերի 14-ին, 19-ին, 20-ին, 5․ Ալավերդիում՝ նոյեմբերի 15-ին, 18-ին և 20-ին։
In
other , shrjaka-mijavayr
Կանաչ մեղվակեր․ «Տարվա թռչուն 2023» արշավի ամենագունավոր թեկնածուն
Posted on 24 Նոյեմբերի, 2022

Eco.am սոցիալական հարթակն արդեն անդրադարձել էր, որ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մինչև դեկտեմբերի 10-ը անցկացնում է «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը։ Արդյունքներն ամփոփելուց հետո հայտնի կդառնա 2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչունը: «Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա: Մինչ դեկտեմբերի 10-ը Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը իր սոցիալական ցանցերի էջերում և կայքում պարբերաբար տեղադրելու է մրցույթի թեկնածու թռչնատեսակների մասին հետաքրքիր և ուսուցողական նյութեր, որոնք թույլ կտան կատարել գիտակցված ընտրություն: Այսօր մեր ընթերցողին ներկայացնում ենք «Տարվա թռչուն» 2023 արշավի 6 թեկնածուներից ամենագունավորին՝ կանաչ մեղվակերին (Merops persicus): Կանաչ մեղվակերն առանձնանում է մարմնի վառ գունավորմամբ։ Հասուն թռչնի մարմնի ընդհանուր գունավորումը կանաչ է, դիմային մասը՝ կապույտ, սև ու սպիտակ։ Կզակը դեղին է, թևատակի ծածկող փետուրները, կոկորդը՝ շիկակարմրավուն, գոտկատեղը՝ կապույտ երանգով։ Տարածված է Հյուսիսային Եգիպտոսից և Մերձավոր Արևելքից մինչև Ղազախստան և Հնդկաստան ընկած տարածքներում։ Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտի կիսաաանապատային տեղանքներում, բնադրող չվող է։ Բնակվում է կավոտ զառիթափերով կիսաանապատներում, խուսափում է շինություններից, անտառապատ տարածքներից։ Կանաչ մեղվակերը Հայաստանում խիստ սակավաթիվ տեսակ է և ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում։ IUCN կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։ Հակառակ անվանմանը՝ մեղուները կանաչ մեղվակերի սիրելի ուտելիքը չեն և կազմում են նրանց ընդունած սննդի մոտ 10%-ը։ Կանաչ մեղվակերները նախընտրում են ավելի դանդաղաշարժ և չխայթող միջատներ որսալ։ Նման է Ոսկեգույն մեղվակերին (Merops apisater), որը Հայաստանում տարածված տեսակ է։ Տարբերել կարող եք մարմնի վերևի կանաչով, կոկորդի և թևատակի ծածկողների շիկակարմիրով։
In
other , shrjaka-mijavayr
59 դեպքով վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին
Posted on 23 Նոյեմբերի, 2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի նոյեմբերի 7-ից 18-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ընթացքում արձանագրվել է 59 դեպք։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 35 դեպքով հաշվարկվել է 87.008.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 2.334.680 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 37 դեպք, որից 33-ով հաշվարկվել է 87.002.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 2.134.680 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել՝ 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 4 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 5.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 10.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 350.000 դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 5 դեպք: Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 190.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Արձանագրվել է 5 դեպք, 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Արձանագրվել է 6 դեպք: Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (ընդհանուր՝ 250.000ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.192.200 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 13 հանձնարարագիր։ Նախկինում իրականացված 9 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 26 որոշում՝ 3.220.000 ՀՀ դրամի չափով, նաև 5-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.113.440 ՀՀ դրամի չափով։
In
other , eco-aprelakerp
Ականջակալների պատճառով մոտ 1 միլիարդ մարդ լսողության կորստի վտանգի առջև է․ ԱՀԿ
Posted on 23 Նոյեմբերի, 2022





