Blog
In
other , eco-aprelakerp , eco-snund
«Պահքի օգտակարությունը բժշկական տեսանկյունից նկատելի է»․էնդոկրինոլոգ
Posted on 1 Մարտի, 2023

Այս տարի Մեծ պահքը սկսվել է փետրվարի 20-ին և կտևի 48 օր (Բուն բարեկենդանից մինչև Սուրբ Հարության (Զատիկի) տոնի նախօրեին):
Պահքի շրջանում հրաժարվում ենք կենդանական ծագման սննդից և օգտագործում բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք։ Սակայն պետք է ձգտել հրաժարվել նաև մոլի սովորություններից` շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Որքանով է պահքը դրական ազդեցություն ունենում առողջության վրա և հակառակը, մանրամասնել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս Լուսինե Առաքելյանը:
Նրա խոսքով, իհարկե, պահքի օգտակարությունը բժշկական տեսանկյունից նկատելի է, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, բայց սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար։
Օգտակարությունը
1.Առողջ սննդակարգի հիմքը բալանսավորված սնունդն է: Այն պետք է լինի բազմազան և պարունակի 15 % սպիտակուց, 30 % ճարպ, 55 % ածխաջուր, ինչպես նաև վիտամիններ, հանքային նյութեր:
2․ Սննդի ընդունումը պետք է լինի օրական 4-5 անգամ։
3. Կենդանական սպիտակուց ստանում ենք մսամթերքի հետևյալ տեսակներից` թռչնամսից, տավարի, գառան, խոզի մսից:
Էնդոկրինոլոգի խոսքով` կենդանական ծագման սնունդը մեր օրգանիզմը համալրում է երկաթով, որը էրիթրոցիտներում պարունակող հեմոգլոբինի անհրաժեշտ մասն է, վերջինս էլ մասնակցում է արյան միջոցով թթվածնի տեղափոխմանը:
Պահքի ընթացքում պետք է գրագետ ձևով կարողանանք կենդանական ծագման սնունդը փոխարինել բուսականով։
Բույսերից երկաթ պարունակում են. սպանախը, բրոկոլին, ոսպը, լոբին, ընկույզը և ընդեղենը, ամբողջահատիկ (չթեփավորված) ցորենը, շագանակագույն բրինձը, չորացված մրգերը:
Քանի որ բուսական ծագման մթերքներից երկաթն ավելի քիչ է ներծծվում, այն պետք է զուգորդենք վիտամին C-ով հարուստ մթերքներով` նարինջ, լոլիկ, կիվի, պղպեղ, հատապտուղներ:
Կենդանական ծագման սպիտակուցներից են նաև կաթնամթերքները` կաթ, մածուն, յոգուրտ, պանիր, կարագ, կաթնաշոռ, թթվասեր, պաղպաղակ, որոնք կալցիումի լավագույն աղբյուր են:
Բույսերից կալցիում պարունակում են սպիտակ լոբին, քունջութը, դդումը, նուշը, նարինջը, քաղցր կարտոֆիլը, բրոկոլին, թուզը, կանաչ ոլոռը, արևածաղկի սերմերը, սոյան, կաղամբը, ծաղկակաղամբը, սիսեռը, ամբողջահատիկ ցորենը, ընկույզը, սպանախը, պնդուկները: Կարելի է օգտագործել նաև սոյայի կաթ, սոյայի պանիր։
Բուսական սննդամթերքը պարունակում է նաև բջջանք, սննդային մանրաթել, որոնք ունեն հագեցնող հատկություն, բարելավում են մարսողական համակարգի գործունեությունը, կանխարգելում են փորկապության, թութքի առաջացումը, նաև վիտամինների և հանքային նյութերի հարուստ աղբյուր են:
In
other , shrjaka-mijavayr
«Երևանում բույսերի զանգվածային ոչնչացման համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է»․ Վարդանյան
Posted on 28 Փետրվարի, 2023

«Երբ ես խոսում եմ կանաչ ֆոնդի խնդիրների մասին, որ առաջանում են փնթի շինարարության հետևանքով, հաճախակի հանդիպում եմ տարբեր «մասնագետների» դիմադրությանը։ Ուղղակի խորհուրդ կտամ ուսումնասիրել միջազգային փորձը, ուղղեցույցերը և կատարել Երևանի ավագանու որոշումը։ Երկար տարիներ խոր էտի դեմ էի պայքարում՝ «մասնագետները» քարոզում էին ծառերի երիտասարդացումը։ Ու նույն մասնագետները այսօր բացահայտեցին և հայտարարեցին, որ խոր էտը վնասել է քաղաքի Կանաչ ֆոնդին և ծառերը պետք է հատվեն»,- այդ մասին անդրադարձել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը և հռետորական հարցադրում արեր․ «Իսկ ի՞նչ-որ մեկը պատասխան տալու է Երևանում բույսերի զանգվածային ոչնչացման համար»։ Ք․Վարդանյանը անդրադարձին կից ներկայացրել է լուսանկարներ ու գրել․ «Տարբեր փողոցներում այս տարի իրականացվող «բարեկարգմանն» են վերաբերում։ Noli nocere…»։
In
other , eco-texnologianer
Հայաստանի գլխավոր ռեսուրսներից մեկը արևն է․ «Էկոանկյուն»
Posted on 27 Փետրվարի, 2023

«Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ մեր գլխավոր ռեսուրսներից մեկը արևն է։ Այս պարագայում աններելի ծուլություն կլին, եթե դա չօգտագործենք: Արևային համակարգերի տեղադրումը սպառողի տեսանկյունից գուցե միայն խնայողություն է, սակայն ամբողջ երկրի համար՝ հստակ ռազմավարական ճյուղ: Մեր պետությունը համարվում է արևային օրերի քանակով առաջատարներից մեկը, ինչն էլ բացում է հնարավորությունների մեծ դաշտ: Անսպառ արևի էներգիան էներգետիկ դաշտը ամբողջովին ծածկել չի կարող, բայց իհարկե բեռի թեթևացում կլինի»,- Լրատվական Ռադիո FM106.5 -ի եթերում հեռարձակվող «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարի երկրորդ թողարկման ժամանակ ասաց «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը։ Ռադիոհաղորդման ընթացքում «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը և Կարեն Գրիգորյանը կրկին անդրադարձան վերականգնվող էներգիայի ոլորտին առնչվող կարևոր հարցերին։ Մասնավորապես․ 1․ Արևային էներգիայի ռազմավարական նշանակությանը, 2․ Պետական և արտասահմանյան սուբսիդավորման կարևորությանը, 3․ Էներգետիկ անկախություն ձեռք բերելու քայլերին, 4․ Ինչպես նաև Արցախի Հաղորտի գյուղում իրականացվող արևային նախագծին։ Առաջիկա երեք ամսիների ընթացքում, FM106.5 հաճախականությամբ ամեն հինգշաբթի կարող եք հետևել «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարի թողարկումներին և ստանալ Ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
179 իրավախախտում՝ մթնոլորտային օդի պահպանություն ոլորտում
Posted on 27 Փետրվարի, 2023

Մթնոլորտային օդի պահպանություն ոլորտում 2022 թվականի ընթացքում հայտնաբերել է 179 իրավախախտում: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ կայացվել է 154 վարչական տույժ նշանակելու մասին որոշում:Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 13.000.000 ՀՀ դրամ: Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 198.171.172 ՀՀ դրամ։ Փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերված առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխման 77 դեպքով նշանակվել է 3.850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Բացահայտվել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակների թույլտվության գործունեության 13 դեպք։ Բոլոր դեպքերով գործողությունները կասեցվել են։ Սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ձեռքբերելուց հետո 9-ի կասեցումը հանվել է։ Շինարարական 10 կազմակերպության նկատմամբ նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 20 դեպքով նշանակվել է 2.240.000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 3.080.303 ՀՀ դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս։
In
other , shrjaka-mijavayr
Ի՞նչ սերմեր են թռչում Երևանի օդում․ մասնագետի ուսումնասիրությունը
Posted on 24 Փետրվարի, 2023

Հայաստանում օդի աղտոտվածությունը կարծես թե դարձել է սովորական երևույթ․ մասնագետները բարձրաձայնում են, իսկ պատկան մարմիններն էլ արձանագրում՝ ի գիտություն ընդունելով։ Սակայն, վերջին մի քանի օրերին Երևանի օդում սկսել են սավառնել սերմեր։ Երևանի Բուսաբանական այգու աշխատակից Իվան Գաբրիելյանն այսօր այդ սերմերն ուսումնասիրել է Բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնում։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ հենց Իվան Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա մանրամասնորեն ներկայացրել է ուսումնասիրության արդյունքները, թե որտեղից են դրանք հայտնվել Երևանի օդում։ «Արդեն երկու օր է Երևանի օդում թռչում են սերմեր, որոնցից մեկը այսօր որսացի և Բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնում ուսումնասիրեցինք: Առաջին հերթին հետաքրքիր էր զուտ բույսերի սիստեմատիկայի առումով, թե ինչ բույսի սերմ է և գտանք, որ դրանք Հարավային եղեգի սերմեր են՝ Phragmites australis (Cav.) Trin. ex Steud. - Եղեգնատունկ, Եղեգ հարավային, Եղեգ սովորական - Тростник обыкновенный: Երկրորդ հերթին հետաքրքիր էր, թե որտեղից և ինչու հայտնվեցին սերմերը: Դրա հիմնավոր պատճառը թողնենք օդի աղտոտման կամ նմանատիպ հարցերով զբաղվող մասնագետներին, սակայն իմ կարծիքով, ինչ որ տեղ մասսայական դարձյալ այրել են եղեգնուտներ, որը, եթե ճիշտ է, ապա անթույլատրելի է մի քանի պատճառներով՝ ափսոս է այդ կենսաբանական վառելիքը, կարելի էր բրիկետներ պատրաստել վառարանների համար, բայց երկրի մասշտաբով եղեգի քանակը ցավոք, քիչ է... Մյուս անթույլատրելի պահը դա ածխածնի երկօքսիդով մթնոլորտը աղտոտելու պահն է»,- նշում է Բուսաբանական այգու աշխատակիցն ու կարևոր նկատառում բերում․ «Եվ վերջապես եկեք պատկերացնենք, թե ինչքան թռչնաբուն է այրվում, կամ ինչքան օգտակար միջատներ կամ այլ մանր կենդանիներ են այրվում, որոնք ձմեռում են եղեգների ցողուններում կամ այլ մասերում: Հիմա շատերը կասեն, թե Արցախը շրջափակման մեջ է, ինչի ետևից ենք ընկել (շատ-շատ են ասում դա քողարկելու համար մեր մեծ ու փոքր հոգսերը), բայց նախ մեկը մյուսի հետ կապ չունի, հետո, ոչ մասնագետները չեն էլ պատկերացնում, թե մեր գյուղատնտեսական սնունդը ինչքան է կապված միջատների գործունեության հետ»։ Ըստ մասնագետի ուսումնասիրության օդում պտտվող սերմերը եղեգի սերմեր են․ «Եթե դա եղեգնուտների այրման մասին է խոսում, ապա դա կատարելը հանցագործություն է»։
In
other , shrjaka-mijavayr
Կարմիր գրքում գրանցված կամ վայրի կենդանիներ պահող անձանց համար ապրիլի 1-ից նոր օրենք կգործի
Posted on 24 Փետրվարի, 2023

Օրենսդրական նոր կարգավորումների համաձայն՝ անազատ կամ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) մինչև սույն թվականի ապրիլի 1-ը պարտավոր են դիմել լիազոր մարմին՝ իրենց մոտ պահվող վայրի կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով՝ կարգի հաստատումից հետո դրանց պահման թույլտվություն ստանալու համար։ Eco.am սոցիալական հարթակն օրերս անդրադարձել էր, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է ներկայացրել։ Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: Թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը։ Թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսանում մասնագիտական հանձնաժողովի կողմից տրամադրված դրական եզրակացությունը։ Թույլտվության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծվում է անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար մասնագիտական եզրակացություն տրամադրող մասնագիտական հանձնաժողով։ Թույլտվություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք Լիազորված մարմին են ներկայացնում թույլտվության տրամադրման մասին հայտ, որը կարող եք ներբեռնել այստեղ․
In
other , shrjaka-mijavayr
Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Երևանում և որոշ մարզերում
Posted on 23 Փետրվարի, 2023

Փետրվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ փետրվարի 18-ին, 20-ին, Նոր Նորքում՝ փետրվարի 18-20-ը և 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոնում փետրվարի 17-ին, 19-ին, 20-ին, Արաբկիրում՝ փետրվարի 18-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Իսկ փետրվարի 13-19-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Արարատում և Հրազդանում փետրվարի 13-ին, Վանաձորում՝ փետրվարի 13-ին, 15-ին և 19-ին։
In
other , eco-aprelakerp , eco-texnologianer
«Էկոանկյուն»․ Կարեն Գրիգորյանի նոր հաղորդաշարը
Posted on 22 Փետրվարի, 2023

Լրատվական Ռադիո FM106.5 / Լրատվական.am-ի եթերում մեկնարկել է «Էկոանկյուն» հաղորդաշարի առաջին թողարկումը։ Հաղորդաշարի շրջանակներում «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների առաջատար ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը և Կարեն Գրիգորյանը զրուցել են՝ 1․ արևային էներգիայի օգտագործման առավելությունների, 2․ արևային համակարգերի կիրառման ոլորտների, 3․ վերականգնվող էներգետիկայի բնագավառին առնչվող այլ թեմաների մասին։ Առաջիկա երեք ամսիների ընթացքում, ամեն հինգշաբթի կարող եք հետևել «Էկոանկյուն» հաղորդաշարի թողարկումներին և ստանալ Ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , eco-dexatun
5 քայլ մինչև քաշ նվազեցնելը․ խորհուրդներ բժիշկ-սննդաբանից
Posted on 20 Փետրվարի, 2023

«Տարատեսակ դիետաներ պահելն ու քաշ նվազեցնելու ցանկությունը կարող են սրել կամ առաջացնել սննդային վարքի խանգարում այն անձանց շրջանում, ովքեր ունեն հակվածություն»,- ասում է բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանն ու հստակեցնում, որ քաշը նվազեցնելու ցանկությունը միշտ չէ, որ վատ ցանկություն է:
Որպեսզի կարողանաք հասկանալ արդյո՞ք ունեք հակվածություն դեպի սննդային վարքի խանգարում և ինչքանո՞վ եք պատրաստ առողջ կերպով անցնելու քաշի նվազեցման պրոցեսը բժիշկ –սննդաբանը ներկայացնում եմ 5 կետ, որոնցով կարող եք ստուգել ինքներդ Ձեզ:
5 քայլ մինչև քաշ նվազեցնելը՝
1․ Նորմալ սննդային վարք: Վերջին 6-12 ամսվա ընթացքում չեն նկատվել ՍՎԽ-ի ախտանիշներ + ըստ թեստերի և հարցաշարերի Ձեր արդյունքը եղել է նորմայի սահմաններում:
2․Կարողանում եք հստակ տարբերակել էմոցիոնալ սովի զգացողությունը ֆիզիոլոգիականից և արդեն ստացվում է կառավարել էմոցիաներն առանց սննդի օգնության:
3․Արդեն յուրացրել եք գիտակցված սննդընդունման հմտությունները և զգում եք, թե սննդընդունման որ ռեժիմն է համապատասխանում Ձեզ, սննդի ինչքան քանակությունից եք հագենում (այլ ոչ ծանրանում), կարող եք տարբերակել, թե որն է Ձեր սնունդը և որը ոչ ( թեկուզ այն լինի շատ օգտակար):
4․ Կարողանում եք կառավարել շատակերության դրվագները, և որևէ բան ուտելու Ձեր որոշումն ու սննդընդունումները իրականցվում են հիմնականում ի պատասխան սովի զգացողության, թե ոչ:
5․ Վերջին կարևոր պայմանը. Դուք արդեն ստեղծել եք կոմֆորտ կյանք Ձեզ համար, որն իրենից ենթադրում է, որ ունեք բավարար ռեսուրս՝ ուժ, ժամանակ և ուշադրության կենտրոնացում այս պրոցեսի համար։
In
other , shrjaka-mijavayr
Ազնվացեղ եղջերուին հանդիպելու ճանապարհային նշաններ կտեղադրվեն
Posted on 20 Փետրվարի, 2023

Տեղեկանք
Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։
Հիշեցնենք
Ազնվացեղ եղջերուները «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» տեղափոխվել են Իրանի Իսլամական Հանրապետությունից։
Եղջերուները տեղափոխվել են երեք խմբաքանակով՝
1. 2018 թվականի մարտին՝ 3 եղջերու,
2. 2019 թվականի փետրվարին՝ 5 եղջերու,
3. 2020 թվականի նոյեմբերին՝ 6 եղջերու:
Ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցվել է 10 հա մակերեսով ազատավանդակ, ինչպես նաև եղջերուների բազմացման կենտրոնի գրասենյակ, որը հագեցած է համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներով։
«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին: Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն ունեցել նաև է Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։



