Ի՞նչ սերմեր են թռչում Երևանի օդում․ մասնագետի ուսումնասիրությունը

https://eco.am/%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%bd%d5%a5%d6%80%d5%b4%d5%a5%d6%80-%d5%a5%d5%b6-%d5%a9%d5%bc%d5%b9%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d6%85%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%b4/

Հայաստանում օդի աղտոտվածությունը կարծես թե դարձել է սովորական երևույթ․ մասնագետները բարձրաձայնում են, իսկ պատկան մարմիններն էլ արձանագրում՝ ի գիտություն ընդունելով։

Սակայն, վերջին մի քանի օրերին Երևանի օդում սկսել են սավառնել սերմեր։ Երևանի Բուսաբանական այգու աշխատակից Իվան Գաբրիելյանն այսօր այդ սերմերն ուսումնասիրել է Բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնում։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ հենց Իվան Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա մանրամասնորեն ներկայացրել է ուսումնասիրության արդյունքները, թե որտեղից են դրանք հայտնվել Երևանի օդում։

«Արդեն երկու օր է Երևանի օդում թռչում են սերմեր, որոնցից մեկը այսօր որսացի և Բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնում ուսումնասիրեցինք:

Առաջին հերթին հետաքրքիր էր զուտ բույսերի սիստեմատիկայի առումով, թե ինչ բույսի սերմ է և գտանք, որ դրանք Հարավային եղեգի սերմեր են՝ Phragmites australis (Cav.) Trin. ex Steud. – Եղեգնատունկ, Եղեգ հարավային, Եղեգ սովորական – Тростник обыкновенный:

Երկրորդ հերթին հետաքրքիր էր, թե որտեղից և ինչու հայտնվեցին սերմերը: Դրա հիմնավոր պատճառը թողնենք օդի աղտոտման կամ նմանատիպ հարցերով զբաղվող մասնագետներին, սակայն իմ կարծիքով, ինչ որ տեղ մասսայական դարձյալ այրել են եղեգնուտներ, որը, եթե ճիշտ է, ապա անթույլատրելի է մի քանի պատճառներով՝

ափսոս է այդ կենսաբանական վառելիքը,

կարելի էր բրիկետներ պատրաստել վառարանների համար, բայց երկրի մասշտաբով  եղեգի քանակը ցավոք, քիչ է…

Մյուս անթույլատրելի պահը դա ածխածնի երկօքսիդով մթնոլորտը աղտոտելու պահն է»,- նշում է Բուսաբանական այգու աշխատակիցն ու կարևոր նկատառում բերում․ «Եվ վերջապես եկեք պատկերացնենք, թե ինչքան թռչնաբուն է այրվում, կամ ինչքան օգտակար միջատներ կամ այլ մանր կենդանիներ են այրվում, որոնք ձմեռում են եղեգների ցողուններում կամ այլ մասերում: Հիմա շատերը կասեն, թե Արցախը շրջափակման մեջ է, ինչի ետևից ենք ընկել (շատ-շատ են ասում դա քողարկելու համար մեր մեծ ու փոքր հոգսերը), բայց նախ մեկը մյուսի հետ կապ չունի, հետո, ոչ մասնագետները չեն էլ պատկերացնում, թե մեր գյուղատնտեսական սնունդը ինչքան է կապված միջատների գործունեության հետ»։

Ըստ մասնագետի ուսումնասիրության օդում պտտվող սերմերը եղեգի սերմեր են«Եթե դա եղեգնուտների այրման մասին է խոսում, ապա դա կատարելը հանցագործություն է»։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով