Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Հայ գիտնականները բացահայտել են միացություններ, որոնք կարող են նպաստել նոր հակամանրէային դեղերի ստեղծմանը

Հայ գիտնականները բացահայտել են միացություններ, որոնք կարող են նպաստել նոր հակամանրէային դեղերի ստեղծմանը
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտնականները բացահայտել են նոր միացություններ՝ ոչ սպիտակուցային ամինաթթուներ և սինթետիկ պեպտիդներ, որոնք օժտված են յուրահատուկ հակամանրէնային ակտիվությամբ և պրոտեազներ արգելակելու ունակությամբ: Դրանցից են ոչ սպիտակուցային ամինաթթու (2R,3S)-հիդրոքսիլեյցինն և սինթետիկ պեպտիդ N-ֆորմիլ-մեթիոնիլ-(2R,3S)-հիդրոքսիլեյցինը: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից տեղեկացավ, որ այս միացություններն ունակ են նաև արգելակելու սերինային պրոտեազներ՝ օրինակ տրիպսինը: Դիպեպտիդ N-t-BOC-գլիցիլ-(S)-2-ամինա-3-(4-((4-ֆտորֆենիլ)-էթինիլ)-ֆենիլ)-α-ալանինը (N-t-BOC-գլիցիլ-zm68) արգելակում է Closridium histolyticum պաթոգեն մանրէների կողմից արտազատված կոլագենազը, որը նպաստում է տեր բջիջների քայքայմանը բորբոքային գործընթացների ժամանակ: «Հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների առկայությունը և տարածումը ժամանակակից բժշկության մարտահրավերներից է, որը ստիպում է գիտնականներին փնտրել այլընտրանքային ճանապարհներ կայուն մանրէների դեմ պայքարելու համար: Ուղիներից մեկը նոր հակամանրէնային ակտիվությամբ օժտված միացությունների բացահայտումն է: Մենք հետազոտեցինք սինթետիկ ամինաթթուների և պեպտիդների ազդեցությունն արտաքին միջավայրից անջատած հակաբիոտիկների նկատմամբ կայուն Pseudomonas, Xanthomonas և այլ ցեղերի շտամների աճի վրա և բացահայտեցինք ոչ սպիտակուցային ամինաթթու HS100, որն արգելակում է կայուն մանրէների՝ Klebsiella, Streptococcus և Staphylococcus մանրէների որոշ շտամերի աճը՝ նվազեցնելով մանրէների տիտրը մոտ 5 կարգով»,- ասաց հետազոտության գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Էկոլոգիական անվտանգության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հովհաննիսյանը: Հետազոտության կիրառական նշանակությունն այն է, որ հակամանրէային ակտիվությամբ օժտված նոր միացությունները կարող են նպաստել նոր հակամանրէնային դեղերի ստեղծմանը: Հետազոտության արդյունքում ստացված գիտական արդյունքները տպագրվել են ՀՀ գիտական ամսագրերում, ներկայացվել՝ միջազգային գիտաժողովներում: Հետազոտությունը կատարվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում բազային ֆինանսավորմամբ իրականացվող «Pseudomonas և Xanthomonas ցեղերին պատկանող մանրէների հակաբիոտկների նկատմամբ կայունության հախթահարումը» ծրագրի շրջանակներում: Հետազոտական աշխատանքներում ներգրավված են երիտասարդ գիտնականներ: Ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի ուսանողները գրել են երկու ավարտական աշխատանք և երկու մագիստրոսական թեզ:

Ապրիլին տեղումների միջին քանակը կազմում է 77մմ

Ապրիլին տեղումների միջին քանակը կազմում է 77մմ
2023թ. ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն  արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ: Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ մարտի համեմատությամբ՝ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում  կազմում է +4.7°C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6° C: Ամենացուրտն ամսվա առաջին տասնօրյակն է՝ +2.7°C (բարձր լեռնային շրջաններում դեռ գրանցվում  է բացասական ջերմաստիճան): Ապրիլի կեսերին 2000 մետրից բարձր վայրերում դիտվում է օդի օրական միջին ջերմաստիճանի անցումը 0°C բարձր, որը համարվում է ձմռան ավարտ, տաք շրջաններում տեղի է ունենում օրական միջին ջերմաստիճանի անցումը 10°C բարձր: Ապրիլի առաջին տասնօրյակում բավականին մեծ են ջերմաստիճանային տարբերությունները` միջին ջերմաստիճանը Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում կազմում է +2.5…+3.0°C, Լոռիում, Տավուշում՝ +7…+8°C, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ +10…+12°C: Երկրորդ տասնօրյակում միջին ջերմաստիճանը +1.5…+2.0°C-ով բարձր է առաջին տասնօրյակի ջերմաստիճանից, սակայն լեռնային շրջաններում  դեռ հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև  -15…-20°C: Երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6.6°C: Միջին առավելագույն ջերմաստիճանը Շիրակում գրանցվում է` +17...+20°C, Լոռիում` +20...+24°C, Տավուշում` +20...+25°C, Գեղարքունքիում` +13...+17°C, Արարատյան դաշտում` +25...26°C, Սյունիքում` +23...+29°C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 2008թ ապրիլին Սյունիքի հովիտներում հասել է +35…+36°C, Արարատյան դաշտում` +33…+35°C, Տավուշում` +29…+30°C (Բագրատաշեն  32…34°C): Ապրիլի առաջին տասնօրյակում հովտային շրջաններում գրանցված բացասական ջերմաստիճանը համարվում է ցրտահարություն, որը խիստ վտանգավոր է գյուղատնտեսության համար՝ այստեղ սկսվում է պտղատու ծառերի ծաղկումը, կատարվում է գյուղատնտեսական կուլտուրաների (հացահատիկի, կարտոֆիլի և այլն) ցանքը և տնկումը: 2004թ ապրիլի 5-ի գիշերը, գրանցված նվազագույն ջերմաստիճանները ցածր էին ապրիլին երբևէ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճաններից՝ լեռնային շրջաններում գրանցվեց -16...-21°C (Մասրիկում`-23°C), Լոռիում` -11...-16°C, Տավուշում, Արարատյան դաշտում և Սյունիքի նախալեռներում` -5...-10°C, Սյունիքի հովիտներում` -2...-4°C): Ապրիլին տեղումների միջին քանակը կազմում է 77մմ, որը տարեկան տեղումների 12%-ն է: Տեղումների առավելագույն քանակը գրանցվում է լեռնային շրջաններում (Ամբերդ, Գառնհովիտ, Սեմյոնովկա)` 100մմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում, Սյունիքի հովիտներում`  60-80մմ: Համեմատաբար քիչ տեղումներ գրանցվում են Արարատյան դաշտում` 30-50մմ: Ընդ որում այդ քանակը ամսվա ընթացքում բաշխվում է գրեթե հավասարաչափ: Տեղումներով օրերի թիվը կազմում է 10-15 օր: Բարձր լեռնային շրջաններում (2000մ-ից ավելի) տեղումները դիտվում են ձյան կամ թաց ձյան տեսքով: Առատ տեղումներ են գրանցվել 1963, 1978, 1984, 2006, 2007, 2010, 2011թթ.(ամսական նորմայի կրկնապատիկ և եռապատիկ քանակը): Չորային են եղել 1943, 1950, 1970, 1983, 2008, 2012թթ: Առանձին չորային տարիների Արարատյան դաշտում գրանցվել է տեղումների ամսական նորմայի 1%: Ապրիլին, որպես կանոն, վերանում է ձնածածկույթը՝ բացառությամբ` բարձր լեռնային շրջանների: Յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում 1-2 օր հովտային շրջաններում կարող է ձյուն տեղալ: Օդի հարաբերական խոնավությունը ապրիլին բավական բարձր է՝ 60-75%, Արարատյան դաշտում՝ 55-60%: Ապրիլին ակտիվանում է ամպրոպային գործունեությունը, հազվադեպ կարող է դիտվել նաև կարկուտ: Ամպրոպով օրերի թիվը միջինը կազմում է 3-5 օր:

Տորք Անգեղ արձանի հարակից տարածքում հիմնվում է շուրջ 1 կմ զբոսայգի․ Ավինյան

Տորք Անգեղ արձանի հարակից տարածքում հիմնվում է շուրջ 1 կմ զբոսայգի․ Ավինյան
«Նոր Նորքը հավակնում է դառնալ Երևանի ամենականաչ վարչական շրջանը»,- այդ մասին տեղեկացնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ըստ նրա, Տորք Անգեղ արձանի հարակից տարածքում հիմնվում է իր ռելիեֆով և չափերով, մեր քաղաքում նմանը չունեցող զբոսայգի, որը ձգվելու է շուրջ 1կմ: «Այս հանրային տարածքում էլ կային ապօրինի շինություններ, որոնց փոխարեն կունենանք ճեմուղիներ, ծառեր և կանաչ գոտիներ, իսկ այգու տարածքում կտեղադրվեն բիոզուգարաններ»: Մեկ այլ կանաչ գոտի է ձևավորվում Լյուքսեմբուրգի փողոցի շենքերի բակում: «Ավելի քան 200 մետր երկարությամբ տարածքում կառուցելու ենք խաղահրապարակներ և այգի՝ հարակից տասնյակից ավել բազմաբնակարան շենքերի բնակիչների՝ հատկապես երեխաների համար ստեղծելով ժամանցի լավագույն վայրը»,- տեղեկացնում է փոխքաղաքապետը։ Մանրամասները՝ ներկայացված տեսանյութում

«Պետք է անենք հնարավորինը, որպեսզի վերականգնենք Սևանա լճի կենսապաշարն ու էկոհամակարգը»․ Ա․ Մեյմարյան

«Պետք է անենք հնարավորինը, որպեսզի վերականգնենք Սևանա լճի կենսապաշարն ու էկոհամակարգը»․ Ա․ Մեյմարյան
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) բաղադրիչի շրջանակներում մշակված՝ Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի ներկայացումը, ինչպես նաև մեկնարկ տրվեց Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականին հասնելու ռազմավարության մշակման գործընթացին: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ միջոցառմանը ներկա են եղել  ոլորտը կանոնակարգող գերատեսչությունների, հասարակական կառույցների, գիտահետազոտական ինստիտուտների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Մենք ունենք բավարար կամք և ցանկություն՝ դիմակայելու այդ խոչընդոտներին, և պետք է անենք հնարավորինը, որպեսզի վերականգնենք Սևանա լճի կենսապաշարն ու էկոհամակարգը»,- հանդիպմանն ասել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ու շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ անդրադարձ կատարելով ծրագրի արդյունքների կարևորությանն ու առկա մարտահրավերներին։ «ԵՄ-ՀՀ համատեղ ջանքերը կարևոր գործոն են EU4Sevan ծրագրի գործունեության հաջողության համար, քանի որևէ դերակատար կամ կազմակերպություն անհատապես չի կարող լուծել Սևանա լճի խնդիրները: Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության ուղղությամբ համակարգային մոտեցում է պահանջվում: ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» նախաձեռնությունը և Սևանա լճի վերաբերյալ տեսլականի հետ սիներգիաները կարող են ծառայել որպես հիմք՝ երկարաժամկետ և հետևողական ազգային մոտեցում որդեգրելու համար»,- իր խոսքում նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսնը։ «Սևանն այսօր բախվել է բազմաթիվ բնապահպանական խնդիրների, և էկոհամակարգի վերակագնումը հրատապ ու կարևոր է՝ հաշվի առնելով երկրի համար դրա ռազմավարական նշանակությունը։ Տեսլականի ընդունումն ու ռազմավարության մշակումը հիմք կհանդիսանան գործնական գործողությունների համար՝ հասնելու Սևանա լճի ազգային տեսլականին և ծրագրի կողմից ձեռք բերված արդյունքների կայունությանը: Թույլ տվեք նաև շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, Եվրոպական միությանը, և ԳՄԸՀ-ին ձևավորված համագործակցության համար»,-ընդգծել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և շեշտել Սևանա լճի էկոհամակարգի վերականգման կարևորության մասին։ Միջոցառման ընթացքում «Ըդվայզ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» (ADWISE Consulting) ընկերության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի մշակման ընթացքում կատարված աշխատանքն ու մի շարք փուլերով անցած մասնակցային գործընթացի արդյունքում ձևավորված արդյունքները։ Ներկայացմանը հաջորդել է պանելային ձևաչափով քննարկում, որն անդրադարձավ տեսլականի անհրաժեշտությանը և դրանից բխող օգուտներին։ Սևանա լճի 2050 թվականի ազգային տեսլականի կարևորությունն ակնառու է Սևանա լճի պահպանության և էկոհամակարգի վերականգնման տեսանկյունից՝ հաշվի առնելով լճի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար։ Տեսլականը հիմք կհանդիսանա երկարաժամկետ կտրվածքով միասնական ազգային մոտեցմամբ լճի և նրա ջրահավաք ավազանի կայուն զարգացման ապահովման նպատակային գործընթացների համար: Այնուհետև «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» (CIVITTA) ընկերության կողմից ներկայացվել է Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականին հասնելու ռազմավարության մշակման գործընթացի մեկնարկն ու առաջիկայում նախատեսվող գործողությունները: Ներկայացվել են գործողությունների շրջանակը և ժամկետները, համապատասխան մեթոդական մոտեցումները, որոնք կիրառվելու են աշխատանքների ընթացքում, ակնկալվող արդյունքները։ Ներկայացմանը հաջորդել է քննարկում շահագրգիռ կողմերի հետ: «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։ Այն «Եվրոպական միությունը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» Եվրոպական միության գործողության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:

Ծառատունկ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների

Ծառատունկ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակում «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվել է ծառատունկ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների: Խորհրդանշական ծառատունկին միացել և մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մի շարք այլ երկրների դեսպաններ, վետերաններ ու կամավորներ: Միջոցառումն անցկացվում է 3-րդ անգամ: Նախագծի շրջանակում նախատեսված 27 միլիոն ծառի փոխարեն արդեն իսկ նախկին Խորհրդային Միության տարածքում տնկվել է շուրջ 90 միլիոն ծառ:

Ի՞նչ կարելի է տեսնել Բյուրականի աստղադիտարանի ապրիլյան երկնքում

Ի՞նչ կարելի է տեսնել Բյուրականի աստղադիտարանի ապրիլյան երկնքում
Աշխարհագրական դիրքից և տարվա եղանակից կախված՝ գիշերային երկնքում դիտվող երևույթներն ու երկնային մարմինները փոփոխվում են։ Eco.am սոցիալական հարթակը, Բյուրականի աստղադիտարանից տեղեկացավ, որ ապրիլ ամսին Բյուրականի աստղադիտարանի տարածքից հնարավոր կլինի տեսնել՝ 1. Օրիոնի համաստեղությունը և Օրիոնի միգամածությունը 2. Մեծ Արջի համաստեղությունը, Միցար և Ալկոր կրկնակի աստղային համակարգը 3. Երկնակամարի ամենապայծառ աստղը' Սիրիուսը 4. Բազումք (Պլեյադներ) աստղակույտը 5. h և X Պերսեոսի կրկնակի ցրված աստղակույտը 6. Մարս մոլորակը՝ ամբողջ գիշեր, իսկ Վեներա մոլորակը մինչև 22:00-ը Լուսինը հնարավոր կլինի դիտել ապրիլի 1-7-ը և ապրիլի 23-31։ Ընդ որում՝ ապրիլի 6-ին և 7-ին կդիտվի լիալուսին։ Նշենք, որ ապրիլ ամսին դիտումները կսկսվեն ժամը 20։30-ից։

Կանխատեսվում է 21-26սմ-ով Սևանա լճի մակարդակի բարձրացում

Կանխատեսվում է 21-26սմ-ով Սևանա լճի մակարդակի բարձրացում
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ կանխատեսվում է, որ գետերում 2023 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-70%-ի սահմաններում։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ թողարկվել է «ՀՀ գետերի 2023 թվականի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում» տեղեկագիրը։ Ըստ մոնիտորինգի, հիմք ընդունելով եղանակի և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները, լճի մակերևույթից գոլորշացման մեծությունները, Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվելիք ջրի քանակը (170մլն.մ³) և ոռոգման նպատակով լճից օրենքով սահմանված ջրառը՝ 170մլն.մ³ (ընդ որում հաշվարկներում, որպես ջրառի սկիզբ ընդունվել է հունիսի երկրորդ տասնօրյակը), 2023 թվականի հուլիսի 1-ին 2023 թվականի ապրիլի 1-ի մակարդակի համեմատ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 21-26սմ-ով (1900.52-1900.57մ սահմաններում), իսկ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` լճի մակարդակը կանխատեսվում է 1900.13-1900.18մ սահմաններում, որը 2023 թվականի հունվարի 1-ի համեմատ ցածր կլինի 10-15սմ-ով: Ջրամբարներ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կողﬕց դիտարկվող 5 խոշոր ջրամբարների 2023 թվականի առավելագույն ջրալցվածությունը կանխատեսվում է. 1․ Ախուրյանի ջրամբարում՝ 65-70% (340-368 մլն.մ³), 2․ Արփիլիճ ջրամբարում՝ 65-70% (68.5-73.5 մլն.մ³), 3․Ապարանի ջրամբարում՝ 45-50% (41.0-45.5 մլն.մ³), 4․Ազատի ջրամբարում՝ 75-80% (52.5-56.0 մլն.մ³), 5․ Մարմարիկի ջրամբարում՝ 75-80% (18.0-19.2 մլն.մ³): Առավել մանրամասն՝ այստեղ

10 պատճառ օրական 1 ավոկադո ուտելու համար

10 պատճառ օրական 1 ավոկադո ուտելու համար
Սննդաբանները պնդում են որ ավոկադոն հիանալի մթերք է օրվա ցանկացած ժամին ուտելու համար: Այն իր յուրահատուկ համի պատճառով կիրառվում է նաև սոուսների, աղցանների և աղանդերների պատրաստման համար։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է ավոկադոյի օգտակար հատկությունները, որոնք հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում։ Նախ, ավոկադոն համարվում է ամենաօգտակար մրգերից մեկը։ Պտուղը հարուստ է օմեգա -3 ճարպաթթուներով, որոնք կարող են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և նվազեցնել ինսուլտների և սրտի կաթվածների ռիսկը: Բացի այդ, ավոկադոն կալիումի աղբյուր է, որը կարևոր է նյարդային համակարգի աշխատանքի և բջիջներին սննդանյութեր մատակարարելու համար: Երրորդ՝ ավոկադոն հարուստ է չհագեցած ճարպերով: Դրանք նաև նպաստում են խոլեստերինի վերացմանը և նվազեցնում թրոմբոցի ռիսկը: Ավոկադոն օգտակար է նաև քաշը նվազեցնելու համար, քանի որ մանրաթելերի բարձր պարունակության շնորհիվ երկար ժամանակ սնունդ ընդունելու ցանկություն չի առաջանում: Վերջապես, ավոկադոն պարունակում է ֆոլաթթու: Այն B խմբի վիտամին է, որն անհրաժեշտ է ուղեղի աշխատանքի և առողջ հղիության համար: Եթե օրական ուտեք մեկ ավոկադո, ապա՝  1․ Ավոկադոն կբարելավի տեսողությունը, ինչը պայմանավորված է դրանում պարունակվող անփոխարինելի կարոտինոիդներով: Այս տարրերը շատ կարևոր են և պարունակվում են հիմնականում ավոկադոյի մեջ: 2․ Այս միրգը հարուստ է կալիումով, ինչի շնորհիվ կարգավորում է զարկերակային ճնշումը: Կալիումն օրգանիզմից դուրս է բերում հավելյալ նատրիումը, ինչն էլ նպաստում է ճնշման կարգավորմանը: 3․ Ավոկադոն նաև կարգավորում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը և նվազեցնում է ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը: 4․ Այս միրգը հիանալի բաղադրիչ է նաև նիհարել ցանկացողների սննդակարգում ներառելու համար: Այն խթանում է նյութափոխանակությունը, ինչը նպաստում է քաշի նվազմանը: Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ ավոկադոյի գործածությունից հետո քաղցի զգացումը չի տանջում շուրջ 5 ժամ: 5․ Ավոկադոյի հյութահանուկը շատ առողջարար է աթրիտի դեպքում և մեղմում է օստեոպորոզի ախտանշանները: 6․ Այս մթերքը պաշտպանում է շաքարային դիաբետից, քանի որ կարգավորում է օրգանիզմում շաքարի ու ինսուլինի մակարդակները: 7. Ավոկադոն շատ օգտակար է նաև հղիների համար, քանի որ պարունակում է մոր ու պտղի առողջության համար շատ կարևոր վիտամիններ: Բացի այդ, այն ազատում է նաև ինքնազգացողության վատացումից, ինչը բավական հաճախ է նկատվում հղիների մոտ: 8. Ավոկադոն հարուստ է վիտամին K-ով, որը շատ կարևոր է ոսկորների ամրապնդման համար: Այս տարրի շնորհիվ ավոկադոն օգնում է կանխել կոտրվածքները: 9․Այս պտուղը պարունակում է նաև մեծ քանակությամբ ֆոլաթթու, որն օգնում է նվազեցնել ընկճախտի (դեպրեսիա) զագացման հավանականությունը: 10. Մեծ քանակությամբ մանրաթելերի շնորհիվ այս միրգը պաշտպանում է նաև այնպիսի քրոնիկ հիվանդություններից, ինչպիսին են գլխուղեղի կաթվածը, շաքարային դիաբետը, աղեստամոքսային հիվանդությունները, սրտի իշեմիկ հիվանդությունն ու զարկերակային գերճնշումը:

Երկրաբանները օգնում են խուսափել բնական աղետներից․ նշվեց Երկրաբանի օրը

Երկրաբանները օգնում են խուսափել բնական աղետներից․ նշվեց Երկրաբանի օրը
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և ենթակա կառույցների ղեկավարներ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում մասնակցել են երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր նիստին։ Նիստին մասնակցել են ոլորտը ներկայացնող գերատեսչությունների և գիտական կենտրոնների ներկայացուցիչներ։ Eco.am  սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ 2004 թվականից ապրիլ ամսվա առաջին կիրակին ընդունված է նշել որպես երկրաբանի մասնագիտական տոն՝ Երկրաբանի օր , ինչը խորհրդանշում է երկրաբանական արշավների և դաշտային աշխատանքների սկիզբը: «Երկրաբանությունը ոչ միայն գիտություն է, այլ նաև շրջակա միջավայրի ուսումնասիրության և զարգացման գլխավոր ու առանցքային գործիք։ Երկրաբանությունը թույլ է տալիս մեզ տեսնել Երկրի պատմությունը և գնահատել նրա երկրաբանական գործընթացները, որոնք հսկայական ազդեցություն են գործում մեր կյանքի և շրջակա միջավայրի վրա»,- շնորհավորելով երկրաբաններին և երկրաբանության ոլորտի ներկայացուցիչներին ասել է ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Ըստ նրա, երկրաբաններն աշխատում են աշխարհը դարձնել ավելի ապահով և կայուն վայր, ուսումնասիրում են ընդերքի ռեսուրսները, մշակում էներգիայի արդյունահանման և օգտագործման կայուն և արդյունավետ ուղիներ, ստեղծում տեղանքի և երկրաբանական քարտեզներ՝ օգնելով խուսափել բնական աղետներից և ստեղծել ավելի լավ միջավայր մեր կյանքի համար: «Պետք է ևս մեկ անգամ հիշենք երկրաբանի աշխատանքի կարևորության մասին և թե ինչպես է այն ազդում մեր կյանքի որակի վրա: Այսօր մենք պետք է խոսենք մեր մասնագիտության ձեռքբերումներից և ապագա մարտահրավերներից»,-նշել է Տիգրան Գաբրիելյանն ու հավելել․ «Բնության կողմից տրված ընդերքի անգնահատելի հարստությունը թույլ է տալիս լուծել սոցիալ-տնտեսական և ռեկրեացիոն բնույթի բազմաթիվ սուր խնդիրներ։ Սակայն այս համատեքստում չափազանց կարևոր է նաև այդ ձեռքբերումները հավասարակշռել բնապահպանական շահի հետ։ Այս առումով ընդերքի արդյունավետ օգտագործումը և ընդերքի օգտագործման ոլորտում կայուն քաղաքականության ապահովումը հանդիսանում է շրջակա միջավայրի ոլորտում պետական քաղաքականության սկզբունքորեն կարևոր ուղղություն։ Այդ հավասարակշռության ապահովման ճանապարհին մենք շատ անելիք ունենք՝ մասնագիտական որակների զարգացումից մինչև ժամանակակից տեխնոլոգիաների ու ընդերքի արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրում»,- իր ելույթում պնդել է ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Աշխարհում շատ թռչուններ սատկում են մաստակից․ ապրիլի 1-ին նշվեց Թռչունների պաշտպանության օրը

Աշխարհում շատ թռչուններ սատկում են մաստակից․ ապրիլի 1-ին նշվեց Թռչունների պաշտպանության օրը
Ապրիլի 1-ին նշվում է Թռչունների միջազգային օրը, որը զուգադիպում է ձմեռումից նրանց վերադարձի հետ: 1902 թվականի մարտի 19-ին ընդունվել է «գյուղատնտեսության մեջ օգտակար թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան», որն ստորագրել են տասից ավելի պետություններ: Այն ուժի մեջ մտել 1905 թվականի դեկտեմբերի 12-ին: 1950 թվականոի հեկտեմբերի 18-ին Փարիզում ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան», որը փոխարինել է նախորդ փաստաթղթին: Իսկ բուն թռչունների օրը կապում են 1894 թվականին ամերիկյան Օյլ-Սիթի փոքր քաղաքի ուսուցիչ Չարլզ Բեբկոկի կողմից կազմակերպված մանկական տոնի հետ: Շուտով Թռչունների օրը՝ որպես ժողովրդական տոն, սկսել են լայնորեն նշել երկրի բոլոր նահանգներում: Թեպետ, կոնվենցիան ստորագրվել է թռչուններին պահպանելու համար, բայց մինչ օրս, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, թռչունների բազմաթիվ տեսակներ կանգնած են անհետացման եզրին։ Թռչնաբանները նախազգուշացնում են՝ թռչունների անհետացումը կբերի էկոլոգիական աղետի, իսկ դրա հետևանքները կարող են անկանխատեսելի լինել մարդու համար: Նրանց կարծիքով՝ թռչունների ոչնչացումը անդառնալի վնաս կհասցնի կենսաբանական բազմազանությանը: Իսկ թռչունների համար լուրջ վտանգ են հանդիսանում ոչ թե որսորդները, այլ մարդկային գործունեության բավականին «խաղաղ» տեսակները` 1․ երկնաքերերը, 2․ հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար 3․ նավթի արտահոսքը ծովերում կործանում է բազմաթիվ ծովային թռչունների: 4․ աշխարհում շատ թռչուններ սատկում են մաստակից։ Թռչյունը մաստակը համարում է կեր, կտցահարելիս այն փաթաթվում է կտուցի վրա, հետևաբար չի կարողանում բացել կտուցն ու սատկում է։ Բնակչության թվի ավելացումը և բնական պաշարների հանդեպ պահանջների աճը հանգեցրել են բազմաթիվ բնադրավայրերի ավերման: Ճահիճների չորացումը և գյուղատնտեսական հողատարածքների ընդլայնումը, շինանյութեր ստանալու, կառուցապատման, հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների հիմնման նպատակով ծառահատումները, անապատային աղքատիկ հողերով արոտավայրերում ընտանի կենդանիների գերարածեցումը, ինչպես նաև մարդկանց գործունեության ու շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով առաջացած գլոբալ տաքացումը խիստ բացասական ազդեցություն են թողել թռչնաշխարհի վրա: Թռչունների որոշ տեսակներ նվազել են, գրանցվել են Կարմիր գրքերում և պաշտպանության կարիք ունեն: Սակայն, մեծ և բազմազան է թռչունների նշանակությունը՝ մարդու կյանքում և բնության մեջ: Նրանք մասնակցում են բույսերի փոշոտմանը, ոչնչացնում գյուղատնտեսական վնասատուներին: Որոշ թռչուններ, ընդհակառակը, վնասում են այգիներն ու ցանքերը, տարածում վարակիչ հիվանդություններ: