Blog
In
other , eco-dizayn , shrjaka-mijavayr
Խոլորձների ցուցահանդեսն այս տարի տեղի կունենա Երևանի բուսաբանական այգում
Posted on 24 Մարտի, 2023

Մարտի 25 և 26-ին ժամը 10։00-18։00 Երևանի բուսաբանական այգու արևադարձային և մերձարևադարձայի բույսերի ջերմոցում տեղի կունենա Խոլորձների երկրորդ հայաստանյան ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվեն էկզոտիկ խոլորձներ, որոնք կներկայացնեն հենց աճեցնողները, ում հետ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու և ուղղելու իրենց հարցերը։ Իսկ մասնակիցները կպատմեն իրենց բույսերի, սիրելի հոբբիի մասին, մանրամասնորեն կներկայացնեն իրենց հավաքածուները։ Ցուցահանդեսը անվճար է, սակայն մասնակիցները անհրաժեշտ է վճարեն Երևանի բուսաբանական այգու տոմսերի արժեքը (500 դրամ)։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանում առաջին անգամ Խոլորձների ցուցահանդեսը տեղի ունեցավ Orchid Gallery-ի ծաղկի սրահում։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Արևային տեխնոլոգիաների ոլորտում շատ հաճախորդներ ինչ-որ պահի կանգնում են «կոտրված տաշտակի» առջև․ Էկոանկյուն
Posted on 24 Մարտի, 2023

«Ամպագորգոռ խոստումներ. դրանք ծառայությունների ոլորտում հաճախ կարող են հանդիպել: Արևային տեխնոլոգիաների ոլորտին այս երևույթը ևս չի շրջանցնել և շատ հաճախորդներ ինչ-որ պահի կանգնում են «կոտրված տաշտակի» առջև: Սա նախևառաջ ընկերության անբարեխղճությունն է, ապա հաճախորդի` ինչ-որ տեղ անտարբեր մոտեցումը»,- Լրատվական Ռադիո FM106.5 -ի եթերում հեռարձակվող «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը։ Ըստ նրա, խոստումների կողքին պետք է տեսանելի լինի արված գործը, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան: Առաջիկա երեք ամսիների ընթացքում, FM106.5 հաճախականությամբ ամեն հինգշաբթի կարող եք հետևել «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարի թողարկումներին և ստանալ Ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
«Չի՛ կարելի այս ձևով իրականացնել ծառերի փոխարինման աշխատանքները»․ Ք․ Վարդանյան
Posted on 23 Մարտի, 2023

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը վերջին օրերին պարբերաբար հայտնում էր, որ մայրաքաղաքի կենսունակության ավարտին մոտ ծառերը կփոխարինվեն գեղազարդ և արժեքավոր ծառերով: Սակայն, այսօր Կասկադի տարածքում կատարված ծառահատումները հանրության դժգոհության առիթ դարձան։ «Վերջապես քաղաքում կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվում են նոր և արժեքավոր ծառատեսակներով»,-այսօր ի հակառակ հանրության դժգոհությանը Eco.am սոցիալական հարթակին ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: Բեգոյանի փոխանցմամբ, արդեն ձեռք են բերել ծառեր, որոնք կփոխարինեն հատված ծառերին․ «Կտնկվեն այն ծառատեսակները, որոնք տասնյամյակներ շարունակ Երևանում իրենց լավ են զգացել, բայց միայն մի բացառությամբ, որ ձեռք ենք բերել դրանց պարտեզային ձևերը։ Այսինքն՝ գնդաձև, բրգաձև սաղարթ ծառեր, որոնք հանդիպում են եվրոպական և շատ այլ զարգացած քաղաքներում»,- ներկայացրեց ՀՈԱԿ-ի տնօրենն ու շարունակեց․ «Մենք նոր հեծանիվ չենք հորինում, այդքան խելք ու պատասխանատվություն ունեցել ենք, որ Երևանում չկիրառենք փորձարարություններ։ Ավելին, հիմնվել ենք այն ծառատեսակների վրա, որոնք Երևանում իրենց լավ են զգում»: Բեգոյանը նաև վստահեցրեց, թե միանշանակ ապացուցված է, որ գնված ծառատեսակները Երևանի բնակլիմայական պայմաններում իրենց լավ են զգում: Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, ով դեռևս մեկ տարի առաջ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրենն էր, հենց «դեպքի վայրում» հորդորեց ՀՈԱԿ-ի աշխատակիցներին․ «Չի՛ կարելի այս ձևով իրականացնել ծառերի փոխարինման աշխատանքները։ Ծառերի նկատմամբ սխալ մոտեցում է ցուցաբերվել։ Այս ծրագիրը պետք է անցնի հանրային լսումների փուլը և քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան լսելու և կարծիք հայտնելու»,- Eco.am սոցիալական հարթակի հետ զրույցում նշեց Ք․Վարդանյանը։ Ըստ Վարդանյանի, այս տարածքի ծառերի հատման օրը հայտարարաված էր մարտի մարտի 26-ին ինչի համար օրեր առաջ պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետին, որպեսզի ամբողջական ծրագիրն իրեն տրամադրեն՝ գիտական հիմնավորումներով, հասկանալու համար, թե որտեղ ինչ ծառեր են հատվելու։ «Այսօր քաղաքացիներից ահազանգ ստացա, որ Կասկադի տարածքում հատվում են խոշոր ծառեր։ Ընկերներիս հետ իջանք Կասկադ՝ հասկանալու,թե ինչ է կատարվում։ Այո, Երևանում ծառերի փոխարինման խնդիր իսկապես կա, բայց այդ գործընթացն այս մեթոդաբանությամբ չի կարելի իրականացնել»,- ասաց Ք․ Վարդանյանն ու տեղեկացրեց, որ ընտրված ծառատեսակները ո՛չ Կասկադի համար են հարմար, ո՛չ էլ՝ Մոսկովյան փողոցի․ «Դրանք գաճաճ, փոքրիկ տեսակներ են և այս տեսակները քաղաքի համար որևէ լուրջ խնդիր չեն լուծում։ ՀՈԱԿ-ի տնօրենի հետ քայլեցինք ողջ Կասկադով, մեր բանակցությունների արդյունքում, նաև միջազգային կառույցի փորձագետի հրավիրեցինք, այդտեղ չկար գեթ մեկ ծառ, որը հատման ենթակա է, ծրագիրը չեղարկվեց։ Կասկադում ոչ մի ծառ չի հատվելու։ Մյուս մասով էլ՝ ծառատեսակների փոփոխություն տեղի կունենա։ Ծառատեսակները կփոխարինվեն Երևանում համապատասխան էկոծառայություններ ապահովող ծառատեսակներով՝ սաղարթախիտ, փոշեկլանող, կայուն արտանետումների նկատմանբ նաև դեկորատիվությամբ օժտված տեսակներով։ Ես համոզված եմ, որ ընտրված մեթոդաբանությունը մեծ բացեր ունի և հղի է բազմաթիվ խնդիրներով ազգաբնակչության առողջության համար»,-վստահեցրեց բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
7 փաստ ջրի մասին
Posted on 23 Մարտի, 2023

Ջրի համաշխարհային օրն այս տարի նշվեց Փոփոխությունների արագացումը՝ ուղղված ջրամատակարարման և սանիտարիայի ոլորտում ճգնաժամի լուծմանը կարգախոսով։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է մի քանի փաստ ջրի մասին, որը մշակել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։ Ըստ կենտրոնի, ջրի և սանիտարիայի համաշխարհային ճգնաժամի մասին դժվար է պատկերացնել: Բայց ինչպիսին կլիներ իրավիճակը, երբ այն դիտարկվեր ընդամենը 100 հոգուց բաղկացած համայնքի օրինակով։ Համայնքում. 1․ 25 մարդ ստիպված կլիներ խմելու համար անպիտան ջուր հավաքել գետերից կամ լճակից, հաճախ հեռու գտնվող, կամ ժամերով հերթում կանգնել և գնել այն վաճառողից բարձր գնով։ Նմանատիպ ջրից նրանք պարբերաբար կհիվանդանային և չէին կարող գնալ աշխատանքի կամ դպրոց: Մահը՝ լիովին կանխարգելելի հիվանդություններից, ինչպիսիք են խոլերան և որովայնային տիֆը, մշտական սպառնալիք կհանդիսանար։ 2․ 22 մարդ այլ ընտրություն չէր ունենա, քան զուգարան գնալ փողոցում, թփերում կամ դաշտում, կամ էլ օգտվել սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող կամ չաշխատող զուգարաններից։ 3․ 46 մարդ բնակվելու էր շրջաններում, որոնք ենթակա են հիվանդությունների տարածման, քանի որ հոսքաջրերը/կեղտաջրերը կվերադառնային բնական միջավայր՝ առանց մաքրման ենթարկվելու: Մնացած 54-ը, որոնք թափոնների մաքրման անվտանգ համակարգերին միացված անվտանգ զուգարաններ ունեն, հիմնականում անտեղյակ են մնալու, թե որքան կարևոր են սանիտարական ծառայությունները իրենց առողջության և բարեկեցության պահպանության համար: 4․ Համայնքի շրջակայքի ջրաճահճային հողերի մոտ կեսը, վերացած կլիներ վերջին տասնամյակների ընթացքում, բարձրացնելով հեղեղումների ռիսկը։ Բացի այդ, 22 մարդ կաշխատեր կամ բժշկական օգնություն կստանար բժշկական հաստատություններում, որոնք ապահովված չէին լինի բազային ջրամատակարարմամբ, ինչը կհանգեցներ ինֆեկցիոն հիվանդությունների ռիսկի բարձրացման։ Այս մարդկանցից շատերը կբուժվեին հիվանդություններից, որոնք կարող էին կանխվել, եթե նրանք համայնքում ունենային անվտանգ ջրամատակարարման և սանիտարական համակարգերի հասանելիություն։ 5․ Կլիմայի փոփոխության հետևանքով երաշտներն ավելի ու ավելի մեծ ազդեցություն կունենային ջրային ռեսուրսների և սննդի մատակարարման վրա։ Հեղեղումները ջրամատակարարման և սանիտարիայի օբյեկտների քանդման և ջրային ռեսուրսների աղտոտման սպառնալիք կդառնային։ Համայնքի ամենաաղքատ և խոցելի անդամները, ովքեր անհամաչափորեն ավելի մեծ աստիճանի են ենթարկվում ճգնաժամի, բախվելու են ամենամեծ դժվարություններին փորձելով իշխանությունների ուշադրությունը հրավիրել ջրամատակարարման և սանիտարական ծառայությունների որակի բարելավման հարցերին։ Հիդրոլոգիական ցիկլի խանգարումը խաթարում է առաջընթացը բոլոր հիմնական գլոբալ ուղղություններով՝ առողջապահությունից մինչև սով, գենդերային հավասարությունից մինչև աշխատատեղեր, կրթությունից մինչև արդյունաբերություն, աղետից մինչև խաղաղություն։ 6․ Համաձայն ԿԶՆ 6-ի յուրաքանչյուր մարդ պետք է հասանելիություն ունենա անվտանգ ջրամատակարարման և սանիտարական համակարգերին մինչև 2030 թվականը։ Այսօր միլիարդավոր մարդիկ և անհամար դպրոցներ, ձեռնարկություններ, առողջապահական կենտրոններ, ֆերմերային տնտեսություններ և գործարաններ բախվում են խոչընդոտների, որոնք խանգարում են իրենց զարգացմանը, քանի որ ջրի և սանիտարահիգիենիկ ծառայությունների հասանելիության մարդու իրավունքները, չիրագործված են մնում։ 7․ Ջրամատակարարման հարցը վերաբերում է բոլորին, ուստի անհրաժեշտ է, որ բոլորս միջոցներ ձեռնարկենք։ Ընտանիքները, դպրոցը և հասարակությունը կարող են ազդել իրավիճակի վրա, եթե փոխեք մոտեցումները ջրային ռեսուրսների օգտագործման, դրանց սպառման և կառավaարման նկատմամբ։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Էկոկրթական հանդիպում՝ Բնության թանգարանում
Posted on 22 Մարտի, 2023

Ջրային պաշարների համաշխարհային օրվա առթիվ այսօր Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել էկոկրթական հանդիպում։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Բնության պետական թանգարանում հանդիպել է Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 դպրոցի աշակերտների հետ՝ քննարկելու Սևանա լճի խնդիրների լուծման վերաբերյալ նրանց առաջարկությունները։ Իսկ ավելի վաղ աշակերտները Սևանա լճի հիմնախնդիրների շուրջ իրենց առաջարկներն են ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն։
«Շրջակա միջավայրում խնդիրները բազմաթիվ են ու բազմաբնույթ, բայց դրանք գրեթե բոլորը հետևանք են էկոլոգիական գիտելիքների պակասի և մշակույթի ցածր մակարդակի: Մենք չափազանց կարևորում ենք նաև, որ ձեր հետաքրքրության առանցքում է հատկապես Սևանա լիճը և դրա հիմնախնդիրները։ Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ Սևանա լճի խնդիրների պատասխանատուն ոչ միայն Գեղարքունիքի մարզի բնակիչն է, այլև՝ հենց ինքը»,- կայացած էկոկրթական հանդիպման ժամանակ ասել է Ա․ Մեյմարյանը։
Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարի տեղակալին՝ Սևանա լճի էկոհամակարգի, կենսաբազմազանության, լիճ թափվող գետերի մաքրության, կապտկանաչ ջրիմուռների, կեղտաջրերի հոսքը դեպի լիճ կանխելու և Սևանա լճի մակարդակի վերաբերյալ։
Իսկ փոխնախարարն էլ կարևորելով Սևանա լճի խնդիրների շուրջ նրանց մտահոգությունը՝ հորդորել է աշակերտներին լինել պահանջատեր և իրավագիտակից քաղաքացիներ, որոնք անտարբեր չեն իրենց երկրում խնդիրների հանդեպ։
Հաջորդիվ թանգարանի տնօրենն աշակերտներին է ներկայացրել Հայաստանում ջրային ոլորտում առկա իրավիճակը, որից հետո ցուցադրվել է ֆիլմ՝ նվիրված Սևանա լճին։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալն աշակերտներին հրավիրել է մասնակցելու առաջիկայում նախատեսված շաբաթօրյակին և ծառատունկին՝ հիշեցնելով, որ շրջակա միջավայրի առողջությունը կախված է մեզնից և յուրաքանչյուրիս ամենափոքր ջանքը որոշիչ է օր առաջ ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու համար:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
80 կգ թուղթը մեկ ծառ փրկելու միջոց է․ 10 փաստ անտառների մասին
Posted on 22 Մարտի, 2023

Ողջ աշխարհում մարտի 21-ին նշվեց որպես «Անտառների միջազգային օրը», իսկ Հայաստանում օրն ունի նաև այլ խորհուրդ՝ նշվում է որպես անտառագետի օր։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է տասը փաստ անտառների մասին։ 1․ Անտառները մեր մոլորակի թոքերն են, եթե չլինեին անտառները, Երկրի վրա կյանք չէր լինի: 2․ Առանց անտառների Երկիրը կլիներ անշունչ մի գնդակ՝ անտանելի մթնոլորտով կամ ընդհանրապես առանց դրա: Անտառների շնորհիվ է, որ գոյություն ունի բարելավված մթնոլորտ, որը պարունակում է բավականաչափ թթվածին և հենց ծառերն են մշակում մթնոլորտի ածխաթթու գազը: 3․ Անտառները մեծ դեր ունեն առողջապահության ոլորտում: Գրեթե բոլոր դեղամիջոցների ավելի քան 1/4-ը, ներառյալ հակաքաղցկեղային դեղամիջոցների 2/3-ը, արտադրվում է անտառների բույսերից: Եթե հաճախ եք քայլում անտառում, ապա սովորաբար նկատում եք, որ նյարդերը հանդարտվում են, շնչառությունը դառնում է հավասարաչափ և սրտի աշխատանքն էլ է կարգավորվում։ Անտառը ոչ միայն հագեցնում է մեր թոքերը թթվածնով, այլև բուժում և էներգիա է տալիս։ Անտառը առատաձեռնորեն օժտում է մեզ հատապտուղներով, ընկույզով, բուժիչ խոտաբույսերով և սնկով: 4․ Ցամաքային կենդանիների բոլոր տեսակների զգալի մասը ապրում է անտառներում։ 5․ Երկրի վրա անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն քառակուսի կիլոմետր կամ ցամաքի ամբողջ մակերեսի գրեթե 1/3-ը: Մոլորակի բոլոր անտառների մոտ 1/4-ը տայգան է: 6․ Անտառները գոլորշիացնում են մեծ քանակությամբ ջուր։ Սա ապահովում է խոնավության բարձրացումը ոչ միայն կանաչ տարածքների տարածքում, այլև հարակից տարածքների մոտ։ Անտառները նպաստում են տեղումների առաջացմանը: Ծառերի գոլորշիացած խոնավությունը վերադարձվում է մթնոլորտային շրջանառություն։ Սա պայմաններ է ստեղծում մայրցամաքի խորքում խոնավության փոխանցման համար: Անտառները պաշտպանում են ջրափնյա տարածքները հողաշերտի ոչնչացումից, նպաստում ստորերկրյա ջրերի սնուցմանը և հողի լավ ջրաթափանցելիությանը, որի շնորհիվ ստորերկրյա ջրերն ապահովում են ջրի բարձր մակարդակ գետերում և այլ ջրամբարներում: Անտառները նաև բարելավում են ջրի որակը: 7․ Միայն թղթի արտադրության համար տարեկան կտրվում է 125 միլիոն ծառ։ Եվ դեռ քանի՜ թղթե տոպրակներ, գովազդային բուկլետներ, նվերների փաթեթավորում, բրոշյուրներ մենք նետում ենք աղբամանը՝ չմտածելով այն մասին, որ A4 ֆորմատի ընդամենը մեկ թերթիկի արտադրության համար անհրաժեշտ է 15-20 գրամ ամենաթանկ փայտը։ Իսկ 80 կգ թուղթը մեկ ծառ փրկելու միջոց է։ Ներկայումս ամբողջ աշխարհում թուղթ պատրաստելու համար օգտագործվող փայտի մանրաթելի մոտ 55%-ը ստացվում է հումքի վերամշակումից: 8․ Աշխարհում մոտ 60 անգամ ավելի շատ ծառ կա, քան՝ մարդ: 9․ Ամեն տարի Երկիրը կորցնում է գրեթե 100 մլն ծառ։ 10․ Աշխարհում ամենատարածված լայնատերև ծառը կեչին է։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում
Posted on 21 Մարտի, 2023

«Նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել, կարելի է ասել՝ օրենքը նոր խմբագրությամբ է շարադրվել»,- Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենսդրական փաթեթը:
Նշվել է, որ նախագծի մշակումը և ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից, ինչպես նաև օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրներից և առկա կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությունից:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական էկոլոգիական գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, անդրսահմանային ազդեցության գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության, հանրության ծանուցման, հանրային լսումների իրականացման, պետական փորձաքննական եզրակացության տրամադրման, ուժը կորցնելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, փորձաքննության և նախատեսվող գործունեության իրականացման գործընթացներում նախաձեռնողների իրավունքների ու պարտականությունների հետ կապված հարաբերությունները:
Նախարարն իր ելույթում թվել է հիմնական փոփոխությունները՝ մասնավորապես նելով․ «Սկզբունքորեն վերանայվել են կարևոր նշանակություն ունեցող մի շարք հասկացություններ։ Նախատեսվող գործունեության տեսակներն՝ ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի ու ըստ բնագավառների դասակարգվել են երկու՝ Ա և Բ կատեգորիաների։ Հանվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նախնական փուլը։ Պայմանավորված նախնական փուլ չլինելու հանգամանքով՝ կրճատվել է հանրային լսումների թիվը՝ 4-ից դառնալով 2 (1-ինը՝ նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման փուլում և 2-րդը՝ փորձաքննության ընթացքում)։ Ամբողջությամբ վերանայվել են նաև հանրային լսումների ծանուցման և անցկացման մոտեցումները։ Վերանայվել են փորձաքննության ժամկետները։ Հստակեցվել է ՇՄԱԳ հաշվետվությունը լրամշակման ուղարկելու գործընթացը, ինչպես նաև սահմանվել է ՇՄԱԳ և ՌԷԳ հաշվետվություն կազմող անձանց լիցենզավորման պահանջ, սրա հետ կապված՝ փոփոխություններ են կատարվել նաև «Լիցենզավորման մասին» օրենքում»,- նշել է նախարարն ու հավելել․ «Նախագծով սահմանվել է նոր կարգավորում՝ համաձայն որի առանց դրական եզրակացության գործունեության իրականացումը ենթակա է դադարեցման՝ նախաձեռնողի կողմից նախնական վիճակի վերականգնմամբ։ Հստակեցվել են նաև փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքերը, իսկ փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած կճանաչվի, եթե գործունեության իրականացումը չսկսվի դրական եզրակացություն ստանալուց հետո 2 տարվա ընթացքում։ Օրենքով հստակ սահմանվել են նախաձեռնողների պարտականությունները ոչ միայն փորձաքննական գործընթացում, այլ նաև գործունեության իրականացման ընթացքում։ Սահմանվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննության չներկայացնելու հետ կապված պատասխանատվության բոլոր դեպքերն ու տուգանքի չափերը, որոնք անհամեմատ մեծ են գործողից»։ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է տուրքի դրույքաչափերի վերանայում։ Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում, որով օրենսգրքի դրույթները համապատասխանեցվել են նախագծի կարգավորումներին»,-Աժ ամբիոնից շեշտել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
In
other , shrjaka-mijavayr
Մարտի 21-ը՝ Անտառների միջազգային օր
Posted on 21 Մարտի, 2023

Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր»։ Կառավարության որոշմամբ Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես անտառագետի օր։ Առաջին անգամ Անտառների միջազգային օրը նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ։ Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ։ Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը վերջին հաշվառման տվյալներով կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ Անտառային կոմիտեի համակարգմամբ, տեսանյութ է պատրաստել, որով ներկայացվում է բնության մեծ մասնիկ կազմող անտառների ու դրանց անհրաժեշտության մասին։ Տեսանյութը՝ ստորև․
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Զինված հակամարտություններն ավելի են խորացնում ջրի ճգնաժամը․ ՅՈՒՆԻՍԵՖ
Posted on 20 Մարտի, 2023

ՄԱԿ-ի Ջրի համաժողովին ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում հրատապ ներդրումներ կատարել հօգուտ ջրային ոլորտի և սանիտարահիգիենիկ ծառայությունների: ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցը փաստում է, որ աֆրիկյան 10 երկրներում ապրող 190 միլիոն երեխա գտնվում է ջրի հետ կապված երեք սպառնալիքների՝ անբավարար ջրային ռեսուրսների և սանիտարահիգիենիկ պայմանների, հարակից հիվանդությունների և կլիմայական վտանգների ռիսկի տակ։
Eco.am սոցիալական հարթակը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից տեղեկացավ, որ այդ եռակի սպառնալիքն առավել սուր է Բենինում, Բուրկինա Ֆասոյում, Կամերունում, Չադում, Կոտ դ'Իվուարում, Գվինեայում, Մալիում, Նիգերում, Նիգերիայում և Սոմալիում, ինչը Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկան դարձնում է աշխարհի ամենաանապահով ջրային և կլիմայական ուժեղ ազդեցության ենթարկված տարածաշրջան: Ամենատուժած երկրներից շատերում, ի լրումն, զինված հակամարտություններն ավելի են խորացնում ճգնաժամը՝ նվազեցնելով մաքուր ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը երեխաներին:
«Աֆրիկան կանգնած է ջրային աղետի առջև: Մինչ կլիմայի և ջրի հետ կապված ցնցումները աշխարհում շատացել են, ոչ մի այլ վայրում երեխաների համար վտանգներն այդքան չեն խորացել։ Ահեղ փոթորիկները, ջրհեղեղները և պատմական երաշտներն արդեն ոչնչացնում են տները և ենթակառուցվածքները, աղտոտում են ջրային ռեսուրսները, ստեղծում սովի ճգնաժամեր և տարածում հիվանդություններ: Որքան էլ, որ շատ են ներկայում մարտահրավերները, առանց շտապ գործողությունների, ապագան կարող է շատ ավելի մռայլ լինել», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի տնօրեն Սանջայ Վիջեսեկերան Sanjay Wijesekera:
Վերլուծությունը, որն ուսումնասիրել է տնային տնտեսությունների սանիտարահիգիենիկ պայմանները, մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում դրանով պայմանավորված մահերի մասնաբաժինը, կլիմայի և շրջակա միջավայրի փոփոխության վտանգը, ցույց է տալիս, թե որտեղ են երեխաները կանգնած ամենամեծ վտանգի առջև, և որտեղ են հրատապ լուծումներ անհրաժեշտ՝ կանխելու մահվան դեպքերը:
10 թեժ կետերում երեխաների գրեթե մեկ երրորդի տանը ուղղակի ջուր չկա, իսկ երկու երրորդը չունի տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ: Երեխաների մեկ քառորդն այլ ելք չունի, քան բնական կարիքները դրսում հոգալը: Ձեռքերի հիգիենան նույնպես խնդիր է, երեխաների երեք քառորդը չի կարողանում լվանալ ձեռքերը տանը հոսող ջրի և օճառի բացակայության պատճառով:
Արդյունքում, այս երկրներին է բաժին ընկնում անբավարար հիգիենայի հետևանքով առաջացած հիվանդություններից երեխաների մահացության ամենածանր բեռը: Օրինակ՝
1․ 10 երկրներից 6-ը վերջին մեկ տարվա ընթացքում բախվել են խոլերայի բռնկման հետ:
2․Աշխարհում մինչև հինգ տարեկան ավելի քան 1000 երեխա ամեն օր մահանում է անբավարար հիգիենայի հետ կապված հիվանդություններից, ընդ որում 5-ից մոտ 2-ն ապրում են վերոնշյալ 10 երկրներում:
Այս թեժ կետերը դասվում են նաև աշխարհի 163 երկրների լավագույն 25 տոկոսի մեջ՝ կլիմայի և շրջակա միջավայրի վտանգների ազդեցության ամենաբարձր ռիսկով:
1․ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում ջերմաստիճանը համաշխարհային միջին ցուցանիշից բարձանում է 1,5 անգամ ավելի արագ:
2․ Ստորերկրյա ջրերի մակարդակը նույնպես նվազում է, ինչը որոշ համայնքներից պահանջում է երկու անգամ ավելի խորությամբ հորեր փորել, քան ընդամենը մեկ տասնամյակ առաջ:
3․Միևնույն ժամանակ, տեղումները դարձել են ավելի անկանոն և ինտենսիվ՝ հանգեցնելով ջրհեղեղների, որոնք աղտոտում են ջրի առանց այն էլ սակավ պաշարները:
Բոլոր 10 երկրները նույնպես դասակարգվում են ՏՀԶԿ-ի կողմից որպես փխրուն կամ ծայրահեղ փխրուն, քանի որ որոշ երկրներում զինված հակամարտությունները սպառնում են հակադարձել անվտանգ ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիության առաջընթացը: Օրինակ, Բուրկինա Ֆասոյում հաճախակի են դարձել ջրային ենթակառուցվածքների վրա հարձակումները, որպես համայնքները տեղահանելու մարտավարություն: 2022-ին հարձակման են ենթարկվել 58 ջրային կետեր՝ 2021-ի 21-ի և 2020-ի՝ երեքի փոխարեն: Արդյունքում, ավելի քան 830,000 մարդ, որոնց կեսից ավելին երեխաներ են, վերջին մեկ տարում զրկվել են խմելու մաքուր ջրից:
Վերլուծությունը հրապարակվում է Նյու Յորքում մարտի 22-24-ը կայանալիք ՄԱԿ-ի 2023թ-ի Ջրի համաժողովին ընդառաջ: Համաշխարհային առաջնորդները, ոլորտի կազմակերպությունները և այլ մասնակիցներ 46 տարվա մեջ առաջին անգամ կհանդիպեն՝ դիտարկելու ջրի և սանիտարահիգիենիկ պայմանները բոլորի համար հասանելիության ապահովման ուղղությամբ առաջընթացը:
Համաժողովում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոչն է լինելու.
1․ Ապահովել ջրի և սանիտարահիգիենայի ոլորտում ներդրումների հրատապ աճ, այդ թվում նաև՝ կլիմայի գլոբալ ֆինանսավորումից:
2․ Համայնքներում և սանիտարահիգիենիկ պայմանների ոլորտում բարձրացնել դիմակայունությունը կլիմայի փոփոխության նկատմամբ:
3․ Սանիտարահիգիենիկ ծառայությունների հասանելիության և քաղաքականության մեջ առաջնահերթությունը տալ առավել խոցելի համայնքներին:
4․ Ավելացնել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման արդյունավետ և հաշվետու մեխանիզմները, ուժեղացնել համակարգումը և կարողությունները:
5․ Իրականացնել ՄԱԿ-ի ԿԶՆ 6-րդ նպատակը, այն է «Ապահովել հասանելիություն և կայուն ձևով կառավարել ջուրն ու սանիտարական պայմանները բոլորի համար և ներդրումներ իրականացնել հիմնական արդյունքներ ապահովող համակարգերում:
ՄԱԿ-ի Ջրի 2023թ-ի համաժողովին Հայաստանից կմասնակցի ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացնում է ազգային նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցներում, 3-6 տարեկան երեխաների նախադպրոցական հաստատություններում և 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական հաստատությունների վիճակի ամբողջական գնահատում: Գնահատման նպատակն է բացահայտել առկա բացերը, առաջարկել սանհանգույցների մոդելային լուծումներ, ազգային չափորոշիչների և ծրագրերի արդիականացման վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև նպաստել տարբեր շահագրգիռ կողմերի միջև երկխոսության ծավալմանը: Գնահատման արդյունքները կներկայացվեն 2023 թվականի ապրիլին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետությունում 30 հազար երեխա է ապրում։ Շրջափակման պայմաններում սննդի սղության պատճառով հունվարի 9-ից մասնակի է աշխատում 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, իսկ տարբեր ժամանակահատվածներում՝ լրիվությամբ կամ մասնակիորեն դադարել էին նաև մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքները՚
In
other , shrjaka-mijavayr
Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ. Ա․ Գևորգյան
Posted on 20 Մարտի, 2023





