Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Բնության գրկում հանգստի մեկնելիս պահպանենք հակահրդեհային նորմերը՝ հրդեհներից խուսափելու համար

Բնության գրկում հանգստի մեկնելիս պահպանենք հակահրդեհային նորմերը՝ հրդեհներից խուսափելու համար
Թեպետ օրերս «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» լրագրողների հետ ունեցած հանդիպմանն բացառել էր օգոստոս ամսին հանրապետությունում սաստիկ շոգերի հանգամանքը, սակայն այսօր, կենտրոնը այլ հայտարարությամբ է հանդես եկել։ «Չնայած, որ գիտական բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ օգոստոս ամսվա համար մեր տարածաշրջանում սաստիկ շոգեր չեն սպասվում, սակայն մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով»,- նշվում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» հայտարարության մեջ։ Ըստ կենտրոնի տեղեկատվության, օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 10-13-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։ Ուստի հանգստի մեկնելիս պահպանենք հակահրդեհային բոլոր նորմերը, հատկապես, եթե սաստիկ շոգ օրերերին ձեր հանգիստը պլանավորել եք բնության գրկում։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն էլ հորդորում է պահպանել հակահրդեհային բոլոր նորմերը և հիշեցնում՝ Անտառային տարածքներում արգելվում է. 1․ Կրակ վառել 2․Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել 3․Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել 4․Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ: Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն: Հիշեցնենք, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է 1․ այրել խոզանները, 2․բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, 3․արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում: Eco.am

Ստեփանակերտում աղբահանություն չի իրականացվում, քաղաքը սանիտարական ճգնաժամի մեջ է

Ստեփանակերտում աղբահանություն չի իրականացվում, քաղաքը սանիտարական ճգնաժամի մեջ է
«Վառելիքի բացակայության պատճառով Ստեփանակերտում չի իրականացվում աղբահանություն՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի մեջ է»,-ահազանգում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանն ու հավելում, որ պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով խնդիրներ են առաջանում նաև ջրամատակարարման բաշխիչ ցանցերում: «Գրեթե իսպառ բացակայում են հիգիենայի և լվացքի համար նախատեսված պարագաները: Վառելիքի բացակայության պատճառով խոտհնձիչները նույնպես չեն աշխատում: Ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն առաքվում նաև մաշկի խնամքի (բուժման) նպատակով օգտագործվող և հակաալերգիկ դեղամիջոցները: Էլեկտրականության անջատումների պատճառով շարքից դուրս են գալիս բժշկական և կոսմետոլոգիական սարքավորումները…», - արցախյան խնդիրների մասին բարձրաձայնում է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի» ներկայացուցիչը:

Ո՞ր թվականի օգոստոսին է առավել շոգ եղանակ դիտվել Հայաստանում

Ո՞ր թվականի օգոստոսին է առավել շոգ եղանակ դիտվել Հայաստանում
Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Eco.am սոցիալական հարթակը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը` նորմայից ավել։ Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15... 16.7 °С է, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում` 25…26°С է:  Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է  41…43,7°С (43,7°С - 2011թ. Մեղրի): Միջինը 25-26 օր ցերեկային ջերմաստիճանը լինում է 30 °С-ից բարձր, նվազագույն ջերմաստիճանը չի իջնում 8…11°С-ից ցածր, մինչև ամառվա վերջը պահպանվում է շոգ և չոր եղանակը: Փոքր ինչ ցածր ջերմաստիճան է գրանցվում Տավուշում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում (միջինը` 18...21°С, առավելագույնը` 37...39°С): Հարմարավետ պայմաններ են դիտվում Լոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում (միջին ջերմաստիճանը` 15…18°С)։ Իսկ oգոստոսի երկրորդ տասնօրյակում միջին օրական ջերմաստիճանը իջնում է մինչև 15°С, որը նշանակում է  ամռան ավարտ և աշնան սկիզբ, այստեղ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 1941թ. իջել է մինչև -2…-3°С: Ամենաշոգ օգոստոսներ դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2011, 2015, 2017թթ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով: Ամենահով օգոստոսներ դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով: Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում`միջինը կազմում է 70-75%, այն բավական  ցածր է  Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում` 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է` պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ: Հանրապետության տարածքում օգոստոսին տեղումների քանակը միջինը կազմում է 34մմ, այսինքն, տարեկան տեղումների 5%: Տեղումները բաշխվում են շատ անհավասարաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում, Տավուշում` 40-60մմ, նվազագույնը` Արարատի, Արմավիրի մարզերում` 6-11մմ: Տարիների 20%-ի ընթացքում Արարատյան դաշտում և  Երևանում տեղումներ չեն դիտվել, բայց եղել են տարիներ, երբ այստեղ դրանց քանակը մի քանի անգամ գերազանցել է նորման: Տեղումներով օրերի թիվը ևս բավականին անհամաչափ է բաշխված, հանրապետության տարածքում` 7-11 օր, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց Ձորում`  1-4 օր: Ամպրոպային գործունեությունը հանրապետության հյուսիսային կեսում հաճախակի է՝ միջինը 7-10 օր, առավելագույն` 15-21օր,  մնացած շրջաններում որոշակիորեն պակասում է, միջինը 3-4 օր: Կարկուտ դիտվում է ոչ ամեն տարի, առանձին տարիներ 4-5 օր կարող է դիտվել կարկուտ:

Հանրապետությունում հրդեհների ռիսկը շարունակում է բարձր մնալ, որոշ հատվածներում ՝ 5-րդ աստիճանի․Արսեն Մկրտչյան

Հանրապետությունում հրդեհների ռիսկը շարունակում է բարձր մնալ, որոշ հատվածներում ՝ 5-րդ աստիճանի․Արսեն Մկրտչյան
«Այս օրերին քաղաքացիների մի զգալի հատվածը նախընտրում է հանգիստը կազմակերպել բնության գրկում, ինչն ուղեկցվում է խարույկով, կրակի վրա խորոված պատրաստելով։ Շատ հաճախ քաղաքացիներն անփույթ են լինում, չեն հետևում հրդեհային անվտանգության կանոններին, ինչն էլ հանգեցնում է հրդեհների առաջացմանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը տեղեկացնելով, որ քաղաքացիների շրջանում կատարում են ակտիվ իրազեկման աշխատանքներ։ Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը՝ եղանակային բարձր ջերմաստիճանով և քամու ուժգնացումով պայմանավորված, հանրապետության անտառամերձ տարածքներում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից ժամը 11:00-ից իրականացնելու է հերթապահություն՝ կանխելու հնարավոր հրդեհները։ «Փրկարար ծառայությունը չի սահմանափակվում միայն անտառածածկ հատվածներ շրջայց իրականացնելով։ Շաբաթ, կիրակի օրերին, երբ բնակչության հոսքը դեպքի զբոսաշրջային վայրեր, հանգստյան գոտիներ ավելի է ակտիվանում, Փրկարար ծառայությունն անօդաչու թռչող սարքերով իրականացնում է իրազեկման աշխատանքներ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ»,-ասաց Բագրատ Վարդազարյանը։ «Հրդեհների ռիսկը շարունակում է բարձր մնալ, քանի որ առկա են քամիներ, իսկ  քամու պայմաններում հրդեհների տարածման ռիսկը մեծանում է։ Երեք օր առաջ ունեցել ենք Վայոց ձորի Աղվանաձոր բնակավայրում, խոտածածկ տարածքում խոշոր հրդեհ։ Հրշեջ-փրկարարների օգնությամբ, ՊՆ ուղղաթիռի ներգրավմամբ միայն հնարավոր եղավ կանխել հրդեհի ներթափանցումը անտառածածկ տարածք, կարողացանք հրդեհի տարածման դեմն առնել։ Ունեցանք 65 հա խոտածածկ տարածքի այրում։ Ներկայում հրդեհի մարման փուլն է, կան թեթև ծխապատ հատվածներ»,-ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը և հավելեց, որ ավելացել են բուսածածկ տարածքների, պահեսավորված անասնակերի, աղբի, տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների դեպքերը, նվազել են բնակելի տարածքներում, շենք-շինություններում, ավտոտնակներում բռնկված հրդեհները։ Ըստ ներկայացրած վիճակագրության, Հանրապետությունում հունվար-հուլիս ամիսներին գրանցվել է հրդեհների թվի ավելացում՝ նախորդ տարվա նշված ժամանակահատվածում գրանցվել էր 2879 հրդեհի դեպք, այս տարի դեպքերի թիվն աճել է 85-ով՝ դառնալով 2964։  Հրդեհների դեպքերի կառուցվածքում զգալի աճը գրանցվել է հունվար և մարտ ամիսներին։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը գնահատում է հանրապետության տարածքում հրդեհավտանգության աստիճանը։ Այն գնահատվում է 1-5-րդ սանդղակով։ 1-ն ամենացածրն է, 5-րդն՝ ամենաբարձրը։ Օգոստոսի 4-ի դրությամբ, ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի, ամենաբարձր կարգի հրդեհավտանգության աստիճանն առկա է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում։ Փրկարար ծառայությունը հորդորում է քաղաքացիներին խարույկը վառել միայն դրա համար նախատեսված վայրերում, ծխախոտի մնացորդները չնետել դուրս, դա կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ, քանի որ խոտածածկ տարածքները դեռ չոր են։ Խորհուրդ է տրվում վառելիքով լցված շշերը, լաթի կտորները չթողնել հսկողությունից դուրս, ապակիներ չթողնել խոտածածկ տարածքներում։ Eco.am

էկոՎիլի ու Ամբեր կապիտալի համագործակցությունը կնպաստի էներգետիկ անկախությանն ու բնության պահպանմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

էկոՎիլի ու Ամբեր կապիտալի համագործակցությունը կնպաստի էներգետիկ անկախությանն ու բնության պահպանմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Eco.am սոցիալական հարթակն արդեն անդարադարձել էր, որ ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերության և Ամբեր Կապիտալ Արմենիա հիմնադրամի միջև կնքվել է ներդրումային պայմանագիր։ Ամբեր Կապիտալի ներդրումը կարևոր նշանակություն կունենա ԷկոՎիլի միջազգային գործունեության ընդլայնման, արտադրության նոր հոսքագծերի գործարկման, վերականգնվող էներգետիկայի ոլորտում նոր և հավակնոտ ծրագրերի իրականացման համար։ Մանրամասները՝ կից ռեպորտաժում

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը մատչելի կդառնա քաղաքացիների համար․Կառավարությունը հաստատեց նախագիծը

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը մատչելի կդառնա քաղաքացիների համար․Կառավարությունը հաստատեց նախագիծը
ՀՀ կառավարության նիստում գործադիրը հաստատեց Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին նախագիծը։ Ըստ նախագծի ՀՀ  քաղաքացիները կկարողանան ավելի լավ պատկերացնել ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը, որը կառավարության որոշմամբ հստակեցվում և ավելի մատչելի է դառնում: «Փոփոխությունը բխում է Ջրային օրենսգրքից, որը մենք նախորդ տարի ենք ամբողջությամբ ընդունել:  Նախագծի ընդունմամբ՝ ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը կհստակեցվի և մատչելի կլինի քաղաքացիների համար»,- նախագիծը Կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և մանրամասնեց, որ հստակեցվել է ջրօգտագործման թույլտվության  տրամադրման ժամանակ պահանջվող փաստաթղթերի ցանկը, տարանջատել են  ըստ նպատակների,  սահմանել են, թե որ մարմինների տեղեկատվության վրա հենվելով պետք է լիազոր մարմինը գնահատի հայտի դրական կամ բացասական եզրակացությունը: «Գործող կարգավորումներով որևէ նման տեղեկատվության պահանջ չունենք: Մանրամասն ներկայացվում են նաև ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման ուժը կորցրած ճանաչելու  և դադարեցման դեպքերը: Գործող կարգավորումներով սրանք որևէ կերպ տարբերակված չեն և հայտնի չէ, թե որի դեպքում ինչ փաստաթղթեր են պետք»,-շեշտեց Սիմիդյանը և կարևոր փոփոխություն համարեց ստորերկրյա ջրային ռեսուրսների դեպքում  բացի թույլտվությունից նաև անձնագրի տրամադրումը․ «Անձնագրի մեջ թույլտվության ժամկետը  չի ֆիքսվում. դա  ռիսկ ունի, որ երկարացման դեպքում  մենք հնարավորություն չենք ունենում թույլտվությունը վերանայելու, իսկ քանի որ թույլտվությունը ստորերկրյա ջրային ռեսուրսներից է, խորքային հորերից, կլիմայական փոփոխությունների պարագայում  ջրերի մասով խնդիրներ ունենք, և այս կարգավորումը մեզ կօգնի թույլտվության ժամկետի երկարաձգման պարագայում  վերանայել, թե այս պահին ջրային ռեսուրսը մեզ թույլ տալի՞ս է, որ ջրօգտագործման թույլտվությունը լինի իքս չափի ջրառ և ոչ ավելի քիչ կամ ավելի շատ»,-եզրափակեց Հակոբ Սիմիդյանը։ Eco.am

Երևանը շինարարական փոշուց պաշտպանելու համար շինհրապարակներում սարքավորումներ կտեղադրվեն

Երևանը շինարարական փոշուց պաշտպանելու համար շինհրապարակներում սարքավորումներ կտեղադրվեն
Սեպտեմբերից ուժի մեջ կմտնի շինարարական հրապարակներում լրացուցիչ սարքավորումներ տեղադրելու նորմերի վերաբերյալ ավագանու որոշումը: Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ ոլորտի խնդիրների և նոր կարգավորումների վերաբերյալ քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամների և կառուցապատող այլ ընկերությունների հետ: Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը, կարևորելով որոշման պահանջները, ընդգծել է, որ քաղաքը շինարարական փոշուց պաշտպանելու համար շենքերի և շինություններ կառուցելու ընթացքում պարտադիր կերպով շինարարությանը համապատասխան բարձրությամբ 180 գրամ/քմ խտությամբ ցանցով պետք է ծածկել կառույցը: 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար պետք է ապահովվի օդի որակը դիտարկող սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ, իսկ համայնքի կողմից՝ դրանց տվյալների ստուգաչափման հնարավորությունը: Շինանյութի տեղափոխումը, պահպանումը պետք է կազմակերպվի անթափանց թաղանթներով, պահեստավորումը՝ փակ տարածքներում կամ ծածկերով: Մայրաքաղաքի փողոցները չաղտոտելու համար մեքենաները տարածքից պետք է դուրս բերվեն միմիայն հատուկ մետաղական հարթակի վրա լվանալուց հետո: Ավագանին սահմանել է նաև շինհրապարակների կազմակերպման պահանջներն ու տեղում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ նախագծից մինչև շինթույլտվություն: Կառուցապատողները նշել են, որ պատրաստ են համագործակցել համայնքի հետ՝ քաղաքաշինության ոլորտի խնդիրները համատեղ լուծելու նպատակով:

Նշվեց Հայաստանում շրջակա միջավայրի գիտությունների դպրոցի և ԳԱԱ էկոկենտրոնի հիմնադիր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակը

Նշվեց Հայաստանում շրջակա միջավայրի գիտությունների դպրոցի և ԳԱԱ էկոկենտրոնի հիմնադիր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակը
ՀՀ ԳԱԱ նախագահության մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված միջոցառում։ Ցուցադրվեց Արմեն Սաղաթելյանի կյանքին ու գիտական գործունեությանը նվիրված «Իմ սիրտը լեռներում է․․․» ֆիլմը, որին հաջորդեց պրոֆեսոր Սաղաթելյանի ընտանիքի, գործընկերների, աշակերտների ելույթները։ «Հայաստանի համար դժվար ու մութ 90-ականներին Արմեն Սաղաթելյանը հիմնադրել է Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, որը 30 տարի անց ձեռք է բերել ազգային և միջազգային ճանաչում»,- ասաց Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ապա՝ ներկայացրեց այն մեծ ավանդն ու կարևոր փորձը, որ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը փոխանցել է իր աշակերտներին։ «Արմեն Սաղաթելյանը Հայաստանում շրջակա միջավայրի գիտությունների դպրոցի ստեղծողն էր։ Ի հիշատակ Արմեն Սաղաթելյանի՝ արդեն երրորդ տարին անցկացվում է երիտասարդական ամառային դպրոց՝ շրջակա միջավայրի գիտությունների թեմայով։ Այս տարի դպրոցն ընթանալու է «Շրջակա միջավայրի գիտություններ. շրջակա միջավայր և սնունդ» խորագրի ներքո»,-ներկայացրեց էկոկենտրոնի տնօրենը։ «Նա առաջատար գիտնական և գիտության հմուտ  կազմակերպիչ էր։ Ես տեսել եմ, թե ինչպես է Արմեն Սաղաթելյանն աշխատում Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի համար և յուրաքանչյուր աշխատակցի համար։ Այդ աշխատանքային կոլեկտիվը ընտանիքի պես էր։ Կենտրոնը գիտեինք Արմենով, Արմենին՝ կենտրոնով», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Միջոցառման ընթացքում այնուհետև տեղի ունեցավ «ՀՀ շրջակա միջավայրի խնդիրները, գիտություն, կրթություն, իրազեկում, մոնիթորինգ, որոշումների կայացում» խորագրով պլենար քննարկում, որին ներկա էին Շրջակա միջավայրի նախարարության, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչներ։

Կմշակվի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր

Կմշակվի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր
Երևանի քաղաքապետարանը ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրով կմշակի «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը» (SECAP): Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ աշխատանքների մեկնարկային հանդիպմանը մասնակցել են քաղաքային տնտեսության ոլորտները համակարգող ստորաբաժանումների, համայնքային կազմակերպութնունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ներկայացուցիչները: Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն ընդգծել է ծրագրի մշակման կարևորությունն ու հետագա իրագործումը՝ քաղաքի հետագա զարգացման համար: Հանդիպմանը ներկայացվել է գործողությունների ծրագիրը մշակելու և տեղեկատվություն տրամադրելու ճանապարհային քարտեզը:

Բնության մասին հոգ տանելը գեղեցիկ է․ Օ₂ Gardens-ի թեմատիկ ֆոտոշարքը

Բնության մասին հոգ տանելը գեղեցիկ է․ Օ₂ Gardens-ի թեմատիկ ֆոտոշարքը
Բնությանը մոտ լինելն անհրաժեշտություն է, բույսեր խնամելը՝ մեծ պատասխանատվություն։ Այն խոսում է մարդու արժեհամակարգի, բարեկրթության և հոգու գեղեցկության մասին։ Նրանք մեզ՝ թթվածին, մենք նրանց՝ սեր ու խնամք։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է բուսաբանական այգու կոնցեպտով գործող Օ₂ Gardens-ի կողմից նախաձեռնած լուսանկարների շարքը՝ իրենց ոլորտներում հաջողության հասած տղամարդկանց մասնակցությամբ, ովքեր կիսում են այս գաղափարն ու ասում՝ հոգ տանելը գեղեցիկ է։ «Ես մելոման եմ, միևնույն ժամանակ՝ բնության մեծ սիրահար։ Հրաշալի եռյակ ենք՝ ես, բնությունն ու երաժշտությունը։ Արևադարձային ռիթմերով ոգեշնչված՝ առավել շատ տարված եմ հենց արևադարձային բույսերով․ անգամ ավոկադոյի ծառ ունեմ։ Ես սիրում եմ խոսել իմ բույսերի հետ, դրանք խնամել։ Բույսերի մասին հոգ տանելիս անգամ նրանց ամենաչնչին փոփոխությունն ես զգում, իսկ բույսերը՝ քո սերը»․ ասում է դերասան Արման Խաչատրյանը։ «Բնության և հատկապես բույսերի հետ ես միշտ կապված եմ եղել, իսկ վիրավորվելուց և հաշմանդամություն ձեռք բերելուց հետո այդ կապն առավել քան ուժեղացել է։ Բույսերի հետ առանձնանալը, զրուցելը, փայփայելն ու նրանց մասին հոգ տանելն ինձ միայն դրական էներգիա են տալիս և հանգստացնում են։ Բույսերն ինձ համար սիրո, մաքրության ու պարզության խորհրդանիշ են․ դրանք ինձ խաղաղություն են պարգևում, հոգուս և բնության միջև ներդաշնակ կապն են ստեղծում։ Առանց բնության ես կյանք չունեմ»․ ասում է ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը։ «Ես ծնվել եմ գյուղում, ու հենց դա է պատճառը, որ այսքան մոտ եմ բնությանը։ Բույսին ես վերաբերվում եմ այնպես, ինչպես կվերաբերվեմ մարդուն։ Նա, ով կարող է բույսի մասին հոգ տանել, կարող է նաև հոգ տանել աշխարհի մասին, որովհետև աշխարհը կախված է մեկ հատիկ բույսից։ Ես սիրում եմ բնությունը, որովհետև բնությունն էլ ինձ է սիրում»․ ասում է  դերասան Ավետ Զոհրաբյանը։ «Ես ֆիթնես մարզիչ եմ և, բնականաբար, առողջ ապրելակերպի կողմնակից եմ: Մեր գործն է օգնել մարդկանց հոգ տանել իրենց օրգանիզմի մասին, ապրել ավելի ակտիվ և առողջ։ Բոլորս էլ գիտենք, որ բնությունը մեզ թթվածնով է ապահովում, բարելավում է նյութափոխանակությունն ու մեր մարմինն ու միտքն ավելի առողջ դարձնում։ Ես էլ, որպես առողջ ապրելակերպ վարելու կողմնակից, մարդկանց միշտ խորհուրդ եմ տալիս հնարավորինս շատ բնության գրկում լինել, գնալ քաղաքից դուրս, վայելել բնաշխարհի հիասքանչ գեղեցկությունը, բայց և հնարավորինս ուշադիր ու հոգատար լինել դրա հանդեպ»․ ասում է ֆիթնես մարզիչ Դավիթ Սարգսյանը։ «Բույսերի հանդեպ հոգատարությունն արժեհամակարգ է։ Սա առաջին քայլն է՝ երեխաներին սովորեցնելու սիրել աշխարհը, հոգ տանելու դրա մասին. չէ՞ որ բույսերը մյուս բոլոր, ավելի բարդ կերդանի օրգանիզմներից ամենաներողամիտն են»․ ասում է միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Ասատուրովը։ «Բույսեր մշակելը, խնամելը և առհասարակ դրանցով շրջապատված լինելն ինձ համար լավագույն թերապիաներից են։ Այն բանից հետո, երբ մոտ ընկերս ինձ ծանոթացրեց իր տնային բույսերին, մեծ սիրով և ոգևորությամբ ես էլ սկսեցի բույսեր աճեցնել ու խնամել։ Արդեն 10 տարի է, ինչ առօրյաս դրանցով է լցված»․ ասում է երաժշտական պրոդյուսեր՝ Հայկ (Apricota) Հարությունյանը։ «Մորս կապը բույսերի հետ ինձ մանկուց հիացրել է։ Նրա շնորհիվ է, որ պաշտում եմ բնությունը և որ անվերջ հիանում ծառերով, ծաղիկներով, բույսերով ու առհասարակ կանաչով։ Առանց բույսի կյանք չկա․ նրանց երեխայի պես սիրել ու խնամել է պետք։ Ինչպես երեխային ես ժամանակին կերակրում, ճիշտ դաստիարակում, հետը զրուցում, նույն կերպ էլ պետք է բույսերին վերաբերվես, և եթե ինչ-որ տեղ թերանաս, այն կթառամի։ Ճիշտ խնամքի ու ջերմության դեպքում էլ իր ցանկալի պտուղները կտա։ Սիրում եմ, երբ մեր տանը միշտ ծաղիկներ են լինում, և չեմ սիրում, երբ դրանք քաղում են․ ծաղիկները պիտի շնչեն։ Նույն կերպ էլ սիրում եմ հողով ծաղիկներ նվիրել, դրանցում մի տեսակ կյանք կա»․ ասում է հանրային կառավարման մասնագետ, մարքեթոլոգ Սեյրան Սողոյանը։ «Իմ աշխատանքային ոլորտն այնպիսին է, որ երբեմն ամեն ինչից կտրվել ու հանգստանալ է պետք, իսկ այդ հարցում միշտ բնությունն է օգնում։ Առհասարակ ծառերի ու ծաղիկների մեծ սիրահար եմ, շատ հաճախ գնում եմ սարեր, ձորեր, անտառներ, որտեղ խաղաղվում ու հանգստություն եմ գտնում։ Մարդն ու բնությունը փոխկապակցված են․ եթե չլինի կանաչը, չի լինի և կյանքը։ Ես սիրում եմ բոլոր տեսակի բույսերը, դրանք բոլորը յուրովի գեղեցիկ են։ Վերջերս էլ առանձնատուն եմ գնել, որտեղ ինքս տարբեր տեսակի բույսեր եմ աճեցնում»․ ասում է դիջեյ Արայիկ Հակոբյանը (DJ Kiaro)։ «Բույսերն ապահովում են մեր առողջ և գեղեցիկ միջավայրը։ Դրան ի պատասխան՝ բույսերի մասին հոգ տանելը, նրանց սեր ու ջերմություն տալը նվազագույնն է, որ կարող ենք անել։ Բնությունն ինձ ուժ, էներգիա և հանգստություն է տալիս, այդ իսկ պատճառով առաջին իսկ հնարավորության դեպքում բնության գիրկ եմ գնում, կտրվում առօրյայից ու նոր լիցքերով վերադառնում աշխատանքիս։ Արդյունքում այդ դրական էներգիան փոխանցվում է նաև իմ լսարանին»․ ասում է դիջեյ Համլետ Վանյանը (DJ Jokey)։ «Դեռ մանկուց բնության վերաբերյալ ֆիլմեր եմ դիտում։ Ես պաշտում եմ բնությունը․ բնության մեջ մոռանում ես առօրյա հոգսերի մասին, միտքդ խաղաղվում է։ Տանն ինքս աճեցնում եմ 4 թանձրատերևուկ (փողի ծառ), որոնց սիրում եմ իրենց ծառանման տեսքի համար։ Առանձնակի սիրում եմ էկզոտիկ բնությունը․ ունեցել եմ տարանտուլա սարդ, թագավորական կարիճ, իսկ բույսերից Վեներա ճանճակալ եմ աճեցրել: Քանի որ կծու համի մեծ սիրահար եմ, վերջերս Բարսելոնայից ինձ հետ բերել եմ աշխարհի ամենակծու՝ Կառոլինա Ռիփեր տեսակի պղպեղի սերմերը, որոնք խնամքով ու հոգատարությամբ տնկել եմ և անհամբեր սպասում եմ առաջին պտուղներին»․ ասում է ինֆլուենսեր, լուսանկարիչ  Հայկ Շաբանյանը։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել