Երևանը շինարարական փոշուց պաշտպանելու համար շինհրապարակներում սարքավորումներ կտեղադրվեն

https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b7%d5%ab%d5%b6%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82%d6%81-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac/

Սեպտեմբերից ուժի մեջ կմտնի շինարարական հրապարակներում լրացուցիչ սարքավորումներ տեղադրելու նորմերի վերաբերյալ ավագանու որոշումը:
Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ ոլորտի խնդիրների և նոր կարգավորումների վերաբերյալ քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամների և կառուցապատող այլ ընկերությունների հետ:
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը, կարևորելով որոշման պահանջները, ընդգծել է, որ քաղաքը շինարարական փոշուց պաշտպանելու համար շենքերի և շինություններ կառուցելու ընթացքում պարտադիր կերպով շինարարությանը համապատասխան բարձրությամբ 180 գրամ/քմ խտությամբ ցանցով պետք է ծածկել կառույցը:
4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար պետք է ապահովվի օդի որակը դիտարկող սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ, իսկ համայնքի կողմից՝ դրանց տվյալների ստուգաչափման հնարավորությունը:
Շինանյութի տեղափոխումը, պահպանումը պետք է կազմակերպվի անթափանց թաղանթներով, պահեստավորումը՝ փակ տարածքներում կամ ծածկերով:
Մայրաքաղաքի փողոցները չաղտոտելու համար մեքենաները տարածքից պետք է դուրս բերվեն միմիայն հատուկ մետաղական հարթակի վրա լվանալուց հետո:
Ավագանին սահմանել է նաև շինհրապարակների կազմակերպման պահանջներն ու տեղում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ նախագծից մինչև շինթույլտվություն:
Կառուցապատողները նշել են, որ պատրաստ են համագործակցել համայնքի հետ՝ քաղաքաշինության ոլորտի խնդիրները համատեղ լուծելու նպատակով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։