Blog
In
other , eco-kosmetika
Դեմքի և վարսերի խնամքը ձմռանը
Posted on 16 Դեկտեմբերի, 2020

Կարծո՞ւմ եք՝ մաշկի գլխավոր թշնամին սառնամանիքն է… Սխալվում եք: Ձմռանը մեր մաշկը և մազերը տուժում են ցրտից, քամուց, եղանակի տատանումներից և ջեռուցման արդյունքում փակ տարածքներում օդի չորությունից: Դե ի՞նչ, բավարար պատճառներ են, այնպես չէ՞, որ սկսենք հատուկ խնամք եւ ժամանակ տրամադրել մեր վարսերին ու հատկապես դեմքի մաշկին:
Ընտրելով շամպուն և դեմքի խնամքի միջոցներ, դուք պետք է հաշվի առնեք, որ ձմռանը ձեր դեմքի մաշկը կարող է փոխվել՝ չորանալ, թեփոտել, այս իսկ պատճառով խնամքի պարագաները ևս պետք է տարբեր լինեն: Ձմռանն ամենից շատը տուժում է դեմքի մաշկը՝ կորցնելով խոնավությունը, ինչի արդյունքում դրա պաշտպանիչ գործառույթների արդյունավետությունն ընկնում է: Տաք վայրից ցուրտ տարածության մեջ հայտնվելով՝ մաշկը ջերմային շոկ է ապրում՝ անոթները սեղմվում են, խախտվում է սնուցումը, մաշկը դառնում է չոր, կարմրում է և նոր կնճիռներ են ի հայտ գալիս: Մաշկի սնուցումը ձմռան խնամքի գլխավոր պրոցեդուրաներից պետք է լինի: Չոր մաշկի համար իդեալական են խոնավեցնող քսուկները, որոնք պետք է օգտագործել տանից դուրս գալուց ամենաքիչը 2 ժամ առաջ: Հիշեք, որ շատ տաք ջրից մաշկը թոշնում է, իսկ սառը ջուրը մրսածության աղբյուր է: Ամենաարդյունավետը դեմքը գոլ ջրով լվանալն է: Մաշկի թեփոտման դեմ շատ լավ միջոց է տնային պիլինգը, որը կարող եք իրականացնել սքրաբների միջոցով: Ձմռանը տուժում են նաև շրթունքները: Շուրթերի ճաքերից խուսափելու համար սովորական բալզամ օգտագործեք: Ձմռանը պակաս չեն տուժում նաև մազերը: Ցածր ջերմաստիճանի արդյունքում արյունատար անոթների աշխատանքը խաթարվում է, և գլխում արյան շրջանառությունը դանդաղում է: Իսկ գլխարկները չեն թողոնւմ, որ գլխի մաշկը շնչի, արդյունքում՝ մազերի արմատները դառնում են յուղոտ, իսկ ծայրերը՝ չոր, և հետագայում սկսում են թափվել: Այդ իսկ պատճառով կարևոր է ձմռանն օգտագործել հատուկ վերականգնող շամպուններ, դիմակներ, բալզամներ, որոնք պարունակում են բնական պրոտեիններ:
In
other , eco-dexatun
Ինչպե՞ս կփոխվի առողջապահությունը մինչև 2030 թ-ը: 5 տեխնոթրենդ
Posted on 15 Դեկտեմբերի, 2020

Պատահել է չէ, որ ժամանակին կարդանք գիտության աշխարհում նախատեսվող փոփոխությունների, զարգացումների մասին և դրանք ֆանտաստիկայի ժանրից թվան: Սակայն անցել են տարիներ և հայտնաբերել ենք, որ ժամանակի երազանքներն այսօրվա մեր իրականությունն են: Ձեզ ենք ներկայացնում առողջապահության ոլորտում կանխատեսվող փոփոխությունները, որոնք ըստ գիտնականների կյանքի կկոչվեն մինչև 2030 թ.-ը: 1.Ինքնախտորոշում Բջջային հատուկ հավելվածները, գործիքները և մարմնի վրա կրելու հատուկ սարքերը հնարավորություն կտան մարդուն ինքնուրույն տեսնել ախտորոշման արդյունքները, հետևել սեփական առողջությանը և նույնիսկ ինքնուրույն բժշկական լուսանկարներ անել: Ստացվում է՝ պացիենտները հնարավորություն կունենան տնային պայմաններում ինքնուրույն իրականացնել հիվանդությունների լայն շրջանակի սկզբնական ախտորոշում՝ առանց հիվանդանոց այցելելու: 2.Ավտոմատացված համակարգերով հիվանդանոցներ Հիվանդանոցների ընդունարաններում կօգտագործվեն տեխնոլոգիաներ, որոնք հատուկ սենսորների օգնությամբ կգնահատեն սրտամկանի կծկումների հաճախականությունը, մարմնի ջերմաստիճանը, շնչառության հաճախականությունը: Կլինեն նաև տեխնոլոգիաներ, որոնք 10 վայրկյանի ընթացքում՝ պացիենտի մուտք գործելուն պես, կչափեն արյան զարկերակային ճնշումը, կկատարեն էլեկտրասրտագրություն: Այս համակարգերի շնորհիվ հնարավոր կլինի ավտոմատ կերպով որոշել հերթում սպասող հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու առաջնայնությունը, ինչը շատ կարևոր է: 3.Բուժաշխատողների ազատ ժամանակի կրկնապատկում Բժիշկները և բուժշքույրերը, որոնք ստիպված են իրենց ժամանակի զգալի մասը տրամադրել ադմինիստրացիոն հարցերին, կկարողանան բջջային հեռախոսներով արագ վերլուծել բժշկական ախտորոշիչ պատկերները և հիվանդությունների պատմությունը: Արդյունքում կառաջանա ազատ ժամանակ, որոնք նրանք կկարողանան օգտագործել պացիենտների խնամքի համար: 4.Թվայնացված տվյալների պահոց Պացիենտների թվային քարտերը կներդրվեն հատուկ համակարգչային սարքի մեջ, ինչը հնարավորություն կտա նաև ավտոմատ կերպով թարմացնել հիվանդի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը և բուժման պլանը: Արդյունքում, բուժանձնակազմը կկարողանա իրական ժամանակում առավել օպերատիվ և ամբողջական տվյալներ ստանալ և արդյունավետ որոշումներ ընդունել: 5.Արհեստական ինտելեկտի օգտագործում Արհեստական ինտելեկտն ապագայում առավել մեծ դերակատարություն կունենա հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցում: Ենթադրվում է, որ մարդիկ կսկսեն ավելի շատ վստահել նորագույն տեխնոլոգիաներին: Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Խյու Մոնտգոմերը իր զեկույցներից մեկում (Hugh Montgomery) պատմում է բժշկության մեջ արհեստական ինտելեկտի դերի մեծացման ֆանտաստիկ հնարավորությունների մասին. Սռաջիկա 10 տարում հնարավոր կլինի արյան մեկ կաթիլում հայտնաբերել շուրջ 50.000 տարբեր տեսակի սպիտակուցներ: Ախտորոշում տալը կդառնա շստ ավելի արագ և ամենակարևորը՝ ավտոմատ: Դա բժշկության մեջ հեղաշրջումային կլինի: Այս պահին մենք այդպիսի հնարավորություն չունենք: Աշխարհում հայտնի ֆուտուրոլոգ Մանիշ Ջունեջան (Maneesh Juneja), որը զբաղվում է նաև բժշկության թվայնացման կանխատեսումներով, իր զեկույցում գրում է. Պատկերացնենք, որ 10 տարի հետո մարդու մոտ ախտորոշվում է դիաբետ կամ բարձր զարկերակային ճնշում: Հիվանդն այլևս կարիք չի ունենա բուժման պլանում ճշգրտումներ կատարելու համար շատ հաճախ այցելել բժշկի և հնարավորություն կունենա ինքնուրույն վերահսկել դեղամիջոցների ընդունումը: Համակարգերը հիվանդին թույլ կտան իրական ժամանակում հեռավար և ինքնուրույն վերլուծել իր առողջական վիճակը, հայտնաբերել ռեժիմից կամ բուժման պլանից շեղումները և կուղարկեն տվյալները սմարթ-ժամացույցների, ակնոցների վիրտուալ տիրույթ: Աղբյուրը՝ "Science" գիտական հանդես, 2019 թ.
In
other , shrjaka-mijavayr
Անապատացում. Աշոտ Վարդևանյան
Posted on 15 Դեկտեմբերի, 2020

Անապատացման դեմ պայքարը հանդիսանում է գլոբալ էկոլոգիական խնդիր Երկիր մոլորակի համար: Ավելի քան 6.1 միլիարդ հա, Երկրագնդի ցամաքային տարածքների մոտ 40%-ը, հանդիսանում են <<չորային>> հողեր: Դրանցից մոտ 900 միլիոն հա կազմում են հիպեր արիդ անապատներ, կամ գերչորային հողեր: Մնացածը՝ 5.2 միլիարդ հա հանդիսանում են չոր (50մմ), կիսաչոր (200մմ) և չոր սուբհումիդ (400մմ) հողեր, որոնց մի մասը դարձել է անապատ՝ մարդու գործունեության հետևանքով: Այդ հողերի վրա ապրում է երկրագնդի բնակչության ավելի քան մեկ հինգերորդը: 1992թ. Ռիո-դե-Ժանեյրոյում կայացավ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման գագաթաժողովը, որտեղ միջազգային հանրությունը եկավ ընդհանուր եզրակացության, որ անհրաժեշտ է ընդունել ևս մեկ կոնվենցիա կապված հողերի պահպանության հետ: 1993թ. Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, մասնակցել է <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի մշակման միջկառավարական կոմիտեի աշխատանքներին: 1994թ. հունիսի 17-ին <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի մշակման միջկառավարական կոմիտեն համաձայնեցրեց Կոնվենցիայի տեքստը: Հետագայում հունիսի 17-ը Միավորված Ազգերի կազմակերպության կողմից հռչակվեց որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր: Այն նպատակ է հետապնդում բարձրացնելու իրազեկությունը անապատացման և երաշտի սպառնալիքների նկատմամբ: Լրիվ անվանումն է՝ <<Միավորված Ազգերի Կազմակերպության <<Անապատացման դեմ պայքարի կոնվենցիա այն երկրներում, որոնք ենթարկվում են լուրջ երաշտի և/կամ անապատացման, հատկապես Աֆրիկայում>> (UN CCD): 1994թ. հոկտեմբերի 14-ից 15-ը Փարիզում տեղի ունեցավ ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի ստորագրումը մի շարք երկրների, այդ թվում նաև Հայաստանի կողմից: Կոնվենցիան վավերացվեց Ազգային Ժողովի կողմից 1997թ. հուլիսի 6-ին: 02.03.1998թ. ՀՀ կառավարության <<ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարում ապահովելու մասին>> N124 որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը ճանաչվել է որպես պատասխանատու կատարող: ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիան հանդիսանում է լուրջ նվաճում միջազգային հանրության կողմից: Այն իրենից ներկայացնում է նորարական փաստաթուղթ, որը շրջակա միջավայրի պահպանության միջազգային իրավունքում նոր ձեռքբերում է և միակն է, որ ուշադրությունն ուղղված է հողերի դեգրադացիայի հարցերին: Ըստ ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի տեքստի <<անապատացում>> նշանակում է հողերի դեգրադացիա տարբեր գործոնների ներքո, ներառյալ կլիմայի փոփոխությունը և մարդու գործունեությունը չոր, կիսաչոր և չոր սուբհումիդ շրջաններում: Իսկ <<հողերի դեգրադացիա>>՝ նշանակում է հողերի կենսաբանական և տնտեսական արտադրողականության նվազեցում կամ կորուստ: Կոնվենցիայի գլոբալ նպատակն է (բոլոր մակարդակներում արդյունավետ միջոցների ընդունման ճանապարհով) անապատացման դեմ պայքարը և երաշտի հետևանքների մեղմացումը: Այդ նպատակին հասնելու համար վնասվող շրջաններում անհրաժեշտ է երկարաժամկետ համալիր ռազմավարություն` միաժամանակ ուղղված հողի արտադրողականության բարձրացմանը, հողային և ջրային ռեսուրսների վերականգնմանը, պահպանությանը և կայուն օգտագործմանը հատկապես համայնքների կենսամակարդակի բարձրացման նպատակով: Կոնվենցիայի նպատակն է հասնել. ա/ կայուն զարգացմանը բ/ չքավորության վերացմանը գ/ երաշտի հետևանքների մեղմացմանը դ/ միջազգային համագործակցության ամրապնդմանը զ/ միջկառավարական կազմակերպությունների հետ համագործակցությանը է/ ֆինանսական մեխանիզմների և համաձայնագրերի օգտագործմանը թ/ գերակայությունների հաստատմանը ժ/ անապատացման հիմքում ընկած պատճառների վերացմանը ժա/ տեղական բնակչության իրազեկության ապահովմանը ժբ/օրենսդրության ուժեղացման միջոցով` բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Հայաստանը պայմանավորված լինելով իր աշխարհակլիմայական պայմաններով և դրան գումարած տնտեսության անցումային փուլում գտնվելը անապատացման տեսանկյունից հանդիսանում է առանձնապես խոցելի երկիր: Այն բնորոշվում է հողային ռեսուրսների դեգրադացմամբ, կենսաբազմազանության ու կենսապաշարների աղքատացմամբ և որպես հետևանք բնակչության սոցիալական վիճակի վատթարացմամբ: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ Անդրկովկասը հիշատակված է Կոնվենցիայի տեքստում, որպես անապատացման երևույթներով վնասվող տարածք: Հանրապետության համար անապատացման դեմ պայքարը դարձել է ռազմավարական նշանակության հիմնախնդիր, իսկ անապատացման հետևանքների մեղմացումը և կանխարգելումը երկրի կայուն զարգացման երաշխիքներից մեկն է: Կոնվենցիայով ՀՀ ստանձնած հիմնական պարտավորություններն են. 1. մշակել ռազմավարություններ ուղղված անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների մեղմացմանը (Հոդված 5), 2. մշակել և իրականացնել գործողությունների ազգային ծրագրեր (Հոդված 9) (այսուհետ ԳԱԾ): ԳԱԾ-ը՝ հանդիսանում է Կոնվենցիայի <<հիմքերից>> մեկը, 3. զեկույցներ (ազգային զեկույց/տեղեկատվության) ներկայացնել երկրում Կոնվենցիայի իրականացման ուղղությամբ (կատարված քայլերի մասին), որի ձևաչափը և ներկայացման ժամկետն որոշում է Կոնվենցիայի Կողմերի Կոնֆերանսը (Հոդված 26), 4. Կոնվենցիայի հիմնական բյուջե փոխանցել տարեկան անդամավճար (յուրաքանչյուր երկրի համար հաշվարկվում է առանձին): Գործողությունների ազգային ծրագրեր. • 28.03.2002թ. ՀՀ կառավարության N13 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել <<Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը>>: • 27.05.2015թ. ՀՀ կառավարության N 23 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել <<Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը>>: 27.05.2015թ. մշակված գործողությունների ազգային ծրագրի հիմք է հանդիսացել ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի Կողմ երկրների 2007թ. 8-րդ Կոնֆերանսում ընդունված անապատացման դեմ պայքարի 10-ամյա ռազմավարական ծրագիրը (2008-20018թթ): 2015թ. գործողությունների ազգային ծրագրի հիմնական գերակայություններն են. ա. անապատացման հիմնախնդիրներին առնչվող օրենսդրության կատարելագործում. բ. հողերի կառավարման արդյունավետության բարձրացում. գ. անապատացման հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացում. դ. համատեղ գործողություններ Ռիո-յի Կոնվենցիաների շրջանակներում և միջազգային համագործակցություն: Գործողությունների ազգային ծրագրի համաձայն Հայաստանում անապատացման ենթարկվող հողերը կազմում են մոտ 43 %: Հողերի դեգրադացիան Հայաստանում կազմում է մոտ 80%: Ազգային զեկույցներ. 2000թ., 2002թ., 2006թ., 2010թ. 2012թ. 2014թ. և 2018թ. Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիայի քարտուղարություն է ներկայացրել <<Հայաստանում ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի իրականացման մասին>> ազգային զեկույց (ըստ ձևաչափի և ժամկետի): 2007թ. Մադրիդում (Իսպանիա) Կողմերի կոնֆերանսի կողմից ընդունվեց անապատացման դեմ պայքարի <<10-ամյա ռազմավարությունը և Կոնվենցիայի իրականացման ուժեղացման 2008-2018թթ. համար գործունեության շրջանակները (10-ամյա ռազմավարություն>>)>> 3/COP.8 որոշում. 2009թ. ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի քարտուղարության և այլ մարմինների կողմից մշակվեց Կոնվենցիայի իրականացման <<Արդյունավետության ակնարկի և իրականացման գնահատման համակարգ>> (PRAIS): 2010թ. սկսած զեկույցները ներկայացվում են PRAIS պորտալի միջոցով: 2010թ. և 2012թ. այն կոչվել է PRAIS 1, իսկ 2014թ.՝ PRAIS 2: 2017թ. Օրդոսում (Չինաստան) Կողմերի կոնֆերանսի կողմից ընդունվեց ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի շրջանակային ռազմավարությունը 2018-2030 թթ. համար: Նոր ռազմավարության 5 ռազմավարական նպատակներն են. 1.Բարելավել խախտված էկոհամակարգերի վիճակը, պայքարել անապատացման/հողերի դեգրադացիայի դեմ, նպաստել հողային ռեսուրսների կայուն կառավարմանը և հասնել հողերի դեգրադացման չեզոք վիճակին: 2. Բարելավել դեգրադացված տարածքների (ազդեցությանը ենթարկված) բնակչության կյանքի պայմանները: 3. Նվազեցնել երաշտի հետևանքները, հարմարվել դրանց և ազդել այդ հետևանքների վրա՝ բարձրացնելով բնակչության խոցելի խմբերի և էկոհամակարգերի կայունությունը: 4. Կոնվենցիայի իրականացման արդյունավետության հաշվին համաշխարհային մակարդակով ապահովել էկոլոգիական օգուտները: 5. Մոբիլիզացնել հիմնական և լրացուցիչ ֆինանսական և այլ ռեսուրսները Կոնվենցիայի իրականացման համար՝ ստեղծելով արդյունավետ գործընկերային հարաբերություններ համաշխարհային և ազգային մակարդակներում: PRAIS 3-ը մշակվեց 2018թ., որտեղ ներկայացվող տեղեկատվության հիմքում ընկած են նշված 5 ռազմավարական նպատակները: 2018թ. մշակվեց և սահմանված կարգով ներկայացվեց <<Հայաստանում <<ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի իրականացման մասին 7-րդ ազգային զեկույց>>-ը (տեղադրված է https://prais.unccd.int/unccd/reports կայքում): 7-րդ ազգային զեկույցում ներկայացված է, որ ըստ ազգային տվյալների՝ դեգրադացված հողերի մասնաբաժինը ցամաքի ընդհանուր տարածքի նկատմամբ (առանց ներքին ջրամբարների) 2006-2015թթ. համար կազմում է 1.67% (կամ ամբողջ հանրապետությունում 472,5 կմ2): Իսկ գլոբալ տվյալների համաձայն՝ դեգրադացված հողերի մասնաբաժինը ցամաքի ընդհանուր տարածքի նկատմամբ (առանց ներքին ջրամբարների) 2000-2015թթ. կազմում է 2.67%։ Հայաստանի բոլոր բնական գոտիներում նկատվում է հողի բերրիության նվազում և էրոզիոն գործընթացների ակտիվացում։ Սա բացատրվում է մարդածին և բնածին գործոնների ազդեցությամբ: Հատկապես խոցելի են կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային և անտառային գոտիները, որտեղ մարդածին գործոնի ազդեցությունը բնածին գործոնի հետ համատեղ մեծացնում է հողերի էրոզիայի աստիճանը: Հողերի չեզոք դեգրադացիայի ընդհանուր ազգային նպատակին հասնելու համար առաջարկվել են հետևյալ հիմնական խնդիրները և դրանց լուծման ուղիները. 1. Ներկայումս բոլոր գյուղատնտեսական հողերի շուրջ 2/3-ը դեգրադացված է տարբեր աստիճանի։ Պետք է դադարեցնել/կանխարգելել գյուղատնտեսական հողերի դեգրադացիան և անցնել ագրոէկոլոգիայի սկզբունքներին (կոնսերվացիա + ժամանակակից <<օրգանական>> տեխնոլոգիա)։ 2. Անտառապատել բոլոր դեգրադացված հողերի շուրջ 2/3-ը: <<Հայաստանի անտառային ծրագրի>> համաձայն, նախատեսվում է մինչև հարյուրամյակի վերջ անտառային տարածքներն ավելացնել մինչև երկրի ընդհանուր տարածքի 20,1%: 3. Կանխարգելել անտառների կրճատման գործընթացները և բարելավել անտառային տնտեսության կառավարումը հանրապետության ողջ տարածքում: 4. Կանխարգելել գերարածեցումը արոտավայրերում, բարելավել արոտավայրերի կառավարումը հանրապետության ողջ տարածքում։ Կայուն զարգացում 2015թ. սեպտեմբերին (25-27) ՄԱԿ-ի գագաթաժողովին ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունեցին կայուն զարգացման Օրակարգը, որի հիմքում ընկած են կայուն զարգացման նպատակները, ինչն էլ նախատեսված է իրականացնել մինչև 2030 թվականը: Կայուն զարգացման նպատակներն են՝ 17-ը, իսկ թիրախները՝ 169-ը: Նպատակ 15՝ ցամաքային էկոհամակարգերի պահպանություն, վերականգնում և կայուն օգտագործման խթանում, անտառների կայուն կառավարում, պայքար անապատացման դեմ, հողերի դեգրադացիայի գործընթացի դադարեցում ու հետ շրջում և կենսաբազմազանության կորստի դադարեցում: Թիրախ 15.3՝ մինչև 2030 թվականը անապատացման դեմ պայքար և դեգրադացված հողերի վերականգնում՝ ձգտելով աշխարհում հասնելու հողերի չեզոք դեգրադացիայի: Ըստ ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 3/COP.12 որոշման <<Հողերի չեզոք դեգրադացիան վիճակ է, երբ հողային ռեսուրսների որակը և քանակը, ինչը անհրաժեշտ է էկոհամակարգային ֆունկցիաների և ծառայությունների ապահովմանը և պարենային անվտանգության բարձրացմանը, մնում է կայուն կամ աճում ըստ սահմանված ժամանակային և տարածական մասշտաբների և էկոհամակարգերի>>: Տարիներ շարունակ հողերն անտեսվել են որպես կայուն զարգացման բաղադրիչ: 2015թ. կայուն զարգացման նպատակների մեջ թերևս չկա ավելի բազմակողմանի նպատակ՝ քան հողերը, քանի որ հողային ռեսուրսներն առնչվում են յուրաքանչյուրի հետ: Սկսած սննդից, որը մենք ուտում ենք, հագուստից՝ ինչը մենք հագնում ենք, վերջացրած տներով, որտեղ մենք ապրում ենք՝ այդ ամենը բխում է հողային ռեսուրսներից: Ծրագրեր 1. 2015թ. ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվել է <<Դեպի հողերի չեզոք դեգրադացիայի հասնելը. գաղափարը Հայաստանում գործնականում կիրառելի դարձնելու մասին>> պիլոտային ծրագիրը: Ծրագրին մասնակցեցին աշխարհի 14 երկրներ (Ալժիր, Հայաստան, Բելառուս, Բուտան, Չադ, Չիլի, Կոստա-Ռիկա, Էֆիյոպիա, Գռենադա, Ինդոնեզիա, Իտալիա, Նամիբիա, Սենեգալ, Թուրքիա): Արդյունքում հնարավոր եղավ գնահատել հողերի չեզոք դեգրադացիայի հասնելու հնարավորությունը Հայաստանում, մասնավորապես ազգային կամավոր թիրախների որոշման համար: Բացի այդ ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 22/COP.11 որոշման համապատասխան իրականացվեց առաջընթացի ցուցանիշների չափման թեստավորում և տվյալների ձեռքբերման հնարավոր աղբյուրների որոշումը: Առաջընթացի ցուցանիշներն են. • <<ցամաքային տարածքի ծածկույթի փոփոխման միտումները>>, • <<հողերի արտադրողականության (բերրիության) կամ հողօգտագործման փոփոխման միտումները>>, • հողում և հողի վրա <<ածխածնի քանակի փոփոխման միտումները>>: Արդյունքները զեկուցվեցին ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի կողմերի 12-րդ նստաշրջանին (2015թ.) և որոշվեց ընդլայնել պիլոտային ծրագրի իրականացումը նաև այլ երկրներում (2016թ.): Ներկայումս ներրգրավվել են մոտ 110 երկիր: 2. ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի քարտուղարության աջակցությամբ և Կորեայի Հանրապետության ֆինանսավորմամբ 2018 թվականի օգոստոսին Հայաստանում մեկնարկել է <<Արարատյան հարթավայրի հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում>> պիլոտային ծրագիրը, որը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ: Ծրագիրը իրականացվում է Արարատի մարզի Նարեկ համայնքում: Ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ կաթիլային ոռոգում, բիոհումուսի կիրառում և դաշտապաշտպան անտառաշերտի հիմնում: Ծրագիրն իրականացվելու է 2018-2020թթ: Համայնքը նույնպես մասնակցում է նախագծի ֆինանսավորմանը։ 3. <<Հանրապետության հատուկ պահպանվող բնական տարածքներին հարող էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության ունակության բարձրացում>>, ծրագրով նախատեսվում է բնակչության կենսամակարդակի բարձրացման հաշվին նպաստել էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցության նվազեցմանը, ինչպես նաև նվազեցնել մարդածին ճնշումը բնության հատուկ պահպանվող տարածքների վրա: Ծրագիրը կիրականացվի 2019-2022 թվականներին, արժեքը կազմում է 2 506 000 ԱՄՆ դոլար: Փորձնական տարածքներն են 1) <<Դիլիջան>> ազգային պարկին հարակից համայնքները և 2) <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցին հարակից համայնքները: Դոնոր, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ադապտացիոն ֆոնդ, որի հետ նախագիծը արդեն համաձայնեցված է: 4.<<Արթիկ քաղաքի մոտակայքում գտնվող փակված քարհանքերի թափոնների և հեղեղումների կառավարում>>, որով նախատեսվում է վերականգնել փակված քարհանքի դեգրադացված լանդշաֆտները և կանխել Արթիկ քաղաքի հարակից տարածքների հեղեղումները: Նախագիծը կիրականացվի 2019-2022 թվականներին, որի արժեքը կկազմի 1 435 000 ԱՄՆ դոլար: Դոնոր, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ադապտացիոն ֆոնդ, որի հետ նախագիծը արդեն համաձայնեցված է: Օրենսդրություն 2018 թվականի հունիսի 13-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչը նախատեսված էր 2015թ. մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության N 23 արձանագրային որոշմամբ: Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքով սահմանվել է ցամաքային տարածքի ծածկույթի հասկացությունը՝ դա երկրի մակերևույթի դիտարկելի կենսաֆիզիկական ծածկույթն է: Ցամաքային տարածքի ծածկույթը բաժանվել է 6 դասի. 1) մշակովի հողեր, 2) մարգագետիններ, 3) ծառածածկ տարածքներ, 4) թփուտապատ տարածքներ, 5) ջրածածկ տարածքներ, 6) բուսականությունից զուրկ տարածքներ: Օրենքով սահմանված է, որ ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Համաձայն ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 22/COP.11 որոշման <<ցամաքային տարածքի ծածկույթի փոփոխման միտումները>> հանդիսանում է առաջընթացի առաջնային ցուցանիշ: 2019թ. ապրիլի 11-ին Կառավարության կողմից հաստատվեց <<Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության որոշմումը: Որոշմամբ նախատեսվում է համայնքի մակարդակով ունենալ ցամաքային տարածքի ծածկույթի վերաբերյալ տվյալներ ըստ տարիների։ Որոշմամբ կապահովվի. • ցամաքային տարածքի ծածկույթի դասերի փոփոխության միտումների (տենդենցների) վերլուծությունը, ինչը անհրաժեշտ է համայնքի, մարզի և հանրապետության մակարդակով հողերի վրա բնական ու մարդածին ազդեցությունների հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակի բացահայտումը, • տեղեկատվության հավաքման կազմակերպումը, • ստացված տվյալների հիման վրա տեղեկատվական բազայի ստեղծումը, • բացահայտել թեժ կետերը՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, Որոշումը կնպաստի հողային ռեսուրսների կայուն օգտագործմանը:
In
other , shrjaka-mijavayr
ՀՀ Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանի պատվիրակությունը այցելեց ՇՄ նախարարություն
Posted on 15 Դեկտեմբերի, 2020

Լիտվայի Հանրապետությունը պատրաստ է Հայաստանին տրամադրել 10 հազար հատ կեչու տնկի՝ ՀՀ կառավարության հայտարարած Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնության իրականացման համար։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը նաև քննարկվել են լիտվական զարգացման գործընկերության և դեմոկրատիայի խրախուսման ծրագրի շրջանակում համագործակցութան հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շեշտել է, որ, հեղափոխությունից ի վեր արձանագրված գործընթացներից ելնելով՝ իրենք նոր համագործակցությունների հեռանկարներ են տեսնում երկու երկրների միջև։ Վերամշակման/դեպոզիտային համակարգի ներդրման երկկողմ ծրագրի իրականացման նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատման նամակ է ներկայացվել Լիտվայի բնապահպանական ծրագրերի իրականացման գործակալությանը։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2021թ․ հունվարին։ «Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացվել է հանրապետությունում պլաստիկ, ապակյա, թղթե և ալյումինե տարաների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի ներդրման նախնական վերլուծություն։ Համակարգի ներդրման առաջմղման և գործարկման նպատակով նախատեսվում է դեպոզիտային վերադարձման համակարգի ներդրման մոդելի տնտեսական վերլուծություն (հիմնված միջազգային փորձի վրա), ինչի արդյունքում կվերհանվեն երկրի համար առավել նպատակահարմար տարբերակները։ Նախարար Պետրոսյանն առաջարկել է առաջիկայում ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի երկու երկրների միջև փորձի փոխանակման ավելի առարկայական գործընթացով»,- նշված է հաղորդագրության մեջ։ [gallery columns="4" link="file" ids="2926,2925,2924,2923"]
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 4700 հատ ամառային իշխանի մանրաձուկ
Posted on 15 Դեկտեմբերի, 2020

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի մանրաձկան 2020թ. 5-րդ խմբաքանակը՝ 108 գրամ միջին քաշով շուրջ 4700 հատ ամառային իշխան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Աշխատանքներին մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը: «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից պետական միջոցների հաշվին աճեցված մանրաձկների բացթողումը կատարվել է Սևանա լճի ափամարձ հատվածում՝ «Սևան Ակվա» ՓԲԸ-ին պատկանող ցանցավանդակային տնտեսության տարածքի հարակից հատվածում: 2020թ. ընթացքում Սևանա լճում և Սևանի իշխանի հիմնական ձվադրավայր հանդիսացող Սևանի ավազանի գետեր ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձուկ (1.64 – 112 գրամ), որից 592,433-ը կազմել է գեղարքունին, իսկ 32,676-ը՝ ամառային իշխանը:
In
other , shrjaka-mijavayr
Եղանակը Հայաստանում. Դեկտեմբերի 14-19
Posted on 14 Դեկտեմբերի, 2020

Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 14-ի և 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.70C (1966 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -18.50C (1975 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.60C
In
other , shrjaka-mijavayr
«Climate Ambition Summit» գագաթնաժող. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
Posted on 14 Դեկտեմբերի, 2020

Կլիմայի փոփոխության արդյունքում ֆինանսական խնդիրներ ունեցող զարգացած և զարգացող երկրներին անհրաժեշտ է ապահովել լրացուցիչ ֆինանսական հոսքեր: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կլիմայական փոփոխությունների հարցով գագաթնաժողովի՝ Climate Ambition Summit-ի շրջանակում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Վիրտուալ գագաթնաժողովը նախաձեռնել են Միավորված ազգերի կազմակերպությունը, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան՝ Իտալիայի ու Չիլիի հետ համագործակցությամբ: Գագաթնաժողովը միավորում է պետությունների ղեկավարների, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդների, որոնք պատրաստ են նոր պարտավորություններ ստանձնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում և Փարիզյան համաձայնագրի կատարման գործում: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում առաջարկել է «Պարտք՝ ի նպաստ կլիմայի» բանաձևով բնութագրվող նորարարական մոտեցումը՝ ուղղված կլիմայի փոփոխության արդյունքում ֆինանսական խնդիրներ ունեցող զարգացած և զարգացող երկրներին: Գաղափարն այն է, թե ինչպես երկրներն ավելի կանաչ դարձնելով ունենալ ավելի կանաչ աշխարհ՝ նաև ազատվել պարտքերից: «Այս գաղափարով, որը կարող է փոխել տարբեր երկրների` կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում նրանց արդյունավետության աստիճանը, առաջարկվում է այդ պայքարի համար ապահովել լրացուցիչ ֆինանսական հոսքեր,- նշել է նախագահ Սարգսյանը։- Այս ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն տվյալ երկրի ՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին միտված ազգային պարտավորությունները ժամանակին և արդյունավետ կատարելուն»։ Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է նաև, որ Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ավելի հավակնոտ կլիմայական նպատակների սահմանումը ևս մեկ հնարավորություն է՝ վերաիմաստավորելու ամբողջ տնտեսական և ազգային զարգացման մոդելն ու արագացնել գործողությունները, որոնք միտված են անցնելու ավելի կայուն և ցածր ածխածնային տնտեսության: Նա ընդգծել է, որ Հայաստանի տեսլականի հիմքում են էկոհամակարգային մոտեցումը, մասշտաբային անտառապատումները, ներդրումները վերականգնվող էներգետիկայի և էներգարդյունավետության ոլորտներում: «Մենք նպատակ ունենք մինչև 2030 թվականը էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ընդլայնել արևային էներգիայի տեսակարար կշիռը մինչև 15 տոկոսով, իսկ կանաչ էներգիայինը՝ մինչև 54 տոկոս»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը: Climate Ambition Summit-ում հնչել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի, Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերայի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, ինչպես նաև այլ պետությունների ու կառավարությունների ղեկավարների ելույթներ:
In
shrjaka-mijavayr
ՇՄՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Posted on 14 Դեկտեմբերի, 2020

Սույն թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 15։00-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է հանդիպում-քննարկում նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ՝ շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող բնապահպանական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ։ Քննարկման օրակարգային հիմնական հարցերն են․ 1․Բնապահպանական արդի հիմնական խնդիրները և դրանցից բխող սպառնալիքները Հայաստանի Հանրապետությունում 2․Շրջակա միջավայրի կառավարման արդյունավետության բարձրացման գործում շահագրգիռ կազմակերպությունների ներգրավման հնարավոր ձևաչափը 3․Այլ (Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում, անտառկառավարում, Եղեգիս գետի կիրճի ՓՀԷԿ-եր և այլն) Հանդիպման օրակարգի ձևավորման հարցում ակնկալում ենք մեր գործընկեր կազմակերպությունների ակտիվությունը, ինչպես նաև կառուցողական մոտեցում խնդիրների առաջադրման և դրանց լուծումների հնարավոր տարբերակների քննարկման հարցում։ Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/TNC8StNgAcZenTaMA , մինչև դեկտեմբերի 16-ը, ժամը 15։00։ Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները, հանդիպմանը կարող են մասնակցել 20 կազմակերպություն կամ անհատ գործիչ։ Հանդիպումը տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարությունում Հասցե` ՀՀ, ք.Երևան,0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ տուն, հեռ. +374 11 818559, Էլ.հասցե` minenv@env.am
In
other , shrjaka-mijavayr
Կլիմայի փոփոխություն. Դիանա Հարությունյան
Posted on 14 Դեկտեմբերի, 2020

Կլիմայի փոփոխությունը կամ հաճախ օգտագործվող գլոբալ տաքացում եզրույթը արդեն մոտ երեսուն տարի գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. այն ներկայումս համարվում է մարդկային հասարակության գոյատևման հիմնական մարտահրավերներից մեկը երկրագնդի վրա: Գլոբալ տաքացման երևույթի մասին գիտնականները բարձրաձայնել էին դեռևս անցյալ դարի 60-ականներին, սակայն այն միջազգային համագործակցության իրավական հարթություն տեղափոխվեց 1992թ. Ռիո-դե Ժանեյրոյում, երբ ՄԱԿ-ի անդամ երկրները ընդունեցին շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը: Այդ հռչակագրով բնապահպանական խնդիրների կարևորության հարցը ազգային սահմաններից տեղափոխվեց միջազգային կարգավորման դաշտ: ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան ի թիվս երկու այլ գլոբալ բնապահպանական կոնվենցիաների դրվեց բանակցային քննարկման և ստորագրման սեղանին: Իսկ ինչո՞ւ է այդքան մեծ կաևորություն տրվում կլիմայի փոփոխության խնդրին և ինչո՞ւ է այն համարվում գոյատևման մարտահրավեր: Երևի սկսենք երևույթի պատճառահետևանքային կապերի բացատրությունից: Երկիր մոլորակի առանձնահատկությունը Արեգակնային համակարգի 8 մոլորակներից այն է, որ կան օրգանական կյանքի համար պայմաններ, որոնցից կարևորագույնը մթնոլորտի առկայությունն է: Մթնոլորտի բաղադրության մեջ մտնող որոշակի գազեր և ջրային գոլորշիները ապահովում են, այսպես կոչված «ջերմոցային էֆեկտը» և Երկիր մոլորակի վրա Արեգակից ստացված ջերմային էներգիայի մի մասը դրա շնորհիվ անդրադարձվում է և պահպանվում է ցրումից տիեզերքում: Ջերմոցային էֆեկտի բացակայության դեպքում Երկրի ջերմաստիճանը կլիներ մոտ 30 աստիճանով ավելի ցածր քան ներկայիս միջինը: Միլիոնավոր տարիների ընթացքում մթնոլորտի ջերմոցային գազերի բաղադրությունը փոփոխվել է, այդ թվում նաև Երկիր մոլորակի վրա գեոֆիզիկական երևույթների հետևանքով տեղի ունեցած տարբեր տաքացման և սառեցման շրջանների ընթացքում: Սակայն Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) վերջին զեկույցում, 2018թ. երկրագնդի ներկա գլոբալ ջերմաստիճանի փոփոխությունը միարժեքորեն կապվում է մարդու գործունեության հետ: Արդյունաբերական հեղափոխությունը, որը սկիզբը ընդունված է հաշվել 1850-ական թվականներից զուգորդվել էներգիայի լայնածավալ օգտագործման հետ, որի հիմնական աղբյուրը հանածո վառելիքն է՝ քարածուխը, նավթը, գազը: Վառելիքի այրման արդյունքում արտանետվում է ածխաթթու գազ, որը հիմնական ջերմոցային գազն է, որի կոնցենտրացիան մթնոլորտում արդյունաբերական հեղափոխության սկզբում կազմել է մոտ 280 մաս միլիոնի մեջ: Սառցադաշտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին 800,000 տարիների ընթացքում ածխաթթու գազի կոնցենտրացիան մթնոլորտում երբեք չի գերազանցել այդ քանակությունը: Սակայն 2013թ. ամերիկյան օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների կենտրոնի տվյալներով ածխաթթու գազի կոնցենտրացիան հատեց 400 մաս միլիոն մեջ շեմը, և այն շարունակում է աճել: Ներկայումս երկրագնդի միջին ջերմաստիճանը նախաարդյունաբերական շրջանի համեմատ աճել է մոտ մեկ աստիճան Ցելսյուսի սանդղակով: Թվում է մեկ աստիճանը դա մեծ փոփոխություն չէ, և միջուցե համարվի լավ որոշ երկրների համար՝ օրինակ ջեռուցման շրջանի կրճատման առումով, կամ կա կարծիք, որ Կանադայի և Ռուսաստանի հյուսիսային շրջանները բարենպաստ պայմաններ կունենան գյուղատնտեսության համար: Սակայն, որոշ դրական հնարավոր փոփոխությունները չեն կարող համեմատվել բացասական հետևանքների հետ: Մթնոլորտի ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում օվկիանոսի մակարդակի բարձրացմանը՝ այն արդեն բարձրացել է 17սմ-ով, դրա հետևանքով որոշ ցածրադիր կղզիներ և առափնյա շրջաններ տուժում են աղի ջրի ներթափանցումից: Արդեն Խաղաղօվկիանոսյան կղզիներ կան որտեղ կյանքի համար պայմանները ստիպել են տեղահանել բնակչությանը, ավելացել են ցունամիների, հեղեղումների, անտառային հրդեհների, երաշտների դեպքերը: Օվկիանոսի տաքացման հետևանքով ածխածնի երկօքսիդի լուծելիությունը ջրում բարձրանում, որը հանգեցնում թթվայինացմանը շղթայաբար ազդելով կենսապայմանների փոփոխությանը, որի ամենաակնհայտ հետևանքը դա կորալների ոչնչացման վտանգն է, օվկիանոսային հոսանքների խախտումն է: Ներկա տնտեսական աճի, սպառման ծավալների ավելացման և արտանետումների միտումների պահպանման արդյունքում դարավերջին մենք կունենանք գլոբալ ջերմաստիճանի բարձրացում 2-40 C-ով և օվկիանոսի մակարդակի բարձրացում մոտ 90 սմ-ով, որը շատ խիտ բնակեցված առափնյա շրջանների, ցածրադիր կղզիների համար նշանակում է տեղահանման վտանգ: Կան հաշվարկներ, որ մոտ 140մլն մարդ ստիպված կլինի տեղահանվել 2050թ., իսկ 216 մլն մարդիկ կկորցնեն իրենց տները օվկիանոսի մակարդակի բարձրացման հետևանքով: Կան կղզի երկրներ որոնք դարավերջին կանգնած են իրենց հայրենիքը կորցնելու հեռանկարի առաջ: Բացի դրանից մթնոլորտի ջերմոցային էֆեկտի աճի հետևանքով մթնոլորտում էներգիայի պահպանման հավասարակշռության խախտումը բերում է վտանգավոր մթնոլորտային երևույթների հաճախության և ամպլիտուդայի աճի, որի մասին մենք հաճախ լսում ենք միջազգային լրահոսից: Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան իր բնույթով լինելով բնապահպանական խնդրի կարգավորմանը միտված համաձայնագիր պահանջում է լուրջ տնտեսական կարգավորում, և այդ է պատճառը, որ միջազգային բանակցությունների և որոշումների իրականացման արդյունավետությունը ցածր է: Կլիմայի փոփոխության դեմ պայքարի հիմնական լուծումը դա հանքային վառելիքի օգտագործման սահմանափակումն է, որը պահանջում է տնտեսության վարման հեղափոխական փոփոխություններ՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների մասնաբաժնի աճ, էներգասպառման արդյունավետության էական բարձրացում, սպառման վարքագծի փոփոխություն, անտառների մակերեսների ավելացում, գյուղատնտեսության վարման նոր ձևերի կիրառում: Այստեղ տեղին է մեջ բերել Կլիմայի փոփոխության կոնվենցիայի հիմնական դրույթները՝ «պատմական պատասխանատվության և արդարության», որը վերաբերում է նրան, որ ներկա պրոբլեմները ստեղծվել են արդյունաբերական զարգացած երկրների կողմից էներգիայի ինտենսիվ օգտագործման հետևանքով, և այսօրվա պրոբլեմի պատմական պատասխանատվությունը կրում են զարգացած երկրները: Միաժամանակ ներկա հիմնախնդրի խնդրի լուծման համար պետք է բոլոր երկրները իրականացնեն հանքային վառելիքի սպառման սահմանափակման միջոցառումներ, իսկ դա նշանակում է անհավասար տնտեսական պայմաններ զարգացման համար, զարգացող երկրները պետք է ներդրումներ անեն ավելի ծախսատար վերականգնվող աղբյուրների օգտագործման տեխնոլոգիաների մեջ, և իրենց տնտեսության վարման համար ներդրումներ անեն հարմարվելու փոփոխվող կլիմայական պայմաններին, սահմանափակեն իրենց վառելիքային և անտառային ռեսուրսների օգտագործման ծավալները: Այստեղ կա նաև արդարության մի այլ հատույթ՝ այն է արդարությունը ապագա սերունդների նկատմամբ, քանի որ նրանց զարգացման համար մենք ստեղծում ենք ոչ նպաստավոր պայմաններ: Կլիմայի փոփոխությունը երևի թե ամենաակնառու ապացույցն է մեր Երկրագնդի ռեսուրսների սահամանփակության: Մարդկային պոպուլյացիան շուտով կհատի յոթ միլիարդի շեմը և պահանջը բնական ռեսուրսների նկատմամբ անընդհատ աճում է: 2015թ. միջազգային բանակցությունների արդյունքում հաջողվեց ստորագրել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Փարիզյան համաձայնագիրը, որը առաջին անգամ բոլոր Կողմ երկրների համար սահմանեց ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման պարտավորություն, սակայն կամավորության սկզբունքով: Միաժամանակ այն պարտավորեցնում է զարգացած երկրներին ապահովել ֆինանսական, տեխնիկական և տեխնոլոգիական աջակցության տրամադրում զարգացած երկրներին: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է այդ համաձայնագիրը 2017թ., և վերցրել է պարտավորություններ սահմանափակելու իր արտանետումները, ինչպես նաև ամրագրել է, որ մեր երկրի կայուն զարգացման ապահովման համար էական է կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու/ադապատացիայի միջոցառումների իրականացումը: Ինչ՞ խնդիրների է առերեսում Հայաստանը կլիմայի փոփոխության հետևանքով. ըստ Հիդրոմետ ծառայության դիտարկումների, որոնք պաշտոնական իրականացվում են 1929թվականից, ջերմաստիճանի միջին տարեկան ցուցանիշը բարձրացել է 1,230C-ով: Վերջին քսան տարիների ընթացքում բոլոր տարիները, բացառությամբ 2012թ. եղել են միջինից տաք: Միաժամանակ մթնոլորտային տեղումները նվազել են 9 տոկոսով, վերջին տարիներին մեր ջրամբարների լցվածությունը չի գերազանցում 40-50 տոկոսը, վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների քանակը ավելացել է քսան տոկոսով, որի հետևանքներից հիմնականում տուժում է գյուղատնտեսությունը, բայց խոցելի է նաև մարդու առողջությունը, բնակավայրերը, ենթակառուցվածքները, էներգետիկ սեկտորը և բնական էկոհամակարգերը` ջրային, անտառային, լեռնային: Այդ պատճառով մեր կայուն զարգացման ապահովման համար պետք է լուրջ գնահատվեն կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերը և մշակվի հարմարվողականության/ադապտացիայի միջոցառումների համալիր ծրագիր: Հայաստանի լեռնային էկոհամակարգերը մասնավորապես խոցելի են կլիմայի փոփոխությունից, քանի որ ամեն մեկ աստիճանի բարձրացման հետևանքով ուղղաձիգ զոնայականությունը շեղվում է դեպի վեր մոտ 200 մետրով: Միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստանը աջակցություն է ստացել Կանաչ կլիմայական հիմնադրամից և ՄԱԿ-Զարգացման ծրագիրը աջակցում է Հայաստանին մշակելու և իրականացնելու հարմարվողականության ծրագիր թիրախավորելով առավել խոցելի ոլորտները՝ ջրային ռեսուրսները, գյուղատնտեսությունը, էներգետիկան, բնակավայրերը, մարդու առողջությունը: Կան միջոցառումներ որոնք կոչվում են «առանց ափսոսանքի», այսինքն ամեն դեպքում դրանց իրականացումը կարող է ունենալ դրական ազդեցություն, օրինակ՝ ջրախնայող տեխնոլոգիաները՝ կաթիլային ոռոգումը, ջրման ժամանակի ռեժիմի պահպանումը, մուլչապատումը. կամ հակակարկտային ցանցերի տեղադրումը, երաշտադիմացկուն բուսատեսակների օգտագործումը, ճիշտ քաղաքաշինական պլանավորումը, ստորերկրյա և մակերեսային ջրերի ռացիոնալ օգտագործումը, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառությունը: Միաժամանակ Հայաստանը վերցրել է ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման պարտավորություն, որի հիմքում դրված է գլոբալ ռեսուրսի նկատմամբ մոլորակի բոլոր մարդկանց հավասար իրավունքը՝ տվյալ դեպքում դա ածխաթթու գազի արտանետման այն քանակն է, որի դեպքում գլոբալ ջերմաստիճանը չի հատի վտանգավոր սահմանագիծը, որը երկու աստիճանի բարձրացումն է: Հայաստանի ածխաթթու գազի արտանետումները կազմում են գլոբալ արտանետումների 0,02 տոկոսից քիչ է, կամ մեկ շնչի հաշվով մոտ 2 տոննա տարեկան, այն դեպքում, որ Կատարը մեկ շնչի հաշվով արտանետում է 45 տոննա, ԵՄ՝ 6.8 տոննա , ԱՄՆ՝ 15,6 Երկրագնդի 20 երկրներ արտանետում են ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների 79%, որոնց մեջ առաջին տեղում է Չինաստանը 28% արտանետումներով, նրան հետևում է ԱՄՆ-ին 15%, ԵՄ 6,8%, Հնդկաստանը՝ 6% և Ռուսաստանը՝ 5%: Երկրագնդի աղքատ բնակչության 50% պատասխանատու է ընդհանուր արտանետումների միայն 10% համար, այն դեպքում երբ հարուստ 10% արտանետում է գլոբալ արտանետումների 50%-ը: Սակայն Հայաստանի արտանետումների փոքր ծավալը չի նշանակում որ մենք դերակատարություն չպետք է ունենանք արտանետումների սահմանափակման միջազգային գործընթացներում. Կարևոր է նշել, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգի նպատակները համահունչ են ցածրածխածնային զարգացման նպատակներին՝ այն է ավելացնել վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի մասնաբաժինը, հիմնականում արևային էներգիայի օգտագործման հաշվին, նպաստել էներգաարդյունավետությանը, նվազեցնել կորուստները էներգա- և գազամատակարարման համակարգերից: Տրանսպորտային սեկտորից ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը միաժամանակ կնպաստի մեր քաղաքի օդի աղտոտվածության նվազեցմանը: Անտառածածկ տարածքների ավելացումը և ապօրինի ծառահատումների կանխումը կարևոր է ինչպես ածխաթթու գազի կլանման ծավալների ավելացման, այնպես էլ կլիմայի փոփոխության հարմարվողականության ավելացման տեսակետից. Հայաստանի անտառները ապահովում են կենսամիջավայր հարուստ կենսաբազմազանության համար, սակայն ունեն մեծ նշանակություն մակերեսային հոսքի կարգավորման, թեք լանջերի հողային շերտի պահպանության և միկրոկլիմայական կարգավորման համար: Այդ նպատակով Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի դիրքորոշման մեջ ներառվել է մինչև 2050թ. անտառածածկ տարածքների մակերեսի կրկնապատկման նպատակը Փարիզյան համաձայնագրի շրջանակներում զարգացող երկրներին աջակցելու համար ստեղծվել է Կլիմայի կանաչ հիմնադրամը: Հայաստանը, այդ հիմնադրամից ստացել է քսան միլիոն դոլարի դրամաշնորհ շենքերում էներգաարդյունավետության միջոցառումների ֆինանսավորման համար նպաստավոր պայմանների մշակման ծրագրի համար: Կլիմայի ներդրումային հիմնադրամից Հայաստանը ստացել է երեսուն միլիոն դոլար վերականգնվող էներգիայի, մասնավորապես արևային էներգիայի ռեսուրսների զարգացման համար: Ներկա փուլում կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու համար կաևոր է ինչպես ազգային զարգացման պլաններում, այնպես էլ համապատասխան ոլորտների միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական պլանավորման ժամանակ հաշվի առնել կլիմայի փոփոխության գործոնը, ճիշտ գնահատել հնարավոր ռիսկերը, առավել արդյունավետ օգտագործել միջազգային համագործակցության հնարավորությունները: Դիանա Հարությունյան ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Heinrich Boell Foundation South Caucasus
In
other , shrjaka-mijavayr
Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր
Posted on 13 Դեկտեմբերի, 2020

«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մեթոդաբանությունը վեր է հանում համայնքի բնապահպանական մարտահրավերները՝ գնահատելով քաղաքի օդի, ջրային ռեսուրսների, հողի, կենսաբազմազանության և էկոհամակարգերի վիճակը, դրանց վրա բացասական ներազդող գործոնները և առկա օրենսդրական լուծումները՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների վրա։
Ծրագիրը ներառում է՝ շրջակա միջավայրի վիճակը (օդ, հող, ջուր, կենսաբազմազանություն և կանաչ տարածքներ), ճնշումները շրջակա միջավայրի վրա, տրանսպորտը, էներգամատակարարումը, էներգաարդյունավետությունը շենքերում և արտաքին լուսավորությունը, արդյունաբերության ճյուղերը, թափոնների կառավարումը, հողօգտագործումը բաժինները: Ծրագրում ներկայացված է նաև կառավարման և մշտադիտարկման վերաբերյալ դրույթները:
«Կանաչ քաղաք» ծրագիրն ուղղված է համայնքի կայուն զարգացմանը, համայնքի բնակավայրերի բարեկարգմանը և կանաչապատմանը, աղբահանության, կոմունալ տնտեսության աշխատանքների բարելավմանը, հասարակական տրանսպորտի բարեփոխմանը, ճանապարհային ենթակառուցվածքների օպտիմալացմանը, աղետների ռիսկերի նվազեցման և դիմակայունության բարձրացմանը, շրջակա միջավայրի և հանրային առողջության պահպանությանը։
Մեթոդաբանության համաձայն ԿՔԳԾ ընդհանուր գործընթացը կազմված է չորս փուլերից։
1-ին փուլի ընթացքում կատարվել են տեղեկատվության և տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծման աշխատանքներ` սահմանելու համար այն ելակետային ցուցանիշները, որոնց հիման վրա պետք է մշակվեն երկարաժամկետ տեսլականը և դրա իրագործման գործողությունները։ Ելակետային վիճակի գնահատումն իրականացվել է «Իրավիճակ-ներազդում-արձագանք» մոտեցմամբ: Այս մոտեցումը գնահատում է մարդու գործունեության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի բաղկացուցիչների վրա, վերհանում մարտահրավերները: Մարդու գործունեության ազդեցության տեսակները մասնավորապես ներառում են տրանսպորտի, շենքերի, արտաքին լուսավորության, թափոնների կառավարման և հողօգտագործման ոլորտները: Արդյունքում սահմանվել են Երևանի մարտահրավերների առաջնահերթությունները՝ հիմնված է եռաստիճան սանդղակի վրա, որտեղ Երևանի առաջ ծառացած բնապահպանական ամենահրատապ խնդիրները նշված են «կարմիր» գույնով, այն ոլորտները, որոնք չունեն հրատապ առաջնահերթություն, այնուամենայնիվ, պահանջում են բարելավում, նշված են «դեղին» գույնով, և ոլորտները, որոնք ունեն բարձր համապատասխանություն «կանաչ» քաղաքի բնութագրերին, նշված են «կանաչ» գույնով։
2-րդ փուլում սահմանվել է տեսլականը և հեռանկարային ռազմավարական նպատակները` ճանապարհային քարտեզի հետ միասին, որը ներկայացված է միջնաժամկետ թիրախներով և կարճաժամկետ գործողություններով:
Հաշվի առնելով առաջնահերթությունները և բյուջետային սահմանափակումները` ընտրվել են կարճաժամկետ կտրվածքով իրագործելի միջամտություններ, որոնք կարող են օպտիմալացնել բնապահպանական, տնտեսական և սոցիալական հնարավոր ձեռքբերումները։ Միջնաժամկետ և երկարաժամկետ թիրախներով անդրադարձ է կատարվում բոլոր մարտահրավերներին:
Գործողությունների իրականացումը նախատեսվում է ԿՔԳԾ-ի գործընթացի 3-րդ փուլի ներքո և ներառում է ծրագրի իրականացման շարունակական մշտադիտարկումը: Առաջին եռամյա ժամանակահատվածից հետո կմեկնարկի ԿՔԳԾ-ի 4-րդ փուլը, որի ընթացքում կգնահատվի առաջադիմությունը, բարելավման անհրաժեշտությունը, որի հիման վրա կարող են իրականացվել համապատասխան փոփոխություններ ԿՔԳԾ-ում:
ԿՔԳԾ նախագծի վերաբերյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ և լսումներ (2016թ. դեկտեմբերի 8-ին և դեկտեմբերի 19-ին, 2017թ. հունիսի 16-ին և օգոստոսի 3-ին)՝ համայնքի, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական ինտսիտուտների և այլ շահագրգիռ կառույցների հետ: Ներկայացված առաջարկություններն ու դիտողություններն ամփոփվել են՝ ըստ որի լրամշակվել է ԿՔԳԾ նախագիծը:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԿՔԳԾ նախագիծը անցել է ռազմավարական բնապահպանական (էկոլոգիական) գնահատումը (ՌԷԳ), որի համար 2017թ. օգոստոսի 21-ին ՀՀ բնապահպանության նախարարի կողմից տրվել է թիվ ԲՖ77 պետական փորձաքննության դրական եզրակացություն։
Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը հաստատվել է Երևան քաղաքի ավագանու 12.09.2017թ. հ.21-Ա որոշմամբ:
Նման հետազոտության առկայությունը հնարավորություն է տալիս համապարփակ պատկերացում կազմել քաղաքի ուժեղ և թույլ կողմերի, սպառնալիքների և հնարավորությունների վերաբերյալ, որոնք հաշվի կառնվեն զարգացման ծրագրերը մշակելիս:



