Անապատացման դեմ պայքարը հանդիսանում է գլոբալ էկոլոգիական խնդիր Երկիր մոլորակի համար:
Ավելի քան 6.1 միլիարդ հա, Երկրագնդի ցամաքային տարածքների մոտ 40%-ը, հանդիսանում են <<չորային>> հողեր: Դրանցից մոտ 900 միլիոն հա կազմում են հիպեր արիդ անապատներ, կամ գերչորային հողեր: Մնացածը՝ 5.2 միլիարդ հա հանդիսանում են չոր (50մմ), կիսաչոր (200մմ) և չոր սուբհումիդ (400մմ) հողեր, որոնց մի մասը դարձել է անապատ՝ մարդու գործունեության հետևանքով: Այդ հողերի վրա ապրում է երկրագնդի բնակչության ավելի քան մեկ հինգերորդը:
1992թ. Ռիո-դե-Ժանեյրոյում կայացավ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման գագաթաժողովը, որտեղ միջազգային հանրությունը եկավ ընդհանուր եզրակացության, որ անհրաժեշտ է ընդունել ևս մեկ կոնվենցիա կապված հողերի պահպանության հետ:
1993թ. Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, մասնակցել է <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի մշակման միջկառավարական կոմիտեի աշխատանքներին:
1994թ. հունիսի 17-ին <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի մշակման միջկառավարական կոմիտեն համաձայնեցրեց Կոնվենցիայի տեքստը:
Հետագայում հունիսի 17-ը Միավորված Ազգերի կազմակերպության կողմից հռչակվեց որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր: Այն նպատակ է հետապնդում բարձրացնելու իրազեկությունը անապատացման և երաշտի սպառնալիքների նկատմամբ:
Լրիվ անվանումն է՝ <<Միավորված Ազգերի Կազմակերպության <<Անապատացման դեմ պայքարի կոնվենցիա այն երկրներում, որոնք ենթարկվում են լուրջ երաշտի և/կամ անապատացման, հատկապես Աֆրիկայում>> (UN CCD):
1994թ. հոկտեմբերի 14-ից 15-ը Փարիզում տեղի ունեցավ ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի ստորագրումը մի շարք երկրների, այդ թվում նաև Հայաստանի կողմից:
Կոնվենցիան վավերացվեց Ազգային Ժողովի կողմից 1997թ. հուլիսի 6-ին:
02.03.1998թ. ՀՀ կառավարության <<ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարում ապահովելու մասին>> N124 որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը ճանաչվել է որպես պատասխանատու կատարող:
ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիան հանդիսանում է լուրջ նվաճում միջազգային հանրության կողմից: Այն իրենից ներկայացնում է նորարական փաստաթուղթ, որը շրջակա միջավայրի պահպանության միջազգային իրավունքում նոր ձեռքբերում է և միակն է, որ ուշադրությունն ուղղված է հողերի դեգրադացիայի հարցերին:
Ըստ ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի տեքստի <<անապատացում>> նշանակում է հողերի դեգրադացիա տարբեր գործոնների ներքո, ներառյալ կլիմայի փոփոխությունը և մարդու գործունեությունը չոր, կիսաչոր և չոր սուբհումիդ շրջաններում: Իսկ <<հողերի դեգրադացիա>>՝ նշանակում է հողերի կենսաբանական և տնտեսական արտադրողականության նվազեցում կամ կորուստ:
Կոնվենցիայի գլոբալ նպատակն է (բոլոր մակարդակներում արդյունավետ միջոցների ընդունման ճանապարհով) անապատացման դեմ պայքարը և երաշտի հետևանքների մեղմացումը: Այդ նպատակին հասնելու համար վնասվող շրջաններում անհրաժեշտ է երկարաժամկետ համալիր ռազմավարություն` միաժամանակ ուղղված հողի արտադրողականության բարձրացմանը, հողային և ջրային ռեսուրսների վերականգնմանը, պահպանությանը և կայուն օգտագործմանը հատկապես համայնքների կենսամակարդակի բարձրացման նպատակով:
Կոնվենցիայի նպատակն է հասնել.
ա/ կայուն զարգացմանը
բ/ չքավորության վերացմանը
գ/ երաշտի հետևանքների մեղմացմանը
դ/ միջազգային համագործակցության ամրապնդմանը
զ/ միջկառավարական կազմակերպությունների հետ համագործակցությանը
է/ ֆինանսական մեխանիզմների և համաձայնագրերի օգտագործմանը
թ/ գերակայությունների հաստատմանը
ժ/ անապատացման հիմքում ընկած պատճառների վերացմանը
ժա/ տեղական բնակչության իրազեկության ապահովմանը
ժբ/օրենսդրության ուժեղացման միջոցով` բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:
Հայաստանը պայմանավորված լինելով իր աշխարհակլիմայական պայմաններով և դրան գումարած տնտեսության անցումային փուլում գտնվելը անապատացման տեսանկյունից հանդիսանում է առանձնապես խոցելի երկիր:
Այն բնորոշվում է հողային ռեսուրսների դեգրադացմամբ, կենսաբազմազանության ու կենսապաշարների աղքատացմամբ և որպես հետևանք բնակչության սոցիալական վիճակի վատթարացմամբ: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ Անդրկովկասը հիշատակված է Կոնվենցիայի տեքստում, որպես անապատացման երևույթներով վնասվող տարածք:
Հանրապետության համար անապատացման դեմ պայքարը դարձել է ռազմավարական նշանակության հիմնախնդիր, իսկ անապատացման հետևանքների մեղմացումը և կանխարգելումը երկրի կայուն զարգացման երաշխիքներից մեկն է:
Կոնվենցիայով ՀՀ ստանձնած հիմնական պարտավորություններն են.
1. մշակել ռազմավարություններ ուղղված անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների մեղմացմանը (Հոդված 5),
2. մշակել և իրականացնել գործողությունների ազգային ծրագրեր (Հոդված 9) (այսուհետ ԳԱԾ): ԳԱԾ-ը՝ հանդիսանում է Կոնվենցիայի <<հիմքերից>> մեկը,
3. զեկույցներ (ազգային զեկույց/տեղեկատվության) ներկայացնել երկրում Կոնվենցիայի իրականացման ուղղությամբ (կատարված քայլերի մասին), որի ձևաչափը և ներկայացման ժամկետն որոշում է Կոնվենցիայի Կողմերի Կոնֆերանսը (Հոդված 26),
4. Կոնվենցիայի հիմնական բյուջե փոխանցել տարեկան անդամավճար (յուրաքանչյուր երկրի համար հաշվարկվում է առանձին):
Գործողությունների ազգային ծրագրեր.
• 28.03.2002թ. ՀՀ կառավարության N13 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել <<Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը>>:
• 27.05.2015թ. ՀՀ կառավարության N 23 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել <<Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը>>:
27.05.2015թ. մշակված գործողությունների ազգային ծրագրի հիմք է հանդիսացել ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի Կողմ երկրների 2007թ. 8-րդ Կոնֆերանսում ընդունված անապատացման դեմ պայքարի 10-ամյա ռազմավարական ծրագիրը (2008-20018թթ):
2015թ. գործողությունների ազգային ծրագրի հիմնական գերակայություններն են.
ա. անապատացման հիմնախնդիրներին առնչվող օրենսդրության կատարելագործում.
բ. հողերի կառավարման արդյունավետության բարձրացում.
գ. անապատացման հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացում.
դ. համատեղ գործողություններ Ռիո-յի Կոնվենցիաների շրջանակներում և միջազգային համագործակցություն:
Գործողությունների ազգային ծրագրի համաձայն Հայաստանում անապատացման ենթարկվող հողերը կազմում են մոտ 43 %:
Հողերի դեգրադացիան Հայաստանում կազմում է մոտ 80%:
Ազգային զեկույցներ.
2000թ., 2002թ., 2006թ., 2010թ. 2012թ. 2014թ. և 2018թ. Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիայի քարտուղարություն է ներկայացրել <<Հայաստանում ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի իրականացման մասին>> ազգային զեկույց (ըստ ձևաչափի և ժամկետի):
2007թ. Մադրիդում (Իսպանիա) Կողմերի կոնֆերանսի կողմից ընդունվեց անապատացման դեմ պայքարի <<10-ամյա ռազմավարությունը և Կոնվենցիայի իրականացման ուժեղացման 2008-2018թթ. համար գործունեության շրջանակները (10-ամյա ռազմավարություն>>)>> 3/COP.8 որոշում.
2009թ. ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի քարտուղարության և այլ մարմինների կողմից մշակվեց Կոնվենցիայի իրականացման <<Արդյունավետության ակնարկի և իրականացման գնահատման համակարգ>> (PRAIS):
2010թ. սկսած զեկույցները ներկայացվում են PRAIS պորտալի միջոցով: 2010թ. և 2012թ. այն կոչվել է PRAIS 1, իսկ 2014թ.՝ PRAIS 2:
2017թ. Օրդոսում (Չինաստան) Կողմերի կոնֆերանսի կողմից ընդունվեց ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի շրջանակային ռազմավարությունը 2018-2030 թթ. համար:
Նոր ռազմավարության 5 ռազմավարական նպատակներն են.
1.Բարելավել խախտված էկոհամակարգերի վիճակը, պայքարել անապատացման/հողերի դեգրադացիայի դեմ, նպաստել հողային ռեսուրսների կայուն կառավարմանը և հասնել հողերի դեգրադացման չեզոք վիճակին:
2. Բարելավել դեգրադացված տարածքների (ազդեցությանը ենթարկված) բնակչության կյանքի պայմանները:
3. Նվազեցնել երաշտի հետևանքները, հարմարվել դրանց և ազդել այդ հետևանքների վրա՝ բարձրացնելով բնակչության խոցելի խմբերի և էկոհամակարգերի կայունությունը:
4. Կոնվենցիայի իրականացման արդյունավետության հաշվին համաշխարհային մակարդակով ապահովել էկոլոգիական օգուտները:
5. Մոբիլիզացնել հիմնական և լրացուցիչ ֆինանսական և այլ ռեսուրսները Կոնվենցիայի իրականացման համար՝ ստեղծելով արդյունավետ գործընկերային հարաբերություններ համաշխարհային և ազգային մակարդակներում:
PRAIS 3-ը մշակվեց 2018թ., որտեղ ներկայացվող տեղեկատվության հիմքում ընկած են նշված 5 ռազմավարական նպատակները:
2018թ. մշակվեց և սահմանված կարգով ներկայացվեց <<Հայաստանում <<ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի իրականացման մասին 7-րդ ազգային զեկույց>>-ը (տեղադրված է https://prais.unccd.int/unccd/reports կայքում):
7-րդ ազգային զեկույցում ներկայացված է, որ ըստ ազգային տվյալների՝ դեգրադացված հողերի մասնաբաժինը ցամաքի ընդհանուր տարածքի նկատմամբ (առանց ներքին ջրամբարների) 2006-2015թթ. համար կազմում է 1.67% (կամ ամբողջ հանրապետությունում 472,5 կմ2): Իսկ գլոբալ տվյալների համաձայն՝ դեգրադացված հողերի մասնաբաժինը ցամաքի ընդհանուր տարածքի նկատմամբ (առանց ներքին ջրամբարների) 2000-2015թթ. կազմում է 2.67%։
Հայաստանի բոլոր բնական գոտիներում նկատվում է հողի բերրիության նվազում և էրոզիոն գործընթացների ակտիվացում։ Սա բացատրվում է մարդածին և բնածին գործոնների ազդեցությամբ: Հատկապես խոցելի են կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային և անտառային գոտիները, որտեղ մարդածին գործոնի ազդեցությունը բնածին գործոնի հետ համատեղ մեծացնում է հողերի էրոզիայի աստիճանը:
Հողերի չեզոք դեգրադացիայի ընդհանուր ազգային նպատակին հասնելու համար առաջարկվել են հետևյալ հիմնական խնդիրները և դրանց լուծման ուղիները.
1. Ներկայումս բոլոր գյուղատնտեսական հողերի շուրջ 2/3-ը դեգրադացված է տարբեր աստիճանի։ Պետք է դադարեցնել/կանխարգելել գյուղատնտեսական հողերի դեգրադացիան և անցնել ագրոէկոլոգիայի սկզբունքներին (կոնսերվացիա + ժամանակակից <<օրգանական>> տեխնոլոգիա)։
2. Անտառապատել բոլոր դեգրադացված հողերի շուրջ 2/3-ը: <<Հայաստանի անտառային ծրագրի>> համաձայն, նախատեսվում է մինչև հարյուրամյակի վերջ անտառային տարածքներն ավելացնել մինչև երկրի ընդհանուր տարածքի 20,1%:
3. Կանխարգելել անտառների կրճատման գործընթացները և բարելավել անտառային տնտեսության կառավարումը հանրապետության ողջ տարածքում:
4. Կանխարգելել գերարածեցումը արոտավայրերում, բարելավել արոտավայրերի կառավարումը հանրապետության ողջ տարածքում։
Կայուն զարգացում
2015թ. սեպտեմբերին (25-27) ՄԱԿ-ի գագաթաժողովին ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունեցին կայուն զարգացման Օրակարգը, որի հիմքում ընկած են կայուն զարգացման նպատակները, ինչն էլ նախատեսված է իրականացնել մինչև 2030 թվականը:
Կայուն զարգացման նպատակներն են՝ 17-ը, իսկ թիրախները՝ 169-ը:
Նպատակ 15՝ ցամաքային էկոհամակարգերի պահպանություն, վերականգնում և կայուն օգտագործման խթանում, անտառների կայուն կառավարում, պայքար անապատացման դեմ, հողերի դեգրադացիայի գործընթացի դադարեցում ու հետ շրջում և կենսաբազմազանության կորստի դադարեցում:
Թիրախ 15.3՝ մինչև 2030 թվականը անապատացման դեմ պայքար և դեգրադացված հողերի վերականգնում՝ ձգտելով աշխարհում հասնելու հողերի չեզոք դեգրադացիայի:
Ըստ ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 3/COP.12 որոշման <<Հողերի չեզոք դեգրադացիան վիճակ է, երբ հողային ռեսուրսների որակը և քանակը, ինչը անհրաժեշտ է էկոհամակարգային ֆունկցիաների և ծառայությունների ապահովմանը և պարենային անվտանգության բարձրացմանը, մնում է կայուն կամ աճում ըստ սահմանված ժամանակային և տարածական մասշտաբների և էկոհամակարգերի>>:
Տարիներ շարունակ հողերն անտեսվել են որպես կայուն զարգացման բաղադրիչ:
2015թ. կայուն զարգացման նպատակների մեջ թերևս չկա ավելի բազմակողմանի նպատակ՝ քան հողերը, քանի որ հողային ռեսուրսներն առնչվում են յուրաքանչյուրի հետ: Սկսած սննդից, որը մենք ուտում ենք, հագուստից՝ ինչը մենք հագնում ենք, վերջացրած տներով, որտեղ մենք ապրում ենք՝ այդ ամենը բխում է հողային ռեսուրսներից:
Ծրագրեր
1. 2015թ. ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվել է <<Դեպի հողերի չեզոք դեգրադացիայի հասնելը. գաղափարը Հայաստանում գործնականում կիրառելի դարձնելու մասին>> պիլոտային ծրագիրը: Ծրագրին մասնակցեցին աշխարհի 14 երկրներ (Ալժիր, Հայաստան, Բելառուս, Բուտան, Չադ, Չիլի, Կոստա-Ռիկա, Էֆիյոպիա, Գռենադա, Ինդոնեզիա, Իտալիա, Նամիբիա, Սենեգալ, Թուրքիա):
Արդյունքում հնարավոր եղավ գնահատել հողերի չեզոք դեգրադացիայի հասնելու հնարավորությունը Հայաստանում, մասնավորապես ազգային կամավոր թիրախների որոշման համար:
Բացի այդ ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 22/COP.11 որոշման համապատասխան իրականացվեց առաջընթացի ցուցանիշների չափման թեստավորում և տվյալների ձեռքբերման հնարավոր աղբյուրների որոշումը:
Առաջընթացի ցուցանիշներն են.
• <<ցամաքային տարածքի ծածկույթի փոփոխման միտումները>>,
• <<հողերի արտադրողականության (բերրիության) կամ հողօգտագործման փոփոխման միտումները>>,
• հողում և հողի վրա <<ածխածնի քանակի փոփոխման միտումները>>:
Արդյունքները զեկուցվեցին ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի կողմերի 12-րդ նստաշրջանին (2015թ.) և որոշվեց ընդլայնել պիլոտային ծրագրի իրականացումը նաև այլ երկրներում (2016թ.): Ներկայումս ներրգրավվել են մոտ 110 երկիր:
2. ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի քարտուղարության աջակցությամբ և Կորեայի Հանրապետության ֆինանսավորմամբ 2018 թվականի օգոստոսին Հայաստանում մեկնարկել է <<Արարատյան հարթավայրի հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում>> պիլոտային ծրագիրը, որը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ: Ծրագիրը իրականացվում է Արարատի մարզի Նարեկ համայնքում: Ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ կաթիլային ոռոգում, բիոհումուսի կիրառում և դաշտապաշտպան անտառաշերտի հիմնում: Ծրագիրն իրականացվելու է 2018-2020թթ: Համայնքը նույնպես մասնակցում է նախագծի ֆինանսավորմանը։
3. <<Հանրապետության հատուկ պահպանվող բնական տարածքներին հարող էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության ունակության բարձրացում>>, ծրագրով նախատեսվում է բնակչության կենսամակարդակի բարձրացման հաշվին նպաստել էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցության նվազեցմանը, ինչպես նաև նվազեցնել մարդածին ճնշումը բնության հատուկ պահպանվող տարածքների վրա: Ծրագիրը կիրականացվի 2019-2022 թվականներին, արժեքը կազմում է 2 506 000 ԱՄՆ դոլար: Փորձնական տարածքներն են 1) <<Դիլիջան>> ազգային պարկին հարակից համայնքները և 2) <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցին հարակից համայնքները: Դոնոր, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ադապտացիոն ֆոնդ, որի հետ նախագիծը արդեն համաձայնեցված է:
4.<<Արթիկ քաղաքի մոտակայքում գտնվող փակված քարհանքերի թափոնների և հեղեղումների կառավարում>>, որով նախատեսվում է վերականգնել փակված քարհանքի դեգրադացված լանդշաֆտները և կանխել Արթիկ քաղաքի հարակից տարածքների հեղեղումները: Նախագիծը կիրականացվի 2019-2022 թվականներին, որի արժեքը կկազմի 1 435 000 ԱՄՆ դոլար: Դոնոր, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ադապտացիոն ֆոնդ, որի հետ նախագիծը արդեն համաձայնեցված է:
Օրենսդրություն
2018 թվականի հունիսի 13-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչը նախատեսված էր 2015թ. մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության N 23 արձանագրային որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքով սահմանվել է ցամաքային տարածքի ծածկույթի հասկացությունը՝ դա երկրի մակերևույթի դիտարկելի կենսաֆիզիկական ծածկույթն է:
Ցամաքային տարածքի ծածկույթը բաժանվել է 6 դասի.
1) մշակովի հողեր,
2) մարգագետիններ,
3) ծառածածկ տարածքներ,
4) թփուտապատ տարածքներ,
5) ջրածածկ տարածքներ,
6) բուսականությունից զուրկ տարածքներ:
Օրենքով սահմանված է, որ ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Համաձայն ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 22/COP.11 որոշման <<ցամաքային տարածքի ծածկույթի փոփոխման միտումները>> հանդիսանում է առաջընթացի առաջնային ցուցանիշ:
2019թ. ապրիլի 11-ին Կառավարության կողմից հաստատվեց <<Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության որոշմումը:
Որոշմամբ նախատեսվում է համայնքի մակարդակով ունենալ ցամաքային տարածքի ծածկույթի վերաբերյալ տվյալներ ըստ տարիների։
Որոշմամբ կապահովվի.
• ցամաքային տարածքի ծածկույթի դասերի փոփոխության միտումների (տենդենցների) վերլուծությունը, ինչը անհրաժեշտ է համայնքի, մարզի և հանրապետության մակարդակով հողերի վրա բնական ու մարդածին ազդեցությունների հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակի բացահայտումը,
• տեղեկատվության հավաքման կազմակերպումը,
• ստացված տվյալների հիման վրա տեղեկատվական բազայի ստեղծումը,
• բացահայտել թեժ կետերը՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով,
Որոշումը կնպաստի հողային ռեսուրսների կայուն օգտագործմանը:






Թողնել մեկնաբանություն