Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

ՊԳԿ-ն եւ Հայաստանը հողերի դեգրադացման դեմ պայքարի եղանակներ են քննարկում

ՊԳԿ-ն եւ Հայաստանը հողերի դեգրադացման դեմ պայքարի եղանակներ են քննարկում
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հողերի դեգրադացման խնդրին համապարփակ լուծում գտնելու միտմամբ համատեղ ծրագրային առաջարկ են մշակել, որը ներկայացվել եւ գնահատվել է այսօրվա առցանց միջոցառման ընթացքում, եւ ամենայն հավանականությամբ, կֆինանսավորվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը եւ ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։ «Այսօր տեղի ունեցած առցանց խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը եւ ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն՝ ոլորտի առանցքային փորձագետների հետ միասին Հայաստանում հողերի կայուն կառավարման եւ դեգրադացված տարածքների վերականգնման թեման քննարկելու նպատակով։ ՊԳԿ-ն եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հողերի դեգրադացման խնդրին համապարփակ լուծում գտնելու միտմամբ համատեղ ծրագրային առաջարկ են մշակել, որը ներկայացվեց եւ գնահատվեց միջոցառման ընթացքում, եւ ամենայն հավանականությամբ, կֆինանսավորվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից։ Նախարարությունների եւ ՊԳԿ-ի առանցքային փորձագետները նոր տեղեկություններ հաղորդեցին ծրագրի նախապատրաստական աշխատանքների, իրականացման համար նախատեսված վայրերի, համաֆինանսավորման հնարավոր տարբերակների վերաբերյալ՝ տարբեր գործընկերների կարծիքների ուսումնասիրման եւ նախաձեռնությանը նրանց լիարժեք մասնակցության ապահովման համար։ «Ծրագիրը կդառնա հողերի դեգրադացումը չեզոքացնելու նպատակի ձեռքբերման կարեւորագույն հանգուցակետ՝ իր անգնահատելի ավանդը բերելով հողերի կայուն կառավարման գործընթացի ընդլայնմանն ու Կայուն զարգացման նպատակների կենսագործմանը», նշեց ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ՝ Ռայմունդ Յելեն։ Հայաստանում հողերի դեգրադացումը եւ անապատացումը պայմանավորված են ինչպես բնական, այնպես էլ անթրոպոգեն (մարդածին) գործոններով։ Բնությունն, իր հերթին, նպաստում է հողերի դեգրադացմանը՝ երաշտների ու ավազամրրիկների, սեզոնային եւ տարածաշրջանային տեղումների անհավասար բաշխման հետեւանքով տեղումների կրճատման, բնական պատճառներով պայմանավորված աղակալման, ինչպես նաեւ ջրհեղեղների եւ անձրեւային շրջանների ընթացքում հողերի սողանքների միջոցով։ Դեգրադացման մարդածին գործոնները ներառում են գյուղատնտեսական գործելակերպերը (մշակաբույսերի ցանքաշրջանառության բացակայություն, վարելահողերի մշակության՝ վար ու ցանքի տեխնոլոգիական միջոցառումերի թերացումներով կատարում, ոռոգման միջոցառումների  անարդյունավետ կիրառում, արոտավայրերի անկանոն  կառավարում և գերարածեցումներ), ապօրինի ծառահատումները, ստորերկրյա ջրերի (արտեզյան ջրհորներ) գերօգտագործումը, հողերի աղտոտումը, ինչպես նաեւ հանքարդյունաբերությունը, քաղաքաշինությունն ու ճանապարհաշինությունը։ Հողերի շարունակական դեգրադացմանը զուգընթաց ահագնանում են նաեւ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված գյուղատնտեսության ոլորտին սպառնացող վտանգները։ Առաջարկվող ծրագիրը լանդշաֆտային մոտեցում կորդեգրի, որը համահունչ է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ)՝ բնական կերային հանդակների՝ արոտների եւ մարգագետինների կայուն ինտեգրացված կառավարումը խրախուսելու տեսլականին։  Լանդշաֆտի մակարդակում կատարվող աշխատանքները թույլ կտան բազմակողմանի մոտեցում ցուցաբերել խնդիրների լուծմանը՝ ներառելով այլ ոլորտներ, ներգրավելով շահագրգիռ կողմեր եւ աշխատելով տարբեր մակարդակներում, ընդսմին անդրադառնալով հողերի դեգրադացման խորքային պատճառներին եւ պարենային անվտանգության հետ կապված մարտահրավերներին, եւ ոչ թե միայն դրանց դրսեւորումներին։ Աշխատաժողովից հետո մասնակիցների բարձրացրած հարցերը եւ առաջարկությունները կարտացոլվեն ծրագրի մեջ, որն, այնուհետ, կներկայացվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի վերջնական հաստատմանը։ Ծրագրի իրականացման աշխատանքները կհամակարգի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Սնուցող դիմակներ կիրառելիս մաքրեք դեմքի մաշկը

Սնուցող դիմակներ կիրառելիս մաքրեք դեմքի մաշկը
Կոսմետոլոգիայում դեմքի մաշկը համարվում է հայելի, որքան այն մաքուր պահպանեցիք, այնքան կարտացոլվի մաշկի իրական պատկերը։ Երբեմն, խնամքի համար նախատեսված տարատեսակ քսուքների ու դիմակների օգտագործումից դեմքը հոգնում է ու հակառակ ազդեցությունն ունենում։ Դրա համար կարևոր է, որ մինչ դրանց կիրառելը դեմքի մաշկը մաքուր լինի։ Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է մի քանի կարևոր քայլեր ու բաղադրիչներ, որոնց օգնությամբ ձեր դեմքն իսկապես կլինի մաքուր, իսկ սնուցող դիմակներն էլ ճիշտ կծառայեն իրենց նպատակին։ 1․ Համոզվե՛ք, որ դիմակները միշտ քսում եք մաքրված և շերտավորված մաշկին: Պիլինգը ոչ միայն կհեռացնի մեռած մաշկը, այլ նաև կբարձրացնի արյան շրջանառությունը, ինչը կբարելավի դիմակների արդյունքները: 2․ Համոզվե՛ք, որ դեմքի խնամքի համար ձեր պատրաստած զանգվածը լավ խառնել եք, որպեսզի այն հնարավորինս հարթ տարածվի դեմքի վրա և սնուցի մաշկը։ 3․ Համոզվե՛ք, որ բոլոր գործերն ավարտել եք, դիմակը քսելիս միտքը պետք է հանգիստ լինի։ Դիմակը քսելուց հետո հանգիստ տեղավորվեք բազմոցին, այն նախ կհանգստացնի և կօգնի լիցքաթափվել, ապա թույլ չի տա, որ դեմքից դիմակը սահի։ 4․ Որոշ մրգահյութեր չափազանց հեղուկ են պարունակում և դեմքին տարածելիս ձեր մաշկի վրա չեն մնա: Մածուկը խտացնելու համար կարող եք մրգերի միջուկին ավելացնել վարսակ: 5․ Դիմակը քսելուց հետո պետք է ծածկեք ինչպես դեմքը, այնպես էլ պարանոցը, քանի որ երկուսն էլ հավասարապես ենթարկվում են շրջակա միջավայրի ազդեցությանը: Բաղադրիչներ, որոնք սնուցող դիմակներն ավելի արդյունավետ կդարձնեն Մեղր - Խոնավեցնում է մաշկը և կանխարգելում պզուկների ի հայտ գալը: Կիտրոնի հյութ. Սպանում է մանրէները, նվազեցնում է բծերը, բարելավում է դեմքի գույնը և պայքարում պզուկների դեմ: Յոգուրտ - Հեռացնում է ավելորդ յուղը, պաշտպանում է մաշկը արևի վնասակար ճառագայթներից և  մաշկը դարձնում է հարթ ու փափուկ: Կաթ – Կաթը հիանալի մաքրող և խոնավեցնող նյութ է: Այն ուժեղացնում է մաշկի առաձգականությունը և բարելավում դեմքի գույնը: Կանաչ թեյ - Այն օգնում է թարմացնել դեմքի մաշկը:

Ողնաշարը չի ընդունում թեք դիրքեր․ համակարգչի առաջ ուղիղ նստեք․ խորհուրդ է տալիս կինեզիթերապևտը

Ողնաշարը չի ընդունում թեք դիրքեր․ համակարգչի առաջ ուղիղ նստեք․ խորհուրդ է տալիս կինեզիթերապևտը
Վերջին մեկ տարվա ընթացքում, հեռավար աշխատանքի շնորհիվ, օրվա մեծ մասն անցկացնում ենք համակարգչի առջև։ Նստակյաց կյանք վարելով, երբեմն ուշադրություն չենք դարձնում, որ դրանով վտանգում ենք մեր առողջությունը։ Կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանն Eco.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային փաստում է, որ նստակյաց կյանքի արդյունքում հիմնականում վնասվում է ողնաշարը․ «Ողնաշարին շարժ է պետք, այլապես այն «ժանգոտվում» է՝ բնությունն է այդպիսին։ Եթե երկար ժամանակ այն չի շարժվում արդեն առողջական խնդիրներ են առաջանում։ Ընդհուպ, բանը հասնում է մինչև վիրահատության։ Երբ ողնաշարն ակտիվ շարժվում է, ապա ավտոմատ ապահովվում է արյան ճիշտ շրջանառություն և մկանները չեն ենթարկվում ատրոֆիայի»,- ասում է կինեզիթերապևտն ու թվարկում նստակյաց կյանք վարելու հետևանքով ձեռք բերվող հիվանդությունները․ «Հիմնականում ավելանում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը։ Նստած ժամանակ ողնաշարի՝ հիմնականում գոտկային հատվածում ծանրաբեռնվածությունը 15 անգամ ավելի շատ է, քան այլ դիրքերում։ 1․ Նստակյաց ապրելակերպը հիմնականում բերում է ճարպակալման, իսկ արդեն  ավելորդ քաշն ազդում է ողնաշարի վրա։ 2․ Առաջանում է պարանոցային օստեոխոնդրոզ, որը հիմնականում ի հայտ է գալիս  համակարգչային աշխատողների մոտ։ Արդյունքում, վերին վերջույթներում ունենում են ցավ և թմրածություն, ցավ՝ պարանոցային հատվածներում, գլխացավեր, զարկերակային արյան ճնշման տատանումներ, տեսողության խախտում։ Կամ, երբ մարդը ոչ մի ֆիզիկական վարժություն չկատարելով, ունենում է ավելորդ քրտնարտադրություն։ 3․ Առաջանում են նաև կեցվածքի հետ կապված խնդիրներ, երբ պարանոցը գալիս է դեպի առաջ։ 4․ Նստակյաց դիրքը վտանգավոր է կրծքային հատվածի համար․ առաջանում է կիֆոզ՝ կուզ։ Այդ հատվածում կարող են առաջանալ նաև միջկողային նևրալգիաներ, տպավորություն ստեղծվի, թե սրտային կամ թոքային խնդիր է, բայց հիմնականում ցավը գալիս է ողնաշարի կրծքային հատվածից։ 5․ Ամենաշատը ծանրաբեռնվում է գոտկասրբանային հատվածը, ստորին վերջույթի հետ կապված առաջանում են խնդիրներ, ցավեր։ Գոտկային հատվածում զգում են թմրածություն, ոտքերի թուլություն, իսկ ճողվածքների դեպքում կարող է  լինել ոտքի անջատում՝ մկանների թուլություն, երբ ոտքը չի ենթարկվում»,- պարզաբանում է բժիշկը։ Ըստ մասնագետի, կա նստակյաց ապրելակերպի երկու տեսակ, երբ աշխատանքի բերումով մարդը ստիպված է օրն անցկացնում նստած, և երբ մարդիկ ալարում են շարժվել, տեղից վեր կենալ։ Երկուսի դեպքում էլ, Ա․ Նալբանդյանը խորհուրդ է տալիս յուրաքանչյուր ժամը մեկ շարժվել․ «Հարկ է յուրաքանչյուր ժամը մեկ վեր կենան, քայլեն, կատարեն թեթև վարժություններ, կամ ՝ գոտկատեղի պտույտներ, որպեսզի գոտկատեղի ռոտացիան շարժվի։ Կամ, գոնե նստած դիրքում ողնաշարը ոտքերի հետ կազմի 90 աստիճան, քանի որ ողնաշարը չի ընդունում թեք դիրքեր՝ կիսապառկած, կիսանտած, թեքված աջ կամ ձախ, հետ կամ առաջ։ Շատ հարմար է ու օգտակար, երբ նստած ժամանակ գոտկային հատվածի հետևի մասում, փոսիկի հատվածում, դնում են փոքրիկ բարձիկ, որպեսզի հենվեն և բնական ֆիզիոլոգիական տեսքով ծանրաբեռնվածությունն ավելի քիչ ընկնի ողնաշարի գոտկային հատվածի վրա»,- խորհուրդ է տալիս բժիշկը։ Զրուցակիցը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ օրվա 12 ժամն անցկացնում ենք նստած․ «Օրն ունի 24 ժամ, որից 8 ժամը քնում ենք, արթնանալուց հետո նստած սնվում ենք, հետո ավտոմեքենայով, երթուղայինով կամ տաքսիով գնում ենք աշխատանքի ու աշխատավայրում էլ ենք նստում։ Երեկոյան՝ ընկերների հետ գնում ենք հանդիպման սրճարանո, որտեղ կրկին նստում ենք։ Այսինքն՝ քնում ենք 8 ժամ, նստում՝ 12 ժամ, պետք է փոխել կյանքի ռեժիմը»,- ասում է բժիշկն ու պնդում, որ դրա համար կան շատ այլընտրանքային  միջոցներ։ Կարելի է հնարավորինս շատ քայլել, զբոսնել, ֆիզիկական վարժություններ կատարել, գնալ սպորտի, ֆիթնեսի, լողի։ Երբեմն, մարդիկ բժշկին դիմելու փոխարեն ականջալուր են լինում բարեկամի կամ հարևանի տնայնաբուժության մեթոդներին։ Կինեզիթերապևտն այդ հանգամանքից չի նեղսրտում, պարզապես փաստում է․ «Ոչ ավանդական բժշկության դեպքում էլ առողջությանը կարելի է մոտենալ գրագետ և ոչ գրագետ։ Ճիշտ է, հնուց եկել են ոչ ավանդական բժշկության մեթոդներ, որոնք շատ դեպքերում օգնում են և կարող են ծառայել որպես կանխարգելիչ մեթոդ։ Բայց, դեպքեր են լինում, որ ցավերի դեպքում, երբ հիվանդը գնում է այդ «մասնագետների» մոտ, վերջիններս օրինակ, տրորում են, ջարդում, քաշքշում, ինչ-որ փայտերով ծեծում են, կամ էլ՝ խմելու ինչ-որ թուրմեր են տալիս։ Երբեմն, գառան դմակ են դնում՝ ցավող հատվածը տաք պահելու համար։ Կամ, երբեմն գալիս են  խորհրդատվության, բժիշկը տեսնելով նրանց խնդիրները նշանակում է անում։ Հետո, պարզվում է, որ նույն նշանակումը նա խորհուրդ է տվել եղբորը, հարևանին, որը նրանց մոտ, օրինակ, առաջացնում է ալերգիկ ռեակցիաներ՝ օգնելու փոխարեն վնասում է»։ Այնուամենայնիվ, ըստ մասնագետի, հիմնականում նստակյաց ապրելակերպ են վարում IT ոլորտի աշխատողներն են։ Ճիշտ է, հիմա կան արդիական աթոռներ, որոնք մարմնի ֆիզիոլոգիական դիրքն են ընդունում, բայց բժիշկն ասում է, որ դա էլ փրկություն չէ։ Թիրախում են վարորդները, բժիշկները, ատամնաբույժները, ռադիոլոգ-սոնոգրաֆիստները։ Մասնագիտությունների ցուցակում են նաև սպորտսմեններն ու երաժիշտները։ «Շատ դեպքերում, երբ ծնողները երեխաների հետ գալիս են մեզ մոտ խորհրդատվության, խորհուրդ ենք տալիս օրինակ, իքս սպորտաձևով չզբաղվեն, մարզիչները մեզնից նեղանում են։ Բայց, երբ նկատում ես սկոլիոզ, ինչպե՞ս չզգուշացնես այդ մասին, որ լավ կլինի օրինակ մեծ կամ փոքր թենիս չպարապես, կամ էլ  պարապես գրագետ և ուշադիր։ Կամ, օրինակ, սկոլիոզ ունեցողներին երաժշտական գործիքներից կիթառը, ջութակը, անգամ դաշնամուրը երբեմն արգելվում է»,- զգուշացնում է մասնագետը։  

Գետի վարարում՝ Գեղարքունիքում. վնասվել է համայնքի կամուրջը

Գետի վարարում՝ Գեղարքունիքում. վնասվել է համայնքի կամուրջը
Գավառագետն սկիզբ է առնում Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքից: Արդեն մեկ շաբաթ է՝ գետը վարար է, իսկ ափամերձ տների բնակիչներն անհանգիստ՝ ամեն վայրկյան հնարավոր հեղեղումների սպասումով: Երեկվա վարարումների հետևանքով համայնքի համար կենսական նշանակություն ունեցող կամուրջն ամբողջությամբ փլվել է: Համայնքում ևս երկու կամուրջ կա, երկուսն էլ՝ վթարային: Դեռևս շահագործվում են, սակայն համայնքի բնակիչները մտավախություն ունեն՝ ևս այսպիսի մի վարարում և այդ կամուրջները նույնպես ջրի տակ կանցնեն:
Աշխատանքներ են տարվում վնասի չափերը հաշվարկելու և կամուրջի վերակառուցելու համար միջոցներ հայթհայթելու ուղղությամբ:

Պարը՝ առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչ

Պարը՝ առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչ
1982 թվականից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Պարի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ, ապրիլի 29-ը նշվում է, որպես Պարի միջազգային օր։ Պարը համընդհանուր լեզու է, որն առկա է բոլոր մշակույթներում ու հավասարապես օգտակար է ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան առողջությանը: Ֆիզիկական վարժություններն անհրաժեշտ են առողջ և հավասարակշռված ապրելակերպ վարելու համար։ Սակայն, մեր օրերում, հասարակության մեծամասնությունը մարզասրահներ հաճախելու կամ վազքի համար ոչ միշտ է ժամանակ գտնում։ Բայց, օրվա ընթացքում, ձեր նախընտրած ռիթմիկ երաժշտության ներքո, մոտ հինգից տասը րոպե ակտիվ պարելը կթոթափի հոգնածությունն ու կբարձրացնի տրամադրությունը, հետևապես կնպասի նաև առողջ ապրելակերպին։ Eco.am-ն իր ընթերցողների համար ուսումնասիրել է պարի ֆիզիկական և հոգեկան առողջության հետևանքներն ու օգտակարությունը։ 1.Պարն այրում է ճարպերը Պարը աերոբիկ վարժություն է, որը ոչ միայն բարելավում է արյան շրջանառությունը, այլև այրում է կալորիաները։ Նշանակում է, որ պարի միջոցով աստիճանապար ունենում ենք մարմնի ճարպի կորուստ: Պարն օգնում է բարելավել ինքնագնահատականը, ինչպես նաև էներգիայի մակարդակները՝ առօրյա կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար: Անկախ նրանից, դուք սալսա եք պարում, թե սահում եք դահլիճի հատակին, միևնույն է պարային վարժությունն անցանկալի կալորիաներն այրելու հեշտ և հաճելի միջոց են: Կես ժամ պարելը կարող է այրել 200-ից 400 կալորիա։ 2.Կարգավորում է արյան շրջանառությունը Այն բարելավում է արյան շրջանառությունը և թոքերի թողունակությունը, քանի որ մարմինը մարզող աերոբիկ վարժությունները նվազեցնում են սրտի կաթվածից տառապելու ռիսկը: Պարային վարժությունը վերահսկում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Եթե տառապում եք արյան բարձր ճնշումից, ապա պարելը կարող է լինել ձեր գլխավոր մարզումը: 3.Բարձրացնում է տրամադրությունը Մարմնի առողջությունից բացի կանոնավոր պարային վարժությունները նվազեցնում են մտավոր լարվածությունը, կանխում անհանգստության զգացողությունն ու սթրեսը։ Օգնում է կտրվել բացասական մտքերից ու ծանր հոգսերից։ Ավելին, ինքնամոռաց պարը բարձրացնում է ադրենալինը և արտադրում երջանկության էնդորֆիններ։ Բազմաթիվ ապացույցներ վկայում են, որ ֆիզիկական պարային վարժությունները ազդում են տրամադրության վրա: Պարն օգտագործվում է նաև որպես թերապիա։ 4.Ամրապնդում է անձնական հարաբերությունները Թեպետ, կարող եք միայնակ պարել, բայց քիչ չեն պարի տեսակները, որոնք հնարավորություն են տալիս շփվել այլ անձանց հետ։ Խորհուրդ է տրվում հաճախել պարի դասընթացների, որն անկախ ձեր մասնագիտությունից, պաշտոնից և դիրքից կօգնի հանդիպել, կապեր հաստատել և հաղորդակցվել նոր մարդկանց հետ։ 5․ Պարը բարելավում է մարմնի ճկունությունը Առողջ մարմինը ճկուն լինելու համար հոդերի և մկանների կարիք ունի, այդ հարցում  պարն իսկապես կարող է օգտակար լինել: Պարի ոճերի մեծ մասը ներառում է շարժում և ռիթմ, ինչը թույլ է տալիս մկանների հիմնական խմբերին ճկել և ճիշտ մշակել: Արդյունքում, պարողի մարմինը դառնում է ավելի ճարպիկ: 6․ Պարն օգնում է ունենալ ավելի ուժեղ ոսկորներ Եթե ցանկանում եք պահպանել և բարելավվել ձեր ոսկորների խտությունը, ապա պարը դրա լավագույն միջոցն է: Այն կարող է կանխարգելել ոսկրային խնդիրները, օրինակ՝ օստեոպորոզը։ Պարային վարժությունները նպաստում են, որ ոսկորներում ավելի շատ կալցի ներծծվի:  

ՇՄ նախարարի պաշտոնակատարն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին

ՇՄ նախարարի պաշտոնակատարն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի կառավարման մասնագետ, շրջակա միջավայրի հարցերով պատասխանատու Մարինա Վարդանյանին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  ԳԱՏՕ ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանին։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը։ Ողջունելով հյուրերին, նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել կատարված ահռելի աշխատանքի ու ոլորտին նվիրումի համար և մասնավորապես ընդգծել, որ առկա է փոխգործակցության  չիրացված ներուժ. պետք է անել հնարավորը դրա առավելագույն արդյունավետ օգտագործման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ԳԱՏՕ ծրագրի կողմից արդիականացված ջրային ռեսուրսների պետական կադաստրի, Արարատյան դաշտի ընտրված ձկնաբուծարաններում ստորերկրյա ջրառի փաստացի ծավալները առցանց մշտադիտարկելու  և  ջրօգտագործման թույլտվությունների հայտերը առցանց ներկայացնելու հարթակի գործարկման և տվյալների հասանելիության նպատակով շրջակա միջավայրի նախարարության մոտեցումները և որոշումները։ Անդրադարձ է կատարվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  ջրային ռեսուրսներին վերաբերող առաջիկա ծրագրերին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում իրականացրած աշխատանքների կարգավիճակին ծրագրի ավարտական փուլում։ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» հինգ տարի 10 ամիս տևողությամբ ծրագիրը, որի նպատակն է գիտական, տեխնոլոգիական, նորարարական նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով աջակցել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը և ջրօգտագործողների կողմից առաջադեմ փորձի կիրառմանը: Ծրագրի հիմնական նպատակն է Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների նվազեցումն ու կայուն վիճակի ապահովումը: Ծրագրի բյուջեն կազմում է՝ 5,591, 630 ԱՄՆ դոլար։ Վերոնշյալ նպատակներն իրագործելու համար ԳԱՏՕ ծրագիրը աշխատում է հետևյալ ուղղություններով.  ջրային ռեսուրսների վերաբերյալ տվյալներ, տեխնոլոգիաներ, իրավական դաշտի, իրավակիրարկման մեխանիզմների բարելավում,շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ ձևաչափում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։

Անձրևի կարևոր նշանակությունը

Անձրևի կարևոր նշանակությունը
Երբեմն, հատկապես հորդառատ անձրևից հետո, սիրում ենք վայելել թարմ օդը, սակայն, հազվադեպ ենք ուշադրություն դարձնում, թե անձրևն ինչ մեծ ազդեցություն ունի բնության վերարտադրողականության համար։ Բույսերի և կենդանիների մեծ բազմազանությունը գործնական դեր է խաղում` մեր մոլորակն առողջ պահելու գործում: Ջուրը, Երկրի ամենաարժեքավոր ռեսուրսներից մեկն է: Երկրի մակերեսի մեծ մասը ծածկված է ջրով, որից՝ միայն սակավ մասը կարող ենք օգտագործել խմելու համար։ Երկրի ջրի 97 տոկոսը աղի ծովի ջուրն է, որն անօգուտ է հողաբնակ բույսերի և կենդանիների մեծամասնության համար: Այդ պատճառով անձրևն ու ձյունը կարևոր նշանակություն ունեն Երկիր մոլորակի համար, քանի որ տեղումները նպաստում են ցամաքային կյանքին` առանց աղի ջրի: Տեղումները ցամաքին մատակարարում են անհրաժեշտ ջրով կա՛մ ուղղակի անձրևի տեսքով, որը թափվում է բույսերի աճող հողի վրա, կա՛մ անուղղակի՝ լճերի, առուների և լճակների տեսքով, որտեղից կենդանիները կարող են ջուր խմել: Կենդանիների և մարդկային բջիջների 90 տոկոսը բաղկացած են ջրից, ուստի առանց քաղցրահամ ջրի, կյանքի մեծ մասը չէր կարող գոյություն ունենալ: Անձրևաջրեր Անձրևաջրերը բույսերի համար խոնավություն ստանալու ամենաբնական միջոցն են: Ծորակի ջրին հաճախ ավելացվում է քիմիական նյութեր, քանի որ այն մաքրվում և վերամշակվում է մարդկային սպառման համար: Անձրևաջուրն ունի թթվածնի ավելի բարձր մակարդակ և զերծ է ծորակի ջրի մեջ հայտնաբերված վնասակար հանքանյութերից և հավելումներից: Անձրևաջրերը լցվում են ջրամբարները, որից բնակչության համար՝ մատակարարվում է խմելու ջուրը, ձկների համար՝ ապահովում է բնակավայր, իսկ հողը՝ սնուցվում է բուսականության համար անհրաժեշտ ջրով: Այնուամենայնիվ, անձրևաջուրը կարող է նաև բացասաբար ազդել Երկրի վրա, երբ այն առաջացնում է էրոզիա կամ, երբ այն ունի բարձր ջրածնային ցուցիչ (pH): Էրոզիա Անձրևաջրերի ազդեցությունը հողի մակերեսին կարող է հանգեցնել էրոզիայի: Երբ հողը տեղափոխվում է մի տեղից մյուսը, այն հիշատակվում է որպես էրոզիա: Հողի էրոզիան անհանգստացնում է ֆերմերներին, քանի որ արժեքավոր, սննդանյութերով հարուստ հողը լվացվում է անձրևաջրերից: Ոռոգում Ջուրը կազմում է խոտածածկ բույսերի հյուսվածքի 80-ից 95 և փայտային բուսական հյուսվածքի 50 տոկոսը: Բույսերի ջուրը օրվա ընթացքում կորչում է գոլորշիացման ձևով, և պետք է լրացվի: Բույսերը օգտագործում են հողի խոնավությունը` շնչառության միջոցով կորցրած ջուրը լրացնելու համար: Եթե հողում ջուր չկա, տերևները թառամում են: Անձրևաջրերը կլանում են հողի խոնավության մակարդակը և ապահովում առողջ բույս: Սննդարար նյութեր Անձրևաջրերի միջոցով հողը կլանում է սննդանյութեր ու օգտակար հանածոներ և բույսի գոյատևման համար դառնում պարարտ։ Այնուհետև, բույսի արմատները կլանում են այդ մասնիկները՝ դիֆուզիոն կոչվող գործընթացում: Թթվային անձրև Թթվային անձրևը տարածված է հրաբխի ժայթքումներից հետո, կամ՝ երբ ծծմբի երկօքսիդի, նաև ազոտի օքսիդների ավելցուկային քանակները բրածո վառելիքի այրումից օդ են դուրս գալիս։ Այս գազերը մթնոլորտում միաձուլվում են ջրի և թթվածնի հետ ու առաջացնում թթվային միացություն: Երբ այս բաղադրությունը թափվում է անձրևաջրի տեսքով, հողը կլանում է այն: Այս անձրևաջրի թթվային բնույթը լուծվում և հեռացնում է հողում պարունակող սննդանյութերը, ավելացնում բույսերի համար վնասակար օգտակար հանածոները: Թթվային անձրևի հաճախակի ազդեցությունը ոչնչացնում է բույսերը: Ստորերկրյա ջրեր Անհիշելի ժամանակներից մարդիկ ստորերկրյա ջրերը օգտագործել են ինչպես խմելու, այնպես էլ՝ բերքը ոռոգելու համար: Ստորերկրյա ջրերը նույնպես կարևոր դեր են խաղում Երկիր մոլորակի համար։ Դրանք հատկապես կարևոր են և անհրաժեշտ երաշտների ժամանակ, քանի որ աղբյուրները այդ ժամանակաշրջանում կարող են լինել առկա քաղցրահամ ջրի միակ աղբյուրը:  

Ինչպե՞ս քաղաքավարի խնդրել այլոց դիմակ դնել

Ինչպե՞ս քաղաքավարի խնդրել այլոց դիմակ դնել
Ընկերներին կամ ընտանիքի անդամներին դիմակ կրելու խնդրանքով դիմելը այնքան էլ հաճելի գործ չէ: Իսկ անծանոթներին նույն խնդրանքով դիմելը կարող է լուրջ մարտահրավեր լինել:  Մասնագետները խորհուրդ են տալիս հեռու մնալ այն անձանցից, որոնք չեն կրում կամ ինչպես հարկն է չեն կրում պաշտպանիչ դիմակներ:  Իրականում ոչ ոք չի սիրում, երբ իրեն ասում են՝ ինչ անել, այդ պատճառով էլ ամեն ինչ պետք է ասել մեղմ կերպով: Մեկի ցանկություններին ու նախասիրություններին բռնանալը չի երաշխավորում ձեր պահանջի կատարումը: Այս սկզբունքը գործում է ոչ միայն դիմակների պարագայում: Ռիսկի դիմադրելու փոխարեն խորհուրդ է տրվում խուսափել տվյալ անձից և պահպանել ապահով հեռավորություն՝ նախապես համոզվելով, որ ինչպես հարկն է կրում եք ձեր դիմակը: Այնուամենայնիվ, եթե անհնար է պահպանել հեռավորություն և դիմակ կրելու խնդրանքն անհրաժեշտ է բարձրաձայնել, դա պետք է անել չափազանց զգուշորեն: •    Եղեք քաղաքավարի և զուսպ •    Շեշտեք, որ դա մասնագետների պահանջն է •    Նշեք, որ դա նաև իր շահերից է բխում •    Խնդրեք տվյալ տարածքի (խանութի) համար պատասխանատու մեկին հնչեցնել պահանջը Եվ, ի վերջո, եթե դուք հայտնվել եք մի իրավիճակում, երբ չեք կարող վերահսկել ձեր շուրջը կատարվող ամեն ինչ, դուք դեռ ունեք ընտրություն՝ վերահսկելու ձեր սեփական գործողությունները: Երբ խանութում տեսնում եք, որ ինչ-որ մեկը դիմակը կրում է կզակի շուրջը, բարկանալու փոխարեն հեռացեք և խորը շնչեք: Ապա մի պահ ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչ կարող եք անել հենց հիմա՝ պաշտպանելու ձեզ և ձեր ընտանիքի անդամներին: Դուք կարող եք փոխել ձեր միտքը և պարզապես դուրս գալ խանութից: Աղբյուրը՝ Cleveland Clinic

Ինչպե՞ս ճիշտ սնվեն տարեցները

Ինչպե՞ս ճիշտ սնվեն տարեցները
Ամենօրյա սննդակարգը մեր առողջության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Սնունդը պետք է համընկնի կենսաբանական ռիթմերի հետ։ Սննդի ռեժիմի խախտման դեպքում խանգարվում են շատ ֆիզիոլոգիական  և կենսաբանական բարդ  մեխանիզմներ։ 55-66 տարեկանից անհրաժեշտ է ավելի խստությամբ  հետևել սննդի որոշակի նորմերի, որոնք անկասկած դրական ազդեցություն են թողնում առողջության վրա։ Տարեց հասակում էներգետիկ պահանջները անհամեմատ ցածր են։ Տարեց և ծեր հասակում սնունդը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին․ 1․ Օրաբաժնի մեջ պետք է մտնի նորմալ քանակությամբ սպիրտ՝ 75-100 գրամ (1 կգ մարմնի զանգվածին՝ միջինը 1 գրամ), հիմնականում կաթի և կաթնամթերքի, շաբաթական մինչև երեք ձվի և ոչ յուղալի մսի ներառման միջոցով։ 2․ Պետք է սահմանափակել աթերոսկլերոզի  և ճարպակալման զարգացմանը նախատրամադրող ճարպերի ընդունումը՝ օրական միջինը մինչև 50-70 գրամ կաթ, մսի և այլ սննդի մեջ պարունակող ճարպերի հետ միասին։ 3․ Սնունդը պետք է պարունակի նորմալ քանակությամբ կալցիում, ֆոսֆոր և երկարթ։ Խորհուրդ չի տրվում օգտագործել կալցիումով հարուստ սնունդ՝ զարկերակներում նրա ուժեղացված կուտակումից խուսափելու համար։ 4․ Երբեմն, ատամների բացակայության դեպքում, սնունդը դառնում է միատեսակ, որը կարող է հանգեցնել ծերունական սակավարյունության։ Նման դեպքերում ցանկալի է օգտագործել բանջարեղենի հյութ կամ փոշենման վիճակում երկաթ՝ միաժամանակ լուծված աղաթթվի հետ։ 5․ Սնունդը պետք է հարուստ լինի  B խմբի վիտամիններով և C վիտամինով, քանի որ նրանց բացակայության դեպքում կարող է զարգանալ լակտոֆլավինային ավիտամինոզ, որն ուղեկցվում է  լեզվի կարմրությամբ, աչքերի և մաշկի բորբոքային փոփոխություններով։   Խորհուրդ է տրվում օգտագործել հեղուկ սնունդ՝ օրական 0,5 լիտր, կաթի տեսքով, կաթնաշոռի, յուղալի պանիրների։ Ինչպես նաև միս, ձուկ, ձու, բանջարեղեն և մանրացրած մրգեր, մրգահյութեր, մեղր, բուսական սնունդ, լիարժեք թեփի հաց, կարտոֆիլ, ձավարներ։ Տարեց հասակում մարդիկ պետք է օգտագործեն մեծ քանակությամբ հում սնունդ։ Պետք է հատուկ ուշադրություն դարձնեն մարմնի զանգվածին, խուսափելով քաշի ավելացումից։ Արգելված է խոլեստերինով հարուստ կենդանական ճարպեր ուտելը։ Անհրաժեշտ է նվազեցնել օգտագործվող հացի և խմորեղենի, ինչպես նաև շատ կոպիտ սննդի քանակը։ Այնուամենայնիվ, անկախ տարիքից, ճիշտ սնվելու դեպքում կապրե՛ք առողջ և կլինե՛ք երկարակյաց։

Հայ-լիտվական 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների արտացոլանքը՝ Լոռու մարզում Լիտվական անտառ հիմնվեց

Հայ-լիտվական 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների արտացոլանքը՝ Լոռու մարզում Լիտվական անտառ հիմնվեց
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Աննա Մազմանյանը և մի շարք պաշտոնատար անձինք Լոռու մարզում տնկեցին հայ-լիտվական 30-ամյա դիվանագիտական հարաբերությունները խորհրդանշող Լիտվական անտառի առաջին տնկիները։ Լիտվայի Հանրապետությունը Եվրոպական Միությունից առաջին երկրներից մեկն էր, որ արձագանքեց ՀՀ կառավարության կոչին և միացավ «10 միլիոն ծառ» նախաձեռնությանը։ Նախաձեռնության շրջանակում Լիտվան շուրջ 10 հազար կեչու ծառ է  նվիրաբերել Հայաստանին։ Լիտվական անտառը հիմնվել է Լոռու մազում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում։ «Հայաստանի Հանրապետությանն ու Լիտվային միավորում են մշակութային ու քաղաքակրթական մի շարք ընդհանրություններ, որոնք լավագույն հենք են ապահովում մեր 30-ամյա կապերն ավելի ամրապնդելու, խորացնելու համար, ի մասնավորի  նաև բնապահպանական ոլորտում»,-իր ողջույնի խոսքում նշել է նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Լիտվայի Հանրապետության գործընկերներին,-ողջունում եմ Լիտվայի Հանրապետության կողմից «10 միլիոն ծառ» նախաձեռնությանը 10,000 կեչու նվիրաբերությունը. դա լավագույնն է արտահայտում վերաբերմունքը բնապահպանության և շրջակա միջավայրի կառավարման ոլորտի նկատմամբ։ Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության Կառավարությունը բնապահպանական մի շարք ծրագրերի իրականացման և կլիմայական օրակարգի առաջմղման բավականին հավակնոտ պատրաստակամություն է հայտնել, և ահա այս շրջանակներում այս տարի  հանրապետության ողջ տարածքում հսկայածավալ ծառատունկերի մեկնարկ է տրվել։ «10 միլիոն ծառ» նախաձեռնությունը հանրության համախմբումն է կլիմայական օրակարգի շուրջ։Շնորհակալություն այդ օրակարգի մի մասնիկը դառնալու համար»։ Լիտվայի Հանրապետության արտգործնախարարն իր խոսքում մեծ պատիվ է համարել Հայաստանում գտնվելը. «Մեր երկու երկրների միջև 30 տարի առաջ հյուսեցինք մեր համերաշխությունն ու բարեկամությունը և հիմք դրեցինք մեր հետագա համագործակցությանը։Այցելելով Հայաստան, համոզված եմ, որ 30 տարի առաջ մեր ցանած սերմը մեծացել և ընկերության ու բարեկամության ծառեր է դարձել։ Այդ առումով շատ խորհրդանշական է, որ մենք այսօր ծառ ենք տնկելու։ Ես համոզված եմ, որ 30 տարի անց, երբ հանդիպենք այստեղ՝ որպես  երկու  ժողովրդավարական ու քրիստոնյա երկիր, կքայլենք արդեն մեծացած ծառերի միջով և այն ժամանակ կունենանք  60 տարվա ընկերության ու համերաշխության ծառեր։ Սա նաև խորհրդանշում է, որ նույնիսկ ամենադժվար պահերին մենք նայում ենք դեպի ապագա. քանզի ծառ են տնկում այն երկները, որոնք հույս ունեն»։ Հանդիսավոր կերպով բացվել է Լիտվական անտառի ցուցատախտակը և տնկվել են առաջին ծառերը։