1982 թվականից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Պարի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ, ապրիլի 29-ը նշվում է, որպես Պարի միջազգային օր։ Պարը համընդհանուր լեզու է, որն առկա է բոլոր մշակույթներում ու հավասարապես օգտակար է ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան առողջությանը:
Ֆիզիկական վարժություններն անհրաժեշտ են առողջ և հավասարակշռված ապրելակերպ վարելու համար։ Սակայն, մեր օրերում, հասարակության մեծամասնությունը մարզասրահներ հաճախելու կամ վազքի համար ոչ միշտ է ժամանակ գտնում։ Բայց, օրվա ընթացքում, ձեր նախընտրած ռիթմիկ երաժշտության ներքո, մոտ հինգից տասը րոպե ակտիվ պարելը կթոթափի հոգնածությունն ու կբարձրացնի տրամադրությունը, հետևապես կնպասի նաև առողջ ապրելակերպին։
Eco.am-ն իր ընթերցողների համար ուսումնասիրել է պարի ֆիզիկական և հոգեկան առողջության հետևանքներն ու օգտակարությունը։
1.Պարն այրում է ճարպերը
Պարը աերոբիկ վարժություն է, որը ոչ միայն բարելավում է արյան շրջանառությունը, այլև այրում է կալորիաները։ Նշանակում է, որ պարի միջոցով աստիճանապար ունենում ենք մարմնի ճարպի կորուստ: Պարն օգնում է բարելավել ինքնագնահատականը, ինչպես նաև էներգիայի մակարդակները՝ առօրյա կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար:
Անկախ նրանից, դուք սալսա եք պարում, թե սահում եք դահլիճի հատակին, միևնույն է պարային վարժությունն անցանկալի կալորիաներն այրելու հեշտ և հաճելի միջոց են: Կես ժամ պարելը կարող է այրել 200-ից 400 կալորիա։
2.Կարգավորում է արյան շրջանառությունը
Այն բարելավում է արյան շրջանառությունը և թոքերի թողունակությունը, քանի որ մարմինը մարզող աերոբիկ վարժությունները նվազեցնում են սրտի կաթվածից տառապելու ռիսկը: Պարային վարժությունը վերահսկում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Եթե տառապում եք արյան բարձր ճնշումից, ապա պարելը կարող է լինել ձեր գլխավոր մարզումը:
3.Բարձրացնում է տրամադրությունը
Մարմնի առողջությունից բացի կանոնավոր պարային վարժությունները նվազեցնում են մտավոր լարվածությունը, կանխում անհանգստության զգացողությունն ու սթրեսը։ Օգնում է կտրվել բացասական մտքերից ու ծանր հոգսերից։ Ավելին, ինքնամոռաց պարը բարձրացնում է ադրենալինը և արտադրում երջանկության էնդորֆիններ։ Բազմաթիվ ապացույցներ վկայում են, որ ֆիզիկական պարային վարժությունները ազդում են տրամադրության վրա: Պարն օգտագործվում է նաև որպես թերապիա։
4.Ամրապնդում է անձնական հարաբերությունները
Թեպետ, կարող եք միայնակ պարել, բայց քիչ չեն պարի տեսակները, որոնք հնարավորություն են տալիս շփվել այլ անձանց հետ։ Խորհուրդ է տրվում հաճախել պարի դասընթացների, որն անկախ ձեր մասնագիտությունից, պաշտոնից և դիրքից կօգնի հանդիպել, կապեր հաստատել և հաղորդակցվել նոր մարդկանց հետ։
5․ Պարը բարելավում է մարմնի ճկունությունը
Առողջ մարմինը ճկուն լինելու համար հոդերի և մկանների կարիք ունի, այդ հարցում պարն իսկապես կարող է օգտակար լինել: Պարի ոճերի մեծ մասը ներառում է շարժում և ռիթմ, ինչը թույլ է տալիս մկանների հիմնական խմբերին ճկել և ճիշտ մշակել: Արդյունքում, պարողի մարմինը դառնում է ավելի ճարպիկ:
6․ Պարն օգնում է ունենալ ավելի ուժեղ ոսկորներ
Եթե ցանկանում եք պահպանել և բարելավվել ձեր ոսկորների խտությունը, ապա պարը դրա լավագույն միջոցն է: Այն կարող է կանխարգելել ոսկրային խնդիրները, օրինակ՝ օստեոպորոզը։ Պարային վարժությունները նպաստում են, որ ոսկորներում ավելի շատ կալցի ներծծվի:






Թողնել մեկնաբանություն