Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

#ԱրիԽնայենքԷներգիան սոցիալական արշավ Eco.am-ի կողմից

#ԱրիԽնայենքԷներգիան սոցիալական արշավ Eco.am-ի կողմից
Մենք սկսում ենք նոր նախագիծ՝ ուղղված էներգախնայողությանն ու բնապահպանությանը։ 4 ամիսների ընթացքում հանրային ճանաչում ունեցող մի շարք անձինք կկիսվեն մեզ հետ կենցաղում էներգիան խնայելու իրենց փորձով ու խորհուրդներով։ Նախագծին աջակցում է ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ  ընկերությունը։ Շարքը սկսում ենք հեռուստահաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի հետ: Հաղորդավարուհին խորհուրդ է տալիս սմարթֆոնը լիցքավորելիս կիրառել «ինքնաթիռի ռեժիմ»-ը։ Լիցքավորման ընթացքում միացրո՛ւ հեռախոսի «ինքնաթիռի ռեժիմ»-ը, որպեսզի այդ ընթացքում սարքը չսպառի էներգիա՝ փորձելով միանալ բջջային կապին, GPS-ին, կամ փնտրել հնարավոր WiFi միացումներ: Երբ ինքնաթիռի ռեժիմի եք անցնում, ձեր հեռախոսն ավելի արագ է լիցքավորվում: Այս հնարքը նաև երկարացնում է հեռախոսի «կյանքի տևողությունը»։ Էներգախնայողության ի՞նչ միջոցներ գիտես։ Դու էլ կիսվիր մեզ հետ քո իմացած հնարքներով՝ օգտագործելով #ԱրիԽնայենքԷներգիան հեշթեգը։

Որքան ջուր կխնայեն փականով ցայտաղբյուրները. լրագրողական հետազոտություն

Որքան ջուր կխնայեն փականով ցայտաղբյուրները. լրագրողական հետազոտություն
«Ջուրը կյանք է» երևանյան ցայտաղբյուրից ծարավը հագեցնելուց հետո գոհ ու ժպտադեմ ասում է յուրաքանչյուր անցորդ, կլինի համաքաղաքացի, թե՝ զբոսաշրջիկ։ Հայաստանում մաքուր աղբյուրներից բխող ջուրը համարվում է աշխարհում ամենահամեղ և ամենամաքուր ջրերից մեկը, որն առանց ֆիլտրելու ու առողջությանը վնասելու` կարելի է խմել հենց ծորակից։ Ջուրը ոչ միայն կյանք է, այլև բնության պարգև, որը պետք է խնայողաբար օգտագործել, քանի որ խմելու ջրի պաշարներն աշխարհում անսպառ չեն։ Այս ահազանգը հատկապես պետք է մտահոգի հայաստանցիներիս` այն դեպքում, երբ ունենք որակյալ, քաղցրահամ ու մաքուր խմելու ջուր, համաձայնեք՝ այն յուրաքանչյուրս էլ անխնա ենք սպառում։ Դրանց մեծ մասը՝ մշտահոս ցայտաղբյուրների դեպքում է կորուստ տալիս։ Իհարկե, անժխտելի է այն փաստը, որ ցայտաղբյուրները վաղուց դարձել են մեր երկրի խորհրդանիշներից մեկը և հանդիսանում են հայկական մշակույթի կարևոր մաս։ Աշխարհի որևէ երկրում չես հանդիպի նման հյուրընկալության, որ ամեն քայլափոխի նախ անվճար, ապա առանց առողջությանդ վնաս հասցնելու հագեցնես ծարավդ՝ ցայտաղբյուրներից հոսող քաղցրահամ ու որակյալ ջրով։ Սակայն, հայի բնավորությանը համաձայն, պարծենում ենք ցայտաղբյուրների դրական կողմերով` հաշվի չառնելով հատուցած վնասները։ Ջրախնայող ցայտաղբյուրներ Ըստ փորձագիտական գնահատականների, կլիմայի տաքացման և տեղումների նվազման հետևանքով, 2030-2040 թվականներին Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25 տոկոսով։ Ընթացքում տեղի կունենա նաև ջրի սպառման ծավալների ավելացում։ Այդ ամենը հաշվի առնելով` 2018 թվականին ՀՀ կառավարության կողմից առաջարկվեց, ջրի սպառումը խնայելու համար մայրաքաղաքի ցայտաղբյուրները դարձնել կարգավորվող՝ փականներով կամ կոճակի սեղմումով։ Ջրաբանների հաշվարկներով՝ միջին ճնշմամբ և թողունակությամբ ցայտաղբյուրն օրական ծախսում է 3-5 խորանարդ մետր ջուր։ Իսկ այս նորամուծության շնորհիվ ծախսը նվազում է գրեթե 10 անգամ։ Ակնհայտ է, որ համակարգի ներդրման դեպքում ջրի տնտեսումն առավել քան շուշափելի է, բայց փաստ է, որ նախագիծն իրագործվեց որպես պիլոտային ծրագիր և ամեն ինչ այդքանով ավարտվեց։ Ինչու է հանրությունը դեմ ջուր խնայող ցայտաղբյուրներին Հանրապետության տարբեր քաղաքներում, և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում ECO.am մեդիա հարթակի կատարած սոց հարցումների արդյունքում պարզվեց, որ հանրության 65%-ը դեմ է ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելուն, պնդելով, որ մեր երկրի ջրի կորուստները թող կառավարությունն այլ տեղեր փնտրի ու համաքաղաքացիներին չզրկի սառը ջրից։ Միայն 23%-ն է գտնում, որ պետք է խնայել ջրի պաշարները՝ փականով ցայտաղբյուրների միջոցով։ Իսկ 6% կողմ է խնայողությանը, սակայն՝ ցանկանում է սառը ջուր խմել ցայտաղբյուրից։ 3%-ը գտնում է, որ չարժե ջուրը խնայելու համար մեր քաղաքի սիմվոլը դարձած հուշարձան-ցայտաղբյուրները «ապականել»՝ փականներով։ Պարզվեց, հանրության 3%-ն անտարբեր է և՛ ջրի խնայողության հարցում, և՛ ընդհանրապես գործող ցայտաղբյուրների գոյության համար` գերադասելով խանութից ֆիլտրած ջուր գնելու մեթոդը։ Ջրի խնայողությունն ու պատկան մարմինները «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսի պահպանության տեսանկյունից, փականներով ցայտաղբյուրները, որպես երևույթ, արդյունավետ և ջրախնայողությանն ուղղված միջոցառում է»,- ECO.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը։ Նրա դիտարկմամբ, իրականացված պիլոտային ծրագիրը ցանկալի է, որ շարունակական բնույթ կրի և դրա համար «Վեոլիա ջուրը» պետք է միջոցներ ձեռնարկի․ «Մեր սահմանադրական պահանջն է, որ սերունդներին փոխանցենք  մաքուր շրջակա միջավայր, հատկապես՝ մաքուր ջուր։ Ուստի` կուզենայի, որ իրականացված պիլոտային ծրագիրը «Վեոլիա ջուրը» շարունակեր իրականացնել, քանի որ ցայտաղբյուրների վրա տեղադրված փականներն, իրոք, բավական օգուտ կտան՝ խմելու ջուրը խնայողաբար օգտագործելու համար։ Միանշանակ, մենք լավ ջուր ունենք, բայց եթե չշարունակենք խնայողաբար օգտագործել, մի օր անպայման կսպառվի։ Տեսեք, ներկայումս Արարատյան դաշտավայրում մեր ստորերկրյա ավազանը բավականին ցածր մակարդակում է գտնվում, որովհետեւ խմելու քաղցրահամ ջուրը օգտագործվել է տնտեսական նպատակներով, մասնավորապես՝ ձկնաբուծության մեջ»։ Մեր այն դիտարկմանը, թե համաքաղաքացիների մեծամասնությունը չի համակերպվում այդ երևույթի հետ` պնդելով, թե փականներով ցայտաղբյուրներում ջուրը տաքանում է, կորցնում սառնորակ աղբյուրի համը, նախարարության ջրային քաղաքականության վարչության պետն ասաց․ «Կսովորեն, ժամանակի ընթացքում կհասկանան, որ դա ավելի ճիշտ ու արդյունավետ մեթոդ է, և կգիտակցեն, որ հատկապես խմելու ջուրը, անսպառ չէ,- ապա համեմատական կարգով` շեշտեց․ «Դա նույնն է, որ իրենց բնակարաններում ծորակն անընդհատ բաց թողնեն նկատի ունենալով, որ եթե ջուրը բաց չի, ուրեմն` տաք է կամ խողովակներից համ է գալիս։ Բոլոր նորամուծությունների ժամանակ էլ  քաղաքացիների տեսակետներն ու մոտեցումները տարբեր են լինում, ընդամենը սովորելու խնդիր է: Միանշանակ հանրության գիտակցությունը բարձրացնելը առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ իր կողմից արված գործողությունը, թեկուզ աննշան, բայց արդյունքում ավելի մեծ ծավալ է գոյանում։ Եթե քաղաքացին չցանկացավ, այլ կարծիք ունեցավ, ինչ ուզում ես, ինչպես ուզում ես բացատրիր, կվարվի այնպես, ինչպես մինչև հիմա է վարվել»։ Երբ հետաքրքրվեցինք, թե Շրջակա միջավայրի նախարարությունն ի՞նչ է անում, որպեսզի հանրության գիտակցությունը բարձրացնի՝ ջրի խնայողության ուղղությամբ, Լ․ Աբրահմյանը շեշտեց, որ պարբերաբար իրազեկման գործընթաց է իրականացվում․«Նախարարությունը տարբեր տարիներին, տարբեր ծրագրերի շրջանակում պարբերաբար իրազեկման գործընթաց է իրականցնում, նույնիսկ՝ էկոլոգիական դաստիարակության առումով՝ մանկապարտեզներում, դպրոցներում»։ «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պատասխանատու Մուրադ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում պնդեց, որ պայմանագրով սահմանված ցայտաղբյուրներն իրենց ընկերության գործառույթի մեջ չեն մտնում․ «Մենք հանդիսանում ենք Հայաստանի ջրային համակարգերի վարձակալ։ Վարձակալության պայմանագրում միայն մի տող կա, որով պարտավորվում ենք, մինչև 2017 թվականի հունվարի 1-ը գործող ցայտաղբյուրներին ջուր ապահովել, իսկ սպառած ջրի ծավալները՝ մեր վրայից դուրս է գալիս»։ Այսինքն, մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղադրված ցայտաղբյուրների համար է միայն «Վեոլա ջուրն» անվճար ջուր մատակարարում, իսկ դրանից հետո նոր տեղադրված բոլոր ցայտաղբյուրները ջրաչափերով են, որոնց ծախսերը հոգում են տեղադրող սեփականատերերն ու անհատները։ «2017-ից հետո տեղադրված նոր ցայտաղբյուրները կառուցվում են միայն տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվությամբ և պետք է ունենան, այսպես ասած, տեր, որն անձամբ ջրաչափ կդնի և կվճարի սպառած ջրի դիմաց»,- ասում է Մուրադ Սարգսյանն ու անդրադառնալով ցայտաղբյուրներին փականներ տեղադրելու ՀՀ կառավարության առաջարկած ծրագրին` ընդգծում է, որ սա ընդամենը փորձնական ծրագիր էր, որն իրենք հաջողությամբ են իրականացրել։ «Չունենալով պարտավորություններ «Վեոլիա ջուրը» դժվարությամբ գտավ 50 փական, որովհետև այդ մշակույթը դեռ ձևավորված չէր ու շուկայում էլ չկար նման փական։ Ամեն դեպքում, գտանք, տեղադրեցինք Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում»,- պատմում է «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պատասխանատուն և թվարկում տեղադրման ընթացքում հանդիպած դժվարությունները, որոնցից ամենաբարդը հենց հանրային ընկալումն է եղել, ապա նոր՝ փականների համար չնախատեսված ցայտաղբյուրների խողովակները։ «Մեր ցայտաղբյուրները նախատեսված չեն փականներ տեղադրելու համար, պարզապես մի խողովակ է, որը դուրս է գալիս քարի միջից և ջուրը շատրվանում է։ Արդյունքում, ցայտաղբյուրների խողովակների վրա փականներ տեղադրելը շատ բարդ գործ դուրս եկավ։ Շատ դեպքերում խողովակները փթած են ու պետք է փոխվեն, իսկ ողջ տարածքը բետոնապատված է, հետևաբար պետք է ցայտաղբյուրը դեմոնտաժ անենք ու զրոյից կառուցենք՝ փողոցի ջրագծից նոր մետաղական խողովակ բերենք, վրան փական տեղադրենք, որպեսզի ծառայի իր նպատակին։ Ցայտաղբյուրը կառուցելուց հետո էլ պիտի բետոնապատենք տարածքը, իսկ հետո արդեն մտածենք ջրի արտահոսքի մասին։ Ամեն դեպքում, խնդիրը տեսանք  ողջ խորությամբ ու կարողացանք լուծել որոշ չափով։ Այդ ամենն արեցինք զուտ էնտուզիազմով, քանի որ շահագործման տարածքում ընդամենը մի բրիգադ էր աշխատում՝ 5-6 բանվոր, որոնք այդ աշխատանքին զուգահեռ նաև ջրամատակարարման վթար էին նորոգում։ Մենք հաստիքներ չունենք, որ, օրինակ, բանվորների այդ խումբը զբաղվի միայն ցայտաղբյուրների վրա փական տեղադրելով ու նորոգելով, քանի որ մեր ընկերության ֆունկցիան փողոցային ջրագծերը սպասարկելն է, մենք չունենք աշխատուժ, գործիքներ, մատակարարում, տեխնիկա»,- ջանում է իրավիճակը բացատրել մեր զրուցակիցն ու համեմատական անցկացնելով փաստում,  որ դրանք անլուծելի են թվում, երբ բախվում ես հանրային կոշտ ընկալմանն ու արձագանքին։ «Փականներ տեղադրած ցայտաղբյուրների 90 տոկոսն այլևս փականներով չի գործում, քանի որ համաքաղաքացիները հանել են վրայից։  Փականները տեղադրելիս շատերն ասացին հրաշալի է, կխնայենք մեր երկրի ջրի պաշարները, բայց, հավատացնում եմ` կրկնակի անգամ շատ բացասական արձագանքների ենք հանդիպել։ Մասնավորապես` ասում էին, որ մեր ջուրը լավն է, քաղցրահամ է ու մաքուր` մշտապես հոսելու շնորհիվ։ Փաստն այն է, որ հանրության զգալի մասը դեմ է փականներ տեղադրելուն, ընդ որում` բավականին ագրեսիվ տրամադրված։ Նրանց թվում է, թե հատուկ ենք անում, որպեսզի զրկենք ջրից։ Աբսուրդ է, բայց հանրության ագրեսիվ հարձակման էին ենթարկվում մեր աշխատակիցները, որոնց վրա  հորդուբորդ էին գալիս, թե գնացեք ձեր ջրի կորուստները այլ տեղում փնտրեք ու ցայտաղբյուրներին հանգիստ թողեք․․․»,- մեջբերում է Մ․ Սարգսյանն ու ևս մեկ անգամ պնդում, որ ծրագիրն իրականացնելուց առաջ անպայման պետք է հանրային կարծիքի հետ հաշվի նստել, իրազեկել, բացատրել։ Ըստ նրա, ագրեսիվ մեծամասնությունն իր քանակով ազդում է որակյալ փոքրամասնության հոգեբանության վրա․ «2000 ականների սկզբից հարցը միշտ էլ բարձրացվել է, բայց քանի որ մեծ մասը դեմ էր հարցն այդպես էլ մնաց»,- մտաբերեց զրուցակիցը։ Այնուամենայնիվ, նրա դիտարկմամբ կան վայրեր, որ բնակիչները սրտացավ  մոտենալով լուծում են գտել՝ «բաք» տեղադրելով․ «Այնպես են արել, որ ծորակի ջուրը լցվում է  «բաքի» մեջ, իսկ հետո պոմպ են միացնում ու ջրում շենքի տարածքում եղած գազոնները։ Ինչ կարող ես ասել կիրթ հասարակության դեպքում, երբ մտածում են ջուրը  խնայելու մասին»,- ասում է զրուցակիցն ու հավելում, որ ինդիվիդուալ մոտեցում պիտի լինի․ «Օրինակ, քաղաքում կան ցայտաղբյուրներ, որոնց վրա քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ են փականներ տեղադրել։ Կամ, գիտեմ մարդիկ, որոնք ի հիշատակ հարազատի ցայտաղբյուր են կառուցել, ջրաչափ են տեղադրել ու վճարում են սպառած ջրի դիմաց։ Սա գեղեցիկ երևույթ է, որ տեր են կանգնում իրենց տեղադրած ցայտաղբյուրին։ Դրա կողքին էլ կան նույն սկզբունքով տեղադրած ցայտաղբյուրներ, որոնք անտերության են մատնված ու որոշ ժամանակ անց շարքից դուրս են գալիս»,- ցավով արձանագրում է «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պատասխանատու Մուրադ Սարգսյանը։ Բնապահպան Սիլվա Ադամյանը ECO.am-ի հետ զրույցում բերելով արտերկրի օրինակը, թե ինչ լուրջ ու խնայողաբար են վերաբերվում խմելու ջրի խնդրին` ընդգծեց, որ Հայաստանն ունենալով խմելու մաքուր ջրի առատ պաշարներ, խնայողաբար չի օգտագործում այն։ Նրա դիտարկմամբ, անգամ Հայաստանի Հանրապետությունը մաքուր խմելու ջրով ապահովող կազմակերպություններն են բարձրաձայնում, որ խմելու ջրուրը, որը ստանում ենք մաքուր աղբյուրներից, 80%-ը ճանապարհին կորչում է, որովհետև մեր մատակարարման համակարգը շատ վատ վիճակում է։ «Ցայտաղբյուրները, որոնք մաքուր ջուր են պարունակում, ողջ օրվա ընթացքում հոսում են անընդհատ, որպեսզի անցորդները կարողանան հագեցնել ծարավը։  Հայաստանի համար այն շատ ավանդական սովորույթ է։ Սովետական միության օրոք, Երևան քաղաքի դեմքը, պատկերը հենց այդ ցայտաղբյուրներն էին։ Համամիտ եմ, շատ գեղեցիկ է, հրաշալի է, սմիվոլիկ է Հայաստանի համար, բայց, որպես բնապահպան, կարծում եմ` այո, ցայտաղբյուրները պետք է մնան, բայց խնայողաբար է պետք օգտագործել խմելու ջուրը։ Ճիշտ եմ գտնում, որ ցայտաղբյուրներն ունենան փականներ, որպեսզի անընդհատ չհոսի, այլ ցանկության դեպքում փականը սեղմեն կամ բացեն, օգտագործելուց հետո էլ անպայման փակեն»,-շեշտում է բնապահպանն ու դեմ արտահայտվողներին հիշեցնում, որ Հայաստանում ունենք վայրեր, որտեղ կարոտ են մաքուր ջրի գոյությանը․ «Բազմիցս զանգեր ու նամակներ եմ ստանում, թե որպես բնապահպան ահազանգեք՝ Նորքի այսինչ զանգվածում կամ այսինչ գյուղում օրերով ջուր չկա։ Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է մի ամբողջ օր ցայտաղբյուրից ջուր հոսել, իսկ իրենք ջրի կարոտ լինեն։ Դրա համար պետք է խնայողաբար օգտագործել ջուրը, որպեսզի խնդիրն ավելի չբարդանա։ Խնդրի լրջությունը պետք է ընկալենք, այդ մասին ջրաբաններն ու ջրագետներն անընդհատ խոսում են։ Եվ իրողություն է, որ մենք ջրային համակարգի հետ խնդիր ունենք։ Այս առումով պետք է սահմանափակենք ցայտաղբյուրների ջուրը՝ փականների գոյությամբ»։ Անդրադառնալով հանրության ագրեսիվ արձագանքին, Ս․ Ադամյանը շեշտեց, որ այստեղ առաջին հերթին անելիք ունեն պետական մարմինները, որոնք պետք է լուրջ աշխատանք տանեն հասարակության հետ։ «Պետք է լինեն ազդեցիկ գովազդային հոլովակներ, գովազդային պաստառներ։ Շատ հասարակական կազմակերպություններ էլ կան, որ զբաղվում են ջրային խնդիրներով, որոնք կարծում եմ` կարող են հանրության հետ աշխատել, բացատրել, թե ինչու են այդ փականները դրվում»,- առաջարկում է բնապահպանն ու հավելում․ «Հասկանում եմ, որ փակ ցայտաղբյուրի դեպքում ջրի համի կորուստ է լինում, բայց որքանո՞վ է այն համեմատելի ջրի կորուստների հետ։ Օրվա ընթացքում մի քանի լիտր ջուր կարող է կորչել միայն նրա համար, որ անցորդը ջուրը խմի սառնորակ և զգա հայաստանյան ջրի համը։ Համեմատական անցկացնելու դեպքում` կհասկանան, որ պետք չէ նման զոհողությունների գնալ»,- եզրափակեց բնապահպան Սիլվա Ադամյանը։ [gallery link="file" size="medium" ids="6270,6272,6271"] Ինչպես և ում շնորհիվ ի հայտ եկան ցայտաղբյուրները Հայաստանը հարուստ է ցայտաղբյուրներով, որոնք Երևանում ի հայտ են եկել 1920-ական թվականներին՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի շնորհիվ։ Մինչ այդ Երևանը եղել է անապատ։ Ասում են, երբ ճարտարապետը, որի անմիջական վերահսկողությամբ է կառուցվել քաղաքը, շինարարության ընթացքին հետևելու համար ամեն օր շրջել է Երևանով ու ցուցումներ տվել բանվորներին, ճանապարհին, ծարավը հագեցնելու համար փողոցում կժերով շրջող մանկահասակ երեխաներից ջուր է գնել։ Ամեն անգամ ջուր գնելիս Թամանյանի հեղինակած հատակագծի վրա ավելացել են կապույտ կետերը, որն էլ խորհրդանշել է կառուցվելիք քաղաքի ապագա ցայտաղբյուրները։ Արդյունքում, այսօր Հայաստանի բոլոր մարզերում ունենք մշտահոս ցայտաղբյուրներ։ Որքան ցայտաղբյուր կա Հայաստանում Ըստ «Վեոլիա ջուր» ընկերության կատարած գույքագրման, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանում կա 4791 ցայտաղբյուր։ Իսկ մի քանի ծորակ ունեցող ցայտաղբյուրների դեպքում, ընդհանուր առմամբ Հայաստանում կա 5177 ելքով 4791 ցայտաղբյուր, այդ թվում` միայն Երևանում՝ 2507-ը։ Այդ ցայտաղբյուրները տեղադրված են քաղաքի տարբեր վայրերում՝ կենտրոնական մասերում, շենքերի բակային տարածքներում, փողոցներում և այլն։ Նրանց մի մասը՝  տարբեր առիթներով են կառուցված, տարբեր անձանց ու կազմակերպությունների կողմից։ Որքան ջուր են սպառում երևանյան մշտահոս ցայտաղբյուրը Ներկայումս Երևանի ցայտաղբյուրների գերակշռող մեծամասնությունը կարգավորվող չէ, ինչը հանգեցնում է ջրի անխնա կորստի: Դրանք տարեկան սպառում են մոտավորապես 8,5 միլիոն խորանարդ մետր ջուր։ Մոտավոր հաշվարկներով` Երևան քաղաքում տեղադրված 2000-ից ավելի ցայտաղբյուրներից միջինում ցայտում է 1 խմ ջուր՝ 3 րոպեի ընթացքում, մեկ օրում` մոտավոր 500 խմ: Բոլորը միասին մեկ օրում բաց են թողնում մոտավոր 1000000 խմ ջուր: Տարվա ընթացքում ցայտաղբյուրները 7-8 ամիս են գործում, դրանք միասին տարեկան բաց են թողնում 240 միլիոն խմ ջուր: Հաշվի առնելով ցայտաղբյուրների միջին ՕԳԳ-ն՝ օրվա ընթացքում, երբ մարդիկ իրականում օգտվում են, կենտրոնում կազմում է մոտ 30%, հետևաբար՝ կորոստը կազմում է մոտավոր 70%: Տարվա կտրվածքով՝ Երևանի ցայտաղբյուրները կորցնում են մոտավոր 170 միլիոն խմ ջուր։ Իրազեկում՝ Միջազգային փորձ Եվրոպական շատ երկրներ վաղուց կիրառում են նոր սերնդի ջրախնայող ցայտաղբյուրներ, դրանք կոչվում են ջրի կանգառներ, որոնք ընդամենը կոճակի մեկ սեղմումով ապահովում են երկու գործողություն․ծարավը հագեցնելու դեպքում, ամառ թե ձմեռ, մատակարարում է ֆիլտրված սառը ջուր (խմելու համար նախատեսված սովորական ջերմաստիճանով՝ 15-18), և ամռան շոգից զովանալու համար՝ ջուր է ցողում։ Վերոնշյալ ցայտաղբյուրների մի մասն աշխատում է նաև արևային էներգիայով և հանրությանն անվճար ապահովում է ֆիլտրված սառը խմելու ջուր։ Իսկ ձմռանն էլ՝ պահպանվում է ջրի խմելու համար նախատեսված ջերմաստիճանը և ամենակարևորը, չի սառչում ցայտաղբյուրի խողովակները և ավելորդ անհարմարություններ ու խնդիրներ չի առաջացնում, ինչպես սովորական՝ մշտահոս ցայտաղբյուրների դեպքում։ Մեր երկրի պատկան մարմիններին առաջարկում ենք ուսումնասիրել և կիրառել վերոնշյալ եվրոպական փորձը, որը հնարավորություն կտա միաժամանակ և՛ խնայել ջրի պաշարները, և՛ բավարարել հանրության պահանջները՝ մատակարարելով ֆիլտրված, խմելու համար նախատեսված սառը ջուր, և՛ միաժամանակ այդ ամենը գործարկել անվճար՝ օգտագործելով մեր երկրի հարուստ արևային էներգիան։ Իհարկե, գուցե մեզ նման երկրի համար, որտեղ կան բազում սոցիալական առաջնահերթ խնդիրներ, թանկ հաճույք է եվրոպական փորձը կիրառել մեզ մոտ, բայց հաշվի առնենք, որ նախ այն երկար ժամանակ կծառայի հանրությանը և կխնայի մեր երկրի ջրային պաշարները։ Eco.am-ը, վերոնշյալ հոդվածի պատրաստման ընթացքում, խորությամբ ուսումնասիրելով, չբավարարվեց միայն խնդիրը հոդվածի տեսքով բարձրաձայնելու տարբերակին, այլ անցավ գործնական քայլերի։ Eco.am մեդիա հարթակի խմբագրակազմը կառուցողական առաջարկով դիմեց հայկական արևային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններից մեկին, նախագիծ մշակել՝ արևային նոր սերնդի ցայտաղբյուրների հայկական տարբերակը ստեղծելու ուղղությամբ, որոնք զինված կլինեն նորագույն տեխնոլոգիաներով։ Հայկական արևային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններից մեկի գլխավոր ինժեներ Ներսես Հակոբյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց․ «Ձեր առաջարկած գաղափարը լիովին հնարավոր է իրականություն դարձնել, քանի որ այսօր Հայաստանում նման ցայտաղբյուր ստեղծելու համար բոլոր նախադրյալները կան»։ Ներսես Հակոբյանի հետ փորձեցինք ստանալ նմանատիպ ցայտաղբյուրի եռաչափ մոդելավորումը, որպեսզի հասկանանք մեկ նմանատիպ ցայտաղբյուր ունենալու մոտավոր արժեքը։ Այն կազմեց 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը ցայտաղբյուր լինելուց բացի, հնարավորություն կտա համաքաղաքացիներին լիցքավորել իրենց սմարթֆոնները, իսկ երեկոյան և գիշերային ժամերին, կլուսավորվի տարածքը։ Ժամանակակից սմարթ ցայտաղբյուրները կունենան նաև կենդանիների համար նախատեսված հասանելի հատված։ Այսինքն, ոչ թե, ինչպես այսօր, համաքաղաքացիները ցայտաղբյուրներից կօգտվենք կենդանիներին զուգահեռ, այլ՝ առանձնացված ցայտաղբյուրներով։ Խոստովանենք, որ հաճախ ենք առնչվել նման խնդրի հետ, երբ, օրինակ, շունը կամ կատուն ցատկում են ցայտաղբյուրի վրա՝ ծարավը հագեցնելու, իսկ մենք հակահիգենիկ տեսարանից գերադասում ենք ծարավ մնալ, քան՝ կենդանու հետ խմել նույն ցայտաղբյուրից։ Իհարկե, ոմանք խմում են, հատկապես կենդանասերները՝  հաշվի չառնելով, որ նախ այն կարող է կենդանուց մարդուն փոխանցվող հիվանդության պատճառ դառնալ և հետո՝ համաձայնեք, որ նման տեսարանը ոչ միայն հակահիգենիկ է, այլ նաև տգեղ՝ էսթետիկ առումով։ Արևի էներգիայով աշխատող այս սմարթ ցայտաղբյուրը կապահովվի սառնորակ և ֆիլտրված մաքուր ջուր՝ տարվա բոլոր եղանակներին։ Ինչպես նաև կունենա գովազդային կամ տեղեկատվական վահանակներ տեղադրելու հնարավորություն։ Հենց այդ վահանակներն էլ կարող են դառնալ սմարթ ցայտաղբյուրների «հովանավորը»՝ այսինքն, նրանց վճարված գումարներով ոչ միայն կտեղադրվի, այլ նաև հետագայում կհոգա սմարթ ցայտաղբյուրի խնամքի համար առաջացած ծախսերը։     [gallery size="large" columns="2" link="file" ids="6291,6290"] Եզրակացություն Վերոնշյալ հոդվածի նպատակն է ներկայացնելու այս խնդրի իրական պատկերը։ Այժմ, խնդիրն ավելի խորությամբ ուսումնասիրելով եկանք այն եզրահանգման, որ Հայաստանում ջրախնայող փականներով ցայտաղբյուրների տեղադրմանը հանրությունը բացասական վերաբերմունք ունի, իսկ պատկան մարմինները՝ հակված են խնդրի կարգավորման խնայող տարբերակին։ Պարզապես, պատկան մարմինները հանրությանն իրազեկելու գործում ահռելի աշխատանք ունեն կատարելու։ Կարևոր է, որ այդ իրազեկման միջոցով հանրությանը ներկայացնել, բացատրել, ինչու չէ, նաև համոզել, թե որքան մեծ նշանակություն ունեն ցայտաղբյուրների վրա տեղադրվող փականները, որոնց կիրառման դեպքում որքան ջուր կխնայենք։ Այնուամենայնիվ, հուսով ենք, որ ճիշտ ու գրագետ իրազեկման արշավի շնորհիվ, գիտակից հանրությունը կգա այն համոզման, որ փականով ցայտաղբյուրները անհրաժեշտ են, որոնցով պետք է արագ ապահովել հանրապետության բոլոր ցայտաղբյուրները, որպեսզի մեկ օր շուտ կարողանանք խնայել սպառվող ջրի պաշարները։ Համոզված ենք, որ որոշ ժամանակ անց, ջրի խնայողությունը կդառնան մեր համաքաղաքացիների առօրյայի մի մասը։ Eco.am մեդիա հարթակը, իր ընթերցողներին հրավիրում է բաց քննարկման և առաջարկում մեզ հետ մաս կազմել այս խնդրի լուծման գործում։ Ձեր տեսակետները, հարցի լուծման տարբերակները գրեք՝ կայքում «Թողնել մեկնաբանություն» նախատեսված հատվածում։ Լուսանկարները՝ Eco.am մեդիա հարթակի արխիվից՝ նկարահանված սմարթֆոնով

Նորվեգիան պատրաստվում Է Հյուսիսային ծովի հատակին CO2-Ի հսկայական պահեստարան կառուցել

Նորվեգիան պատրաստվում Է Հյուսիսային ծովի հատակին CO2-Ի հսկայական պահեստարան կառուցել
Նորվեգիայի կառավարությունը 1,7 միլիարդ եվրո կհատկացնի CO2-ի կորզման, փոխադրման և պահեստավորման նախագծի համար: Նախաձեռնության հիմնական գաղափարը ածխաթթու գազի հեռացումը և դրա պահեստավորումն է Հյուսիսային ծովի հատակին՝ նավթի ու գազի սպառված հանքավայրերում: Langskip անվանումը ստացած նախագիծը չի սահմանափակվելու միայն Նորվեգիայի տարածքով, ըստ այդմ, երկրի կառավարությունը տարածաշրջանի պետություններին առաջարկում է միանալ նախագծին։ Ջերմոցային գազերի և հատկապես ածխաթթու գազի արտանետումների նվազեցումը կլիմայի փոփոխությունը կանխելու ամենաառաջնային քայլերից մեկն է: Դա կարելի է անել տարբեր եղանակներով՝ որպես հանածո վառելիքի այընտրանք անցում կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրների, դիզելային վառելիքով շահագործվող մեքենաները փոխարինել էլեկտրականներով և հրաժարվել սննդի արտադրության ոլորտում ածխածնի արտանետումներ առաջացնող մեթոդներից: Հարկ է նշել, որ CO2-ի արտանետումները գերակշռում են հատկապես ծանր արդյունաբերության ոլորտում, մասնավորապես, ցեմենտի արտադրության մեջ։ Ցեմենտի գործարանները պատասխանատու են ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 8%-ի համար, իսկ ծանր արդյունաբերությունը` 20%-ի: Եթե ​​ցեմենտի բոլոր գործարանները լինեին մեկ երկրի տարածքում, ապա դա կլիներ աշխարհում երրորդ խոշոր արտանետողը «երկիրը», որն իր արտանետումների ծավալով կզիջեր միայն Չինաստանին և ԱՄՆ-ին: Ըստ նախագծի հեղինակների, CO2-ի պահեստավորման գործընթացը պետք է սկսել հենց այս օբյեկտներից։ Ածխածնի կուտակումը և պահեստավորումը կարող է չեզոքացնել գործարանների կողմից շրջակա միջավայրին հասցված վնասը, սակայն այս գործընթացը լուրջ ներդրումներ (որը Նորվեգիան միայնակ չի կարող), և համապատասխան երկրաբանական պայմաններ է պահանջում, որը Նորվեգիայի տարածքում առկա է։ Ըստ փորձագետների, նախատեսվող ստորջրյա երկրաբանական կազմավորումների մեջ կարող է պահեստավորվել հսկայական ծավալով (միլիարդավոր տոննաներ) CO2, որոնք Հյուսիսային ծովի հատակին կարող են թաղված մնալ հարյուրավոր տարիներ։ Հաղորդվում է, որ նախագծով արդեն հետաքրքրված է 60 ընկերություն և CO2-ի առաջին կորզումը տեղի կունենա Բրևիկ քաղաքում գտնվող Norcem ցեմենտի գործարանում: Նախատեսվում է CO2-ը Բրևիկից նավով տեղափոխել Հորդալանի (Նորվեգիայի մարզերից մեկը) կայան, ապա խողովակաշարով 2600 մետր դեպի ծովի հատակը։ Երկրի կառավարությունը հույս ունի, որ այս նախաձեռնությունը ոչ միայն կօգնի դանդաղեցնել գլոբալ տաքացումը, այլև հազարավոր նոր աշխատատեղեր կստեղծի Նորվեգիայում:

Որքանով բարելավվեց Արարատյան արտեզյան ավազանը. խնայված ջրերի, էլեկտրաէներգիայի և ռեսուրսների մասին

Որքանով բարելավվեց Արարատյան արտեզյան ավազանը. խնայված ջրերի, էլեկտրաէներգիայի և ռեսուրսների մասին
Արարատի և Արմավիրի մարզերում գործող 4 տնտեսությունում` «Գոլդեն ֆիշ-Կ», «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.», «Մաքս ֆիշ» և «Մոս ֆիշ» ՍՊԸ-ներում գործարկվել է ստորերկրյա ջրօգտագործման առցանց մոնիտորինգի համակարգ: Այն կոչվում է SCADA: Համակարգը մշակող «Լոկատոր» ընկերության ինովացիոն գծով փոխտնօրեն Կարեն Գրիգորյանն ասում է, որ այս համակարգը վերահսկում է ջրերի հոսքն իրական ժամանակում: Համակարգը ներդրվել է «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի օժանդակությամբ, որի նպատակն էր բարելավել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի կառավարումը: Արդեն 6 տարի է` ծրագիրն իրականացվում է և հասել է ավարտական փուլ: Ծրագրի ողջ ընթացքն ու արդյունքներն այսօր ամփոփվեցին խորհրդաժողովում:
SCADA-ն web համակարգ է, որտեղ ներառված են 4 խոշոր ձկնաբուծարանում տեղադրված 20 հոսքաչափ: Կարեն Գրիգորյանն ասում է, որ հնարավորություն կա դիտարկել ջրի սպառման և ընդհանուր ցուցմունքի մասին ոչ միայն վերջին` այդ պահին ֆիքսված տեղեկությունները, այլև տեսնել նախկին տվյալները: Համակարգն օժտված է ավտոմատ ֆունկցիոնալությամբ, տեղեկատվությունը ստանում, մշակվում և հաղորդվում է ավտոմատ կերպով, նաև ձայնային ազդանշանի միջոցով: Հնարավոր և շատ հարմար է ուսումնասիրել ողջ ընթացքում տեղադրված հոսքաչափի ծավալները, և պատմությունը նույնպես պահպանվում է: Համակարգի կարևոր ֆունկցիաներից մեկն այն է, որ այն սահմանափակված չէ ուղիղ ջրաչափերով, այլ ընդգրկուն է, կարելի է ավելացնել հոսքաչափերը: Կա նաև զեկույցների լայն հնարավորություններ, որոնց միջոցով կարելի է ընտրել ձկնաբուծական ցանկացած տնտեսություն և տեսնել համապատասխան ժամանակահատվածում նրա օգտագործած ջրի ծավալները: Բացի դրանից, համակարգը միայն ջրային ռեսուրսների մոնիտորինգ չի իրականացնում, այլ նաև էլեկտրաէներգիայի, մթնոլորտային օդի և այլ բաղադրիչների, այսինքն` կարելի է ընդլայնել համակարգի հնարավորությունները և տեղեկատվական հզոր հարթակ դարձնել: Տեսուչները դրա միջոցով նաև կարող են ձեռքի տակ ունենալ տվյալ հորատանցքի ջրթույլտվության փաստաթղթերը: Մեր հարցին, թե արդյոք հնարավոր է այն կիրառելի դարձնել Արարատյան դաշտի բոլոր ձկնաբուծական տնտեսությունների համար, Կարեն Գրիգորյանը պատասխանեց, որ ոչ միայն հնարավոր է, այլ նաև համակարգը կարելի է օգտագործել փոքր հէկերի ջրերի կառավարման համար, ինչն արդեն որոշ հէկերում արվում է: Միայն անհրաժեշտ է հզորացնել սերվերը: SCADA-ն պիլոտային ներդրվել է 4 տնտեսությունում, քանի որ ջրային ռեսուրսների հյուծման հետևանքով Արարատյան դաշտի ավելի քան 30 hամայնք խմելու և ոռոգման ջրի խնդիր ունի` ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է և հայտնաբերվել են այս տվյալները: Հաստատվել է, որ Արարատյան արտեզյան ավազանում ջրերի մակարդակն իջել է 6-9 մետր, որոշ տեղերում` 15 մետր, գրանցվել է արտեզյան ավազանի 50 տոկոս նվազում: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն իր խոսքում նշեց, որ Արարատի և Արմավիրի մարզերի 11 համայնք ներգրավված է եղել խմելու ջրի և ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերում, որոնց իրականացման արդյունքում խնայվում է տարեկան ավելի քան 13 մլն խմ ստորերկրյա ջուր և մոտ 1380 ՄՎտժ էլեկտրաէներգիա, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 125 հազար ԱՄՆ դոլար: Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի եռաչափ կառուցվածքը` օգտագործելով գույքագրված արդյունքները, ստեղծվել և հրատարակվել է Արարատյան դաշտի ատլասը: Վերահաշվարկվել է ընդհանուր օգտագործելի ջրային ռեսուրսների ծավալը: Նախկինում` մեխանիկական ձևով, այն է` պոմպերով ու էլեկտրաէներգիայով հորատանցքերի շահագործումն այժմ դարձել է ավտոմատ, քանի որ մեխանիկական համակարգերով ջրօգտագործման պարագայում ջրի մեծ կորուստներ են լինում, ավտոմատացման համակարգով կորուստը նվազագույնի է հասցվում: Արտեզյան ինքնաբուխ հորերի օպտիմիզացիայի գործընթացը կարգավորելն է, ինքնաբուխ հոսող ջրերը, որոնք մեծ մասամբ կորչում էին, ծրագրի շրջանակներում կառավարելի են դարձել, օգտագործվել են ոռոգման համար: Օրինակ` Սիփանիկում, Հովտաշատում այն կիրառվել է և ցույց է տվել իր արդյունավետությունը: Մեր հարցին՝ կան, արդյոք, նոր տվյալներ, թե ինչպիսի իրավիճակ է այժմ արտեզյան ավազանում, արդյոք փոփոխություն եղել է այս 6 տարվա ընթացքում` արտեզյան ավազանի իջեցում կամ բարձրացում, գուցե 6-9 մետրն արդեն դարձել է 5-8, որոշ տեղերում արձանագրված 15 մետրը նվազել կամ գուցե ավելացել է` դառնալով 18, ծրագրի ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ մենք չենք կարող ասել, քանի որ տվյալները փոփոխական են, սրանք միջինացված թվեր են: Բայց մենք ունենք ՇՄՆ Մոնիտորինգի կենտրոնի ներկայացուցիչներ, ովքեր լավ տիրապետում են օպերատիվ տվյալներին, որովհետև ազգային հենակետային ցանցում դիտարկումներ են անում, և այդ տվյալները կան: Բայց հիմիկվա տատանումներն արագ չեն փոխվում, այսինքն` խոսքը մետրերի մասին չէ, այլ սանտիմետրերի մասին է: Սա ընդհանուր տիրույթն է, որ տալիս է պատկերացում, թե ինչ է եղել նախքան 2006-2007թթ. և 2013-2014թթ ու մինչ օրս, թե ինչ է տեղի ունեցել ստորերկրյա ջրերի հետ Արարատյան դաշտի տարբեր հատվածներում»:

Մարտահրավերներ, որոնց բախվել են

Բանախոսը` Մագդա Ավետիսյանը ԳԱՏՕ ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանն անդրադարձավ նաև մարտահրավերներին, որոնց բախվել կամ առնչվել են այս 6 տարվա ընթացքում: «Ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում»,- նշեց Ավետիսյանը: Մասնավորապես, COVID-19-ը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը հետաձգեցին գործողությունները, որոնք պլանավորված էին նախապես: Համագործակցող կառույցներում պաշտոնատար անձանց հաճախակի փոփոխությունները նույնպես ազդել են, քանի որ նոր ծրագրի և արված աշխատանքները ներկայացվել են: Որոշում կայացնողների հաճախակի փոփոխություններով պայմանավորված` առաջին արձագանքի դեպքում ներկայացվել է կարգավիճակը, ուր են հասել, և փորձել են հնարավորինս պահպանել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ջրային ոլորտի կառույցների միջև համագործակցություն և երկխոսություն չի եղել: Ըստ ծրագրի ղեկավարի, շատ ժամանակ այդ գերատեսչություններն իրար հետ բաց չեն աշխատում: Դժվար է եղել նաև հավաստի տվյալների ձեռքբերումը, և հաճախ տարբեր կառույցներից ստացված տվյալները ճշգրիտ չեն եղել կամ չեն համապատախանել իրար: Մագդա Ավետիսյանի դիտարկմամբ, պետք է զարկ տալ որոշումների կայացմանն աջակցող գործիքների հետագա կիրառությանը, որը հետագա կայունության ապահովման համար շատ կարևոր է: Դրանից բխում է նաև GIS տեխնիկական գիտելիքների կանոնավոր թարմացումը, քանի որ GIS ծրագիրը պարբերաբար թարմացվում է, և մասնագետները պետք է պարբերաբար վերապատրաստվեն: Ռիսկերի կառավարման պլանը հաճախակի և իրադրությունից կախված վերանայվել է, դա արվել է շաբաթական կտրվածքով: Ձկնաբուծական տնտեսությունները հաճախ չեն ուզեցել համագործակցել, բայց, ի վերջո, ստացվել է համագործակցությունը, և տնտեսություններից ստացել են գրավոր համաձայնություն իրենց տնտեսություններում որոշակի ծրագրեր իրականացնելու համար: «Մարտահրավեր էր նաև մասնավոր սեկտորի հետ աշխատանքը, որովհետև համատեղ ծրագիր անելիս մասնավոր սեկտորը պետք է որոշակի ներդրում ունենա այդ ծրագրում, որպեսզի հետագայում այդ ծրագրի կայությունը հնարավոր լինի ապահովել, քաղած դասն այն էր, որ պետք է բազմակողմանի իրականացնել ստուգում` թե իրավաբանական, թե ֆինանսական կարգավիճակի վերաբերյալ»,- ասաց Մ. Ավետիսյանը: Քրիստինե Աղալարյան, Հետք

Քաշի ավելացումը ծխախոտից հրաժարվելու դեպքում

Քաշի ավելացումը ծխախոտից հրաժարվելու դեպքում
Ծխելը դադարեցրած այցելուների մեծամասնության մոտ քաշն ավելանում է: Քաշն ավելանում է սովորաբար 5 կգ-ից ոչ ավել: Սակայն պետք է նշել, որ ծխելը թողած անձանց մինչև 10 %-ի մոտ քաշը կարող է աճել մինչև 13.5 կգ: Մնացածի համար ևս միանշանակ կանխատեսումներ անել հնարավոր չէ: Այնուհանդերձ, ծխելը թողնելուն հաջորդող քաշի ավելացումը պարունակում է չնչին սպառնալիք առողջությանը՝ ծխելը շարունակելու հետ կապված ռիսկերի համեմատությամբ: Սովորաբար կանանաց քաշն ավելանում է մի քիչ ավելի շատ, քան տղամարդկանցը: կանանց շրջանում հատկապես հենց այս մտահոգությունն է, որ դրդում է նրանց ծխելու կամ ծխելը շարունակելու: Երիտասարդները, հատկապես այդ տարիքային խմբի ավագները, առավել մտահոգված են լինում իրենց քաշի խնդիրներով, և դա նույնպես առավել հաճախ դրդում է նրանց ծխելուն: Քաշի հետ կապված մտահոգության դրսևորումները նշանակալիորեն տարբերվում են նաև ըստ էթնիկական  պատկանելիության: Օրինակ՝ աֆրոամերիկյան երիտասարդ կանայք ավելի պակաս դեպքերում են հայտնում, որ ծխում են քաշի աճը զսպելու նպատակով, քան դա խոստովանում են եվրոամերիկուհիները: Սա կարևոր գործոն է, որը հետագա հետազոտությունների կարիք ունի: Հետազոտությունների պակաս զգացվում է նաև ազգային փոքրամասնությունների կանանց շրջանում:

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է լանդշաֆտային ճարտարապետության ու դիզայնի բաց մրցույթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է լանդշաֆտային ճարտարապետության ու դիզայնի բաց մրցույթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազատության հրապարակի հարակից գոտու վերականգնման և բարեկարգման համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել է լանդշաֆտային ճարտարապետության ու դիզայնի բաց մրցույթ :

Նախագիծն ընդգրկում է Մաշտոցի ևՍայաթ-Նովայի պողոտաներով, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված հատվածը, այդ թվում՝«Կարապի լիճը»:

Հեղինակները նոր լուծումներ պետք է առաջարկեն առաջին հերթին Օպերայի շենքի հարակից Ազատության հրապարակի ծածկաշերտի համար:

Մրցութային պահանջներից է նաև կանաչապատ ծածկույթի ավելացումը, հետիոտների, այդ թվում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարավետ ճեմուղիներիև անցուղիների ապահովումը, արտաքին լուսավորության արդիականացումը: Առանձին պետք է մշակվի նաև նստարանների ու թափոնամանների դիզայն:

 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5-ն է:

Դիմումներն ու առաջարկները պետք է ուղարկել opera@yerevan.am Էլ-փոստին:

Վերադարձ դպրոց. Ինչպե՞ս ապահովել երեխաների բարեկեցությունը. խորհուրդներ ծնողներին և ուսուցիչներին.ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Վերադարձ դպրոց. Ինչպե՞ս ապահովել երեխաների բարեկեցությունը. խորհուրդներ ծնողներին և ուսուցիչներին.ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Յուրաքանչյուր երեխայի համար դպրոց վերադարձը մարտահրավեր է, սակայն, դա հատկապես բարդ կարող է լինել այն 20 տոկոսի համար, որոնք հոգեկան առողջության կամ ուսումնառության հետ կապված խնդիրներ ունեն:

Այն ինչ անհրաժեշտ է անել դպրոցական միջավայրում, ամառային շրջանում պարտադիր չէ, օրինակ՝ հանգիստ նստելու կարողություն, կազմակերպվածություն, առաջադրանքի վրա կենտրոնացում, նոր, խիստ կազմակերպված առօրյային հարմարում: Դպրոցում երեխան նաև առանձնանում է ծնողներից, շփվում տարեկիցների հետ: Տագնապներ ունեցող երեխաների համար սա բարդ մարտահրավեր է:

Հոգեբանության ամերիկյան ասոցիացիան 6 հուշում է տալիս ծնողներին՝ խոցելի երեխաների հետ դպրոցական կրթության անցնելու վերաբերյալ:

1. Հոգեկան առողջության խնդիրներն ի հայտ են գալիս դպրոց վերադառնալու ժամանակ

Հատուկ կարիքներ ունեցող երեխաներ նոր ժամանակացույցին վարժվելիս զգալի աջակցության կարիք ունեն: Որպես ծնող, Դուք կարող եք մեղմել երեխայի տագնապները՝ վստահության և հանդարտության Ձեր օրինակը, նաև՝ կազմակերպելով ընտանեկան առօրյան (ճաշի ժամ, տնային աշխատանք, քնելու ժամ): Եթե երեխայի մոտ ծայրահեղ տագնապի նշաններ կամ, դպրոցում անսովոր բարդություններ եք նկատում, Ձեր մտահոգություններն անհապաղ քննարկեք երեխայի ուսուցչի, ինչպես նաև հոգեկան առողջության մասնագետի հետ, որը կբացատրի, թե որքանով են նորմալ կամ տարիքին բնորոշ երեխայի խնդիրները, կամ հավելյալ գնահատում կիրականացնի: 2.Երեխայի ուղեղը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում
Երեխայի ուղեղում տեղի են ունենում հիմնավոր փոփոխություններ, հատկապես դեռահասության տարիքում: Դեռահասի ուղեղը սկսում է «էտել» ինքն իրեն. ամրապնդում է որոշ ճյուղավորումներ կամ հեռացնում է մյուսները: Արդյունքում ձևավորվող ժամանակավոր անհավասարակշռությունը կապվում է դեռահասների մոտ անկառավարելի և ռիսկային վարքի հետ, ինչպես նաև կարող է սկիզբ դնել տագնապային խանգարումներին, դեպրեսիային և նյութերի չարաշահման հակումներին: Այս խոցելի ժամանակահատվածում դեռահասը սկսում է նմանակել մեծահասակներին, մտածում, որ ինքն արդեն մեծ է, սակայն, կարող է չունենալ սթրեսի կառավարման անհրաժեշտ հմտություններ: Ուստի, շատ կարևոր է դեռահասի հետ անկեղծ զրույցը: Եթե դուք ամեն օր ժամանակ չեք հատկացնում երեխայի հետ նրա առջև ծառացած մարտահրավերներն ու դպրոցական կյանքը քննարկելու համար, ապա հիմա ճիշտ ժամանակն է դրա համար: 3.Անհանգիստ ծնողները դպրոց են ուղարկում անհանգիստ երեխաների
Տագնապային խանգարումները ներխուժում են ընտանիքներ: Տագնապներ ունեցող մարդը հակված է ամուսնանալ տագնապներ ունեցողի հետ: Երկու տագնապային ծնողի երեխան հատկապես մեծ ռիսկի է ենթարկվում: Սակայն, գենետիկան գործոններից, ընդամենը, մեկն է: Մեկ այլ գործոն է՝ միջավայրը: Երեխաները, իրոք, սպունգի նման են. նրանք կլանում են էներգիան և ընդօրինակում իրենց շրջապատող վարքագիծը: Ամենաօգտակար բաներից մեկը, որ կարող եք անել՝ հանդարտ, վստահ վարք դրսևորելն է, հատկապես, երբ օգնում եք երեխային՝ դպրոցին պատրաստվելիս: Որպես կանոն, ծնղի անհանգստությունը փոխանցվում է երեխային: 4.Ուսուցչի դերը կարևո՛ր է. թերևս ավելի, քան կարծում եք
Ուսուցիչը երեխայի ընտանիքը ճանաչում է երեխայի աչքերով, և նա գիտի, թե երեխան ինչպես է պահում իրեն, երբ ծնողը կողքին չէ: Դա նշանակում է, որ ծնողը կարող է երեխայի մասին շատ տեղեկություն ստանալ ուսուցչից. լինի դա ուսումնառության հետ կապված դժվարությունների, հասակակիցների հետ խնդիրների, թե կրթական ձեռքբերումների և մտերիմ ընկերների մասին: Ուսուցիչները դաշնակիցներ են, և Դուք պետք է կանոնավոր խոսեք նրանց հետ: Նրանց կարելի է ուղղել հետևյալ հարցերը. ինչպիսի՞ն է իմ երեխան, ի՞նչ մտահոգություն ունեք նրա սոցիալական կամ կրթական հմտությունների հետ կապված, Ձեր կարծիքով, նա ինչ-որ հարցում իմ օգնության կարիքն ունի՞: 5.Արդյոք կարևո՞ր է տնային աշխատանքին ժամանակ հատկացնելը
Կրթական դժվարություններ ունեցող փոքրահասակ երեխաների, ինչպես նաև որևէ խնդիր չունեցողների համար միշտ օգտակար է տնային աշխատանքներում ծնողի ներգրավվածությունը: Ծնողները պետք է ժամանակ հատկացնեն ամեն երեկո կանոնավոր «տնային աշխատանք» կատարելու համար: Ահա լավ առօրյայի օրինակ. կարող եք դասավորել աշխատանքային տարածքը, օգնել դասավորել դպրոցական պայուսակը, միասին աչքի անցկացնել տնային առաջադրանքը, քննարկել տնային աշխատանքը, ինչպես նաև, դրա հետ կապված ցանկացած հարց: Այդպիսով, կարող եք ուսումնասիրել, թե որոնք են ձեր երեխայի ուժեղ և թույլ կողմերը ուսումնառության ընթացքում՝ միաժամանակ ամրապնդելով դրական սովորությունները: Եղեք դրական և խրախուսող: 6.Աջակցել երեխային որպես ծնող և որպես ուսուցիչ
Անցումային ցանկացած փուլում՝ լինի դա առաջին անգամ դպրոց գնալ կամ նոր ուսումնական տարվա մեկնարկ, շատ կարևոր է լավ հաղորդակցությունը, խնդրին առնչվող յուրաքանչյուրի կարիքների ըմբռնումը: Ուսուցիչը պետք է զրուցի ծնողի հետ՝ նոր դասարան փոխադրվելու մասին: Դա թույլ կտա, որ ծնողը դրական ուղերձ փոխանցի երեխային՝ նոր միջավայրի մասին: Ծնողը պետք է լսի երեխային՝ նրան հնարավորություն տալով քննարկելու դպրոց վերադարձը՝ անդրադառնալով ինչպես նրա ակնկալիքներին, այնպես էլ՝ մտահոգություններին: Սա հատկապես կարևոր է այս տարի: Երեխան պետք է ուսուցչին և ծնողին վստահորեն ներկայացնի դպրոցի հետ կապված իր մտքերն ու զգացողությունները: Սա պետք է շարունակական զրույց լինի՝ ուսումնական տարին սկսելուն պես, որպեսզի առաջին օրերին ու շաբաթներին ծագող ցանկացած խնդիր անկեղծ քննարկվի, իսկ մշտական բնույթի խնդիրները քննարկվեն դպրոցի անձնակազմի հետ: Դպրոցի անձնակազմը պետք է անցումային գործընթացում լսի ծնողներին և աշակերտներին: Երեխան պետք է պատրաստված լինի դպրոց վերադառնալուն:
Ծնողը դա կարող է ապահովել գործնական միջոցներով, օրինակ՝ գնել դպրոցական համազգեստը և վրան փակցնել դպրոցի խորհրդանշանները, գնել կոշիկն ու գրենական պիտույքները, որպեսզի սկսելուց առաջ երեխաները ունենան անհրաժեշտ ամեն ինչ: Ուսուցիչը պարտավոր է ապահովել, որ նոր միջավայրում երեխաները հարմարավետ զգան, կարողանան բովանդակալից հարաբերություններ ձևավորել և արդյունավետ շփվել: Դպրոց վերադառնալուն նախորդող ժամանակահատվածում աշակերտները կարող են որոշ ժամանակ կտրված լինել դպրոցական կրթությունից: Օգտակար կլինի, եթե ուսուցիչը նոր աշակերտին հավելյալ ուղղորդում և աջակցություն ցուցաբերի՝ նոր վայրին ծանոթանալու, փոփոխված միջավայրում արագ հարմարվելու և դրա մի մասը դառնալու նպատակով: Համավարակի հետևանքով, առանձնապես կարևոր է երեխային նոր միջավայրին ավելի լավ ծանոթանալու հնարավորություն տրամադրելը: Ուսուցիչը պետք է նաև ապահովի, որ երեխան ընկերներ ձեռք բերելու հնարավորություն ունենա, այդ կերպ նպաստելով՝ դասարանի ներսում հարաբերությունների զարգացմանն ու բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը:   Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Գինկո բիլոբան օժտված է բազում օգտակար հատկություններով

Գինկո բիլոբան օժտված է բազում օգտակար հատկություններով
Ամառը, ըստ արեւելյան բժշկության, համընկնում է սրտանոթային շրջանի ակտիվության հետ, ուստի արեւելյան բժշկության մասնագետ Հասմիկ Խաչատրյանը  մեզ հետ զրույցում ասաց, որ այս շրջանում պատահական չէ միրգ-բանջարեղենի շատ օգտագործումը, քանի որ ամռանն անհրաժեշտ է ամրապնդել սիրտը: «Հատկապես որքան հնարավոր է՝ ծիրան պետք է ուտել, քանի որ այն ե՛ւ սրտի, ե՛ւ ուղեղի աշխատանքի վրա հրաշալի է ներգործում եւ նաեւ չմոռանալ, որ պետք է շատ ջուր խմել, որպեսզի սրտանոթային համակարգը նորմալ գործի»,- ասաց բժշկուհին: Ըստ արեւելյան բժշկության՝ սիրտը համընկնում է կրակ տարերքի հետ, բժշկուհին նշեց, որ առողջ սրտով մարդիկ շատ սահուն, գեղեցիկ եւ արագ խոսք են ունենում: Նա ասաց, որ սրտի էմոցիան համարվում է ուրախությունը, եւ եթե մարդը տխուր է, ապա սիրտը խնդիրներ ունի: Այն մարդկանց, որոնք սրտանոթային լուրջ խնդիրներ ունեն, բժշկուհին խորհուրդ է տալիս գինկո բիլոբա ծառի հումքից դեղորայքի ընդունում, որը, սակայն, պետք է ընդունել բժշկի նշանակումով: Գինկոն համարվում է հնագույն, օգտակար հատկություններով օժտված ծառ, որից պատրաստված դեղորայքը, ըստ բժշկուհու, օգտագործվում է աթերոսկլերոզի եւ տարիքի հետ կապված՝ արյան խանգարված շրջանառության, անոթների էլաստիկությունը եւ ամրությունը վերականգնման դեպքում: «Ուղեղի եւ սրտի պսակաձեւ անոթներում կանխարգելում է թրոմբները, վերականգնում է ներվային համակարգի իոնային կազմը եւ հաղորդականությունը: Այն նպաստում է նաեւ ներվային բջիջների նյութափոխանակությանը, լավացնում է սրտամկանի սնուցումը, ունի հակաօքսիդանտային հատկություններ, օգնում է պահպանել բջջային պատերի ամբողջականությունը»,- ասաց տիկին Խաչատրյանը: Նա նաեւ նշեց, որ այս ծառը այնքան դրական հատկանիշներով է օժտված, որ բազում հիվանդությունների դեպքում է կիրառելի: Բժշկուհին նշեց, որ օգնում է կանխարգելել նաեւ ասթմայի նոպաները, մեծացնում է պոտենցիան, ունի հանգստացնող՝ սեդատիվ եւ հակասպազմատիկ ազդեցություն: «Գինկո բիլոբան ազդում է 25 տեսակի սնկերի վրա՝ ոչնչացնելով նրանց, լավացնում է հիշողությունը, ծերունական թուլամտությունը, սրտի սնուցումը, կանխում է թրոմբների առաջացումը, օժտված է հակաուռուցքային հատկությամբ, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը, բրոնխիալ ասթման, պաշտպանում է լյարդը, հանում բրոնխոսպազմը»,- նշեց բժշկուհին: Նա ասաց, որ հիմնականում խորհուրդ է տրվում այն մարդկանց, որոնք ունեն տարիքային հիշողության վատացում, լսողական, տեսողական ֆունկցիաների խանգարումներ, ուղեղի սուր եւ քրոնիկ արյան շրջանառություն, աղմուկ ականջներում, ինչպես նաեւ գրգռված, նեւրոտիկ վիճակներ, անքնություն: «Գլխապտույտի, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի եւ հատկապես գլխուղեղի տրավմաների ժամանակ շատ լավ է ազդում»,- ասաց տիկին Խաչատրյանը: Նա ավելացրեց նաեւ, որ բարձր արդյունք է տալիս միգրենի, անոթների վարիկոզի, իմպոտենցիայի, ցրվածության, մոռացկոտության ժամանակ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկ նախօրեին կատարած այցի շրջանակում եղել է ազգային պարկի հանրային լողափերից մեկում

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկ նախօրեին կատարած այցի շրջանակում եղել է ազգային պարկի հանրային լողափերից մեկում
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը լողափի սպասարկումն իրականացնող կազմակերպության տնօրենի հետ տեղում ծանոթացել են քաղաքացիների ջրափնյա հանգիստը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանների առկայությանը և մատուցվող ծառայությունների որակին։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունից: Նախարարը շատ տպավորված է վերջին ամիսներին կատարված աշխատանքով։ Ընդամենը ամիսներ առաջ, երբ այս ափում շաբաթօրյակ էր կազմակերպվել, տարածքում դեռ ահռելի ծավալի աշխատանք կար իրականացնելու։ Իսկ այսօր, լողափերը կահավորված են անհրաժեշտ գույքով, գործում են մի շարք անվճար ծառայություններ՝ ավտոկայանատեղի, շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ, խաղահրապարակներ։ Լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Այս մասով, իհարկե, դեռ աշխատանք կա անելու, պետք է կառուցվեն նաև ափի տարածքում տեղաշարժվելու համար հատուկ հարթակներ։ Ափի ողջ երկայնքով տեղադրված են աղբամաններ։ Գործում է բուժկետ և իրականացվում է ջրափրկարարական ծառայություն։ Կարող ենք ասել, որ Սևանա լիճը հանրությանը վերադարձնելու հրամայականը կյանքի կոչելու օրակարգում կատարել ենք ամենակարևոր ու անկյունաքարային քայլերից մեկը, իսկ աշխատանքի ամենամեծ գնահատականը լողափում հանգստացող մեր քաղաքացիների շնորհակալական խոսքերն են։ Սևանա լիճը առափնյա հանգստի կազմակերպման պայմաններով և առաջարկվող ծառայությունների որակով պետք է դառնա տարածաշրջանում գրավչություն ունեցող և միջազգային չափորոշիչներին համապատասխան։

Վատ հիշողություններից ազատվելու նոր տեխնոլոգիաները

Վատ հիշողություններից ազատվելու նոր տեխնոլոգիաները
Եթե դիտել եք ամերիկացի ռեժիսոր Բարրի Զոնենֆելդի հայտնի «Սևազգեստ մարդիկ» ֆիլմը (Men in Black, 1997), ուրեմն հաստատ հիշում եք այն սարքը, որի օգնությամբ հերոսները վկաների ուղեղներից ջնջում էին անցանկալի հիշողությունները։ Իսկ երբևէ մտածե՞լ, որ նմանատիպ սարքերը կարող են մի օր իրականություն դառնալ։ Science Advance ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն, Պեկինի համալսարանի գիտնականներն այս ոլորտում գրանցել են որոշակի հաջողություններ։ Ճիշտ է խոսքը դեռևս «կախարդական փայտիկի» մասին չէ, որը մեկ հպումով կարող է ջնջել այն հիշողությունները, որոնք ցանկանում եք, չինացի մասնագետների զարգացման հիմքում գեների խմբագրման CRISPR տեխնոլոգիան է, որի նպատակը տհաճ հիշողություններից ազատվելն է։ Լաբորատոր մկների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ տեխնոլոգիան իրոք կարող է ջնջել տհաճ հիշողությունները։ Գիտնականներին հաջողվել է վիրահատության միջոցով խմբագրել առնետների ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է վախի ընկալման համար: Ըստ բժիշկների, վերջնական ցանկալի արդյունքի հասնելու դեպքում, սա հսկայական հնարավորություններ կբացի բազմաթիվ հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև մեծապես կազդի բժշկության այն ճյուղերի զարգացման վրա, որոնք գործ ունեն մարդկային արատների և հոգեկան խնդիրների հետ։ Օրինակ, այս կերպ հնարավոր կլինի բուժել թմրամոլին, ով կմոռանա իր արատավոր ցանկությունների մասին, կամ փոխել հոգեբանական ծանր սթրես ստացած մարդու հիշողությունները։ Տեխնոլոգիան օգտակար կլինի նաև քրոնիկ գլխացավերի բուժման և ուղեղի այն հատվածների «խմբագրման» համար, որոնք վնասվել են մուտացիաների կամ հոգեբանական խնդիրների հետևանքով, օրինակ՝ կուրություն, խոսքի կորուստ և այլն: Ինչպես նշում են հեղինակները, գենի խմբագրման տեխնոլոգիայի զարգացումն անշուշտ կառաջացնի էթիկայի հետ կապված լուրջ խնդիրներ: Ի վերջո, այս գյուտը հեշտությամբ կարող է օգտագործվել ինչպես լավ, այնպես էլ վատ նպատակներով։ Տհաճ հիշողություններից ազատվելու միջոց են գտել նաև իտալացի գիտնականները: Այս տեխնոլոգիայի հիմքում ներգանգային մագնիսական խթանումն է (TMS): Ի տարբերություն չինացի իրենց գործընկերների առաջարկած տեխնոլոգիայի, այս մեթոդը ոչ ինվազիվ է և չի ենթադրում վիրահատական միջամտություն։ Հետազոտությանը մասնակցել էր 84 կամավոր։ Գիտնականները կամավորների ուղեղի՝ վախի ընկալման համար պատասխանատու հատվածի վրա ազդել էին հատուկ սարքի միջոցով։ Ստացված ազդակները վերափոխվում էին իմպուլսների, որոնք և հանդիսանում էին նեյրոնային կապերի փոփոխման պատճառ։ Կամավորները նշում են, որ իրենց մարմնում որևէ բացասական փոփոխություն չեն զգացել, իսկ ընդհանուր հոգեկան վիճակը բարելավվել էր TMS-ի մի քանի փորձերից հետո։ Գիտնակնները նշում են, որ այս տեխնոլոգիան կարող է օգնել մարդկանց հաղթահարել հետտրավմատիկ սթրեսային խանգարումը։ TMS տեխնոլոգիան փոփոխում է հիշողություններն այնպես, որ դրանք այլևս ցավ չպատճառեն։ Բացի այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել Պարկինսոնի հիվանդության ախտանիշները թեթևացնելու, ծխելու ցանկությունը նվազեցնելու կամ մարդու մտավոր կարողությունները զարգացնելու համար:  Առայժմ տեխնոլոգիայի զանգվածային տարածումը սահմանափակվում է սարքի մեծ չափսերի պատճառով։ Բայց, ինչպես և չինացի գիտնականների տեխնոլոգիան, TMS-ի կիարառումն առաջ է բերում մի շարք էթիկական խնդիրներ։ Հետազոտությունը հրապարակվել է Current Biology ամսագրում։