Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

«Աշխարհն առանց թափոնների»․ աշակերտները սովորում են փրկել մոլորակը

«Աշխարհն առանց թափոնների»․ աշակերտները սովորում են փրկել մոլորակը
«Աշխարհն առանց թափոնների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հերթական դասընթացը։ Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 հիմնական դպրոցում 6-րդ դասարանցիները նոր տերմիններ են սովորել՝ «աղբի տեսակավորում», «շրջանաձև տնտեսություն», «սոցիալական պատասխանատվության բաղադրիչ» և այլն։ Մինչև այս երեխաները շրջակա միջավայրի մասին ունեին իրենց պատկերացումները։ Երբեմն սխալ։ Դասընթացից հետո տեղեկացան, որ պլաստիկը նավթից է ստացվում, թղթի թափոնի մեկ մեքենան 10 ծառ է փրկում, ինչ հետևանքներ ունի գլոբալ տաքացումը։ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Արմեն Շեխոյանի խոսքով մարդիկ սկսել են ավելի ակտիվ տեսակավորել թափոնները։ Հատկապես թուղթը։ Բայց իրազեկման ակցիաները դադարեցնել պետք չէ, այն միայն դրական արդյունք է տալիս։ «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն էլ ներկայացնում է իր ակնկալիքները․ «Առաջին ակնկալիքը, որ աշակերտները փոխեն իրենց վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ, կարևորեն շրջանաձև տնտեսության դերը։ Աշխարհը գնում է տնտեսությունների զարգացման շրջանաձև տարբերակին։ Մեր դասընթացի կազմակերպման հիմնական մեխն այն է, որ բացատրենք դրա կարևորությունը։ Ով ուզում է դառնան, որտեղ էլ աշխատեն, չպետք է մոռանան սոցիալական պատասխանատվության բաղադրիրչի մասին»։ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության մասնագետների համար նման դասընթացը նորություն չէ։ Բնությունը թափոններից պաշտպանելու այս եղանակն ընդունված է արտասահմանում։ Սոցիալական պատասխանատվության բաղադրիչի մասին պետք է իմանալ մանկուց․ «Երեխաները ոչ միայն հասկանում են, որ շատ իրեր կարող են ունենալ երկրորդ կյանք, այլև հետևողական են լինում, որ ընտանիքի անդամները տեսակավորման հարցում սխալներ չանեն։ Այս արժեշղթան պետք է սերմանել մանկուց»։ Հանրակրթական 50 դպրոցում «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի շրջանակում արդեն տեղադրվել էին թղթի և պլաստիկի թափոնամաններ։ Ավելի շատ թափոն կուտակելու համար կազմակերպիչները խրախուսական միջոց են գտել՝ մրցույթ է հայտարարվել։ Մրցույթում հաղթող կճանաչվի այն դպրոցը, որը մեկ շնչի հաշվով ավելի շատ թափոն կկուտակի։ Արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 15_ին։

EU4Youth. առաջին տարածաշրջանային պորտալը՝ Հայաստանից և Վրաստանից երիտասարդ սոցիալական և կանաչ ձեռներեցներին աջակցելու համար

EU4Youth. առաջին տարածաշրջանային պորտալը՝ Հայաստանից և Վրաստանից երիտասարդ սոցիալական և կանաչ ձեռներեցներին աջակցելու համար
EU4Youth-ը գործարկել է Idea Bank թվային հարթակը, որն իր տեսակի մեջ առաջինն է, որ նորահայտ սոցիալական և կանաչ ձեռներեցներին կապում է հարավկովկասյան տարածաշրջանի պոտենցիալ ներդրողների հետ: Դրա հիմնական նպատակը երիտասարդական նորարարական ձեռնարկատիրական գաղափարների բացահայտումն ու զարգացումն է: Idea Bank-ը երիտասարդ ձեռներեցներին թույլ է տալիս ստեղծել իրենց սեփական պրոֆիլը և գրանցել սեփական բիզնես գաղափարը, ինչը հաջողությամբ անելուց հետո այն հասանելի է դառնում լայն լսարանի համար` գործարար ծրագրի մանրակրկիտ նկարագրությամբ: Ներկայումս Idea Bank-ում ներկայացված է 33 գաղափար, որից 14-ը` Հայաստանից: Գրանցված ձեռներեցների թվում են այնպիսիք, որոնք վերջերես Կովկասի սոցիալական նորարարությունների դրամաշնորհային մրցույթի շրջանակներում ԵՄ դրամաշնորհներ են ստացել թափոնների կայուն կառավարման, էկոտուրիզմի, գյուղատնտեսության, էկոարտադրության և առողջապահության ոլորտներում իրենց սեփական բիզնեսը սկսելու համար: Idea Bank ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն երիտասարդների համար՝ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ գյուղերում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը իր բանաձևով առաջին անգամ ճանաչեց մարդու մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը իր բանաձևով առաջին անգամ ճանաչեց մարդու մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքը
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ընդունվել են բանաձևեր՝ մարդու առողջ և մաքուր միջավայր ունենալու իրավունքի և կլիմայի փոփոխության համատեքստում մարդու իրավունքների խթանման և պաշտպանության վերաբերյալ եռամյա հատուկ զեկուցողի նշանակման հետ կապված: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից: Բանաձևերը հաստատվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 48-րդ նստաշրջանում: Խորհուրդն առաջին անգամ ճանաչեց, որ մաքուր, առողջ և կայուն միջավայր ունենալը մարդու անքակտելի իրավունքն է, սահմանեց Հատուկ զեկուցողի մանդատը: Երկու բանաձևերն էլ Խորհրդի կողմից ընդունվել են քվեարկությամբ: Առողջ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքի վերաբերյալ բանաձևի ընդունմանն աջակցել է 43 պետություն: Չորս պետություն՝ Հնդկաստանը, Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը, ձեռնպահ են մնացել: Հատուկ զեկուցողի մանդատ սահմանելու վերաբերյալ բանաձևին աջակցել է 42 պետություն: Չորս պետություն՝ Հնդկաստանը, Էրիթրեան, Չինաստանը և Ճապոնիան, ձեռնպահ են մնացել, իսկ Ռուսաստանը դեմ է քվեարկել: «Մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքի ճանաչման հարցում Մարդու իրավունքների խորհրդի վճռական գործողությունն ուղղված է մարդկանց և մոլորակի պաշտպանությանը` օդի, որը մենք շնչում ենք, ջրի, որը մենք խմում ենք, սննդի, որը մենք ուտում ենք: Սա վերաբերում է նաև բնական համակարգերի պաշտպանությանը, որոնք ապահովում են բոլոր մարդկանց կյանքը և ապրուստի միջոցները, որտեղ էլ նրանք ապրեն»,- ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը: Նա նշել է, որ խորհրդի ընդունած որոշումները «միանշանակ ճանաչում են շրջակա միջավայրի դեգրադացիան և կլիմայի փոփոխությունը որպես մարդու իրավունքների ոլորտում փոխկապակցված ճգնաժամեր»: «Պետք է կատարել համարձակ քայլեր, որպեսզի առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի վերաբերյալ այս բանաձևը ծառայի որպես ցատկահարթակ նորարարական տնտեսական, սոցիալական և բնապահպանական քաղաքականության խթանման համար, որն ուղղված կլինի մարդկանց և բնության պաշտպանությանը», - ասել է Գերագույն հանձնակատարը՝ նշելով, որ ներկայում կա երեք գլոբալ սպառնալիք՝ կլիմայի փոփոխությունը, շրջակա միջավայրի աղտոտումը և բնության ոչնչացումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսոնը մարդու մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի ճանաչման որոշումն անվանեց «բեկումնային պահ» բնապահպանության ոլորտում: «Այս իրավունքն ամրագրված է 1972 թ-ի Ստոկհոլմի հռչակագրում: Հինգ տասնամյակ անց այս իրավունքը պաշտոնապես ճանաչվում է համաշխարհային մակարդակով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևով», - ասել է Ինգեր Անդերսոնը: ՄԱԿ-ը հայտնում է, որ շրջակա միջավայրի աղտոտումը, որն առաջանում է անկայուն սպառման և արտադրության այն մոդելներով, ինչպես կլիմայի փոփոխությունը, վաղաժամ մահվան յուրաքանչյուր վեցերորդ դեպքի պատճառ է: ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի տվյալներով՝ աշխարհի բնակչության մոտ 92 տոկոսն ապրում է այնպիսի տարածքներում, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափանիշները: Աղտոտվածության հետևանքների պատճառով ամեն տարի մահանում է յոթ միլիոն մարդ: Ընդ որում, աշխարհի երկրների մեկ երրորդը չունի որևէ կանոնակարգ, որը սահմանում է օդի որակի չափանիշները: Նշվում է, որ առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը, ներառյալ մաքուր օդի, կայուն զարգացման նպատակներին հասնելու նախապայման է: Աղբյուրը՝ www.ecolur.org

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա առթիվ շրջայց ԱՊՀ անդամ երկրների դեսպանների համար

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա առթիվ շրջայց ԱՊՀ անդամ երկրների դեսպանների համար
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա՝ սեպտեմբերի 13-ի առթիվ մեկ ամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 13-ին Շրջակա միջավայրի նախարարությունն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների համար նախաձեռնել էր գիտաճանաչողական այց «Սևան» ազգային պարկ»  ՊՈԱԿ։ Դեսպաններին ուղեկցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։ Դեսպաններն այցելել են Նորաշենի արգելոցին հարակից տարածք և Արտանիշի շրջակայքում գտնվող լճակ, իրականացրել ջրային թռչունների և էնդեմիկ բույսերի դիտարկում։

Նոյեմբերի 1-ից շուն և կատու պահող քաղաքացիները պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին

Նոյեմբերի 1-ից շուն և կատու պահող քաղաքացիները պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին
Տանը կամ բակում, շուն և կատու պահող Երևանի բոլոր բնակիչները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառվեն իրենց կենդանիներին։ Երևանի ավագանին, ընտանի կենդանիների պահման կանոններում վերջերս կատարած փոփոխություններով, հստակեցրեց, թե որտեղ և ինչպես է արվելու հաշվառումը:   «Կանոնների մեջ սահմանվեց մի քանի կետ: Առաջինը ընտանի կենդանիների հաշվառման գործընթացն է, 2-րդը անասնաբուժական սպասարկման վերաբերյալ պահանջն է, ինչը կապված է քաղաքացիների և կենդանիների անվտանգության հետ, և 3-րդը թույլտվությունների տրամադրման գործընթացն է»,-մանրամասնում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը: «Նոր փոփոխություններով խնամողները պարտավոր են գրանցել իրենց շներին և կատուներին, տանը պահվող կենդանիներին վարչական շրջանների աշխատակազմերում, որտեղ կլինեն հատուկ աշխատակիցներ: Այս որոշումն ունի բազմաթիվ դրական կողմեր, օրինակ կենդանու փողոցում հայտնվելու դեպքում գտնել տիրոջն ու վերադարձնել: Իսկ վերջնականը նպատակը, իհարկե, փողոցում գտնվող շների քանակը կառավարելի դարձնելն է, որից հետո հեռանկարում հնարավոր կլինի ստեղծել կացարաններ»,-ասում է Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ապրեսյանը: Տնային կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար պետք է ներկայացնել կենդանու անանսանաբուժական անձնագիրը, որտեղ նշված կլինի պահանջվող պատվաստումների և նույնականացման մասին տեղեկություններ: Նույնականացումն արվում է անասնաբուժական կլինիկաներում՝ դաջվածքի կամ միկրոչիպի միջոցով: Սա աշխարհում վաղուց արդեն ընդունված գործընթաց է, որի շնորհիվ մարդիկ կարողանում են անգամ շրջագայել իրենց կենդանիների հետ: «Ամբողջ Եվրոպայում բոլորը կենդանիները պատվաստված են և ունեն միկրոչիպեր: Այն բրնձի հատիկի չափ է և տեղադրվում է մաշկի տակ: Չիպն ունի 15 նիշերով չկրկնվող համարը՝ նույնականացման կոդը: Այս գործընթացը որևէ վնաս չի տալիս կենդանուն: Ստուգել նունականացման համարը հնարավոր է հատուկ սարքի միջոցով: Սա ամենակարևոր գործընթացն է, որի միջոցով կարողանում ես միանգամից պարզել կենդանու տվյալները, բժշկական միջամտությունները, և իհարկե, թե ո՞վ է տերը: Իմ շունն ու կատուն ևս նույնականացված են: Երբ Լատվիայից Երևան եկա, շունս կորավ: Գտնելուց հետո, հաստատել որ այն իմն է, կարողացա ընդամենը մի քանի վայրկյանում՝ նույնականացման կոդի միջոցով»,-ասում է անասնաբույժ Լիանա Վանագան: Հաշվառվող կենդանիների մասին բոլոր տվյալները կներբեռնվեն էլեկտրոնային տվյալների միասնական շտեմարանում, ինչը հնարավորություն կտա մի քանի տարի անց մայրաքաղաքում գրեթե բացառել ընտանի կենդանիների հայտնվելը փողոցում: Այսպիսով, նոր կանոնների սահմանումը մեծապես կնպաստի նաև թափառող կենդանիների քանակի կրճատմանը քաղաքում։   «Ծրագիրը գրեթե պատրաստ է: Օպերատորը մուտք կգործի և կմուտքագրի տվյալները: Երբ բազայում գրանցված լինի գոնե 3000 կենդանու տվյալ, հնարավորություն կունենանք անդամկացել նաև միջազգային կառույցներին»,-նշում է Գևորգ Նազարյանը: Կենդանիներին տանը պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար քաղաքացիներից որևէ գումար չի պահանջվում: Սահմանված տեղական տուրքն առայժմ չի գանձվի՝ ոչ այս, ոչ էլ հաջորդ տարի: «Հետագայում նախատեսվում է արտոնություներ սահմանել մասնավորապես որդեգրված կենդանիների տերերի համար: Այլ դասակարգումներ ևս կլինեն»,-ասում է Սերգեյ Ապրեսյանը: Այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառի իրենց կենդանիներին, ստիպված կլինեն կանոնների խախտման համար վճարել տուգանք: «Մեր նպատակը ոչ թե գումարներ հավաքելն է քաղաքացիներից, այլ հաշվառման տվյալների ձեռքբերումն է: Կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ կենդանի պահելը պատասխանատվություն է, ոչ միայն կենդանու, այլև շրջապատի առջև»,-ընդգծում է Գևորգ Նազարյանը: Ընտանի կենդանի ունեցող քաղաքացիները պետք է գիտակցեն նաև, որ իրենք կարող են և չստանալ կենդանի պահելու թույլտվություն, եթե, օրինակ, ներկայացված տվյալներն արժանահավատ չլինեն կամ սահմանված կանոնների այլ խախտումներ արձանագրվեն: Այս ամենն արվում է և քաղաքացիների, և, իհարկե, կենդանիների համար: Այժմ խորհրդարանում է նաև օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծը: Համայնքն իր հերթին նաև տարբեր ծրագրեր է նախաձեռնում, որոնց շնորհիվ քաղաքում ձևավորվում են կենդանիներ պահելու նոր մոտեցումներ և ստեղծվում նոր հարմարություններ:

«Կանաչ տնտեսության ներածություն» առցանց ուսուցողական դասընթաց

«Կանաչ տնտեսության ներածություն» առցանց ուսուցողական դասընթաց
«ԵՄ–ն հանուն շրջակա միջավայրի» (#EU4Environment) ծրագիրը մեկնարկել է «Կանաչ տնտեսության ներածություն» առցանց ուսուցողական դասընթաց Հայաստանում: Դասընթացը տրամադրում է տեղեկատվություն ներառական կանաչ տնտեսության հիմնական հասկացությունների մասին․ այն բաց է քաղաքականություն մշակողների, տնտեսվարողների և լայն հանրության համար: Այս դասընթացն իրենից ներկայացնում է ուղևորություն, որի ընթացքում մենք կծանոթանանք  ներառական կանաչ տնտեսության հիմնական հասկացություններին, քաղաքականության գործիքներին և միջազգային շրջանակներին: Մեր ուղին բաղկացած է հինգ մոդուլներից, որոնք բաժանված են ավելի փոքր բաժինների: Կարող եք սկսել ցանկացած մոդուլից՝ ըստ ձեր նախընտրության: Որևէ դժվարությանը բախվելու կամ հարցեր ունենալու դեպքում տեղեկացեք օգնության էջից (անգլերեն): Դասընթացը մշակվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակությունը նպատակ չունի արտացոլելու Եվրամիության դիրքորոշումը: Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները կկարողանան. Նկարագրել ներառական կանաչ տնտեսության իրագործման հիմքում ընկած գաղափարը և հիմնական հասկացությունները և տարբերությունը ավանդական գործելաոճերի համեմատ Բացահայտել ազգային տնտեսությունների կանաչ անցման հնարավորությունները Բնութագրել առանցքային ոլորտների հիմնական հնարավորություններն ու մարտահրավերները Ներկայացնել ազգային ռազմավարության և ներառական կանաչ տնտեսության առաջխաղացման պլանավորման օրինակներ Տարբերակել ներառական կանաչ տնտեսությանն աջակցող միջազգային շրջանակներն ու նախաձեռնությունները
Դասընթացը կառուցված է հինգ մոդուլից.  

Ներկա իրավիճակի մասին պատկերացում.

Ներառական կանաչ տնտեսությունը զարգացնելու գաղափարական հիմքըԳործիքակազմի դիտարկում.

Կառուցվածքային փոփոխությունների համար պայմանների ստեղծումը

Դեպի ուր ենք գնում․ Բարձր «կանաչ» ներուժ ունեցող առանցքային ոլորտներՈւղու ձևավորում.

Կանաչ տնտեսության քաղաքականության նպատակների իրագործման ռազմավարություն և պլանավորում Նպաստավոր միջավայր. Ներառական կանաչ տնտեսություններին աջակցող միջազգային շրջանակներ և նախաձեռնություններ

 

Բոլոր հարցաշարերը հաջողությամբ ավարտելուց հետո կստանաք ավարտական սերտիֆիկատ։ Հինգ մոդուլներից յուրաքանչյուրում ներկայացված է հարցաշար: Հարցաշարի անցողիկ գնահատականն է՝ 70% կամ ավելի բարձր։ Յուրաքանչյուր հարցաշարի համար կունենաք երեք փորձի հնարավորություն: Ձեր հավաստագիրն ինքնաբերաբար հասանելի է լինելու ներբեռնման համար դասընթացի էջի ստորին հատվածում՝ «Հավաստագրում» բաժնում:

Այս էլեկտրոնային դասընթացը մշակվել է «Կանաչ տնտեսության ուղղությամբ գործողությունների գործընկերություն» նախաձեռնության (PAGE) հովանու ներքո: Կանաչ տնտեսության ուղղությամբ գործողությունների գործընկերությունը (PAGE, ԿՏԳԳ) միավորում է ՄԱԿ-ի հինգ գործակալություններ` ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիրԱշխատանքի միջազգային կազմակերպությունՄԱԿ-ի Զարգացման ծրագիրՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպություն և ՄԱԿ-ի  Վերապատրաստման և հետազոտությունների ինստիտուտ , որոնք իրենց լիազորությունների, փորձի և ցանցի հնարավորությունների միջոցով երկրներին առաջարկում են ներառական կանաչ տնտեսության ինտեգրված և ամբողջական աջակցություն:

Իմանալ ավելին այստեղ՝ ? https://bit.ly/3ulmzD7

10 երգ Գեղարքունիքի ափամերձ համայնքներից․ ամփոփվել է «Ափդեյթ» ծրագիրը

10 երգ Գեղարքունիքի ափամերձ համայնքներից․ ամփոփվել է «Ափդեյթ» ծրագիրը
Գեղարքունիքի մարզում ամփոփվել է «Ափդեյթ» ծրագիրը՝ «10 երգ Գեղարքունիքից» գրքույկի շնորհանդեսով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ ծրագրի ընթացքում հավաքագրված երգերից մասնագիտական խումբն ընտրել է 10 երգ և դրանց տեքստերն ու նոտաները տպագրել գրքույկում: Երգերի հանրայնացման գործընթացը խթանելու ու ավելի հետաքրքիր դարձնելու համար գրքույկի էջերը ձևավորվել են որպես փոստային բացիկներ, որոնք կարելի  է ուղարկել աշխարհի տարբեր կողմեր` հանրահռչակելով հայկական երգն ու մշակույթը: Չորս ամիս տևողությամբ ծրագրի շրջանակում երիտասարդների խումբը շրջել է Գեղարքունիքի մարզի 15 համայնքներով և 29 երգասացներից հավաքագրել 40-ից ավելի երգեր, որոնց մի մասը հանրությանն արդեն հայտնի, իսկ որոշները դեռևս չբացահայտված երաժշտական գոհարներ են: Երգասացներից ամենաերիտասարդը 16 տարեկան Անգելինա Գաբոյանն էր՝ Խաչաղբյուր համայնքից: Նա Խաչաղբյուրի երաժշտական  ժառանգությունը ներկայացրել է պապիկի՝ Սոս Գաբոյանի հետ: Ամենատարեց երգասացն էլ 94-ամյա Անուշավան պապիկն էր՝ Ծովազարդ համայնքից: Հավաքագրված երգերի թեմատիկան բավականին բազմազան է` հայրենասիրական, հայրենի հողն ու ջուրը գովերգող, հարսանեկան, սիրային երգերից մինչև կատակերգեր, խորհրդային գյուղխորհուրդների առօրյան ներկայացնող և իհարկե մանկական խաղիկներ: Ծրագրի ավարտին Տուրիզմի կոմիտեի հետ համատեղ Սևանում տեղի է ունեցել գրքույկի շնորհանդեսը, որին մասնակցել են նաև երաժշտական խմբեր և անհատ երաժիշտներ:

Շուտով կմեկնարկի աշնանային էտը

Շուտով կմեկնարկի աշնանային էտը
Հոկտեմբերի 20-ին կմեկնարկի ծառերի էտման աշխատանքները, որը կտևի մեկ ամիս՝ մինչև նոյեմբերի 20-ը: Բացասական ջերմաստիճանի պայմաններում արգելվում է էտել ծառերը. դրանք «մերկանում» են ու «կորցնում առողջությունը»: Եթե եղանակային պայմանները բարեհաճ լինեն, սանիտարական էտը կշարունակվի ևս 15 օր, այդ մասին տեղեկանում ենք Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ից: Ինչպես տեղեկացնում է «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը, աշխատանքները սկսվելու ենք քաղաքային տնկարկներում․ «Նախ պետք է  ապահովագրել փողոցներն ու այգիները չորացած ճյուղերի վտանգից: Դրանք կարող են վթարների պատճառ դառնալ՝ ընկնելով փողոցներում կամ մեքենաների վրա: Ավտոաշտարակների բավարար քանակության դեպքում բակերում ևս սանիտարական էտ կիրականացնենք: Այն բակերի, որոնց ծառերը պարտավորվել ենք էտել, կէտենք: Ամեն ինչ կախված է տեխնիկայից ու մարդկային ռեսուրսից: Այգիներում մասնակի էտ է արվելու վթարային ու չորացած ծառերի համար: Մենք շատ հաճախ զանգեր ենք ստանում բնակիչներից, որոնք խնդրում են իրականացնել խորքային էտ»: Դենդրոլոգի խոսքով, ժողովրդի մեջ մեծ տարածում ունեցող խորը էտը վնասակար է ծառի համար․ «Կտրվում են գրեթե բոլոր ճյուղերը, մնում է ծառի բունը: Ի դեպ, մենք շատ հաճախ ենք բախվում խնդիրների, որոնք առաջացել են վաղուց արված խորը էտի պատճառով: Սանիտարական էտման դեպքում, եթե ծառը վերևից սկսում է չորանալ, էտում ենք, բայց պահում ենք սաղարթի ավելի քան 50 տոկոսը։ Խնդրում ենք քաղաքացիներին էտման ընթացքում չխանգարել ՀՈԱԿ-ի աշխատակիցների աշխատանքին: Հուսով ենք եղանակային պայմանները թույլ կտան բնակիչների դիմումներով ստացված հասցեների ծառերը նույնպես էտել։ Բայց եթե այս անգամ չհասցնենք այցելել բակեր, ապա գարնանային էտի ընթացքում դա կանենք: Երևանում անառողջ ծառ չպետք է լինի»,- վստահեցրեց գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը:

Մեղրն օժտված է բացառիկ օգտակարությամբ

Մեղրն օժտված է բացառիկ օգտակարությամբ
Գիտականորեն ապացուցված է, որ մեղրի յուրաքանչյուր կաթիլում, մարդու օրգանիզմի համար պարունակվում է չափազանց կարևոր ավելի քան 70 նյութ։ Բուժման նպատակով մեղրն ավելի ճիշտ է կիրառել լուծույթների տեսքով՝ մասուրի, հատապտուղների, բանջարեղենի հյութերի հետ խառնած։ Քանի որ մեղրը հնուց օգտագործվել է որպես դեղամիջող, այդ պատճառով, այն չի կարելի ընդունել առանց վերահսկողության և անսահմանափակ քանակով։ Մեղրը երկար ժամանակ օգտագործելու դեպքում (2 ամսից ավելի՝ օրական 100-200 գրամ), կարող է խախտվել օրգանիզմում ածխաջրերի փոխանակումը։ Հնարավոր է, որ դա բացասաբար ազդի երիկամների աշխատանքի վրա։ Օրգանիզմը հեշտությամբ ու ամբողջապես է յուրացնում մեղրը և՛ ուտելիս, և՛ մաշկին քսելու դեպքում։ Մեղրը մոտ 60 անուն զանազան նյութեր է պարունակում։ Մեղրի բոլոր տեսակների գլխավոր բաղադրամասը ածխաջրերն են՝ գկյուկոզա (խաղողաշաքար) և ֆրուկտոզա (մրգաաշաքար)։ Բացի այդ մեղրը պարունակում է նաև այլ արժեքավոր նյութեր, ֆերմենտներ՝ կալյումի, կալցիումի նատրիումի աղեր, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, յոդ, օրգանական թթուներ, վիտամիններ, կենսագենետիկ խթանիչներ։ Հանքային աղերի պարունակությամբ մեղրը համարժեք է արյանը։ Մեղրն ունի հակամանրէական՝ վարակազերծող հատկություններ, որոնք նկատի են առել հնուց ի վեր՝ սննդամթերքի պահածոյացման համար։ Նույն այդ հատկության վրա է հիմնված նաև մեղրի բուժական կիրառությունը՝ հատկապես վերքերն ու խոցերը բուժելիս։ Մեղրը և կոսմետիկան Մեղրի լուծույթով բերանը ողողելիս ոչնչանում են բերանի խոռոչի մանրեները, դրա համար էլ նման բորբոքումների դեմ օգտագործվող եղեսպակի թուրմին մի քիչ մեղր են ավելացնում։ Թարախապալարների վրա դնում են ակյուրով շաղախված մեղր, այն մտնում է հակակնճիռային և դեմքի մաշկը թարմացնեղ դիմակների բաղադրակազմի մեջ։ Մեղրով դիմակ՝ նորմալ մաշկի համար 100 գրամ մեղրը շաղախել կիտրոնի հյութով։ Ստացված զանգվածը բարակ շերտով քսել դեմքին և թողել10-15 րոպե, հետո՝ լվացնել սառը ջրով։ Չոր և նորմալ մաշկի համար 2 ճաշի գդալ ալյուրը շաղախել 1 ձվի հարած սպիտակուցով։ Ավելացնել 1 թեյի գդալ մեղր։ Ստացված խմորանման զանգվածը քսել նախապես մաքրած դեմքին և թողել 10-15 րոպե, ապա՝ լվացնել սովորական ջրով։   Դիմակը խորհուրդ է տրվում չոր և նորմալ մաշկ ունեցողներին՝ կնճիռների առաջացումը կանխելու համար 50 մլ օղին՝ սպիրտը խառնել 100 գրամ թեթևակի տաքացրած մեղրի հետ։ Շաղախել        այնքան, որ միատար զանգված ստացվի։ Դիմակը դեմքին պահել 10-12 րոպե։ Այն մաքրում և փափկացնում է մաշկը և ունի մանրէազերծող ազդեցություն։ Մեղրաջուր Դեմքի մաշկին բարերար ազդեցություն է ունենում նաև մեղրաջուրը՝ 1 ճաշի գդալ մեղրին՝ 2 բաժակ տաք ջուր։ Խորհուրդ է տրվում քնելուց առաջ դրանով 5-7 րոպե լվանալ դեմքը, հետո ցողել տաք ջրով՝ առանց օճառի։ Մեղրաջուրը սնուցում է մաշկը, այն դարձնում թավշանման և հարթում կնճիռները։ Մեղրադիմակ՝ ձեռքերի համար Ձեռքերի մաշկի չորությունն ու թեփոտությունը վերացնելու համար կարող եք օգտագործել հետևյալ դեղատոմսը․ 3 ճաշի գդալ գլիցերին, 1 թեյի գդալ անուշադրի սիրտ, քիչ՝ մատի ծայրով բորակ, 1 թեյի գդալ մեղր։ Այս ամենը շաղախել, իսկ օգտագործելուց առաջ անպայման թափահարել։ Ինչպես տարբերել իսկական մեղրը կեղծից 1 լիտր մեղրը կշռում է 1․4 կգ։ Ջրում լուծելիս նստվածք չի առաջանում։ Փոքր բաժակի մեջ մեղրին մի քիչ ջուր խառնեք և մի կաթիլ յոդ լցրեք, եթե կապտեց, ուրեմն՝ մեղրը կեղծված է։ Մեղրի տարբեր տեսակներ տարբերվում են գույնով, այն կարող է ունենալ բաց դեղինից սկսած մինչև դարչնագույն երանգ։ Պետք է լինի թափանցիկ, բայց ոչ անբնական սպիտակ և անպայման լավ բույր ունենա։ Ամանի մեջ լցնելիս մեղրը պետք է ծորա, իսկ ծորացող շիթը կտրվելիս՝ պետք է ամբողջությամբ ընկնի և ակորդեոնի գալարների պես գնդվելուց հետո միայն դանդաղ տարածվի։ Կեղծ մեղրն այդ դեպքում սոսնձի պես արագ կթափվի։ Բնական մեղրը տրորելիս, այն մատների մեջ արագ հալվում և ներծծվում է։ Մեղրը կաթեցրեք լավ ներծծող թղթի վրա, եթե խոնավության հետք մնա, ուրեմն իսկական չէ։ Թեյի մեջ լուծելիս թեյը պետք է մգանա և նստվածք առաջացնի։ Առողջ եղեք  

Հայաստանում էլեկտրամոբիլների բոլոր լիցքավորման կայանների մասին կարելի է տեղեկանալ հավելվածի շնորհիվ

Հայաստանում էլեկտրամոբիլների բոլոր լիցքավորման կայանների մասին կարելի է տեղեկանալ հավելվածի շնորհիվ
Հայաստանում էլեկտրական մեքենաների ներկրումն ազատված է մաքսատուրքից ու ավելացված արժեքի հարկից, արդյունքում մեր երկրում օրեցօր ավելանում են էլեկտրամոբիլները, որոնք չեն աղտոտում շրջակա միջավայրը։ Սակայն, էլեկտրամոբիլների համար, ենթակառուցվածքները Հայաստանում դեռ բավարար չեն, բայց Plug.am–ի էնտուզիաստների նախագծի շնորհիվ, հոկտեմբերի 1-ի դրությամբ, արդեն Հայաստանի ողջ տարածքում տեղադրվել են 25 էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ, որոնց շնորհիվ հարյուրավոր էլեկտրամոբիլիստներ որոշում են կայացրել ձեռք բերել նման մեքենա։ Ի դեպ, բոլոր էլեկտրո մեքենաները ցանցից օգտվում են անվճար։ «Մենք ոչ առևտրային կազմակերպություն ենք, և մեզ համար վերջնական նպատակը շահույթը չէ, այլ ենթակառուցվածքի զարգացումը և տրանսպորտի մաքուր տեսակի քարոզչությունը և ավելի լայն` մեր երկրում կանաչ տնտեսության զարգացումը։ Կարծում եմ, որ ամբողջ երկրում մատչելի լիցքավորման կայանների առկայությունը կփոխի մարդկանց մտածողությունը և խթան կհանդիսանա ավելի շատ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար։ Մեր խնդիրն է ցույց տալ, որ էլեկտրամոբիլ կարելի է ունենալ։ Եվ այդ ժամանակ մարդիկ կտեսնեն, որ կարելի է լիցքավորվել, եթե ոչ անվճար, ապա ամեն դեպքում ավելի էժան, քան հիմա», – ասում է Plug.am նախագծի համակարգող Կարեն Դերձյանը։ Այն գործում է «Հայաստանի էներգետիկ գործակալություն» հիմնադրամի և Էներգետիկայի հայկական ընկերության (ոչ առևտրային կազմակերպություն, որն ընդհանուր առմամբ քարոզում է մաքուր էներգիա)։ Նրանց նախագիծը` էլեկտրական լցակայանների ցանցը, 50 հազար դոլար ֆինանսավորում է ստացել Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) Փոքր դրամաշնորհների ծրագրից (SGP), որն իրագործվում է ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի (UNDP) կողմից։ Էլեկտրամոբիլիստներն այսուհետ կարող են Հայաստանում տեղադրված բոլոր լիցքավորման կայանների մասին տեղեկանալ Plug.am-ի նոր բջջային հավելվածի շնորհիվ, որը հասանելի է թե՛ Google Play, թե՛ App Store հարթակներում։ «Նման ցանցով հանգիստ կարելի է էլեկտրամոբիլ վարել Երևանում, մեկնել Վրաստան, ընդ որում Բագրատաշեն–Սադախլո անցակետով և Բավրայով` Ջավախք։ Իսկ հարավում կարելի է հասնել մինչև Գորիս», - ասում է Կարեն Դերձյանը։ Հավելվածը թույլ է տալիս էլեկտրոմոբիլների վարորդներին առցանց ծանոթանալ էլեկտրամոբիլային Հայաստանի նորություններին։ 1 Գտնել իրենց էլեկտրամոբիլների հետ համատեղելի հանրային լիցքավորման կայաններ։ 2․ Նոր լիցքավորման կայան հայտնաբերելիս, ավելացնել այն հավելվածում։ 3․  Հղում է տալիս դեպի ձեր նախընտրած նավիգացիոն հավելվածը` մոտակա կայաններին արագ հասնելու համար: 4․ Նախապես տեղեկանալ լիցքավորման կայանի աշխատունակության մասին։ 5․ Գտնել վարորդի նախատեսված ուղղու վրա տեղակայված բոլոր կայանները: 6․ Ինչպե՞ս օգտվել լիցքավորման կայանից։ 7․ Ինչ հզորության են լիցքավորման կայանները։ 8․ Որքան ժամանակ է պետք լիցքավորման համար։ 9․ Ի՞նչ անել, եթե կայանը չի աշխատում։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել