Շուտով կմեկնարկի աշնանային էտը

https://eco.am/%d5%b7%d5%b8%d6%82%d5%bf%d5%b8%d5%be-%d5%af%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a7%d5%bf%d5%a8/

Հոկտեմբերի 20-ին կմեկնարկի ծառերի էտման աշխատանքները, որը կտևի մեկ ամիս՝ մինչև նոյեմբերի 20-ը: Բացասական ջերմաստիճանի պայմաններում արգելվում է էտել ծառերը. դրանք «մերկանում» են ու «կորցնում առողջությունը»: Եթե եղանակային պայմանները բարեհաճ լինեն, սանիտարական էտը կշարունակվի ևս 15 օր, այդ մասին տեղեկանում ենք Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ից:

Ինչպես տեղեկացնում է «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը, աշխատանքները սկսվելու ենք քաղաքային տնկարկներում․ «Նախ պետք է  ապահովագրել փողոցներն ու այգիները չորացած ճյուղերի վտանգից: Դրանք կարող են վթարների պատճառ դառնալ՝ ընկնելով փողոցներում կամ մեքենաների վրա: Ավտոաշտարակների բավարար քանակության դեպքում բակերում ևս սանիտարական էտ կիրականացնենք: Այն բակերի, որոնց ծառերը պարտավորվել ենք էտել, կէտենք: Ամեն ինչ կախված է տեխնիկայից ու մարդկային ռեսուրսից:

Այգիներում մասնակի էտ է արվելու վթարային ու չորացած ծառերի համար: Մենք շատ հաճախ զանգեր ենք ստանում բնակիչներից, որոնք խնդրում են իրականացնել խորքային էտ»:

Դենդրոլոգի խոսքով, ժողովրդի մեջ մեծ տարածում ունեցող խորը էտը վնասակար է ծառի համար․ «Կտրվում են գրեթե բոլոր ճյուղերը, մնում է ծառի բունը: Ի դեպ, մենք շատ հաճախ ենք բախվում խնդիրների, որոնք առաջացել են վաղուց արված խորը էտի պատճառով: Սանիտարական էտման դեպքում, եթե ծառը վերևից սկսում է չորանալ, էտում ենք, բայց պահում ենք սաղարթի ավելի քան 50 տոկոսը։ Խնդրում ենք քաղաքացիներին էտման ընթացքում չխանգարել ՀՈԱԿ-ի աշխատակիցների աշխատանքին: Հուսով ենք եղանակային պայմանները թույլ կտան բնակիչների դիմումներով ստացված հասցեների ծառերը նույնպես էտել։ Բայց եթե այս անգամ չհասցնենք այցելել բակեր, ապա գարնանային էտի ընթացքում դա կանենք: Երևանում անառողջ ծառ չպետք է լինի»,– վստահեցրեց գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով