Blog
In
other , shrjaka-mijavayr
Բույսերի բուժման նպատակով Երևանում միջատների դեմ պայքարը կմեկնարկի շուտով
Posted on 5 Ապրիլի, 2022

2 տարվա հետազոտությունների հիման վրա Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետները եկել են այն եզրակացության, որ ամեն տարի ծառերի տերևների վրա նոր վնասատուներ են ի հայտ գալիս։ Ըստ այդմ, մշակել են բույսերի բուժման գրաֆիկն ու կազմել են այս տարվա աշխատանքային ժամանակացույցը։ Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։ «Թեղիների տերևները պետք է բացվեն, որ դեղանյութն արդյունք տա։ Թեղու տերևակերների վրա դեղը միայն ազդում է, երբ միջատն ուտում է տերևը՝ թույնի հետ»,- արձանագրում են ՀՈԱԿ-ի մասնագետներն ու պնդում, որ այս պահին միջատների դեմ պրոֆիլակտիկ պայքարն անիմաստ է։ Պարզապես սրսկիչները բերվում են մարտական պատրաստվածության, որ անցնեն պայքարի։ ՀՈԱԿ-ի փորձագետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արմենակ Տեր-Գրիգորյանը դենդրոլոգների հետ հանդիպմանը ներկայացրել է աշխատանքային ուղեցույցն ու դեղորայքի ցանկը, որով պետք է իրականացնեն բուժումը։ Մեկնարկը կտրվի տաք գոտի համարվող վարչական շրջաններից, որտեղ վնասատուներն արդեն ծառերի վրա կլինեն։ Կանոնները նույնն են․ - ապահովել անվտանգության կանոնները, - բնակիչներին իրազեկել բուժման աշխատանքների մասին, -դեղորայքն օգտագործել ըստ հանձնարարականի՝ սահմանված չափաբաժիններով, որ ո՛չ մարդկանց, ո՛չ ծառերին չվնասեն։ Իսկ աշխատանքներն արվելու և վերահսկվելու են գիշեր-ցերեկ, վստահեցնում են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։
In
other , shrjaka-mijavayr
Տրանսպորտի ոլորտում ինչպես նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները
Posted on 1 Ապրիլի, 2022

Օրերս կայացավ «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկային աշխատաժողովը և Կառավարման խորհրդի անդրանիկ նիստը։ Ծրագիրը կտևի 3 տարի, որի նպատակն է, տրանսպորտի ոլորտում նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները՝ խթանելով անցումը էլեկտրական շարժունակությանը։ Այն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ֆինանսավորմամբ, ինչպես նաև ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։
Ծրագիրը բաղկացած է 3 բաղադրիչներից․
- Ցածր ածխածնային շարժունակության ինստիտուցիոնալիզացում և ռազմավարական պլանավորում,
- Կարճաժամկետ արգելքների վերացում՝ ցածր ածխածնային էլեկտրական շարժունակության ցուցադրական ծրագրերի միջոցով,
- 3. Քաղաքականության մշակում՝ պիլոտային ծրագրի փորձի հիման վրա՝ ցածր ածխածնային էլեկտրական շարժունակության ընդլայնման և վերարտադրելիության ապահովման նպատակով։
Ըստ ծրագրի, մթնոլորտային օդի աղտոտվածության, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար անհրաժեշտ է երկրում նպաստավոր պայմաններ ստեղծել՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու գործածությունը խթանելու համար։
Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միոցների խթանումն ուղղակիորեն կնպաստի նաև Կառավարության կողմից 2021թ ապրիլի 22-ին ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ստանձնած պարտավորությունները՝
1․ Մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել 40%-ով՝ 1990 թվականի արտանետումների մակարդակի համեմատ։
2․Էլեկտրական շարժիչով մեքենայի շահագորշումը, ի տարբերություն բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաների, ապահովում է տարեկան միջինում 4․6 տոննա CO2-ի արտանետումների կրճատում։
3․Էլեկտրական արժիչով մոտոցիկլների ներառյալ մոպեդների կիրառման ավելացումը , բացի վերը նշված դրական ազդեցություններից, կնպաստի նաև խցանումների նվազեցմանն ու երթևեկության անվտանգության մեծացմանը։
2022 թվականի հունվարից մեկնարկել է Կանաչ կլիմայի հիմնադրամի /GCF կողմից ֆինանսավորվող «Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության հնարավորությունների հիմնման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» դրամաշնորհային ծրագիրը, որը ներառում է 4 բաղադրիչ
1․ Աջակցել նախարարությանը ՝ էլեկտրոմոբիլների խթանման քաղաքականության, օրենսդրական կարգավորման դաշտի մշակման գործում։
2․ Մասնավոր հատվածի հետ անցկացնել մեթոդական խորհրդակցություններ՝ նորարարական ֆինանսական գործիքների և շուկայի վրա հիմնված մոդելների նախագծման և ներդրման նպատակով։
3․ Մշակել էլեկտրոմոբիլների էլեկտրական սարքավորուման կայանների և հարակից ենթակառուցվածքների գործարկման ծրագիր։
4․ Մշակել երկրում էլեկտրոմոբիլների խթանման ուղղված իրազեկության բարձրացման արշավ
ՀՀ-ում մթնոլորտային օդի արտանետումների 66․5%-ը բաժին է ընկնում ավտոտրանսպորտին։ Հայաստանում շահագործվում է ավելի քան 700․000 ավտոմեքենա, որից՝
1․մոտ 160․000 ավտոմեքենա՝ 23%, որպես վառելիք օգտագործում է բենզին կամ դիզելային վառելիք, ինչի արդյունքում մթնոլորտային օդ արտանետվում է 720․000 տոննա։ Վառելիքի ձեռքբերման համար ծախսվում է ավելի քան 110 մլրդ դրամ։
2․ Մոտ 540․000 ավտոմեքենա՝ 77%, որպես վառելիք օգտագործում է սեղմված բնական գազ, արտանետելով 250․000 տոննա՝ ծախսելով 150 մլրդ դրամ։
Տրանսպորտային միջոցներից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի համամասնությունը ՝
1․ ածխածնի օքսիդներ 73․0%
2․ ցնդող օրգանական միացություններ՝ 16․6%
3․ ազոտի օքսիդներ՝ 10․0%
4․այլ նյութեր՝ 0․4%
Որքան էլեկտրոմոբիլ է ներկրվել Հայաստան՝ վերջին 5 տարիներին
1․ Մինչև արտոնության սահմանումը, 2017-2018 թվականներին Հայաստան է ներկրվել ընդամենը 42 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց,
2․ 2019 թվականին՝ 668 տրանսպորտային միջոց,
3․ 2020 թվականին՝ 2155 տրանսպորտային միջոց,
4․ 2021 թվականին՝ 6645 տրանսպորտային միջոց։
Հինգ արտոնություն ոլորտում
Իրավական կարգավորումների արդյունքում, հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ միջավայր՝ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար։
1․ Երևանի ավագանու որոշմամբ, որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերերին, սկսած 2018 թվականից, տրամադրվում է արտոնություն՝ ազատելով ավտոկայանատեղիի համար սահմանված տեղական վճարից։
2․ Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի Երևանի քոլեջում 2021-22 ուս տարվա միջին մասնագիտական կրթական ծրագրում ներդրվել է «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությունը։ Հատկացված 20 տեղերը՝ 10 անվճա և 10 վճարովի, 1-ին փուլով և ամբողջությամբ համալրված են։
3․ Տեղադրվել և գործում է մոտ 100 լիցքավորման կայան բոլոր մարզերում ՝ մոտ 150 էլեկտրոմոբիլի միաժամանակյա լիցքավորման հնարավորությամբ։
4․ Նախորդ տարվա՝ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, ըստ որի բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման կամ օտարման համար գործող ԱԱՀ-ից ազատման արտոնության ժամկետը երկարաձգվեց մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։
5․ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2022թ մարտի 17-ի N39 որոծմամբ էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների ՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանվել է քվոտա հետևյալ չափաքանակներով՝ 2022թ համար 7000 հատ, 2023թ․ համար 8000 հատ։ Նշված սակագնային արտոնությունը նախատեսված է մինչև 2023թ դեկտեմբերի 31-ը։
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սանտիմետրով
Posted on 1 Ապրիլի, 2022

Հանրապետության գետերում մարտի 28-29-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ՝ - Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 33.23մլն. մ³-ով, - Արփի լիճ ջրամբարում` 10.40մլն. մ³-ով, - Ազատի ջրամբարում՝ 2.15մլն. մ³-ով, - Մարմարիկի ջրամբարում` 0.97մլն. մ³, - Ապարանի ջրամբարում՝ 7.19մլն. մ³-ով: Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը Սևանա լճի մակարդակը՝ մարտի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.45մ (27.03.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.343մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից մարտի 27-ը ներառյալ՝ 20.829մլն. մ³:
In
other , shrjaka-mijavayr
Ով է Կենդանաբանական այգու տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարը
Posted on 1 Ապրիլի, 2022

Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն օրերս սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից։ Ոլորտի մասնագետները՝ կենդանաբաններն ու անասնաբույժները, միաբերան պնդում էին, որ նոր նշանակվող անձը չպետք է ոլորտից հեռու լինի։ Այսօր, սակայն Երևանի Կենդանաբանական այգու ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար էդմոնդ Ղազարյանը: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին տնօրենի նոր ժ/պ Էդմոն Ղազարյանին ներկայացնելիս ընդգծել է, որ ոլորտը կանոնակարգելու համար այգին առաջին հերթին պետք է լավ կառավարիչ ունենա․ «Այն խնդիրները, որոնք այսօր առկա են Կենդանաբանական այգում, պահանջում են արդյունավետ կառավարում, ամենօրյա վերահսկողություն ու հետևողական աշխատանք: Ինչ վերաբերում է մասնագիտական հարցերին, ապա առաջիկայում այգին կունենա նաև նոր փոխտնօրեն, և ձևավորված կառավարման խորհրդի հետ համատեղ, համոզված եմ, կգտնենք արդյունավետ լուծումներ»,- ասել է քաղաքապետը։ Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանը 2006-2010թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2017թ. ավարտել է Club Class անգլերեն լեզվի դասընթացը (Մեծ Բրիտանիա, Լոնդոն): 2004-2010թթ. աշխատել է «Կարուշ» ՍՊԸում որպես գլխավոր տնօրեն: 2010-2016թթ. հիմնադրել է «Գրանդ Լեվլ» ՍՊԸ-ն եւ աշխատել որպես տնօրեն (ՌԴ): 2019թ. հիմնադրել է «Գրանդ Միլկ» ՍՊԸ-ն եւ աշխատել որպես հիմնադիր տնօրեն: 2019թ. նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: 2020թ. ապրիլի 22-ին նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար: 2022թ. հունվարի 24-ին վերանշանակվել է նույն պաշտոնում:
In
other , shrjaka-mijavayr
«Անազատության մեջ պահվող կենդանիների համեմատ կրկեսի կենդանիները երկարակյաց են»․ անասնաբույժ
Posted on 1 Ապրիլի, 2022

Այսուհետ վայրի կենդանական տեսակների օգտագործումը՝ հայկական կրկեսներում, արգելված է ՀՀ օրենքով։ Նախորդ շաբաթ Ազգային ժողովը, երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը։ Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ կենդանական աշխարհի օբյեկտների պաշպանության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու, օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով, ինչպես նաև ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայով ստանձնած ՀՀ պարտավորություններով։ «Բնության մեջ կամ անազատության մեջ պահվող կենդանիների համեմատ` աշխարհում կրկեսների կենդանիները ռեկորդակիր են` իրենց կյանքի տևողության երկարակեցությամբ»,- Eco.am սոցիալական հարթակի հետ զրույցում ասաց անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը: Ըստ զրուցակցի, միանշանակ ասել, թե կրկեսներում բոլոր կենդանիներին տանջում են, սխալ է․ «Կենդանիները կրկեսներում զբաղվածություն ունեն, իսկ անազատության մեջ պահվող կենդանիների խնդիրը զբաղվածության պակասն է, որ իրենք չգիտեն, թե ինչ անեն: Կոպիտ ասած` կրկեսի կենդանիներն ունեն իրենց բնականոն ռիթմը կյանքի ու ռեժիմը, ինչը բերում է նրան, որ իրենք բավականին երկարակյաց են»,- ասաց անասնաբույժն ու անդրադառնալով ընդունած օրենիքն նկատեց․ «Այսինքն` շներին կարելի՞ է տանջել, իսկ առյուծներին չի՞ կարելի»,- հռետորական հարցով եզրափակեց զրուցակիցը։
In
other , shrjaka-mijavayr
Արաբ գիտնականները մշակել են տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա անապատում ստանալ և՛ ջուր, և՛ էլեկտրականություն
Posted on 25 Մարտի, 2022

Սաուդյան Արաբիայի Աբդուլլահ թագավորի անվան գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (KAUST) գիտնականների թիմը հայտնել է գյուղատնտեսական-ֆոտովոլտային (agrophotovoltaic) էներգետիկայի ոլորտում զարգացման զգալի առաջընթացի մասին: Այն իրենից ենթադրում է անապատային տարածքի համար նախատեսված այնպիսի կայանքների ստեղծում, որոնք միաժամանակ և՛ էներգիա կարտադրեն և՛ ջուր կհավաքեն՝ բույսերը ջրելու համար և համակարգը հովացնելու համար։ Տեխնոլոգիան ստացել է WEC2P անվանումը և հաջողությամբ անցել է առաջին փորձարկումները։ WEC2P-ը հիմնված է հատուկ հիդրոգելի վրա, որն արդյունավետորեն կարողանում է անապատի օդից խոնավություն կուտակել, իսկ արևային մարտկոցի հետ համատեղ վերածվում է արդյունավետ ջրագեներատորի։ Գիշերը հիդրոգելը կլանում է խոնավությունը, իսկ երբ ցերեկը շահագործման ընթացքում վահանակը տաքանում է, այն գործում է որպես հովացման համակարգ։ Արևային վահանակը հիդրոգելով հովացնելը հնարավորություն է տվել բարձրացնել դրա արդյունավետությունը 9,9 %-ով։ Փորձարկման ժամանակ 1մ2 մակերես ունեցող արևային վահանակը երկու շաբաթվա ընթացքում արտադրվել է 1519 Վտ/ժ էներգիա և 2 լիտր ջուր: Հավաքված ջուրն անմիջապես մտել է սպանախի տնկիներով խցիկը։ Տնկված 60 սերմերից 57-ը բողբոջել են, իսկ փորձի ավարտին մի քանիսն աճել են մինչև 18 սմ: Փորձարկումն իրականացվել է հունիսին՝ երկրի ամենաշոգ շրջանում։ Այժմ արաբ գիտնականները հիդրոգելի նոր տարբերակ են մշակում, որը կարող է ավելի շատ խոնավություն կլանել և զուգահեռաբար պատրաստում են մեկ տարի տևողությամբ լայնածավալ փորձ։ Գիտական հոդվածը հրապարակվել է Cell Reports Physical Science ամսագրում։
In
other , shrjaka-mijavayr
Մոդելավորվել է կլիմայական ռիսկերի ազդեցությունը 12 մշակաբույսերի բերքատվության վրա
Posted on 24 Մարտի, 2022

Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը (DSIK), Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը («ՀՄԿ» ՊՈԱԿ) և Լայբնիցի անվան անցումային տնտեսությունների գյուղատնտեսական զարգացման ինստիտուտը (IAMO) համատեղ մոդելավորել են Հայաստանում կլիմայական ռիսկերի պատմական և կանխատեսվող ազդեցությունը ցորենի, գարու, եգիպտացորենի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, խնձորի, սերկևիլի, տանձի, ծիրանի, դեղձի ու բալի բերքատվության վրա։ Համատեղ իրականացվող ծրագրի նպատակն է հասկանալ կլիմայի փոփոխության ազդեցությունը գյուղատնտեսական արտադրության վրա Հայաստանում՝ նպաստելով երկրում տնտեսական կայունության և պարենային անվտանգության ապահովմանը: Այս աշխատանքը պետք է հիմք հանդիսանա ռիսկերի կառավարման գործիքի ստեղծման համար, որը կօգնի հայաստանյան ֆերմերներին զարգացնել կլիմայի փոփոխության հարմարվողականության ներուժը։
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության ապահովման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին
Posted on 24 Մարտի, 2022

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության ապահովման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» ծրագրի շրջանակում կազմակերպվող աշխատանքային հանդիպմանը։ Հանդիպման նպատակն է մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ քննարկել ոլորտին վերաբերող զարգացման հնարավորությունները և ուղղությունները, առկա խոչընդոտները, ինչպես նաև վերջիններիս լուծման նպատակով առաջարկվող մոտեցումները։ «Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության ապահովման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից, որոնց շրջանակում՝ Աջակցություն է տրամադրվելու շրջակա միջավայրի նախարարությանը էլեկտրական տրանսպորտային միջոցների (ԷՏՄ) ավելացմանն ուղղված քաղաքականության և իրավակարգավորումների մշակման նպատակով, Առաջարկություններ են ներկայացվելու ԷՏՄ-ների և դրանց հետ կապված ենթակառուցվածքների ֆինանսավորման գործընթացում մասնավոր հատվածի և միջազգային ֆինանսական կառույցների մասնակցության խթանման նպատակով, Ծրագիր է մշակվելու ԷՏՄ-ների լիցքավորման կայանների և հարակից ենթակառուցվածքների ընդլայնման նպատակով, Մշակվելու է ԷՏՄ-ների ավելացմանն աջակցելու նպատակով հանրային իրազեկումներ իրականացնելու, ինչպես նաև արդյունքների գնահատման մեթոդաբանություն։ Աշխատանքային հանդիպումը տեղի է ունենալու մարտի 31-ին, ժամը՝ 16:00-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում (Կառավարական 3-րդ շենք, 5-րդ հարկ, 501 սենյակ)։ Հանդիպմանը մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով մինչև մարտի 29 ներառյալ։
In
other , shrjaka-mijavayr
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի շնորհավորական ուղերձը Օդերևութաբանության համաշխարհային օրվա և ՀՀ Օդերևութաբանի օրվա առթիվ
Posted on 23 Մարտի, 2022

«Յուրաքանչյուր տարի մարտի 23-ին հիդրոօդերևութաբանական ողջ հանրությունը նշում է իր մասնագիտական տոնը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրը, իսկ մեր հանրապետությունում 2004 թվականից սկսված այն նշվում է նաև որպես Օդերևութաբանի օր: Հարգելի՛ օդերևութաբաններ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Ամեն տարի այս օրը նշվում է հատուկ կարգախոսով՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով այս բնագավառում տվյալ պահին ակտուալ որևէ թեմայի վրա: 2022թ. օդերևութաբանի օրվա կարգախոսն է՝ «Վաղ նախազգուշացում, վաղ գործողություններ», որով ընդգծվում է օդերևութաբանական և հիդրոլոգիական տեղեկատվության կարևորությունը աղետների ռիսկի նվազեցման գործում: Փաստ է, որ Կլիմայի փոփոխությունն՝ ի դեմս եղանակային ծայրահեղ երևույթների, արդեն իսկ չափազանց տեսանելի է աշխարհի բոլոր մասերում։ Մենք ականատես ենք լինում ավելի ինտենսիվ շոգերի, երաշտների և անտառային հրդեհների, որով պայմանավորված կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է։ Այս տոնական օրը ցանկանում եմ կարևորել Ձեր կատարած աշխատանքի դերն ու նշանակությունը արագ փոփոխվող աշխարհում։ Մեր առջև ծառացած բազում հիմնախնդիրների լուծման բանալին հենց Ձեր ձեռքում է։ Մասնագիտական տոնի կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ աշխատակիցներին պրոֆեսիոնալիզմի և աշխատանքին նվիրվածության համար՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:
In
other , shrjaka-mijavayr
Վայրի կենդանական տեսակների օգտագործումը Հայաստանի կրկեսներում կարգելվի
Posted on 23 Մարտի, 2022





