Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ալոե վերայի կիրառման այլընտրանքային հինգ տարբերակ, որոնք կօգնեն ձեռք բերել առողջ ու գեղեցիկ մաշկ, ինչպես նաև փարթամ ու փայլուն վարսեր։
Բուժում է բշտիկները
Իր յուրահատուկ բուժիչ հատկությունների շնորհիվ այս բույսն օգնում է ազատվել մաշկային բորբոքումներից ու բշտիկներից։ Նման արդյունքի հասնելու համար հարկավոր է ալոե վերայի գելին ավելացնել մի փոքր մեղր ու մանրացրած հունական ընկույզ, լավ խառնել ու քսել դիմակը մաշկին։
Օգնում է խնամել չոր մաշկը
Ալոե վերայի գելը պարունակում է խոնավացնող բաղադրիչներ, ինչի շնորհիվ այն հիանալի խնամքի միջոց է չոր մաշկի ունեցողների համար։ Մաշկը խանավացնելու համար պարզապես հարկավոր է ալոե վերայի գելին ավելացնել մի պտղունց քրքում, 1 թեյի գդալ մեղր, 1 գդալ կաթ և մի քանի կաթիլ վարդի ջուր, այնուհետև լավ խառնել ու քսել դիմակը մաշկին։ Թողնել խառնուրդը 20 րոպե, որից հետո լվանալ մաշկը։
Մաքրում ու շերտազատում է մաշկը
Ալոե վերայի գելը կարող է հիանալի բաղադրիչ լինել մարմնի մաքրման համար նախատեսված սկրաբի համար։ Սկրաբը պատրաստելու համար հարկավոր է կես բաժակ ալոե վերայի թարմ գելին ավելացնել 1 բաժակ շաքարավազ և 2 գդալ կիտրոնի հյութ, այնուհետև լավ խառնել և կիրառել ստացված զանգվածը մաշկը մեղմորեն մերսելով շերտազատելու և մաքրելու համար։ Այս պրոցեդուրան կօգնի թարմացնել մաշկն ու մաքրել այն ոչ միայն վնասակար աղտոտող նյութերից, այլև մահացած բջիջներից։
Պայքարում է մաշկային ցանի դեմ
Ալոե վերան խթանում է մաշկի առողջացման ու վերականգնման գործընթացը` օգնելով ազատվել չորության ու գրգռման հետևանքով հաճախ ի հայտ եկող ցանից։ Այս բույսի գելն օժտված է սառեցնող ու հակաբորբոքային հատկություններով, ուստի շատ օգտակար է գրգռված մաշկի համար։ Կարելի է ալոե վերայի գելին ավելացնել մի փոքր վարունգի հյութ, յոգուրտ և վարդի ջուր, լավ խառնել ու ստացված մածուցիկ զանգվածը քսել մաշկին (կարելի է ամբողջ մարմնին)։ Թողնել դիմակը 20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով։
Պաշտպանում է մազաթափությունից
Այս օգտակար բույսը պարունակում է պրոտեոլիտիկ ֆերմենտներ, որոնք վերականգնում են գլխամաշկի մահացած բջիջները։ Բացի այդ, այս բույսի գելը հիանալի կոնդիցիոներ է վարսերի համար, որն օգնում է դարձնել մազերն ավելի հարթ, նուրբ ու ենթարկվող։ Մազաթափությունից ազատվելու, մազերը սնուցելու և փարթամ, առողջ ու փայլուն վարսեր ունենալու համար հարկավոր է 3 թեյի գդալ ալոե վերայի գելին ավելացնել 2 թեյի գդալ յոգուրտ և մեկական գդալ մեղր ու ձիթայուղ, լավ խառնել ու քսել դիմակը գլխամաշկին ու մազերին։ Այս դիմակը հարկավոր է թողնել 30-60 րոպե, այնուհետև լվանալ գլուխը։






Թողնել մեկնաբանություն