Ավելի քան մեկ տարի կորոնավիրուս կոչվող համավարակը՝ ՔՈՎԻԴ-19-ը, արգելքի պատ է հանդիսանում ողջ աշխարհի մարդկության միջև, սահմանափակելով միմյանց հետ ջերմ շփումներն ու գրկախառնությունները։ Թերևս, վերջին ամիսներին գիտահետազոտական մշակումներում աննախադեպ ներդրումների և համաշխարհային մակարդակով համագործակցության շնորհիվ, գիտնականներին հաջողվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում մշակել անվտանգ և արդյունավետ պատվաստանյութեր։ Աշխարհի շատ երկրներում կիրառվող պատվաստանյութերին զուգահեռ, այսօր մշակման զանազան փուլերում են գտնվում ևս ավելի քան 200 պատվաստանյութի թեկնածու, որոնցից մի խմբաքանակ արդեն ենթարկվում է 3-րդ փուլի կլինիկական փորձարկման, ինչն օգտագործման համար հավանություն ստանալուն նախորդող վերջին քայլն է։
Որոշ պատվաստանյութեր արդեն Հայաստան են ներկրվել, իսկ որոշների հետ դեռ բանակցությունների փուլում ենք։ Կարծես թե, գիտնականներին հաջողվում է գտնել այն անհրաժեշտ բաղադրիչը, որի պատվաստվելուց հետո մարդկությունը կվերադառնա նախկին անվիրուս ու անդիմակ կյանքին, բայց մասնագետները խորհուրդ են տալիս չշտապել այդ հարցում։
«Հասարակության ու մարդկանց միջև կապն իրականացվում է հաղորդակցման և առօրյա շփումների միջոցով, որոնք էլ վիրուսները ակտիվորեն օգտագործում են տարածման համար: Կա ապացույց, որ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերը նվազեցնում են այս տարածումը: Պատվաստված մարդկանց վարակման հավանականությունը մեծ է, բայց նրանց կողմից վարակի փոխանցման հավանականությունը՝ նվազ»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, թերապևտ Լամարա Մանուկյանն ու շեշտեց, որ պատվաստումների միջոցով վիրուսի տարածումը դանդաղեցնելու երկու եղանակ կա․ «Նախ՝ վարակի կանխարգելում: Երկրորդը՝ նույնիսկ, եթե անձը վարակվել է վիրուսով, պատվաստումից հետո նվազում է հարուցիչի փոխանցման ռիսկը»։
Ըստ նրա, հետազոտության ավելի քան 370,000 մասնակիցների շրջանում անցկացված Օքսֆորդ-ՕՆՍ վերլուծությունը ցույց է տվել, որ պատվաստանյութի մեկ դեղաչափ կիրառելուց հետո վարակի տարածման մակարդակը նվազել է 64% -ով: Իսկ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալներով ԱՄՆ 14 նահանգների 65 տարեկան և բարձր 417 պատվաստված մեծահասակներից, կորոնավիրուս հաստատվել է 187 հիվանդի մոտ, իսկ մնացած հիվանդների մոտ PCR թեստը ցույց է տվել բացասական արդյունք:

«Տվյալներն ապացուցում են, որ 65 տարեկան և բարձր 417 պատվաստված մեծահասակներից 230 բացասական թեստ ունեցող մարդկանցից 44-ը (19%) ստացել են առաջին դեղաչափը, իսկ 18-ը (8%)՝ ստացել են երկու դեղաչափերը: Վերջնական հաշվարկները ցույց են տվել, որ Pfizer և Moderna պատվաստանյութերը տարեցների հոսպիտալացման ռիսկը նվազեցրել են 94% -ով ամբողջովին պատվաստվածների շրջանում և 64% -ով մեկ բաղադրիչ ստացողների շրջանում: Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծել են, որ ըստ այս տվյալների, ծանր ընթացքի և հոսպիտալացման վտանգը կա, նույնիսկ՝ լիովին պատվաստված մարդկանց մոտ: Հետևաբար, հատկապես ռիսկային խմբերից մարդիկ, ովքեր ստացել են պատվաստանյութի երկու չափաբաժինները, պետք է շարունակեն պահպանել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները՝ դիմակներ կրել և պահպանել սոցիալական հեռավորությունը»,- ընդգծում է բժիշկն ու նաև ցիտում Իսրայելում ամենամեծ բժշկական ցանցի՝ Կլալիտի հայտնած տվյալները, որ այն մարդկանց շրջանում, ովքեր ստացել են Pfizer-BioNTech պատվաստանյութի երկու չափաբաժինները, վարակվելիս COVID-19-ի ախտանիշները 94%- ով պակաս են զարգանում, չպատվաստված հիվանդների համեմատ: Պատվաստված խմբում ծանր վարակի հաճախականությունը նվազում է 92% -ով: Կլալիտի մասնագետները նշում են, որ պատվաստանյութը արդյունավետ է բոլոր տարիքային խմբերի համար, ներառյալ 70 տարեկանից բարձր հիվանդները:
«Հակավիրուսային իմունիտետը ստեղծելու առումով պատվաստանյութի մեկ դեղաչափը նման է հիվանդությունը ավելի վաղ տանելու փաստին: Մարդիկ կարող են պատվաստվել միայն այն դեպքում, եթե ունեն բացասական PCR թեստի արդյունք, կամ չունեն հիվանդության ախտանիշներ՝ մոտակա օրերին: Ամենակարևորը, հետազոտությունը ցույց է տվել, որ եթե պատվաստվելուց հետո մարդը վարակվում է կորոնավիրուսով, ապա վարակը շատ ավելի թեթև է ընթանում և ավելի քիչ վիրուսային ձանրաբեռնվածությամբ: Թույլ վիրուլենտ՝ ուժը կորցրած, վիրուսի փոխանցման հավանականությունը նույնպես զգալիորեն նվազում է»,- ասում է ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահն ու մեջբերում մեկ այլ օրինակ․ «Անգլիայի հանրային առողջապահական ծառայությունը, երկրի ավելի քան 500․000 մարդու շրջանում կատած ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ չպատվաստվածների շրջանում արձանագրվել է վարակման մոտ 10% դեպք: Բայց, եթե նրանք պատվաստված լինեին, այս ցուցանիշը կնվազեր գրեթե կիսով չափ՝ հասնելով մոտ 6% -ի: Վարակի նմանատիպ նվազում կարելի է արձանագրել ինչպես Oxford-AstraZeneca-ի, այնպես էլ Pfizer-BioNTech պատվաստանյութերի դեպքում։ Այս երկու ուսումնասիրությունների արդյունքները համադրելով ՝ կարելի է եզրակացնել, որ կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր վեց չպատվաստված մարդկանց համեմատ կա պատվաստված միայն մեկ վարակված անձ»,- ուսումնասիրության արդյունքում նման եզրահանգման է եկել բժիշկ Լ․ Մանուկյանը։
Այնուամենայնիվ, բժշկի դիտարկմամբ, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ կապված դեռ շատ հարցեր անպատասխան են, առավել ևս դրանց հեռահար ազդեցությունների մասին․ «Սակայն, մի բան միանշանակ է, որ պատվաստումը նվազեցնում է ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահացության հավանականությունը։ Պատվաստվելով ՝ դուք օգնում եք պաշտպանել ձեր շրջապատին»,- խորհուրդ է տալիս ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, թերապևտ Լամարա Մանուկյանը։
Ի դեպ
ՔՈՎԻԴ-19- ի պատվաստումից հետո պետք է շարունակել դիմակ կրել, ձեռքերը լվանալ և ֆիզիկական հեռավորություն պահպանել, ու մարդաշատ վայրերից խուսափել, քանի որ ոչ մի պատվաստանյութ 100% արդյունավետ չէ:
Եղեք առողջ և պաշտպանված։





Թողնել մեկնաբանություն