«Որոշեցինք համախմբվել ու Բուսաբանական այգին հանել այս ճահճային վիճակից»․ այգին կբարեկարգվի անհատների միջոցով

https://eco.am/%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%a5%d6%81%d5%ab%d5%b6%d6%84-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ad%d5%b4%d5%a2%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b8%d6%82-%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af/

ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի երիտասարդ գիտնականները ստեղծել են «Բուսաբանական այգու ընկերներ/Friends of Botanical Garden» բարեգործական հասարակական կազմակերպություն, որով նախատեսվում է ներգրավել անհատների, որոնք անդամակցելով ՀԿ-ին և վճարելով սահմանված ամսական անդամավճարը, իրենց ներդրումը կունենան Երևանի, Սևանի և Վանաձորի բուսաբանական այգիների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը։

«Այգում խնդիրները բազմաթիվ են, 30 տարի լուրջ ներդրումներ չեն արվել: Մենք պետք է կարողանանք այդ խնդիրները լուծել, որ զարգացումն ապահովենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Գասպարյանը պնդելով, որ աշխարհում կա նման պրակտիկա, երբ բուսաբանական այգիներին կից գործում են այդպիսի հարթակներ, որոնք օգնում են այգու գործունեությանը:

Բուսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, «Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Հայրապետյանի խոսքով՝ հարթակը գումարներ ներգրավվելու միջոց չէ, այլ այն նաև քաղաքացիներին ծառայություն է առաջարկելու:

«Որոշեցինք համախմբվել ու Բուսաբանական այգին հանել այս ճահճային վիճակից: Այդ նպատակով ստեղծեցինք այս հարթակը: Ֆինանսավորում ներգրավելու համար մենք առաջարկում ենք տարբեր փաթեթներ: Օրինակ, ամսական 5 հազար դրամ անդամավճար տալով, քաղաքացին ոչ միայն ամբողջ ամսվա ընթացքում ցանկացած ժամանակ անվճար մուտքի հնարավորություն է ստանում, այլև կարող է մասնակցել այգում կազմակերպվող միջոցառումներին, սենյակային բույսերի, տնկիների գնումների դեպքում ունենալ զեղչեր: Այսինքն՝ ոչ միայն մարդիկ պարզապես 5 հազար դրամ են ներդնում, այլև դրա դիմաց ծառայություն են ստանում»,– ասաց Նարինե Հայրապետյանը:

Ըստ տնօրենի ժ/պ-ի, իր ղեկավարած հաստատությունում առաջին կարևոր հարցը անվտանգությունն է․ «Մենք այս պահին ունենք երկու անվտանգության աշխատող՝ 80 հա տարածքի համար: Այդ մակարդակով անվտանգություն չես կարող ապահովել: Մարդիկ հաճախ ցանկապատը կոտրում են, վնասում են, բույսեր են գողանում: Դրանից բացի, տարածքը մեծ է և ոչ մարդաշատ, մարդիկ ներխուժում են ու ապօրինի գործունեությամբ են զբաղվում»,- ասաց Արսեն Գասպարյանն ու հաջորդաբար թվարկեց խնդիրներն ըստ կարևորության․ «Երկրորդ կարևոր խնդիրը լուսավորությունն է: Դրա բացակայության պայմաններում մարդիկ երեկոյան չեն կարողանում անվտանգ այցելել այգի: Այգու տարածքում կան անապատային տարածքներ, որտեղ ոռոգման ցանց ունենալու անհրաժեշտություն կա: Դա հնարավորություն կտա նոր շունչ հաղորդել տարածքի այդ հատվածին»:

Ա․ Գասպարյանը նաև տեղեկացրեց, որ շուտով Բուսաբանական այգին ՀՀ կառավարությանը կներկայացնի խնդիրների լուծմանն ուղղված մշակած ռազմավարությունը՝ աջակցություն ստանալու նպատակով․ «Թեպետ կառավարությունը պատրաստակամ է, սակայն մենք ցանկանում ենք նաև մեր տարբեր ծրագրերով ևս ֆինանսական միջոցներ ներգրավել, աջակիցների շրջանակն ընդլայնել, որպեսզի կարողանանք համակարգային լիարժեք լուծում տալ»,- եզրափակեց ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Գասպարյանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել