Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում օրերս իրականացվեց համապետական ծառատունկ, որի ընթացքում Լոռու («Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ),Արագածոտնի («Արագածոտնի անտառտնտեսություն») և Սյունիքի («Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղ) մարզերում կտնկվի շուրջ 15 հա անտառ։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, Անտառային կոմիտեն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և ողջ անձնակազմը, այլ գերատեսչությունների ղեկավարներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ ծառատունկ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում։
Նշված տարածքում տնկվել է շուրջ 8500 տնկի։ Հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճին, կաղնին, իսկ ուղեկցող այլ ծառատեսակները՝ հացենի, թեղի, խնձորենի։

«Ինչպես գիտեք, կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։ Ծառ տնկելն ու խնամելը ամենաշնորհակալ գործն է, որ մենք կարող ենք անել այսօր վաղվա օրվա ու ապագա սերունդների համար։ Եվ այսօր այս ծառատունկով մենք ևս մեկ քայլով մոտեցանք Հայաստանի կանաչ ապագայի մեր միասնական տեսլականին»,- ծառատունկի ժամանակ ասել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ու շնորհակալություն հայտնել և՛ համապետական ծառատունկի մասնակիցներին, և՛ սեփական այգում կամ բակում մեկ ծառ տնկած համաքաղաքացիներին։
«Ծառատունկից ավելի կարևոր է ծառերի հետագա խնամքը, այնպես որ սա միայն ժամերի աշխատանք չէ, այլ՝ տարիների»,- նշել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը։
Ծառատունկը համախմբում է բոլորին մեկ միասնական, հանրօգուտ գաղափարի շուրջ, որի իրականացման դեպքում, հնարավորինս կկարողանանք պայքարել կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և հողերի դեգրադացիայի դեմ, ինչպես նաև՝ պահպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու վերականգնել էկոհամակարգերը։






Թողնել մեկնաբանություն