Սմարթ ծառեր՝ «ԷկոՎիլ» ընկերության կողմից

https://eco.am/%d5%bd%d5%b4%d5%a1%d6%80%d5%a9-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a5%d6%80%d5%9d-%d5%a7%d5%af%d5%b8%d5%be%d5%ab%d5%ac-%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%af%d5%b8/

Շուտով Երևանի տարբեր վայրերում կհայտնվեն սմարթ ծառեր, որոնք հնարավորություն կտան մեր համաքաղաքացիներին, արևային էներգիայի շնորհիվ, անվճար լիցքավորել իրենց սմարթֆոնները։ Բացի այդ, սմարթ ծառը Հայաստանում կդառնա արևային համակարգերի օգտագործման սիմվոլ, որն ունենալով իրական ծառի տեսք, կլուսավորի իր շրջակա հատվածն ու կստանձնի յուրահատուկ էկո խորհրդատուի դեր։

Նախագծի հեղինակը «ԷկոՎիլ» արևային ընկերության մարքետինգային թիմն է, ի դեմս թիմի ղեկավար Կարեն Գրիգորյանի, որն ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշեց ավելի կատարելագործված տարբերակը ստեղծել Հայաստանում։

«Մոտ 6 ամիս է ինչ նախաձեռնել ենք սմարթ ծառի իրականացման գործընթացը։ Մեր ինժեներական թիմի հետ նախագծել ենք նոր ինովացիոն արտադրանք, որը Հայաստանում նորություն է։ Իրականում, հնարավոր է նման արտադրանքներ հանդիպել աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում, բայց՝ «ԷկոՎիլ» արևային ընկերության կողմից մշակած հայկական տարբերակը, որոշ փոփոխություններ ունի թե՛ իր դիզայնով, և թե՛ ֆունկցիաներով։ Այն իր բոլոր հնարավորություններով նորություն է աշխարհում և տարբերվում է եղած նմանատիպ արտադրանքներից»,- Eco.am սոցիալական հարթակի հետ զրույցում ասաց «ԷկոՎիլ» արևային ընկերության մարքեթինգային թիմի ղեկավար Կարեն Գրիգորյանը։

Ընկերության ինժեներական թիմի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում նախագիծն արդեն գտնվում է նախագծման և արտադրության փուլում, իսկ որոշ ժամանակ անց, արդեն կարող է վերածվել լիարժեք արտադրանքի։

«Նախ, ստեղծեցինք սմարթ ծառի եռաչափ տարբերակը, ապա հաշվարկվեց նրա տեխնիկական հնարավորությունները և արդեն ինժեներական թիմը եկավ այն եզրակացության, որ այն լիովին պատրաստ է իրականացմանը»,- մեզ հետ զրույցում ասաց «ԷկոՎիլ» ընկերության տեխնիկական տնօրեն Կարեն Ներսիսյանն ու շտապեց տեխնիկապես ներկայացնել սմարթ ծառի ֆունկցիան։

«Տեխնոլոգիապես այն հնարավորություն է ունենալու արևից վերցնել էներգիա, պահուստավորել իր մեջ՝ տեխնիկական սենյակում, լիցքավորել մարտկոցները, որպեսզի արևի բացակայության ժամանակ կարողանա էներգիա տալ։ Այն արևից ստանում է էներգիան, պահում և փոխանցում։ Այսինքն, գիշերը նույնպես կաշխատի՝ իր մեջ լիցքավորված էներգիայի հաշվին, կապահովի տարածքի լուսավորությունը, հանրությանը հնարավորություն կտա անվճար լիցքավորել սմարթֆոնները և միաժամանակ էկոկրթությանը միտված մեսիջներ կուղղի»,- վստահեցրեց «ԷկոՎիլ» ընկերության տեխնիկական տնօրենը։

 

Նրա փոխանցմամբ, սմարթ ծառը փորձնական թողարկելուց հետո, նախ կստուգեն նրա նպատակահարմարությունը, փոփոխությունները և հնարավորությունները, որից հետո նոր այն լայնածավալ կտեղադրվի քաղաքի տարբեր հատվածներում։ Զրուցակիցը լիահույս է, որ շատ կարճ ժամանակում, Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում, գյուղերոմ հասանելի ու հանրության համար նախընտրելի կլինեն կիրառել սմարթ ծառերը։ Ինչն էլ հնարավորություն կտա հանրությանը կողմնակից լինել էկոլոգիապես մաքուր էներգիայի։

Նախագծի հեղինակները նախատեսել են, որ սմարթ ծառը, մետաղական կարկասի օգնությամբ, ունենա հենց իրական ծառի տեսք։

«Յուրօրինակ մետաղական կարկասի շնորհիվ այն կսնվի արևի ճառագայթներից, քանի որ տերևի կամ ճյուղերի փոխարեն նախատեսված է տեղադրել արևային կայաններ, որն էլ կստեղծի ընդհանուր արտադրանքի ուրբանիստական ոճը»,- մանրամասնեց ընկերության մարքեթինգային թիմի ղեկավարը։

Ըստ նրա, սմարթ ծառը ոչ միայն նորագույն տեխնալոգիա է, այլ ունի նաև նորաոճ ու հետաքրքիր դիզայն«Եթե այն տեղադրվի բնության մեջ՝ այգում, իր դիզայնով առանձնապես չի տարբերվի իրական ծառից, միանշանակ կձուլվի շրջապատում եղած իրական ծառերի հետ։ Բայց, նաև չմոռանանք, որ այն ֆունկցիա է կատարելու։  Բացի իր շրջակա հատվածը լուսավորելուց, նաև իր շուրջը կունենա նստարանային հատված, որպեսզի անցորդներին հնարավորություն տա նստած լիցքավորելու իրենց սմարթֆոնները»։

 

Կարեն Գրիգորյանի դիտարկմամբ, ապագայում նաև նախատեսում են ժամանակակից սմարթ ծառին օժտել արհեստական բանականությամբ․ «Ծառը հնարավորություն կունենա ճանաչելու այցելուներին՝ առաջին անգամ իմանալով նրանց անունները, հաջորդ անգամ արդեն կճանաչի ու ձայնային կողջունի անունով։ Իսկ ընթացքում, բնապահպանական մեսիջներ կուղղի այցելուներին, օրինակ՝ մի՛ աղտոտեք շրջակա միջավայրը, ջրե՛ք ծառերը, մի՛ վնասեք բնությունը, աղբը հավաքե՛ք ձեր հետևից։ Կարծում եմ, ազդեցիկ կլինի ծառից լսել այդ մեսիջները, որ հենց ծառն է խնդրում, որպեսզի չվնասեն և խնամեն բնությունը»։

Սմարթ ծառն իր գոյությամբ նաև այլ կարևոր խնդիր կլուծի՝ հանրությանը կիրազեկի այլընտրանքային էներգիայի աղբյուրի մասին․ «Դրա շնորհիվ ապագայում մեր հասարակությունը էլ ավելի լավ իրազեկված կլինի կանաչ էներգիայի մասին։ Ըստ իս, նորագույն տեխնոլոգիաների և բնապահպանական այս նախագծերի միաձուլումը հեղափոխական կլինի ոչ միայն Հայաստանի, այլ ողջ աշխարհի առհասարակ էկո համակարգի համար»,- հույս հայտնեց Կ․ Գրիգորյանն ու հավելեց, որ առաջիկայում սմարթ ծառին կհաջորդի «ԷկոՎիլ»-ի մեկ այլ արտադրանք՝ սմարթ ցայտաղբյուրը, որը նույնպես կունենա բնապահպանական նպատակ՝ խնայել ջուրը, չվնասել ու պահպանել բնությունը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով