Ո՞ր թվականի հունիսին է առավել շոգ եղանակ դիտվել․ հունիս ամսվա կլիմայական բնութագիրը

https://eco.am/%d5%b8%d5%9e%d6%80-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%a7-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b7%d5%b8%d5%a3-%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b6/

Հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է զգալի ջերմություն:

Eco.am սոցիալական հարթակը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ հունիս ամսվա ընթացքում ցերեկվա տևողությունը, մայիսի համեմատությամբ, ավելանում է կես ժամով և դառնում 15 ժամ, որն ամենաերկարն է տարվա ընթացքում:

Նախորդ ամսվա համեմատությամբ միջին օրական ջերմաստիճանը բարձր է լինում 3-4 աստիճանով և հասնում է Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում,Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում` +11…+14° C, Լոռիում` +13…+15° C, Տավուշում, Սյունիքի նախալեռներում` +17…+19° C, Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում` +20…+23° C:

Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 20.6° C է, բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 39.4° C (1998թ., հունիսի 22), իսկ բացարձակ նվազագույնը` 1.7° C (1967թ., հունիսի 5):

Հանրապետությունում ամենաբարձր ջերմաստիճանը հունիսին գրանցվել է Կապանում` 42° C:

Շատ շոգ հունիսներ գրանցվել են 1932, 1941, 1949, 1985, 1989, 2006, 2012թթ., երբ օդի ամսեկան միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով:

Զով հունիսներ եղել են 1933, 1967, 1968, 1978թթ., երբ ամսեկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 2-3 աստիճանով:

Հունիս ամսվա եղանակային ռեժիմի և տեղումների բաշխման էական առանձնահատկությունն է հանրապետության հյուսիսային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում, իսկ հարավային կեսում` ամսվա առաջին կեսին դեռևս զգալի է ցիկլոնների, մթնոլորտային ճակատների, ինչպես նաև ներզանգվածային պրոցեսների առկայությունը:

Ամսվա երկրորդ կեսին հանրապետության հարավային շրջանները գտնվում են մերձավոր արևելքի տաք օդային զանգվածների շրջանառության ներքո, որի հետևանքով տեղումների քանակը զգալիորեն պակասում է:

Հունիս ամսին տեղումների առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 120-130մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և նրա նախալեռներում` 20-30մմ:

Առավել խոնավ հունիսներ եղել են 1957, 1960, 1963, 1988, 1999, 2011թթ-ին, իսկ առավել չորային 1943, 1949, 1970, 1982, 1987, 2000, 2012թթ.:

Մայիսի համեմատությամբ որոշակիորեն պակասում է ամպամածության քանակը և երկնակամարի միայն 40-55% ծածկված է լինում ամպերով, գերակշռում են կոնվեկտիվ բնույթի՝ հիմնականում կույտավոր և կույտանձրևային ամպերը: Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում են ամպրոպներ, կարկուտ, ինչպես նաև ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ: Հորդառատ անձրևները լեռնային շրջաններում պատճառ են հանդիսանում սելավների, որոնք կարող են տնտեսությանը զգալի վնաս հասցնել:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով