1972 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր։ Այդ օրվանից էլ հունիսի 5-ը դարձավ միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից մեկը։ Այն ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր երկրներում:
Այս տարի աշխարհը Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշում է «Պայքար պլաստիկ աղտոտվածության դեմ» կարգախոսով։
Այս տարվա կարգախոսը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ աշխարհը խեղդվում է պլաստիկի մեջ: Տարեկան արտադրվում է ավելի քան 400 միլիոն տոննա պլաստիկ, որի կեսը մեկանգամյա օգտագործման է, և այս ամենի միայն 10%- ն է վերամշակվում: Ենթադրվում է, որ 19-23 միլիոն տոննա պլաստիկ հայտնվում է լճերում, գետերում և ծովերում, ինչը համարժեք է պոլիէթիլենային տոպրակներով, շշերով և այլ իրերով լցված նավթատարին:
Այսօր պլաստիկը լցվում է աղբավայրեր, տարրալվացվում է օվկիանոս և վերածվում թունավոր ծխի՝ այն դարձնելով մոլորակի ամենամեծ սպառնալիքներից մեկը:
Քչերը գիտեն, որ պլաստիկի միկրոմասնիկները մտնում են մեր սննդի և խմելու ջրի մեջ, և նույնիսկ օդ, որը շնչում ենք: Պլաստմասսայից շատ ապրանքներ պարունակում են վտանգավոր հավելումներ, որոնք կարող են վտանգ ներկայացնել առողջության համար:
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ամսաթիվն ընտրվել է ի նշանավորումն Ստոկհոլմի հանձնաժողովի՝ շրջակա միջավայրի պահպանման խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների մեկնարկի: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր որոշման մեջ կոչ է արել պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Մարդկային քաղաքակրթության ժամանակակից տեխնիկական զարգացումը ներկա դրությամբ հանգեցրել է շրջակա միջավայրի զգալի աղտոտվածությանը: Մարդու ամենօրյա տնտեսական (հանքեր, անտառհատումներ, անտառային հրդեհներ և այլն) և զինվորական (զենքերի փորձարկումներ, պատերազմներ և այլն) գործունեությունը բնական միջավայրին վնաս է հասցնում:






Թողնել մեկնաբանություն