Օրերս Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ Երևանի Օրհուս գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում։
«Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի, հնարավոր վերագործարկման և դրանց գործունեությունը առավել նպատակային ու շարունակական դարձնելու համատեքստում խիստ կարևորում եմ այս քննարկումը հենց այստեղ կազմակերպելու հանգամանքը և ակնկալում եմ հետաքրքիր, արդյունավետ առաջարկների ու գաղափարների քննարկում: Համոզված եմ՝ կառուցողական մտքերի փոխանակման արդյունքում ոչ միան կստանանք ներառական և համապարփակ փաստաթուղթ, այլև հստակ կնախանշենք մեր ակնկալիքները օրենքի նախագծից»,- ողջունելով ներկաներին ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրկոսյանը և գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը ներկայացրել են նախագիծը, որին հաջորդել է ակտիվ քաննարկում։
Շրջակա միջավայրի պահպանության ստեղծմամբ նախատեսվում է շրջակա միջավայրի և անտառների պահպանության ոլորտում իրականացնել բարեփոխում, որով նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող 6 ՊՈԱԿ-ների՝
1․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց»,
2․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»,
3․ «Արգելոցապարկային համալիր»,
4․«Արփի լիճ» ազգային պարկ»,
5․«Դիլիջան» ազգային պարկ»,
6․«Սևան» ազգային պարկ»,
ինչպես նաև Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում ընդհանուր ծառայության միջոցով, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը:
Քննարկման մասնակիցները ընդգծել են, որ Շրջակա միջավայրի պահպանության ծառայության՝ որպես պետական ծառայության նոր տեսակի ստեղծումը խիստ անհրաժեշտ է բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում և անտառային հողերում պահպանությունը պատշաճ իրականացնելու նպատակով։





Թողնել մեկնաբանություն