Անոմալ շոգի պատճառով բռնկված հրդեհները ոչնչացրել են Եվրոպայի հարավում գտնվող անտառները։ Փորձագետները ռեկորդային շոգը կապում են կլիմայի փոփոխության և Խաղաղ օվկիանոսի ջրատարածքի տաքացման հետ։ Հրդեհներն ընդգրկել են Միջերկրական ծովի գրեթե բոլոր եվրոպական ափերը։ Հրդեհը մոտենում է Ֆրանսիայի, Խորվաթիայի բնակավայրերին, Իտալիայի 17 քաղաքներում գործում է վտանգի «կարմիր» մակարդակ։ Նույնիսկ Նիցցայի մոտ գտնվող ֆրանսիական Ալպերում, շոգի պատճառով այրվում են խոտերն ու ծառերը։ Իսկ Չինաստանի հյուսիս-արևմուտքում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 52.2 C՝ գերազանցելով ազգային ռեկորդը:
Մեկ շաբաթից ավելի այրվում է հունական Կորֆու և Հռոդոս կղզիները։ Հրդեհները ոչնչացրել են ավելի քան հարյուր հեկտար անտառ, մեքենաներ, հյուրանոցներ։ Հռոդոս կղզու հարավային մասում բռնկված հրդեհի կրակը հասել է մի քանի գյուղերի։ Հրդեհի հետևանքով սատկել են մեծ թվով կենդանիներ, ոչնչացել են ձիթապտղի այգիներ և հարյուրավոր հեկտար անտառներ։ Արդեն ավելի քան 30 հազար մարդ տարհանվել է Հռոդոս կղզու հրդեհի սպառնալիքի տակ գտնվող անտառածածկ տարածքներից։
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի ծայրամասում գտնվող անտառում բռնկված հրդեհի կրակը քամին տարածել է ողջ անտառով մեկ։ Իշխանությունները տարհանել են մոտ 100 մարդու։
Իտալական Սիցիլիա կղզին նույնպես այրվում է, անգամ ժամանակավորապես փակվել է Պալերմոյի օդանավակայանը, քանի որ կրակի բոցերը հասնում են թռիչքուղուն։
Խորվաթիայում նույնպես անտառներ են այրվում։ Հանգստյան տարբեր գոտիներից տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են տարհանվել։
Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 600 քաղաքացի, քանի որ հրդեհ է բռնկվել Իզմիր նահանգի Օդեմիշ, Թորբալը և Քընըք շրջանների անտառածածկ տարածքներում: Հուլիս ամսվա ընթացքում Թուրքիայի ավելի քան 40 նահանգում եղել են անտառային հրդեհներ։
Eco.am






Թողնել մեկնաբանություն