Շրջակա միջավայրի և անտառների պահպանության ոլորտում նախատեսվում է բարեփոխում

https://eco.am/%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab-%d6%87-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b8/

Օրերս Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ  Երևանի Օրհուս գրասենյակում տեղի է ունեցել  «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում։

«Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի, հնարավոր վերագործարկման և դրանց գործունեությունը առավել նպատակային ու շարունակական դարձնելու համատեքստում խիստ կարևորում եմ այս քննարկումը հենց այստեղ կազմակերպելու հանգամանքը և ակնկալում եմ հետաքրքիր, արդյունավետ առաջարկների ու գաղափարների քննարկում: Համոզված եմ՝ կառուցողական մտքերի փոխանակման արդյունքում ոչ միան կստանանք ներառական և համապարփակ փաստաթուղթ, այլև հստակ  կնախանշենք մեր ակնկալիքները օրենքի նախագծից»,- ողջունելով ներկաներին ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրկոսյանը և գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը ներկայացրել են նախագիծը, որին հաջորդել է ակտիվ քաննարկում։

Շրջակա միջավայրի պահպանության ստեղծմամբ նախատեսվում է շրջակա միջավայրի և անտառների պահպանության ոլորտում իրականացնել բարեփոխում, որով նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող 6 ՊՈԱԿ-ների՝

1․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց»,

2․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»,

3․ «Արգելոցապարկային համալիր»,

4․«Արփի լիճ» ազգային պարկ»,

5․«Դիլիջան» ազգային պարկ»,

6․«Սևան» ազգային պարկ»,

ինչպես նաև Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում ընդհանուր ծառայության միջոցով, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը:

Քննարկման մասնակիցները ընդգծել են, որ Շրջակա միջավայրի պահպանության ծառայության՝ որպես պետական ծառայության նոր տեսակի ստեղծումը խիստ անհրաժեշտ է բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում և անտառային հողերում պահպանությունը պատշաճ իրականացնելու նպատակով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով