Հաշված ժամեր անց կճանապարհենք անցնող տարին ու նոր սպասելիքներով կթևակոխենք Նոր տարի։ Երբեմն տոնական առևտրային եռուզեռի մեջ անտեսում ենք տոնի բուն գաղափարն ու հեռանում ավանդույթներից, այն դիտարկելով, որպես զուտ ֆինանսներ վատնելու տոն։
Eco.am մեդիա հարթակն իր ընթերցողների համար հավաքագրել ու ներկայացնում է, թե ինչպես էին հայերն ավանդաբար նշում Ամանորը, ինչպիսի ավանդույթներ ունեին և ավանդույթներից որոնք են հասել մեր օրեր:
Հայկական ավանդական Ամանորի մասին խոսելիս առաջին հերթին պետք է հասկանալ, թե որ ժամանակաշրջանի Նոր տարվա մասին ենք խոսում`
1․Նավասարդի, որը նշում էին օգոստոսին
2․Նախրաթողի, որը նշում էին հոկտեմբերին
3․ Ամանորի, որը 18 դարից նշում ենք հունվարի 1-ին:
Տոների անունները տարբեր էին՝ Ամանոր, Տարեմուտ, Տարին Գլուխ, Նոր տարի, Կաղանդ և այլն։
Ամանորին պատրաստվելիս
1․ Նոր տարուց առաջ մարդիկ պետք է պարտադիր ազատվեին պարտքերից ու հաշտվեին նեղացածների հետ, որպեսզի տարին հաջող լիներ:
2․ Ամանորի կարևոր իրադարձություն էր տունը մաքրելը: Ոչ միայն մաքրվում էր բնակարանը, այլև անհրաժեշտ էր ազատվել բոլոր հին ու ոչ պետքական իրերից: Դուրս էին նետվում բոլոր անպետք իրերը, նորոգվում քանդված մասերը։
3․ Լվացվում էր ողջ սպասքը, սպիտակեղենը։
4․ Բնակարանը զարդարվում էր գեղագիտական և չարխափան, կամ բարեբեր իրերով։
5․ Տանտիրուհին դռան կողքին մեղրով ու ալյուրով խաչ էր նկարում, որ նոր տարին առատությամբ ու քաղցրությամբ մտնի տուն։
6․ Պատրաստվում էր նաև հատուկ գուլպաներ՝ երդիկից կախելու և բաժինք հավաքելու համար։
Ինչպիսի՞ կարևոր ծեսեր էին հայերը պահպանում Նոր տարուն
Այս տոնը հայերի համար նշանավորում էր տարվա ավարտն ու հաջորդ տարվա սկիզբը, և ներառում էր մի շարք ժողովրդական ծեսեր: Ամանորի տոնակատարության ավանդական ծեսերն անընդհատ փոխվել են: Այսինքն, չի կարելի ասել, թե ամեն տարի դրանք նույնն էին, ավելին, ամեն ժամանակաշրջան առանձնանում էր իր հատուկ ամանորյա միջոցառումներով: Ինչպես արդեն ասացինք․
Ամանորի տոնակատարությունները սկսվում էին ծիսական մաքրությամբ, բնակարանի հարդարմամբ, տոնածիսական կերակուրների, հատկապես, ծիսական հացեր՝ Տարեհաց, Ասիլ-բասիլ կոչվող հացիկներ պատրաստելով։ Տոնակատարությունները շարունակվում էր փոխայցելություններով, հյուրասիրությամբ, ծիսական գուշակությամբ՝ ջրի և հատկապես հացի միջոցով, և ավարտվում՝ հաջողություն բերող ու չարը կանխող հատուկ մաղթանքներով։
Բուն Նոր տարին սկսվում էր տոնական ընթրիքներով, որին ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը պարտադիր էր։ Իսկ նշանված աղջիկները իրենց նշանածներին մետաքսյա գույնզգույն թելերով փնջած խնձոր էին ուղարկում և նրանցից պատասխան նույնպես խնձոր էին ստանում՝ մեջը արծաթյա դրամներ խրած։
Կարևոր նշանակություն ուներ ջրհորի` ամանորին հավաքած ջուրը, ինչի համար մարդիկ կարող էին մի ամբողջ գիշեր անցկացնել ջրհորի մոտ: Կեսգիշերին երիտասարդները գնում էին թարմ, Նոր տարվա սկզբի հետ նորոգված ջուր բերելու։ Մարդիկ համոզված էին, որ ուղիղ կեսգիշերին, երբ հին տարին տեղը զիջում էր նորին գետի ջուրը մի պահ ոսկի է դառնում։
Ամանորին պարտադիր գնում էին միմյանց տուն
Հյուր գնալը հին ավանդույթ է, այսօր այդ երևույթն ավելի քիչ է հանդիպում: Նախկինում Նոր տարին սովորաբար տոնում էին բոլորը միասին: Տան դուռը չէր փակվում, վաղ առավոտից սկսվում էին այցելությունները։
Առաջնահերթ այցելում էին․
– տոհմի մեծերին,
– ծնողներին
– խնամիներին
– հարևաններին
– քավորին
– գյուղապետին
– քահանային:
Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն չէին գնում
Միրգ, գինի ու այլ խմիչքներ էին տանում՝ հյուր գնալիս, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին՝ բարեկեցության, երկարակեցության մաղթանքներով։ Ե՛վ տանեցիները, և՛ հյուրերը տուն էին մտնում առաջինը աջ ոտքով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին։
Ի՞նչ նվերներ էր ընդունված նվիրել՝ Ամանորի առթիվ
Նոր տարում նոր հագուստի անհրաժեշտություն չի եղել, նվերներ նույնպես չկային որպես այդպիսին: Իսկ ամանորի նախաշեմին պատրաստվող թխվածքները, որոնք օգտագործվում էին գուշակություններ անելու համար, նախատեսված էին հենց նվերների համար:






Թողնել մեկնաբանություն