Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. ECO.am

https://eco.am/%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%80-%d6%87-%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a2-%d5%ae%d5%b6%d5%b8%d6%82%d5%b6%d5%a4/

Շուրջ մեկ տարի է ինչ Eco.am սոցիալական հարթակն իր գործունեությունն է ծավալում հայկական էկոլոգիական մեդիա դաշտում։ Սակայն, կարճ ժամանակահատվածը մեզ համար եղել է բեղմնավոր ու արդյունավետ, իսկ առջևում մենք դեռ ունենք երկար ու էլ ավելի գործունյա տարիներ։

2021 թվականի ընթացքում հասցրել ենք մասնակիցը լինել մի շարք բնապահպանական փառատոների, սեմինարների, նախաձեռնել ու իրականություն դարձրել բնապահպանական ու սոցիալական նախաձեռնություններ, գրանցել նաև հաղթանակներ։

Նախ Հաղթանակների մասին

Ախթալայում կայացած խորովածի համահայկական 12-րդ ամենամյա փառատոնին, Eco.am-ի թիմը յուրօրինակ ներկայություն ապահովեց՝ բացառելով ավանդական մանղալային տարբերակը՝ «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների առաջատար ընկերության նորարարության շնորհիվ։ Անծուխ մանղալների վրա բանջարեղենային, բուսական ու մսային համադրությամբ մեր թիմի պատրաստած խորովածի օրիգինալ մատուցման կողքով նրբաճաշակ ժյուրին անտարբեր չանցավ․համտեսեց, գնահատեց էկո դիզայնն ու վճռեց՝ «Լավագույն մտահղացում» անվանակարգում մեր թիմին արժանացնել բրոնզե մեդալի՝ 3-րդ մրցանակ։

Իսկ արդեն երկրորդ հաղթանակը գրանցեցինք լրագրողական դաշտում։ «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ լրագրողական մրցույթում Eco.am սոցիալական հարթակի «Որքան ջուր կխնայեն փականով ցայտաղբյուրները» լրագրողական հետազոտությունը, ճանաչվեց լավագույնը՝ առցանց հրապարակումների մեջ: Վերոնշյալ հոդվածով խորությամբ ուսումնասիրել ու ներկայացրել էինք խնդրի իրական պատկերը, իսկ պատկան մարմիններին լուծման արդյունավետ տարբերակներ առաջարկել։

Փոխըմբռնման հուշագիր

Տարվա ձեռքբերումներից է նաև Eco.am-ի և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպության հետ կնքած փոխըմբռնման հուշագիրը՝ «Բիզնեսի բարելավման անհրաժեշտ լուծումները՝ բնապահպանական ժամանակակից պահանջների համատեքստում» խորագրով հանդիպում-սեմինարի ընթացքում, որը նախաձեռնել էր Eco.am-ը։

Ըստ կնքած հուշագրի, կողմերը նախատեսում են ՀՀ օրենսդրության շրջանակներում համագործակցել յուրաքանչյուրն իր հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ: Ինչպես նաև, մշակույթի, կրթության, հանրային առողջության, սոցիալական և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում բարեգործական և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում։

Eco.am-ը նաև մշակույթի կողքին է

Բնապահպանական միջոցառումներին զուգահեռ Eco.am-ը անտարբեր չի անցել նաև մշակույթի կողքով՝ դառնալով հայաստանյան հեղինակավոր մի շարք մշակութային փառատոների ինֆորմացիոն աջակիցը։ Այդ թվում․

1․ «Արմմոնո» 19-րդ» միջազգային թատերական փառատոնի

2․ Խորովածի Համահայկական 12-րդ փառատոնի

3․ Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնի

4․ «ՀԱՅ ՖԵՍՏ» 19-րդ միջազգային թատերական փառատոնի։

Մասնակից է եղել նաև․

1․ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնին

2․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) 10-ամյակին՝ Ուրցաձորում։

3․ «Բաբոն ասալա» տեսաշարի «Թոռնավ հաց» կարճամետրաժ ֆիլմի ստեղծման գործում, որտեղ ֆիլմի համառեժիսորը, օպերատորն ու պրոդյուսերը Eco.am սոցիալական հարթակի տնօրեն՝ Կարեն Գրիգորյան է:

Նախաձեռնեց կրթալուսավորչական արշավ

Eco.am-սոցիալական հարթակը Հայաստանում այս ոլորտի հետ առնչվող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ մեդիա գործընկեր լինելով, նաև հանդես է գալիս իր սեփական նախաձեռնություններով: Որպես կրթալուսավորչական հարթակ, «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների առաջատար ընկերության հետ համատեղ, էներգախնայողության արշավ սկսեց՝ հանրային դեմքերի մասնակցությամբ։ Այդ նախաձեռնության շնորհիվ հանրային դեմքերն օրինակ ծառայելով հանրությանն իրազեկեցին, թե ինչպես խնայել կենցաղում, աշխատավայրում և ամենուր։ Արշավը շարունակական կլինի նաև 2022-ի ընթացքում։

Eco.am-ը ձեռքը զարկերակի վրա է պահում

Eco.am սոցիալական հարթակի թիմը մշտապես հետևում և անդրադարձ է կատարում միջազգային և տեղական թեմատիկ նորություններին, մասնակցում և ներկայացնում է ոլորտին վերաբերող կարևոր միջոցառումներն ու հանդիպումները։ Ինչպես ասում են՝ ձեռքը զարկերակի վրա պահելով անդրադարձ ենք կատարել․

1․ վերականգնվող էներգիայի մասին

2․ աղբահանության ու աղբի տեսակավորման խնդրի ու նորությունների մասին

3․ Հայաստանում էլեկտրոմոբիլներին առնչվող խնդիրների ու նորությունների մասին։

4․ ծառահատման, ձկնագողության դեպքերի կանխմանը

5․ բնության հատուկ պահպանվող տարածքներին ու արգելավայրերին և այլն․․․

Հաշվի առնելով ժամանակակից կյանքի որակի փոփոխման անհրաժեշտությունը, էկո ուղղությունն առավել քան ակտուալ է: Օրեցօր ավելացող էկոլոգիական խնդիրները խիստ կարևոր են դարձնում հասարակության ուշադրությունը գրավելու նմանատիպ խնդիրների վրա և ծանոթացնելու էկո ուղղության բոլոր առավելությունների, նորամուծությունների եւ թրենդների հետ: Դրա համար Eco.am-ը ստեղծել է օնլայն և իրական հարթակներ՝ միավորելու բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են այս ոլորտով:

Որպես ամփոփում

Ամփոփելով անցնող տարին, կարող ենք արձանագրել, անշուշտ, ոլորտում բոլոր խնդիրներն ունեն լուծման կարիք, սական ամեն ինչ դեռ առջևում է՝ 2022-ին այդ խնդիրները լուծելու կամ սակավ դարձնելու հնարավորություն ունենք։

Տարվա ընթացքում մեր կողքին լինելու համար շնորհակալություն ենք հայտնում մեր գլխավոր գործընկեր՝ «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների առաջատար ընկերությանը։ Ինչպես նաև՝ գործընկեր «ArLeAM» ընկերությանը։

Դե, ինչ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Մաղթում ենք՝ խաղաղություն մեր երկրին։ Առողջություն, սեր և հոգատարություն մեր ընտանիքներին: Առատ բերք՝ գյուղացուն, արդյունավետ և հետաքրքիր աշխատանք՝ քաղաքաբնակին, արժանավայել ծերություն՝ տարեցներին: Իսկ մանուկներին՝ անհագ, ժպիտով ու ուրախությամբ լի մանկություն։

Աստված բոլորիս պահապան:

 

Eco.am սոցիալական հարթակի տնօրեն՝ Կարեն Գրիգորյան

գլխավոր խմբագիր՝ Լիլիթ Եղիազարյան

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով