Կորոնավիրուսային համավարակը մտավ մեր կյանք ու ժամանակի ընթացքում, իր գոյությանն ընտելացնելով, ի հայտ բերեց մի շարք առողջական խնդիրներ։
«COVID-19 -ի ժամանակ, բացի շնչառական ուղիների ախտահարումից, կարող է լինել նաև մաշկի ախտահարումներ»,- Eco.am սոցիալական հարթակի հետ զրույցում ասաց մաշկաբան-վեներոլոգ Սևակ Մկրտչյանը։

Ըստ մաշկաբանի, հաճախ COVID-19-ը կարող է սկսվել հենց մաշկի ախտահարումով․ «Երբեմն մաշկային ախտահարումները կարող են լինել հիվանդության միակ ախտանշանը: Մաշկային ախտահարման սիմպտոմները բազմազան են, հանդիպման հաճախությունը կախված է հիվանդի տարիքից, ուղեկցող հիվանդություններից, դեղորայքային բուժման առանձնահատկությունից»,- թվարկում է մասնագետն ու հավելում․ «Մաշկի ախտահարումը կարող է լինել մարմնի տարբեր տեղամասերում: Ցանավորման տեսքը բազմազան է՝ կարղ է լինել․
1․ բծային ցանավորում, որն արտահայտվում է մաշկի գույնի փոփոխությամբ (նման ցրտահարության),
2․ երբեմն կարող է ուղեկցվել ցավով կամ քորով,
3․ կարող է լինել մանր բշտիկային ցանավորում, տեղակայված իրանին կամ վերջույթներին,
4․ կարող է լինել եղնջացանի տեսքով (ինչպես լինում է եղնջայտուցի ժամանակ),
5․ առաջանում են բաց վարդագույն, մաշկից քիչ բարձր էլէմենտներ, որոնք հաճախ ուղեկցվում են քորով,
6․ Մաշկային ցանավորումը, COVID-19 –ի ժամանակ, հատուկ մոտեցում չի պահանջում, կատարվում է սիմպտոմատիկ բուժում»,– խորհուրդ է տալիս Ս․ Մկրտչյանը:
Մաշկաբանի դիտարկմամբ, COVID-19 -ի մաշկային առաջին նշաններն ի հայտ են գալիս վարակումից 4-5 օր անց․ «Սակայն, երբեմն, մաշկի ցանավորումը կարող է լինել COVID-19 -ի առաջին նշանը: Կախված արտահայտվածության աստիճանից և բնույթից ցանավորումը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ»,- տեղեկացնում է մաշկաբան-վեներոլոգ Սևակ Մկրտչյանը։






Թողնել մեկնաբանություն