Հայտնի է Երևանի 2021թ. բյուջեով նախատեսված գումարը շրջակա միջավայրի պաշտպանության համար

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%ab-%d5%a7%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-2021%d5%a9-%d5%a2%d5%b5%d5%b8%d6%82%d5%bb%d5%a5%d5%b8%d5%be-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%be%d5%a1/

Երևանի 2021թ. բյուջեով շրջակա միջավայրի պաշտպանությանը կուղղվի 17 միլիարդ 447 միլիոն 193 հազար դրամ: Մայրաքաղաքի բյուջեի նախագիծը հաստատվեց դեկտեմբերի 23-ին Երևանի ավագանու նիստում:

Այդ գումարից աղբահանության կազմակերպման համար նախատեսվում է հատկացնել 10 միլիարդ 457 միլիոն 434 հազար 300 դրամ, շրջակա միջավայրի պաշտպանությանը՝ 6 միլիարդ 553 միլիոն 75 հազար 700 դրամ, կեղտաջրերի հեռացման համար՝ 398 միլիոն դրամ, իսկ շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի (օդի աղտոտման դեմ պայքար և գետերի հուների մաքրում) համար՝ 38 միլիոն 683 հազար դրամ:

Շրջակա միջավայրի պաշտպանության շրջանակներում նախատեսվում է 3 միլիարդ 750 միլիոն դրամ հատկացնել «Կանաչ տարածքների հիմնում և պահպանում» ծրագրին:

Շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի շրջանակներում նաև նախատեսվում է թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքների կազմակերպմանն ուղղել 234 միլիոն 500 հազար դրամ, իրականացնել ախտահանման և միջատազերծման ծառայությունների կազմակերպում 27 միլիոն 907 հազար 900 դրամի սահմաններում:

Նախատեսվում է նաև 2 միլիարդ 245 միլիոն 914 հազար դրամ հատկացնել Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների՝ վտանգավոր թափոնների կառավարմանն առնչվող ընդհանուր մարտահրավերների շուրջ համագործակցային աշխատանքների իրականացման համար:

Հրազդանի կիրճի և Երևանյան լճի բարեկարգման համար նախատեսված է հատկացնել 9 միլիոն դրամ:

Երևանյան հասարակական զուգարանների պահպանման և վերանորոգման աշխատանքների համար կհատկացվի ավելի քան 14 միլիոն դրամ:

Նշենք, որ Երևան քաղաքի 2021թ. բյուջեն եկամուտների գծով կազմում է 92 միլիարդ 420 միլիոն 288 հազար 700 դրամ: Ծախսերը կազմել են 100 միլիարդ 776 միլիոն 765 հազար 500 դրամ, պակասուրդն իր հերթին կկազմի՝ 8 միլիարդ 356 միլիոն 476 հազար 800 դրամ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել