Հարվարդի համալսարանի մի քանի գիտնականներ նոր թեզ են առաջարկել երաժշտական առաջին ժանրի ու ընդհանրապես երաժշտության` «Բախից մինչև հիփ-հոփ ծնունդի» մասին: Ըստ նրանց` առաջինը եղել է ոչ թե սիրային, այլ հենց այն երգերը, որոնք մայրերը երգել են իրենց բալիկների համար:
Հայտնի ամենահին օրորոցայիններից են Բաբելոնում ծնունդ առածները, որոնք ունեն ավելի քան 4000 տարվա պատմություն:
Իսկ ի՞նչ է, ընդհանրապես, օրորոցայինը, ո՞րն է դրա երաժշտական և սոցիալական դերն ու գործառույթը:
Օրորոցային (երգը) կամ օրորերգը ժողովրդական ստեղծագործության քնարական երգատեսակ է: Դրա ավանդական երգողը սովորաբար երեխայի մայրն է, քույրը, աղախինը, խնամակալը կամ կրծքով կերակրողը:
Մեթոդաբանության տեսանկյունից` օրորոցայինը ֆիզիկական-տնային աշխատանքի լացն ու երգն է, որն անում է մայրը, քույրը, խնամակալը և այլն: Ինչպես յուրաքանչյուր երգ կամ քայլերգ, այստեղ ռիթմերը նույնպես ուղիղ կապ ունեն մարմնի շարժման արագության հետ` երեխային օրորելը, պտտեցնելը, ոտքն այդ նույն արագությամբ գետնին թեթև խփելը: Երգողը, կախված երեխայի արձագանքելու աստիճանից, սովորաբար փոխում է ձայնի բարձրությունն ու երաժշտության տեմպը:
Օրորոցայինների թեմատիկաներն ու պատումները տատանվում են բազմատեսակ հորինված տիեզերքների, իրականությունների և ժամանակների մեջ, այստեղ են ամփոփված երեխայի մասին հոգ տանողի հույսերը, երազանքներն ու վախերը: Հատկանշական է, որ մեծահասակների այդ նույն հույսերը, վախերն ու երազանքները ուղիղ կապ ունեն տվյալ պահի քաղաքական-տնտեսական իրավիճակից. լրինակ պատերազմների կամ բնական արհավիրքների ժամանակ դրանք ստանում են բավական սարսափազդու երանգներ, հատկապես Եվրոպայում կան մանկական տրամադրություններից շատ հեռու օրորոցայիններ տան դևերի, մարդասպան զինվորների մասին, որոնք ասես սարսափ ժանրից լինեն:
Օրորոցայինի հանգստացնող և հարմարավետություն ստեղծելու ունակությունը միայն օրորելու ու շշնջացող ձայների շնորհիվ չէ: Օրորերգի աշխարհում յուրաքանչյուրն ունի իր ստանձնած դերն ու կատարում է իր բոլոր «պարտականությունները»` հայրիկը ցախ է կոտրատում, կամ գնացել է որսի, մայրիկը կով է կթում, քույրիկը գործում է և այսպես շարունակ:
Վերադառնանք սոցիալական` մեթոդաբանական տեսանկյանը. օրորոցային երգը հիմնված է մի սուբյեկտի կողմից կատարվող աշխատանքով մյուսին հանգստացնելու երևույթի վրա: Այսինքն, երգողը բավականին էներգիա է ծախսում իր երգելու առաջադրանքն անելու համար, որպեսզի դրան հակառակ` հանգստացնի, թուլացնի ու հիմնականում` քնեցնի մեկ ուրիշին, սովորաբար, իրեն թանկ մարդու: Գրածս ասես հիպնոսի կամ այլ վտանգավոր ու պարանորմալ երևույթի մասին լինի, բայց ամենևին. տեխնիկապես այսպես է աշխատում «հանգստացնող» գործառույթ իրականացնող յուրաքանչյուր երևույթ:
Հետազոտողները կարծում են, որ ի տարբերություն երեխային ընդամենը գրկելուց, երգելն ավելի մեծ ուշադրություն և կենտրոնացում է պահանջում մորից, հորից…, որով երեխան հասկանում է` ծնողների ուշադրությունն իրենն է:
Քրիստիան Գինոսյան






Թողնել մեկնաբանություն