Լողը հիանալի միջոց է սեփական ֆիզիկական առողջությունը պահպանելու համար։ Այն ամրապնդում է սիրտ-անոթային համակարգը, բարձրացնում իմունիտետը։ Լողն օգտագործվում է նաև հենաշարժողական համակարգի մի շարք հիվանդությունների բուժման կոմպլեքս սխեմաներում։
Առողջ ապրելակերպով զբաղվողների թիվը տարեց տարի ավելի է աճում։ Հատկապես ամռանը մարդիկ ավելի շատ են հաճախում լողավազաններ և սպորտդահլիճներ, բայց, երբեմն, հիգիենայի կանոններին չհետևելով բախվում են լուրջ հիվանդությունների։
Eco.am-ն այսօր իր ընթերցողների համար կներկայացնի մի քանի կանոններ՝ թե ինչպես լազավազաններում պահպանել անձնական հիգիենայի կանոնները և չվարակվել։
Շատերը խուսափում են հաճախել լողավազան վախենալով, որ ձեռք կբերեն տարբեր վարակիչ հիվանդություններ։
1․Լողավազաններում ավելի մեծ է եղունգների և մաշկի սնկախտով հիվանդանալու հավանականությունը։
2․ Խոնավությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում սնկերի զարգացման համար։ Եթե լողավազանը չի ենթարկվում սանիտարական մշակման իսկ դուք էլ չեք պահպանում կանխարգելիչ միջոցառումները, ապա մեծանում է սնկախտով հիվանդանալու հավանականությունը։
3․ Լողալու ընթացքում վարակված ջուր կուլ տալու դեպքում հնարավոր է վարակվել հեպատիտ Ա, մանրէային դիզենտերիա։
Ինչ միջոցներ է պետք ձեռնարկել
1․ Լողավազանների գերակշիռ մասը կիրառում է քլոր, ուստի պետք է հաշվի առնել ալերգիկ մաշկաբորբեր առաջացնելու հնարավորությունը։ Այդ դեպքում պետք է նախապատվություն տալ այն լողավազաններին, որտեղ ջրի ախտազերծումը կատարվում է քլոր չպարունակող միջոցներով։
2․ Պարտադիր օճառով պետք է լվանալ ոտքերը լողավազանից դուրս գալուց հետո և չորացնել անհատական փոքրիկ սրբիչով։ հատկապես՝ միջնամատային ծալքերը։
Սնկային ախտահարումներից պայքարելու 2 եղանակ
Գոյություն ունի 2 եղանակ՝ անհատական և հասարակական
1․ Անհատական – Յուրաքանչյուրը պետք է ունենա իր անձնական օգտագործման պարագաները՝ սրբիչ, սանր, գլխարկ, լաթիկներ, կոշիկ։
2․Հասարակական– Ռիսկային գոտիներում, որտեղ սնկային հիվանդությամբ վարակվելու հավանականությունը մեծ է, պետք է պարբերաբար ստուգումներ կատարվեն․
Ա․ Լողավազանում
Բ․ Սպորտդահլիճ հաճախողները անպայման պետք է ենթարկվեն բժշկական հետազոտության։
Գ․ Պետք է պարբերաբար այցելություններ կատարվեն վարսավիրանոցներ, մատնահարդարների մոտ, մանկապարտեզներ, դպրոցներ։
Վարակվելու ռիսկը նվազեցնելու համար
1․ Մի հաճախեք լողավազան, եթե ձեր մաշկին առկա են վերքեր, քերծվածքներ, քանի որ նման դեպքում պատասխանատվություն եք կրում ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների առողջության համար։
2․ Պետք է ընտրել լավ համբավ ունեցող լողավազան։
3․ Լողավազանում կրեք միայն սեփական հողաթափերը։
4․ Լողալուց առաջ և անմիջապես հետո պարտադիր պետք է լողանալ հակաբակտերիալ օճառով։ Հատկապես, հատուկ ուշադրություն դարձնելով ոտնաթաթերի և միջնամատային ծալքերի մաշկին։
5․ Լողալու ընթացքում աշխատեք ջուր կուլ չտալ։
Եթե վարակվել եք
Այնուամենայնիվ, եթե արդեն վաչակվել եք, ապա չպետք է զբաղվեք ինքնաբուժությամբ, այլ ցանկացած քորի, մազերի թեփոտման, մազաթափության, եղունգների գույնի փոփոխության դեպքում հարկ է դիմել բժշկի։






Թողնել մեկնաբանություն