Երևանում ապօրինի բռնված ձուկ էլ չենք տեսնի. Տիգրան Գաբրիելյան

https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%ba%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%a2%d5%bc%d5%b6%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b1%d5%b8%d6%82%d5%af-%d5%a7%d5%ac-%d5%b9%d5%a5%d5%b6%d6%84-%d5%bf/

«էկոպարեկները արդեն կպայքարեն ապօրինի որսի դեմ, ու Երևանում ապօրինի բռնված ձուկ էլ չենք տեսնի»,-այս մասին այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Առաջին ընթերցմամբ նախարարի տեղակալը քննարկման ներկայացրեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Ըստ Տ․ Գաբրիելյանի, օրենքների նախագծերը մշակվել են հաշվի առնելով Արարատյան դաշտի ջրհավաք ավազանում կլիմայի փոփոխության ազդեցությամբ, ինչպես նաև մարդու տնտեսական գործունեության (այդ թվում ապօրինի) արդյունքում Արարատյան արտեզյան ավազանի աղետալի վիճակը։ Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից։

Նախագիծը մշակելիս ամրագրվել է հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքները հիդրոշինարարական թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից իրականացնելու պահանջ։  Ինչպես նաև նախատեսվել է արգելք՝ լուծարված հորատանցքերի, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության՝ նաեւ կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար։ Շրջակա միջավայրի նախարարի հրամանով կհստակեցվեն Արարատյան դաշտն ընդգրկող Արարատի և Արմավիրի մարզերի համայնքների ցանկը,

Նախագծով նաև նախատեսված են տարբերակված վարչական տույժեր՝

1․ մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար։

2․ Խստացված վարչական պատասխանատվություն լուծարված հորերի վերաբացման կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ այդ նպատակով հորատում իրականացնելու կամ կոնսերվացված հորատանցքեր վերաբացելու համար։

3․Արտեզյան (ճնշումային) ջրերից ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն, ըստ որի լուծարված հորատանցքերը վերաբացելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով հորատանցք հորատելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերը վերաբացելու համար, եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին,  հասարակության կամ պետության օրինական շահերին։

Գործող պատասխանատվության հոդվածներից առանձնացվել են սիգի համար նախատեսված դեպքերը և դրանց համար սահմանվել են առավել խիստ պատասխանատվության  միջոցներ․ սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150000 ՀՀ դրամը գերազանցող գումարը։

«Սիգի որսի հետ կապված ընդունել եք որոշում՝ 150 հազար դրամից ավելի դեպք գրանցելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: Ինչո՞ւ օրինակ 250 կամ 350 հազար դրամ չեք որոշել»,- Աժ-ում կայացած նիստի ժամանակ հետաքրքրվեց իշխող խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Նկատի են ունեցել վաճառքի ափերը և հաշվարկ են արել, համամիտ եմ, սողանցք կա, բայց այդ 140 հազարի համար էլ կա վարչական տույժ»,- պատասխանեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Eco.am

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով