Ոչ միայն Երեւանում, այլեւ գրեթե բոլոր քաղաքներում Այլանթ տեսակի ծառը դարձել է չարիք։ Eco.am սոցիալական հարթը Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ից տեղեկացավ, որ տարվում են աշխատանքներ՝ այդ ծառից ձերբազատվելու համար։
Ըստ ՀՈԱԿ-ի այն վնասակար ծառ է շրջակա միջավայրի համար, քանի որ՝
1․Այլանթը պարունակում է դառը նյութ, իսկ պտուղները՝ մինչեւ 70 տոկոս ճարպ։
2․ Ծաղկման փուլում առաջացնում է գարշահոտ։
3․ Առաջին հայացքից թվում է, թե շատ հարմար է Երեւանի կանաչապատման համար, բայց, լինելով ծայրահեղ ագրեսիվ ինվազիվ բույս, սկսում է անվերահսկելի բազմանալ՝ ընկճելով բոլոր այլ տեսակի ծառերը՝ աստիճանաբար զբաղեցնելով դրանց տարածքը։
4․ Ունի հեռու տարածվող եւ կենսունակ սերմեր եւ հանդիսանում է ուժեղ ալերգեն։

Այս ծառը գրեթե բոլոր քաղաքներում վնաս է հասցնում.
1. ենթակառուցվածքներին,
2. կոյուղիներին,
3. շենքերի հիմքերին,
4. կամուրջներին,
5. մայթերին։
Այլանթն ամբողջովին դուրս է մղում էնդեմիկ տեսակներին, առաջացնում է մոնոմշակութային էկոհամակարգ։
Ցավոք, այս տեսակից ազատվելու համար օգտագործվում են տարբեր հերբիցիդներ եւ այլ քիմիական նյութեր, որոնք քաղաքում օգտագործելը չի խրախուսվում, քանի որ առանց այն էլ քաղաքի էկոլոգիական վիճակը այնքան էլ բարվոք չէ։
Այլանթը լայնորեն օգտագործվում է որպես դեղամիջոց եւ կարող է լինել օգտակար, սակայն քանի որ թուրմը պարունակում է թույներ, ուստի օգտագործման ժամանակ պետք է լինել զգուշավոր։
Փոքրիկ տեղեկանք՝ Այլանթի մասին
Այս ծառի հայրենիքը Հյուսիսային Չինաստանն է, որտեղ այն մշակվում է վաղ անցյալից եւ կիրառվել է կոշտ մետաքսի արտադրության մեջ։ Այլանթն աճում է նաեւ Հարավային եւ Արեւելյան Ասիայում, Հարավարեւելյան Եվրոպայում, Ավստրալիայում եւ այլ երկրներում։ Առաջին մեծության ծառ է, հողի նկատմամբ պահանջկոտ չէ, չորադիմացկուն է, լուսասեր, առաջացնում է առատ արմատային շառավիղներ, ինչն էլ այս տեսակը դարձնում է ինվազիվ եւ անցանկալի՝ կանաչապատման մեջ։ Այն համարվում է աշխարհի ինվազիվ բույսերի լիդերներից մեկը։ Այլանթն աճում է արագ, հասնում է մինչեւ 30 մետրի, հաճախ անվանում են «երկնքի ծառ», ինչպես նաեւ՝ չինական հացենի, քանի որ հայրենիքը Չինաստանն է։ Այն ունի նաեւ բազմաթիվ այլ անվանումներ։






Թողնել մեկնաբանություն