Խինդողնի և Արենի սորտերի խաղողի կորիզներից անջատված յուղը համաշխարհային համբավ ունի

https://eco.am/%d5%ad%d5%ab%d5%b6%d5%a4%d5%b8%d5%b2%d5%b6%d5%ab-%d6%87-%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%bd%d5%b8%d6%80%d5%bf%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%b8%d5%b2%d5%ab-%d5%af%d5%b8%d6%80%d5%ab%d5%a6/

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ուսումնասիրվել են Հայաստանում և Արցախում տարածված  Խինդողնի և Արենի սորտերի խաղողի կորիզներից լուծամզման մեթոդով ստացված բնական յուղերի օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական հատկությունները և քիմիական բաղադրությունը: Eco.am սոցիալական հարթակը գիտաարտադրական կենտրոնից տեղեկացավ, որ որոշվել է նպատակային արտադրանքի օպտիմալ ելքերը:

«Խաղողի կորիզներից անջատված յուղը (grape seed oil) լայն համբավ ունի համաշխարհային սննդարդյունաբերության, դեղագործական արտադրության և գեղարարության (կոսմետոլոգիա) բնագավառներում:  Այն պարունակում է մոնո- և պոլիչհագեցած ճարպաթթուներ, վիտամին E, կարոտինոիդներ և ֆենոլային միացություններ, որոնք նպաստում են օրգանիզմի հակաօքսիդանտային, իմունապաշտպանիչ, հակաբորբոքային, վերքամոքիչ հատկությունների բարելավմանը: Այդ միացությունները չեն սինթեզվում մարդու օրգանիզմում, դրանք կարելի է ստանալ միայն սննդամթերքի հետ: Մեր հետազոտության նպատակն էր Արենի և Խինդողնի տեսակների մեջ և վերամշակման առաջնային արգասիքներում պարզել կենսաբանորեն և դեղաբանորեն ակտիվ բաղադրամասերի առկայությունը և դրանց անջատման համեմատաբար պարզ մեթոդների մշակման հնարավորությունը»,- ասաց հետազոտական աշխատանքի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Հալենային և նոր հալենային դեղապատրաստուկների լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր Սլավիկ Դադայանը:

Սննդի և դեղագործական արդյունաբերության համար Խինդողնի և Արենի տեսակի խաղողի կորիզներից լուծամզման եղանակով բարձրորակ և չռաֆինացված յուղի ստացման օպտիմալ պայմանների որոշման արդյունքում յուղի ելքը կազմել է 9.5%: Ցույց է տրվել, որ Խինդողնի և Արենի տեսակի խաղողի կորիզներից ստացվող յուղերը պարունակում են՝

1․  1.118 մգ % տոկոֆերոլներ,

2․ 3.2 մգ % կարոտինոիդներ,

3․ С, P, E վիտամիներ, իսկ դրանց մշակման արգասիք քուսպերը պարունակում են արժեքավոր ազատ օրգանական թթուներ՝ թրթնջկաթթու (0.093 մգ/մլ), գինեթթու (3.105 մգ/մլ), կիտրոնաթթու (0.48 մգ/մլ),

4․  որ Fe, Cu, Zn, Ca, Mg մակրոտարրերը և Mn, Co, Cd, V, Se, Cr, As, Pb միկրոտարրերը հետազոտվող կորիզների նմուշներում առկա են թույլատրելի չափաքանակների սահմաններում:

Պարզվել է, որ խաղողի հումքի օգտագործված  երկու տեսակներն էլ պիտանի են կոմպլեքս և անթափոն մշակման արտադրության համար:

«Աշխատանքն ունի և՛ կիրառական, և՛ հիմնարար նշանակություն. այն նպատակաուղղված է ազգաբնակչության առողջ սննդակարգի բարելավմանը»,- ասաց Սլավիկ Դադայանը: Նա նշեց, որ կատարված ուսումնասիրության վերջնարդյունքում իրականցվել է խաղողի հետազոտված հումքերի և դրանց առաջնային քուսպերի մշակման անթափոն արտադրության լաբորատոր տեխնոլոգիական սխեմա, որը կարող է հետաքրքրել շահագրգիռ կազմակերպություններին:

«Սև և սպիտակ խաղողի կորիզների յուղերի համեմատական հետազոտությունը` կախված կորիզների մանրեցման աստիճանից և գազային ածխաթթու գազի հոսքի արագությունից» թեմայով սույն հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորման շրջանակներում:

Հետազոտական աշխատանքում ներգրավված է եղել 4 երիտասարդ գիտաշխատող:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։