Շրջակա միջավայրի նախարարության 85 տոկոս կատարողականը պայմանավորված է դրամաշնորհային ծրագրերի թերակատարմամբ, ինչն էլ հետեւանք է քովիդի եւ պատերազմական շրջանի բարդությունների: Նախարարության կատարողականն առանց դրամաշնորհային ծրագրերի փաստացի կազմել է 97.8 տոկոս:
Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Ըստ նրա` նախարարության ապարատի եւ ԾԻԳ-ի ընթացիկ ծախսերի բյուջեն կազմել է 1 միլիարդ 80 միլիոն դրամ:
1․ Համակարգում 9 ՊՈԱԿ-ներին ծրագրով հատկացվել է 2 միլիարդ 900 միլիոն դրամ։
2․ Բնության հատուկ պահպանվող տարածքների 936 ՊՈԱԿ-ներին հատկացվել է 932 միլիոն դրամ:
3․ Գերմանական ՍԻԷՆԷՖ կազմակերպության հետ պայմանագրի շրջանակում ՊՈԱԿ-ներին եւս 382 միլիոն դրամ է տրամադրվել։
4․ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 1.6 միլիարդ դրամ գումար:
Անդրադառնալով «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ընթացիկ ծախսերին` նախարարը նշել է, որ Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում ծրագրով հատկացվել է 10 միլիոն դրամ:
Նշվել է, որ սիգ ձկնատեսակի ավելացում է արձանագրվել: Ի տարբերություն 2021 թվականի` 2022 թվականին 600 տոննա քվոտա է սահմանվել, որն ամբողջությամբ իրացվել է` արդյունքում 36.7 միլիոն բնօգտագործման վճար է ստացվել: Շուրջ 800 ձկնորս է ներգրավված եղել քվոտայի շրջանակում:
Ըստ նախարարի` 2022, ինչպես նաեւ 2023 թվականին արգելվել է Սեւանից ձկնկիթի արտահանումը, որը շարունակական է լինելու:
Սեւանի ջրային տարածքի անտառամաքրման աշխատանքների շրջանակում նախատեսված է եղել 118 միլիոն դրամ, վերաբաշխման արդյունքում 48.8 միլիոն դրամն ուղղվել է նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերմանը: Վերահաշվարկով` 2023 թվականին 400 հա ափամերձ տարածք կմաքրվի:
Շուրջ 300 միլիոն դրամ կտրամադրվի Սեւանի իշխանի ծրագրի շարունակման համար: Նշվել է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի հետ համատեղ աշխատանքներ են ընթանում Սեւանի իշխանի վերականգնման ծրագրի շարունակման վերաբերյալ: Անտառների կառավարում ծրագրով հատկացվել է 2.1 միլիարդ դրամ:
Հակոբ Սիմիդյանը մանրամասն ներկայացրել է նաեւ նախատեսված այլ միջոցառումների թվային տվյալներն ու կատարողականները: Նախարարը պատասխանել է հանձնաժողովականների` ոլորտին առնչվող հարցերին:
«Քվոտայի ներդրման հիմնական նպատակը ձկնորսությունն օրինական դաշտ բերելն է»,- ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` պատասխանելով համատեղ նիստը վարող` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանի` քվոտայի վերաբերյալ հարցին:






Թողնել մեկնաբանություն