Շվեյցարիան Հայաստանին 4․500․000 շվեյցարական ֆրանկ է հատկացրել բնապահպանության և տնտեսական զարգացման համար

https://eco.am/%d5%b7%d5%be%d5%a5%d5%b5%d6%81%d5%a1%d6%80%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-4%e2%80%a4500%e2%80%a4000-%d5%b7%d5%be%d5%a5%d5%b5%d6%81%d5%a1%d6%80%d5%a1/

Ապրիլի 15-ին մեկնարկում է «Հայաստանում կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը, որի շրջանակներում Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել է 4․500․000 շվեյցարական ֆրանկ դրամաշնորհ: Ծրագիրն իրականացվելու է «Բնության համաշխարհային  հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի» կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» (SDC) հետ համագործակցությամբ։

Շվեյցարիայի համագործակցության երևանյան գրասենյակի ԶԼՄ-ների և հաղորդակցման բաժնի հաղորդմամբ՝ ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի մարզերում ֆերմերների և գյուղական բիզնեսների եկամուտը՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ: Այն նպաստելու է նաև բնության և կլիմայի փոփոխության քաղաքականության խթանմանը, քանի որ փոխկապակցելու է տնտեսական աճը, բնական պաշարների և կենսաբազմազանության պահպանությունը։

Ծրագիրը տևելու է 8 տարի և իրականացվելու է Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:  Այն կյանքի է կոչում Շվեյցարիայի արտաքին քաղաքականության և զարգացման համագործակցության սկզբունքներն ու խնդիրները և լիովին համահունչ է Շվեյցարիայի ազգային քաղաքականությանը և նպատակներին:

Շվեյցարիան, ինչպես և Հայաստանը, լինելով լեռնային երկիր՝ տարիների ընթացքում խորացրել է բնության և էկոհամակարգերի հետ կապված նմանատիպ մարտահրավերների լուծման ուղղությամբ իր գիտելիքներն ու փորձը և ցանկանում է աջակցել Հայաստանին շուկայական տնտեսությանն անցման գործում, ինչպես նաև նպաստել նրան, որ երկրի բնակչությունն օգուտներ քաղի ներառական տնտեսական զարգացումից:

Նախագիծն իրականացվելու է՝ հիմք ընդունելով SDC-ի կողմից արդեն երկար տարիներ ֆինանսավորվող ծրագրերի հետ աշխատանքը և համագործակցությունը, ինչպիսիք են «Անասնապահության զարգացումը Հայաստանի հարավում և հյուսիսում» և «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրերը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։