Ինձ համար շատ կարևոր է ազգային արժեքները պահպանելը. Վարդուհի Խաչատրյան

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b1-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%b7%d5%a1%d5%bf-%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80-%d5%a7-%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84%d5%b6%d5%a5/

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը /«Դեպի լույս» երգչախումբը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում/ բազմաթիվ համերգների, փառատոների, միջոցառումների է մասնակցել Հայաստանում և արտերկրում: Երգչախմբերը համերգային ծրագրերով հանդես են եկել մանկատներում, ծերանոցներում, զորամասերում և այլուր: Առանձնահատուկ ոգևորություն է իրենց պարգևել Արցախի զորամասերի համերգները,-մեզ հետ անկեղծացավ գեղարվեստական ղեկավար երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը:

«Ինձ համար շատ կարևոր է ազգային արժեքները պահպանելը:Երեխաները պիտի շատ սիրեն իրենց հայրենիքը : Ինձ շատ է ոգևորում, որ հայ փոքրիկները Հայաստանում և արտերկրում սիրով են երգում Հայաստանին, հայրենիքին նվիրված երգերը: Քանի որ, իմ հեղինակած երգերը, բացի իմ երգչախմբերից երգում են շատ մանկապատանեկան անսամբլներ, երգիչներ և այլոք: «Արևներ» անսամբլը 2018թ. Ֆրանսիայում, այս տարի Վիեննայում, Պրահայում, 2019թ.` Բուլղարիայում երգել է իմ հեղինակած «Իմ քոչարի» երգը, որը նվիրված է Հայաստանին ու հային: Բոլոր մրցութային փառատոներում ընդգրկված է: «Արևները» բոլոր փառատոներից հաղթանակած են վերադառնում Հայաստան»:

Այս տարիների ընթացքում հասցրել ենք շատ համերգների, միջազգային փառատոների մասանակցել:

2018թ. սեպտեմբերի 10-15-ը եղանք Արցախի զորամասերում, համերգները շատ ջերմ էին անցնում, երեխաները մեծ ուրախություն ապրեցին, երբ զինվորնեը նրանց գրկախառնված պարեցին,երգեցին: Բոլոր զորամասերի կողմից պարգևատրվեցինք պատվոգրերով: Մեր հուզմունքը ավելի մեծ էր, երբ այցելեցինք և համերգ ունեցանք Ստեփանակերտի անհայտ կորածների և զոհվածների հուշ – թանգարաններում: Երեխաները շատ էին ոգևորվել: Համերգ ունեցանք նաև Իվանյան վարժարանում, որտեղ անցկացրեցինք մեր հիշարժան օրերը:

2019թ․ շատ էին մեր համերգային ծրագրերը:

Երեխաների համար շատ հետաքրքիր էր ու ոգեշնչող նաև Նորքի տուն –ինտերնատի

համերգը: Կանանց տոնին նվիրված մարտի 1 1-ին համերգ ունեցանք, երեխաները ծաղիկներ նվիրեցին անյտեղ բնակվող տատիկներին և շնորհավորեցին նրանց տոնը: Աննկարագրելի զգացողություններ ունեցանք: Համերգը անցավ շատ բուռն և ջերմ մթնոլորտում:

Ապրիլին Քառօրյա պատերազմին նվիրված համերգ ունեցանք «Շնորհակալ ենք քեզ, հայ զինվոր» խորագրով Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանի դահլիճում: «Շնորհակալ ենք քեզ, հայ զինվոր» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես եկանք նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դահլիճում: Շատ բուռն անցավ համերգը, բոլորը ոտնկայս երգում և անդադար ծափահարում էին:

Զինվորները ձայնակցում էին երեխաներին և պարում նրանց հետ: Այս տարի նույնպես նախատեսված էր համերգային ծրագիր Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված, բայց կորոնավիրուսի պատճառով չկայացավ։

Շատ տպավորիչ էր նաև մենահամերգը : 2019 թ. Հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի տուն –թանգարանի գեղեցիկ դահլիճում տեղի ունեցավ «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախմբի «Արևաշող ժպիտներ» խորագիրը կրող մենահամերգը՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան, Մեծն Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին: Երգչախմբերին իրենց ելույթներով ողջունեցին Հայաստանի ,, Հայ արև,, անսամբլը, նուն ինքը Հանրային ռադիոյի «Արևիկ» անսամբլը, որը կատարեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի հեղինակած «Հայաստան» երգը, որը շատ է հնչել, թե Հայաստանում, թե արտերկրում: Իրենց ելույթներով երեխաներին նաև Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի մենակատար Էդգար Խաչատրյանը,Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, երգչուհի, ջութակահարուհի Անահիտ Գրիգորյանը:

Հնչեցին երգեր Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից ,հայրենասիրական երգեր, իմ հեղինակած երգերը, ինչպես նաև Սասուն Պասկիչյանի «Մեր լեզուն» երգը որի խոսքերը գրել է Համո Սահյանը, իսկ երաժշտությունը Սասուն Պասկևիչյանը,որի գործիքավորումը ինքն է ինձ նվիրել և համերգին ներկա մաեստրո Պասկևիչյանը շատ հիացած էր երեխաների ելույթներից: Համերգին ներկա էր նաև Կոնսերվատորիայի դասախոս, ժողովրդական արտիստուհի, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, ներկա էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, Երկրապահ կամավորական միության պատանի երկրապահները և իրենց ղեկավարը և այլոք:

Ոգևորված ունկնդիրները ձայնակցում, էին երգչախմբին և ջերմ ծափահարությունները մեկ անգամ ևս վկայեցին, որ համերգը անցավ շատ ջերմ մթնոլորտում: Մոտ մեկ ժամ ու կես տևած համերգային ծրագիրը, որտեղ երգչախումբը բոլոր երգերը միմիայն կենդանի հնչեղությամբ էր կատարում, մեկ անգամ ևս կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել: Նրանք հասարակության լիիրավ անդամ են:

Հուլիսի 24-ին մասնակցեցինք Վրաստանի Քոբուլեթի քաղաքում միջազգային փառատոնի, փայլուն ելութ ունեցանք: Ժյուրրի բոլոր անդամները, այդ թվում թուրք, մեզ տվեցին ամենաբարձր 10 միավորները, միաժամանակ ծափահարում էին երգերի ընթացքում:

Ստացանք ոսկե մեդալ և դիպլոմ: Երեխաների առօրյան անցնում էր շատ հետաքրքիր: Նրանց համար կազմակերպվեց նաև էքսկուրսիա, որի համար շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին: Ամենուր նրանք երգում էին, այդ թվում ծովի ափին՝ արժանանալով բազմաթիվ հանգստացողների ուշադրությանը: Երեխաները շատ ոգևորված էին, ամեն օր համերգ էինք ունենում այն հյուրանոցում, որտեղ անցկացրինք մեր հիշարժան օրերը: Բոլորը հավաքվում էին և ուզում, որ մեր երեխաները երգեն:

Հոկտեմբերի 19-20ը «Դեպի լույս» երգչախումբը մասնակցեց «Ներառական պրակտիկաները Հայաստանում» միջազգային փառատոնին և փայլուն մասնակցության համար պարգևատվեցինք պատվոգրերով: Շատ ջերմ ընդունելության արժանացանք, օտարկրյա հանդիսատեսը նույնպես անդադար ծափահարում էր մեր երեխաներին:Մենք մեծ բավականություն ստացանք, իսկապես շատ բարձր մակարդակով կազմակերպված փառատոն էր, որը լինելու է ամենամյա:

Բոլորս պետք է սիրով ու հոգատարությամբ շրջապատենք նրանց: Երգչախումբը դեռ շատ է իր ելույթներով հիացնելու հանդիսատեսին, թե Հայաստանում, թե արտերկրում:

Այս տարի նունպես շատ են մեր համերգային ծրագրերը: Մայիսի 20-ին ՀՀ ՊՆ «Եռաբլուր» պանթեոնում ունենք հիշատակի և խոնարհումի միջոցառում : Հունիսի 1-ին էլ մեր «Տեսնող սրտեր» մենահամերգն է լինելու Արամ Խաչատրյանի անվան թանգարանի դահլիճում:»

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով