Էկո հանրագիտարան. Վարունգի հյութի

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a3%d5%ab-%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%ab/

Վարունգը ամենաբնական միզամուղ միջոցներից է, այն պարունակում է 95-97 տոկոս ջուր, 1-2 տոկոս շաքար, A, C, B և B2 վիտամիններ, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգանական թթուներ, եթերայուղ եւ այլն:

100 գրամ հումքի մեջ պարունակում է 23 միլիգրամ կալցիում, 42 միլիգրամ ֆոսֆոր, 14 միլիգրամ մագնեզիում, 141 միլիգրամ կալիում, 8 միլիգրամ նատրիում, ինչպես նաև՝ երկաթ, պղինձ, յոդ և այլն: Կալիումի մեծ պարունակության շնորհիվ, վարունգի հյութը կարգավորում է արյան ճնշումը։

Վարունգի հյութն ամրացնում է սիրտն ու անոթները, կանխում եղունգների քայքայումն ու մազաթափությունը։ Նպաստում է նաև մազերի աճին, հատկապես, եթե խառնված է գազարի, սպանախի և հազարի հյութերի հետ։

Վարունգի հյութը գազարի հյութի հետ նպաստում է ռևմատիկ հիվանդությունների բուժմանը, քանի որ այդ հիվանդությունը օրգանիզմում միզաթթվի կուտակման արդյունք են։ Այդ դեպքում որոշ քանակությամբ բազուկի հյութի ավելացումը արագացնում է բուժումը։ Կալիումի մեծ քանակության առկայությունը արժեքավոր է արյան բարձր ու ցածր ճնշման դեպքում։ Վարունգի ու գազարի հյութերի խառնուրդին կարելի է ավելացնել նաև ոչ մեծ քանակությամբ առվույտի հյութ։

Վարունգի հյութը օգնում է նաև ատամների, լնդերի ու մաշկային հիվանդությունների դեպքում։

Վարունգի հյութը շատ օգտակար է հազի, նյարդային համակարգի գրգռվածության, բարձր ջերմության, փորկապության դեպքում։

Միզամուղ լինելով, հատկապես դառը վարունգի հյութը, մաքրում է քարն ու ավազը երիկամներից, միզապարկից։ Որպեսզի գազեր չառաջանան, վարունգի հյութին ավելացնում են քացախ, սամիթ կամ մեղր։

Վարունգի թարմ հյութը և մեղրը, խառնելով 20:1 հարաբերությամբ, խորհուրդ է տրվում խմել 50-100 միլիգրամ, օրը 3-4 անգամ` վերին շնչառական հիվանդությունների, քրոնիկական բրոնխիտի, թոքախտի դեպքում` որպես խորխաբեր։ Իսկ աղեստամոքսային հիվանդությունների դեպքում, որպես հանգստացնող ու ցավազրկող միջոց։

Ի դեպ, կարևոր է իմանալ, որ վարունգի հյութի չարաշահումը վնասակար է, օրգանիզմում հակառակ ազդեցությունն է ունենում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով