«Sensor»-ը չի խաթարի Պարիս Հերունու աստղադիտարանի էկո համակարգը․ վստահեցնում են փառատոնի կազմակերպիչները

https://eco.am/sensor-%d5%a8-%d5%b9%d5%ab-%d5%ad%d5%a1%d5%a9%d5%a1%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d6%80%d5%ab%d5%bd-%d5%b0%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a1%d5%bd%d5%bf%d5%b2%d5%a1%d5%a4%d5%ab%d5%bf%d5%a1/

Սեպտեմբերի 10-ից 12-ը Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքում, «Sensor» երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի կազմակերպիչները մշակութային իսկական եռուզեռ են խոստանում։ Արագածոտնի մարզի Օրգով համայնքում գտնվող Պ. Հերունու աստղադիտարանի տարածքում փառատոնի ընթացքում պատրաստվում են հյուրընկալել աշխարհահռչակ արտիստներ շուրջ 15 երկրներից, այդ թվում՝ Ավստրիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թայվանից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Ճապոնիայից, Սինգապուրից, ԱՄԷ-ից եւ նույնիսկ Թուրքիայից: Իսկ Հայաստանից փառատոնին կներկայանա «ԹմբաԹա» հայտնի երաժշտական խումբը:

Ըստ կազմակերպիչների, նախատեսում են ընդհանուր առմամբ փառատոնին աստղադիտարանի տարածքում հյուրընկալել ավելի քան 80 արտիստ և շուրջ 3500 հանդիսատես։

Մինչ փառատոնի կազմակերպիչները ներկայացնում էին, իսկ հայկական մեդիադաշտը տարածում էր սպասվելիք իրադարձությունը, որպես մասշտաբային առաջին մեծ նախագիծ, տարածվեց հակառակ տեսակետը՝ Պ․ Հերունու ժառանգների կողմից։ Նրանց միացան նաև գիտական ու բնապահպանական ոլորտի անհատներ ու քաղաքացիներ, պնդելով այն տեսակետը, թե փառատոնը կվնասի աստղադիտարանի տարածքը և գիտական և բնապահպանական տեսանկյունից։

Օրերս կազմակերպիչները լրագրողական շրջայց էին կազմակերպել, որին ներկա էր նաև Eco.am սոցիալական հարթակը։

Մեզ հետ զրույցում փառատոնի հայ և ռուս կազմակերպիչները վստահեցրին, որ իրենց կաղմից կազմակերպված եռօրյա փառատոնը չի վնասի գիտությանը, և չի խաթարի աստղադիտարանի էկոհամակարգը։

Ինչպես փառատոնի համակազմակերպիչ Նատաշա Աբելը պնդեց՝ արվեստը եկել է ոչ թե վնասելու, այլ փրկելու գիտությանը․ «Հենց տարածքի առանձնահատկություններից ելնելով` որոշվեց փառատոնի մի փոքր տիեզերական, գիտաֆանտաստիկ թեմատիկան և անվանումը: Լինելու են էլեկտրոնային երաժշտություն, երաժշտական խմբերի կենդանի կատարումներ, նկարիչներն աշխատելու են մեդիա, լուսային ինտերակտիվ ինստալյացիաների ժանրում: Ընտրեցինք արտիստների և նկարիչների, որ այդ ամենը մեկ ընդհանուր համակարգի մեջ լինեն»:

Փառատոնի արտ պատկերասրահի ստեղծման գործում ներգրավված են Armenia Art Basis պլատֆորմի մի խումբ արվեստագետներ: Տարբեր ժանրերի արտիստներ Արտեմ Ստեֆանովը,Վտոլը, Բորոգազը, Օլեգ Գլուշկովը կցուցադրեն իրենց աշխատանքները՝ սթրիթ արտից մինչև թատերական ներկայացումներ: Իսկ Sensor-ի արվեստի ծրագրի աստղերը կլինեն ավստրիացի նկարիչ Պիտեր Կուտինը, իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Տոսինին և ավստրալացի նկարիչ Թոնի Բաքը փառատոնի հանդիսատեսի համար եզակի օբյեկտներ և ինստալյացիաներ են պատրաստում:

Փառատոնի կազմակերպիչները, ընդամենը 3 օրվա համար վերականգնում ու բարեկարգում են տարածքը՝ չվնասելով տարածքում գտնվող կարևոր նշանակության օբյեկտները: Ընդհակառակը, վերանորոգում են տարածքում եղած ենթակառույցները, տանիքները, տնակները, կառուցում ոչ ժամանակավոր բեմահարթակներ, ապահովում լուսավորությամբ:

Փառատոնի օրերին  Երևանից դեպի Օրգով՝ աստղադիտարանի տարածք և հակառակ ուղղությամբ կարող եք հասնել Sensor-ի՝ 30 րոպեն մեկ գործող տրանսպորտային ուղերթներով: Հանդիսատեսը ոչ միայն կվայելի լավ երաժշտություն և կհիանան Հերունու գիտական միջավայրը տեսնելով, այլեւ կունենան վրանային հանգիստ անցկացնելու և, իհարկե, սնվելու հնարավորություն՝ սննդի վճարովի կետերից: Ընդ որում՝ մի հատված էլ փառատոնային տարածքում կոչվելու է Արցախ, որտեղ տեղահանված արցախցիները հնարավորություն կունենան արցախյան բարիքներ վաճառել այցելուներին, որի գումարն ամբողջովին մնալու է հենց իրենց:

Ըստ փառատոնի համակազմակերպիչ, «Արմատ Քոմմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ հիմնադիր-նախագահ Լևոն Հունանյանի, իրենց ջանքերի շնորհիվ տարածքում այնպիսի լավ պայմաններ են ստեղծվել, որ գիտությամբ զբաղվող մարդիկ ցանկության դեպքում կկարողանան էլ ավելի մեծ սիրով իրենց գործն անել․ «Երբ մեր լավ ընկերներին ներկայացրինք, որ Արագածի լանջին այսպիսի մի հետաքրքիր տեղանք կա, նրանց հետաքրքրեց և տարբեր ժամանակահատվածներում այստեղ ուսումնասիրել, հետազոտել և հասկացել ենք, որ հնարավոր է այստեղ լինի նման փառատոն: Ապահովելու ենք ինչպես տարածքի կարևոր նշանակության օբյեկտների անվնաս մնալը, այնպես էլ մարդկանց անվտանգությունը: Այստեղ կլինեն հսկիչներ, որոնք մարդկանց տեղաշարժին կհետեւեն: Այս առումով համագործակցում ենք ԱԻՆ-ի հետ, որպեսզի փառատոնի օրերին այստեղ լինեն փրկարարներ, հրշեջներ, բուժաշխատողներ եւ լեռնագնացներ: Ասեմ, որ այս օրերին վերանորոգվել են կառույցների տանիքները, աստիճանները, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն էլ իրականացվում են «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲ-ի հետ քննարկման արդյունքում», – ներկայացրեց Լ․ Հունանյանը, պնդելով, որ աստղադիտակի ներսի հատված մուտքն արգելված է լինելու՝ ինչպես կազմակերպիչների, այնպես էլ մասնակիցների համար:

Ի դեպ

«ՍԵՆՍՈՐ» միջազգային փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության միջև կնքվել է թույլտվության պայմանագիր, համաձայն որի՝ «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպությունն իրավունք է ստանում 2022թ.-ի սեպտեմբերի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավոր, անհատույց տիրապետել և օգտագործել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արագածի գիտական կենտրոնի անշարժ գույքի որոշակի մասը։

Պայմանագրով հստակ ամրագրված է.

«Արգելվում է փառատոնի մասնակիցներին և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության աշխատակիցներին մտնել կամ օգտագործել այն տարածքները, որոնք չեն ներառված միջոցառման անցկացման համար դիտարկված հատակագծի մեջ՝ մասնավորապես ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի և նրան հարող հարավային թունելի հատվածը, ինչպես նաև՝ ազգային չափանմուշների համար նախատեսված շինությունները» (մեջբերման ավարտը)։

Նշենք, որ աստղադիտարանի կենտրոնական օբյեկտը 54 մետրանոց ռադիոօպտիկական աստղադիտակն է՝ միջոցառման խորհրդանիշը եւ լազերային մեդիա ինստալյացիա հարթակը, իսկ փառատոնի երաժշտական չորս բեմերը տեղակայված են աստղադիտակի հարակից տարածքներում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել