Blog
In
other , eco-mshakuyt
«Զատկական փառատոն»՝ Սուրբ Հարության տոնին
Posted on 16 Ապրիլի, 2022

Հայ Աառաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, կամ՝ Սուրբ Զատիկն այս տարի կտոնի ապրիլի 17-ին։ Այդ օրն այս տարի առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»՝ Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում։ Փառատոնի ընթացքում կներկայացվեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» և մասնագիտացված այլ կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխաները հանդես կգան երաժշտական կատարումներով։ Համերգային ծրագրում կընդգրկվեն նաև ճանաչված երաժիշտներ: Այս ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը, այդ թվում՝ միանալու վարպետության դասերին և պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ, ծանոթանալու երեխաների ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին։ Փառատոնի խորհրդանիշ գույնը կարմիրն է, և ցանկալի է՝ մասնակիցներն այդ օրը կրեն խորհրդանշող կարմիր հագուստ կամ որևէ դետալ: «Զատկական փառատոնի» նպատակն է ստեղծել մշակութային հարթակ՝ երեխաների, պատանիների ինքնադրսևորման և խոցելի խմբերի երեխաներին մշակութային կյանքում ինտեգրելու համար:
In
other , eco-mshakuyt
Արագ փոփոխվող նորաձևությունն ու տենդենցները եկան խախտելու մարդու և բնության միջև բալանսը․ Նաիրա Նիազյան
Posted on 15 Ապրիլի, 2022

2020 թվականի համավարակային «տնային կալանքից»՝ կարանտինից հետո, համաշխարհային նորաձևության տները սկսեցին իրենց գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը և հոգածությամբ վարվել բնության նկատմամբ։ Հայաստանում այդ տենդենցը, կարծես թե, նոր է ծիլեր տալիս։
Ոճաբան, հագուստի և աքսեսուարների արտադրության ZIAN ապրանքանիշի հիմնադիր Նաիրա Նիազյանն այդ գործում առաջամարտիկ է Հայաստանում։ Նրա մտքի թռիչքի ու լայն մտահորիզոնի արդյունքում, ձեր տատիկների ու մայրիկների հագուստները կվերափոխվեն՝ դառնալով առօրյա կրելի հագուստներից մինչև արվեստի նմուշներ։ Այդ քայլով մոդելավորողը միանգամից խնայել է երկու կարևոր հանգամանք՝ շրջակա միջավայրն ու սեփական ընտանեկան բյուջեն։ Իսկ, թե ինչպե՞ս Eco. am սոցիալական հարթակը պարզեց Նաիրայի հետ զրույցի ընթացքում։
-Նախ, մի փոքր խոսենք արդեն իսկ համաշխարհային ծավալների հասած տենդենցի մասին, որը կոչվում է իրերի խելամիտ սպառում՝ «էկո ֆրենդլի»: Էկոն իրենից ներկայացնում է էկոնոմիկա, էկոլոգիա, շրջակա միջավայրի և ընդհանրապես բնության նկատմամբ հոգածություն: Իսկ արագ փոփոխվող նորաձևությունն ու տենդենցները եկան խախտելու մարդու և բնության միջև բալանսը: Ավելի պարզ՝ թեթև արդյունաբերությունը, շրջակա միջավայրի աղտոտման ծավալներով, երկրագնդի վրա զբաղեցնում է երկրորդ տեղը՝ նավթից հետո:
Ընդհանրապես, մաս-մարկետային նորաձևությունը եկավ վերացնելու անհատականությունն ու մարդկանց զրկելու իրենց վառ ԵՍ-ի դրսևորումից:
Եթե անցած դարաշրջանի 50-ական թվականներին Քրիստիան Դիորի «Նոր լուքը», երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եկավ տարանջատելու կանանց և տղամարդկանց հագուստների միլիտարիի վերածված խառնաշփոթն ու կանանց վերադարձնելու հմայքն ու կանացիությունը, իսկ տղամարկանց՝ բոնդային կոկետություն, ապա նորագույն շրջանի փոփ-արտ դիզայներները ջնջեցին բոլոր ժամանակների ոճերը, ձեռագրերն ու երիտասարդներին դարձրին տգեղ ու տձև՝ «Ugly fashion»-ի և ծույլ ու ալարկոտ՝ «Body positive»-ի զոհեր:
-Նաիրա, իսկ ի՞նչ են թելադրում այսօրվա նորաձևության տենդենցները, դրանք ի՞նչ կապ ունեն շրջակա միջավայրի և բնության պահպանության հետ։
- Այդ առումով, 2021 թվականը շրջադարձային եղավ երկու ուղղությամբ՝ նորաձևության տենդենցների անսպասելի նորամուծությամբ և մինիմալի հասցնելու թեթև արդյունաբերության ծավալները։
Նախ, նորաձևության տենդենցների անսպասելի նորամուծությունն իրենից ենթադրում էր հագուստի երկարաժամկետ կրման, համադրման, հին հավաքածուներին նոր շունչ տալու, թարմացնելու, վնասված իրերը վերականգնելու և վերամշակելու։ Իսկ երկրորդ տարբերակն իրենից ենթադրում էր՝ թեթև արդյունաբերության ծավալները մինիմալի հասցնելու և օգտակար թափոնների խելամիտ սպառման կոչերով։ Այսպիսով, հոգ տանելով շրջակա միջավայրի և բնության նկատմամբ:
Հագուստի բազմակի կրման, վերամշակման, վերականգնման, վինտաժային և արտ լուծումների օգնությամբ, երկրորդ կյանք տալու, շրջակա միջավայրի և էկոլոգիայի մասին հոգ տանելու, և ընդհանրապես՝ ոճային ինդիվիդումի գաղափարախոսության տարածումը, ոչ միայն նորաձևության տների, այլև հոլիվուդյան աստղերի մենաշնորհն է:
-Այսինքն, ի՞նչ է այն իրենից ենթադրում և ինչպե՞ս է այն իրագործելի Հայաստանի պայմաններում։
- Հայաստանի նման փոքր, թեթև արդյունաբերական արտադրություն չունեցող, միայն պատրաստի հագուստ սպառող երկրներում, նման խնդիրների, նաև տենդենցների բարձրաձայնումն ու տարածումը, կարծում եմ՝ շատ կարևոր է։ Հատկապես՝ մեր բազմամյա ստեղծագործական արժեքներն ու պոտենցիալը մշտարթուն պահելու, ձեռագործությունն ու շնորհը պրոպագանդելու, կիրառելու, ցուցադրելու, մրցակցելու և վերջապես, աշխարհի հետ մշակութային հաղորդակցություն ունենալու համար:
Եթե ճիշտ ինֆորմացված լինենք և հասկանանք շրջակա միջավայրի պահպանման, էկոլոգիայի, գետերի ու ջրամբարների մաքրության կարևորության, կարիքավորների նկատմամբ հոգատարության ու հոգածության կարևորության մասին, մեր պետությունն էլ կկայան որպես բրենդ՝ հարուստ և կայացած տնտեսությամբ:
Տեքստիլի թափոնների կամ շինարարական աղբի տեսակավորումն աշխարհում կատարվում է առանց ավելորդ բարդույթների. կրած կամ վնասված հագուստը քիմմաքրվում, վերականգնվում, փաթեթավորվում և վաճառվում է եվրոպական սեքնդհենդերում, որտեղից էլ ուղարկվում և վաճառքի է հանվում փոքր և աղքատ բնակչությամբ երկրներում: Մեր երկրում նմանատիպ հագուստ-աքսեսուարների խանութները բազմաթիվ են: Իսկ, ահա, պլաստիկ և շին թափոններից արտադրվում է գերժամանակակից զինամթերք և սպեցպարագաներ, ինչը նույնպես շատ անհրաժեշտ է մեզ:
- Նաիրա, տարիներ առաջ բավականի ակտիվ գործունեություն էիք ծավալում, վերջին շրջանում ոչ միայն պասիվ, այլ ընդհանրապես, կարելի է ասել ընդհատակ եք անցել։ Պատճառը, համավարակային ու պատերազմյան շրջանն էր, թե՞ Հայաստանում անելիք չկա այդ ոլորտում։
- Նորաձևության և էսթետի՝ «Armenian Fashion Day» և «Yeravan Fashion Week Golden Lace» կուլտային դարձած երկու մշակութային իրադարձությունների՝ որպես մեկի հիմնադիր ու մյուսի կազմակերպիչն եմ հանդիսացել։ Այդ հինգ տարիների ընթացքում դրանք երկու երկրների մշակութասեր հասարակության մի ստվար հատվածին են ներկայացրել, ինչպես սովետական նորաձևության կենդանի գուրու Վ. Զայցեվի լավագույն աշխատանքների 40 րոպե տևողությամբ շոուն, ժամանակակից ֆրանսիական և արևելյան դիզայներների աքսեսուար- հագուստների ցուցադրությունները, այնպես էլ՝ բացահայտել ու պոդիում տրամադրել սկսնակ և տաղանդավոր հայ սթարթ-ափերի:
Համավարակային ու հաջորդիվ ծանր պատերազյան շրջանները պայամանավորեցին կյանքի ու ընդհանրապես արժեհամակարգի վերաիմաստավորման մի այլ էտապ. Հայաստան վերադարձը, «Matnoc» կարի փոքր արտադրամասի հիմնումը, կադրերի պատրաստումը, հագուստի արտադարության ու վերամշակման սոցիալական ծրագրերն ու բարեգործական միջոցառումները՝ «Stand by Armenian Women» ֆոնդի շրջանակներում: Այս շրջանը նաև իմ անձնային աճի, որպես բրենդ ռեսթարթի մեծ շրջան էր։ Այդ ընթացքում նորաձևության ինսայդերից պոկեցի ստեղծագործող տեսակս՝ անսահման ազատության, ժամանակների, ոճերի, տենդենցների, մայրիկ-տատիկների պահարաններից, ժամանակակից մաս-մարկետներից մինչև թանգարանային արխիվներ՝ որոնելու, վերականգնելու-վերամշակելու, «recycling – upcycling»-ից մինչև էկլեկտիկ ոճի ZIAN ապրանքանիշի հագուստի և աքսեսուարների արտադրություն և վաճառք: Օրինակ, իմ կարի փոքրիկ արտադրամասում կտեսնեք բնական տեքստիլից և ազնիվ մետաղներից ապրանքանիշի երկար կրման հագուստ և աքսեսուարներ, վերականգնած ու վերամշակած, 70-ականներից պահպանված վինտաժային իրերի և նորի համադրությամբ։ Ինչպես նաև բնական կաշվի համադրությամբ լուքեր, «upcycling»-ի օրինակով աութֆիթեր՝ ձեռագործ աշխատանքներ, արխիվային ձայնասկավառակների, մանկական խաղալիքների, բնական կիսաթանկարժեք քարերի և այլ դետալների ձեռագործ մշակմամբ:
-Իսկ առաջիկայում, նորաձևությանը հետևող հասարակության համար ի՞նչ նորարարությամբ հանդես կգաք։
- Ունեմ գեղեցիկ համագործակցություններ թատրոնների, թանգարանների և երաժշտական հեղինակավոր փառատոների հետ։ Հիմա աշխատանքներն ընթացքի մեջ են: Ամենակարևոր նորությունը՝ հագուստի և աքսեսուարների տեսքով, տեքստիլի վերամշակման ու վերականգնման գաղափարախոսությամբ իրականացվող ցուցադրությամբ կներկայացնամ տարեվերջին:
In
other , eco-aprelakerp
«Քաշը դեռևս առողջության միակ ցուցիչը չէ»․ Դավիթ Պիպոյան
Posted on 15 Ապրիլի, 2022

ՀՀ ԳԱԱ էկոկենտրոն սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ազգաբնակչության մոտ 35 տոկոսը չի ստանում բավարար քանակությամբ կալորիա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։ «Այսինքն՝ ազգաբնակչության 1/3-ը բախվում է ոչ բավարար քանակությամբ սնունդ ունենալու խնդրին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թերսնումն ու սխալ սննդային սովորույթը առկա է ոչ միայն այն ընտանիքներում, որոնք ունեն եկամուտի հետ կապված խնդիր, այլև այդ խնդրին բախվում են ապահով ընտանիքները: Համավարակը, առողջ սնվելու տեսանկյունից, շատ բացասական ազդեցություն է թողել կայուն եկամուտներ ունեցող ընտանիքների վրա: Մնալով տանը՝ նրանք սկսել էին պատվիրել արագ պատրաստվող սնունդ, չիպսեր, նման սննդամթերք»,-արձանագրեց Դ․ Պիպոյանը: Բանախոսը նկատել է, որ կան մարդիկ, որոնց թվում է, թե միայն ճարպեր և սպիտակուցներ օգտագործելով առողջ ապրելակերպ են վարում և ասում են՝ նիհարում ենք․ «Հիշե՛ք, որ քաշը դեռևս առողջության միակ ցուցիչը չէ: Ի դեպ, Երևանում վերջին տարիներին հացի սպառման ծավալների կրճատման և լավաշի քանակի ավելացման հստակ տենդենց և դինամիկա է նկատվում: Եթե 3-4 տարվա հետազոտություններով ունեինք օրական 350-210 գրամ հաց և լավաշ, ապա վերջին հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ ազգաբնակչության 70 տոկոսն օգտագործում է մոտավորապես 130 գրամ հաց և 65.4 գրամ լավաշ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հացի սպառումը բարձր է Կոտայքում, Գեղարքունիքում»,- տեղեկացրեց Դ․ Պիպոյանը և ցավով արձանագրեց․«Ցավոք, ունենք մարզեր, տարածաշրջաններ, որտեղ բնակչության 35 տոկոսը կալորիաների 75 տոկոս և ավելին ստանում է հացից, ալյուրի հիմքով մթերքներից և կարտոֆիլից»: «Առողջ սննդին վերաբերող հարցերը չեն կարող լինել միայն առողջապահության նախարարության տիրույթում», - ասուլիսում պնդեց ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանն ու մանրամասնեց․ «Օրինակ, երեխաներին կրթելը պետք է սկսել մանկապարտեզներից ու առողջ սննդի վարքագիծը արմատավորել այդ շրջանից: Աշխատանք պետք է տանել դպրոցներում, համալսարաններում: Ուշադրություն դարձնել գովազդի խնդիրներին, խանութներում ապրանքների մակնշումը և այլն: Այսինքն՝ համալիր մոտեցում է պետք»,-ասաց Մ․ Մնացականյանը: Նրա դիտարկմամբ Հայաստանում առողջ ապրելակերպի, առողջ սննդակարգի խթանմանն ուղղված լուրջ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա․ «Ոչ վարակիչ հիվանդությունների 50 տոկոսը պայմանավորված են հենց ոչ ճիշտ կենսակերպով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում երեխաների 50 տոկոսն ամեն օր օգտագործում է քաղցրավենիք, իսկ 30 տոկոսը՝ չիպս: Նրանք տեսնում ենք մեծերի սովորությունները, գովազդները: Խնդիրը բազմաբևեռ է»: Խնդրին համալիր մոտեցմամբ լուծում տալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է ձևավորել աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն գիտնականները, տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի շահագրգիռ մասնագետներ: Նախատեսվում է իրականացնել օրենսդրական, իրազեկման աշխատանքներ: Իսկ Դավիթ Պիպոյանի կարծիքով՝ ուսումնասական հաստատություններում առողջ սննդի գործընթացը կազմակերպելու համար պետք է նաև ներսում որոշ մոտեցումներ վերանայվեն․ «Իրականությունն այն է, որ և՛ ուսանողը, և՛ աշակերտը ստիպված է ոչ ճիշտ սնվել: Ինչո՞ւ, որովհետև մենք ունենք կարճ դասամիջոց: Հիմա ես ասեմ, հարգելի ուսանող պետք է ուտես բանջարեղեն, լոբազգի, ձուկ, միս, ձու: Այդ ուսանողը չի՞ ասի, կարճ դասամիջոցի ընթացքում ոնց ուտեմ այդքան, դրանից բացի դրանք որտեղի՞ց ձեռք բերեմ: Հետևաբար` այստեղ նույնպես անելիքներ կան ու այդ ձևավորվող աշխատանքային խմբում պետք է բարձրաձայնվեն այս հարցրերը»,-ասաց Դավիթ Պիպոյանն՝ ընդգծելով, որ միայն մեկ բաղադրիչով, միայն իրազեկմամբ հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի: Հանդիպման ընթացքում, Դ․ Պիպոյանը 5 կարևոր հանգամանք առանձնացրեց․ 1․ Օրական 5 չափաբաժին մրգի և բանջարեղենի օգտագործումը կարևոր հանգամանք է։ 2․ Շատ կարևոր է կաթնամթերքի օգտագործումը: 3․Քաղցրավենիքների, գազավորված ըմպելիքների սպառման առումով հետազոտությունները ցույց են տվել, որ տվյալները խիստ տատանողական են, քանի որ ամռանը, երբ սկսվում է թարմ մրգերի սեզոնը, մասնավորապես՝ ծիրանի, կեռասի, ապա հուլիսից մինչև սեպտեմբեր սպառումը նվազում է, սեպտեմբեր-հոկտեմբերից մինչև մայիս շատ մեծ է սպառողների այն խումբը, որ ամեն օր օգտագործում է քաղցրավենիք, թխվածքաբլիթ: 4․ԱՀԿ-ն, սննդաբաններն ասում են՝ կարևոր դեր ու նշանակություն ունի մրգերի և բանջարեղենի սպառումը: 5․ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս օրական 5 չափաբաժին (80 գրամ) 400 գրամ միրգ ու բանջարեղեն օգտագործել: Ամռանը օգտագործում ենք 400 գրամից շատ ավելի միրգ և բանջարեղեն, իսկ ձմռանը բանջարեղենի սպառումը շատ փոքր թիվ է կազմում:
In
other , shrjaka-mijavayr
«Վայրի առևտուր»․ ֆիլմ վայրի կենդանիների առևտրի սարսափների մասին
Posted on 14 Ապրիլի, 2022

Ի՞նչ է սպասվում Հայաստան ներմուծված 44 ընձուղտներին և այլ 100-ավոր կենդանիների ՀՀ-ը ներգրավված է վայրի կենդանիների միջազգային առևտրում և հանդիսանում է տարանցիկ երկիր։ Վայրի կենդանիները, հիմնականում, ներմուծվում են Հայաստան՝ 3-րդ երկիր արտահանվելու նպատակով, սակայն շատ հաճախ կենդանիները պարզապես անհետանում են այս «վայրի առևտրի» ցանցում։ Վերջին տարիներին Հայաստան աննախադեպ քանակությամբ վայրի կենդանիներ են ներմուծվել առևտրային նպատակներով։ Կապիկներ, վագրեր, առյուծներ, 40-ից ավելի ընձուղտներ, զեբրեր, կոկորդիլոսներ, անտիլոպներ, տարբեր տեսակի կատվազգիներ, հարյուրավոր թռչուններ․․․ մեծաքանակ կենդանիներ, որոնց տեղն ամենևին Հայաստանը չէ։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանը հեղինակել է «Վայրի առևտուր» ֆիլմը, որը պատմում է 2017-2021 թվականների ընթացքում վայրի կենդանիների առևտրում Հայաստանի մասնակցության մասին։ Ֆիլմի հղումն ամբողջությամբ՝ https://youtu.be/7VdLUp9qdoA Ներկրվող կենդանիներից շատերը վտանգված և անհետացող տեսակներ են՝ գտնվում են Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում, ներառված են վայրի բնության առևտուրը կարգավորող ՍԻԹԵՍ միջազգային կոնվենցիայի 1-ին կամ 2-րդ հավելվածներում։ Նրանք վայրի բնությունից են, մի մասը՝ բուծարաններից, որոշների ծագման փաստաթղթերը ձեռք բերել չի հաջողվել։ Ներմուծված կենդանատեսակներից 21-ը IUCN չափանիշներով վտանգված կամ խոցելի են, այսինքն գտնվում են հատուկ պահպանության ներքո և նրանց տեղափոխումն առևտրային նպատակներով ցանկալի չէ։ 9-ը կենդանատեսակ ներառված է ՍԻԹԵՍ 1-ին հավելվածում, իսկ 2 տասնյակից ավելին՝ ՍԻԹԵՍ 2-րդ հավելվածում։ Կոնվենցիան հատուկ նշում է, որ 1-ին հավելվածում ընդգրկված տեսակներն անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներն են և այս նմուշների տեղափոխումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, իսկ 2-րդ հավելվածում ընդգրկվածները վտանգված են և նրանք պետք է գտնվեն մշտական վերահսկողության ներքո։ Կենդանիների ներմուծման և արտահանման ՊԵԿ ու ՍԱՏՄ տվյալները հաճախ չեն համընկնում։ ՊԵԿ պարզաբանմամբ դա կապված է մեթոդաբանության տարբերության հետ։ Բացի այդ թե ՊԵԿ-ը, թե ՍԱՏՄ-ն պնդում են, որ ԵԱՏՄ օրենսգրքի համաձայն իրավունք չունեն հայտնելու, թե որ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից է իրականացվել ներմուծումը կամ արտահանումը, քանի որ դա գաղտնիքներ պարունակող տեղեկություն է և տրամադրել են միայն ներմուծողների և արտահանողների ցանկ, շատ հաճախ՝ թերի և առանց որևէ նույնականացման հնարավորության։ Տվյալների բազան ստեղծվել է մեր կողմից մի քանի գերատեսչությունների տեղեկատվության համադրման սկզբունքով, ուստի որոշ դեպքերում անգամ հնարավոր չէ այլ մանրամասներ պարզել։ Սակայն դուրս են բերվել շուկայի գրեթե բոլոր խոշոր կամ միջին մասնակիցները։ Ներմուծված կենդանիների մեծ մասը դեռևս չի արտահանվել և նրանց գտնվելու վայրի մասին անգամ հստակ տեղեկություններ չկան, քանի որ Հայաստանում գոյություն չունի որևէ միասնական համակարգ կամ բազա։ Ըստ ՍԱՏՄ և ՊԵԿ պաշտոնական տվյալների ներմուծվել են շուրջ 150 կապիկներ և արտահանվել են ընդամենը՝ 50-ը։ Դա նշանակում է, որ շուրջ 100 կապիկներ պետք է գտնվեն Հայաստանում, սակայն կենդանիների ներկայիս կարգավիճակի մասին ընդհանրապես տեղեկություններ չկան։ Սա կրում է համատարած բնույթ, վերաբերվում է բոլոր ներմուծված կենդանիներին։ Այս տեսակի կապիկների 76 տոկոսը դրական է հերպես B վիրուսի նկատմամբ։ Սա իսկապես վտանգավոր զոոնոզ հիվանդություն է և ռեզուս մակակը կարող է միայն կրողը լինել առանց խնդրի որևէ արտահայտման, բայց մարդու համար այն կարող է մահացու լինել։ Բացի այդ, այս տեսակի կապիկները շատ ագրեսիվ վարք ունեն։ Հայաստանում վայրի կենդանիների առևտրով զբաղվողները մի քանիսն են, իսկ ամենախոշոր ընկերությունը մեկն է՝ «Զօօ ֆաունա Արտ» կամ արդեն «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ը՝ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։ Ընկերության տարածքը գրավադրված է, իսկ «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ն արդեն գտնվում է լուծարման փուլում և հնարավոր է՝ տարածքը, որտեղ այժմ գտնվում են կենդանիները, հանվի աճուրդի և վաճառվի, իսկ թե ի՞նչ է լինելու այնտեղ գտնվող կենդանիների հետ, անհայտ է։ Ընկերության հիմնադիրն Արթուր Խաչատրյանն է, տնօրենը վերջինիս կինն է՝ Նաիրա Սարգսյանը։ Ընկերությունը շարունակել է կենդանիների ներմուծումն անգամ սնանկ ճանաչվելուց հետո՝ մինչև 2019 թվականը, իսկ արդեն 2019թ․-ին ստեղծվել է նոր ՍՊԸ՝ «Ֆաունա Զօօ» անվամբ, որի հիմնադիրը Արթուր Խաչատրյանի որդին է՝ Արամ Խաչատրյանը, տնօրենը նույնն է՝ Նաիրա Սարգսյանը։ Հետաքննության ընթացքում բացահայտվել է, որ «Ֆաունա Զօօ» կողմից ներմուծված ընձուղտներից մեկն արդեն անկել է անհայտ պատճառով, իսկ կոկորդիլոսներից մեկն ու այծը՝ մեխանիկական վնասվածքի։ Ստացվում է, որ ընձուղտներն Աֆրիկայից հասել են Հայաստան ինչ-որ մեկի զբաղմունքը դառնալու համար և այդ ճակատագիր փոխող ինչ-որ մեկը կարող է լինել յուրաքանչյուր վճարունակ միջին վիճակագրական մարդ։ Սա ընդամենը մի փոքր մասն է, իսկ թե քանիսն են անկել, խեղվել կամ խոշտանգվել տեղափոխման, պահման կամ այլ պայմաններում չափազանց բարդ է ասել, քանի որ նրանք պարզապես անհետանում են վայրի առևտրի ցանցում․․․ Հոդվածն ամբողջությամբ՝ https://econews.am/?p=12073&l=am
In
other , shrjaka-mijavayr
Մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները
Posted on 14 Ապրիլի, 2022

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ Լճի աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով: Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ, ի դեպ, համայնքը քննարկում է տարածքում հանգստի գոտի ստեղծելու հնարավորությունը: Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, որտեղ կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ: Ըստ նույն աղբյուրի 2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12500 խմ թափոնների հավաքում ու տեղափոխում: Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Քաղաքային տնկարան այցի ընթացքում քաղաքապետին է ներկայացվել 2022թ. ծրագրով նախատեսվող աշխատանքները: Պատասխանատուները նշել են, որ ընթացիկ տարում կընդլայնվի ջերմոցային և տնկարանային հատվածը: Շուրջ 25 հա տարածքից փաստացի օգտագործվում է մոտ 10 հա-ն: Այժմ ջերմոցում ու տնկարանում է աճեցվում քաղաքում տնկվող ծառերի ու ծաղիկների զգալի մասը. շուրջ 30 աշխատակցի ձեռքով աճեցվում է մոտ 60 անուն բույս, այդ թվում՝ նաև «Կարմիր» գրքում գրանցված տեսակներ։
In
other , shrjaka-mijavayr
Անտառածածկույթն ավելացնել 2,5 %-ով, վառելափայտի պահանջարկը նվազեցնել՝ 30 %-ով
Posted on 13 Ապրիլի, 2022

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ, օրերս մեկնարկեց «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որի նպատակն էր գործընկերներին տեղեկացնել ծրագրի հաջող մեկնարկի մասին և քննարկել հետագա աշխատանքները։ «Մեզ համար առանցքային նշանակություն ունի ոլորտի դերակատարների ներգրավումը ծրագրում։ Նպատակը` իրականացվող ծրագրի նկատմամբ սեփականատիրական մոտեցումն առավելագույնի հասցնելն է ազգային մակարդակում», - ասել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։ Կլիմայի փոփոխության տեսանկյունից Հայաստանը շատ խոցելի է։ Համաշխարհային բանկը տեղեկացնում է, որ վերջին տասնամյակների ընթացքում եղանակային արտակարգ իրավիճակների (օրինակ՝ փոթորիկներ, ձնաբուք և ջերմային ալիքներ) թվի բացահայտ աճ է գրանցվել: Ներկայիս կլիմայական միտումները կանխատեսում են ապագայում միջին ջերմաստիճանի բարձրացում, տեղումների, գետերի հոսքի և ձյան ծածկույթի նվազում: Միաժամանակ բնակչությունը մեծապես կախված է վառելափայտից, ինչը կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն անտառներն է՛լ ավելի խոցելի է դարձնում: Անտառների զարգացման այս ութամյա ծրագիրը նպատակ ունի Հայաստանում անտառածածկույթն ավելացնել 2,5 տոկոսով, իսկ գյուղական համայնքներում վառելափայտի պահանջարկը նվազեցնել առնվազն 30 տոկոսով: Ծրագիրը նաև ձգտում է մեծացնել բնական ռեսուրսները կառավարող համայնքների դերը, բարելավել վառելափայտի կառավարումը և անտառային հումքից ստացվող ապրանքների ու ծառայությունների արտադրությունը: Ծրագիրը կիրականացվի Լոռու և Սյունիքի մարզերում։ Վերջիններս ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակներից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, ինչպես նաև կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունից՝ ի լրումն անտառային կարևոր էկոհամակարգերի վրա հնարավոր ազդեցության: Ծրագրում կիրառվող մոտեցումը համեմատաբար նոր է Հայաստանում անտառների կայուն կառավարման տեսանկյունից և կարող է որպես մոդել կիրառվել ողջ երկրում՝ խթանելով ցածր արտանետումներով զարգացումը:
In
other , shrjaka-mijavayr
Հայաստանում կնշվի Անասնաբույժի և Բույսերի առողջության պաշտպանության օրեր
Posted on 12 Ապրիլի, 2022

Այսուհետ, Հայաստանի Հանրապետության էկո օրացույցում կավելանա ևս երկու նշանակալի օր։ ՀՀ Կառավարության որոշման համաձայն յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին ուրբաթ օրը կնշվի որպես անասնաբույժի օր, իսկ մայիսի 12-ը՝ կսահմանվի որպես բույսերի առողջության պաշտպանության օր: Ըստ գործադիրի, գործնականում գրեթե բոլոր երկրներում նշվում է անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրերը։ Զարգացած երկրներում անասնաբուժության և բույսերի առողջության պաշտպանության բնագավառները հանդիսանում են խիստ կարևոր և արժանանում են առանձնակի ուշադրության։ Որոշման համաձայն, եթե ապրիլի վերջին ուրբաթ օրը համընկնի Հայոց ցեղասպանության տարելիցի օրվա՝ Ապրիլի 24-ի հետ, ապա այդ դեպքում Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի օրը կնշվի մեկ օր շուտ՝ վերջին հինգշաբթի օրը: Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օր նշելու անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչության կյանքի և առողջության, կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակի ապահովման տեսանկյունից բույսերի առողջության պաշտպանության և անասնաբուժության բնագավառների դերն ու նշանակությունը ևս մեկ անգամ ընդգծելու հանգամանքով։ Նախագծի ընդունումը նպատակաուղղված է անասնաբուժության և բույսերի առողջության պաշտպանության բնագավառների կարևորության ընդգծմանը, հանրության ուշադրության, ինչպես նաև իրազեկման բարձրացմանը։
In
other , shrjaka-mijavayr
«FPWC-ի տեսախցիկները,10 տարվա ընթացքում Կովկասյան հովազի 6-րդ առանձնյակն են արձանագրում»․Ռուբեն Խաչատրյան
Posted on 12 Ապրիլի, 2022

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն օրերս արձանագրել են արու չափահաս հովազ և հաստատվել որպես նոր առանձնյակ։ Նույն օրվա ընթացքում, ընդամենը երկու ժամվա տարբերությամբ և մոտավորապես երեք կիլոմետր հեռավորության վրա տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում արձանագրել են արու Նեո հովազին։ Երրորդ առանձնյակը՝ Նովան, գտնվում է մյուս հովազներից վեց կիլոմետր հեռավորության վրա՝ կրկին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։ Ոլորտի մասնագետները աննախադեպ են համարում այն փաստը, որ երեք տարբեր հովազներ գրեթե միաժամանակ օգտագործում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նույն տարածքը: «Մարդկային մի շարք գործոններով պայմանավորված Հովազների պոպուլյացիան ամբողջ աշխարհում զգալիորեն կրճատվել է՝ մեր տարածաշրջանում միջսահմանային լարվածությունների, նոր սահմանների, արգելքների հետևանքով»,- արձանագրում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Ըստ նրա, հովազների նման պահվածքը վկայում է, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը պահպանության արդյունավետ ձևաչափն է․ «Այս կենդանատեսակը գտնվում է անհետացման վտանգի եզրին։ Սկսած 2011 թվականից, ինչ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գործունեություն է իրականացնում նշված տարածքում, սա հովազի 6-րդ առանձնյակն է, որը նկարահանվել է մեր տեսախցիկների միջոցով»։ Այս համատեքստում շատ կարևոր է նաև իրականացնել ուսումնասիրություն՝ հասկանալու հովազների հավանական պոպուլյացիան, ինչպես նաև այն բոլոր վտանգները, որոնց կարող է հանդիպել հովազը նոր սահմանների և խոչընդոտների առկայության դեպքում՝ անվտանգ տեղաշարժվելու համար։ FPWC-ը կարողացել է բացահայտել նոր հովազին շնորհիվ ռեյնջերների, ովքեր արդիականացված գիտելիքներ ունեն հովազներին հետևելու և տեսախցիկների տեղադրման համար լավագույն հնարավոր վայրը գտնելու վերաբերյալ: Ի դեպ, հովազին անվանակոչելու վերաբերյալ, FPWC-ը մրցույթ է հայտարարել։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002-ից: Հիմնադրամը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) անդամ է։ Հիմնադրամի գործունեության առանցքային ուղղությունը Հայաստանի բացառիկ կենդանական և բուսական աշխարհի պահպանությունն է՝ նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից մոդելների կիրառմամբ:
In
other , eco-snund
Հաճախ սնվեք սպիտակուցներով ու վիտամիններով հարուստ սպանախով
Posted on 11 Ապրիլի, 2022

Առողջ ու բնական սնունդը, այդ թվում և թարմ բանջարեղենը, առաջնային դեր են կատարում մարսողության ճիշտ կարգավորման հարցում։ Թեպետ, բանջարեղենների խանութներում տարին բոլոր վաճառվում են գրեթե բոլոր բանջարեղենների տեսակները, բայց համաձայնեք, որ լինի բանջարեղեն, թե՝ միրգ, բոլորն էլ նախընտրելի են իրենց համապատասխան սեզոնին։ Գարնանը, հատկապես Մեծ պահքի շրջանում, մարդիկ նախընտրում են սնվել տարատեսակ կանաչիներով, լինի թարմ, թերխաշ, թե տապակած տարբերակով։ Eco.am-ն առաջարկում է, բազմատեսակ կանաչիներից հաճախ սնվել Սպանախով։ Բայց, մինչ այդ, եկեք ուսումնասիրենք սպանախի օգտակար հատկություններն ու հակացուցումները։ Այն հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով ու հանքանյութերով, սակայն մարդիկ հաճախ թերագնահատում են այս մթերքի օգտակարությունն ու նախապատվությունը տալիս այլ բաղադրիչներին։ Սպանախը՝ գերհոգնածության դեմ Ընդհանրապես, երկաթի պակասը, համապատասխանաբար, արագ հոգնածություն է առաջացնում, իսկ սպանախն իր մեջ պարունակում է երկաթ՝ մի կարևոր տարր, որն անհրաժեշտ է հեմոգլոբինի ձևավորման և թթվածնի տեղափոխման համար։ Երկաթը նպաստում է էներգիայի արտադրությանը։ Օրգանիզմում կալիումի պակասը հանգեցնում է մկանների թուլության, իսկ սպանախը հարուստ է Կալիումով։ Մագնեզիումի պակասը հանգեցնում է դեպրեսիայի, ցավերի, անքնության և ախորժակի կորստի: Սպանախում հայտնաբերված մագնեզիումը նույնպես անհրաժեշտ է էներգիայի արտադրության և պատշաճ մարսողության համար: Սպանախը օգտակար բանջարեղեն է, որը կարելի է թարմ վիճակում օգտագործել ինչպես աղցաններ ու կանաչ սմուզիներ պատրաստելու համար, այնպես էլ՝ որպես տաք ուտեստների բաղադրիչ։ Օրինակ, ապուրների, սոուսների, շոգեխաշված և այլ ուտեստների մեջ։ Օգտակար է տեսողության համար Սպանախը հարուստ է բետա-կարոտինով, լյուտեինով ու զեակսանտինով, իսկ այս տարրերը շատ կարևոր են տեսողության պահպանման համար։ Այս օգտակար նյութերն օգնում են կանխել մակուլոդիստրոֆիան, որը տեսողության վատթարացման հիմնական պատճառներից մեկն է։ Բարելավում է մազերի ու մաշկի վիճակը Մեծ քանակությամբ հակաօքսիդանտների շնորհիվ սպանախն օգնում է թարմացնել բջիջներն ու պահպանել մաշկի խոնավությունը։ Բացի այդ, այս բույսը հարուսը է А, В և С վիտամիններով, որոնք խթանում են մազերի աճն ու դարձնում դրանք շատ ավելի փարթամ։ Օգնում է պայքարել շաքարային դիաբետի դեմ Սպանախը հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է։ Այն պարունակում է ալֆալինոլենաթթու, որն օգնում է բարձրացնել ինսուլինի մակարդակը։ Բացի այդ սպանախի հյութը դրական ազդեցություն է ունենում արյան մեջ շաքարի մակարդակի վրա, ուստի այն շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար։ Սպանախը հակացուցված է 1․ Միզաքարային և լեղաքարային հիվանդությունների դեպքում, 2․Լեղուղիների խցանման ժամանակ, 3․Նեֆրիտի և ռևմատիզմի դեպքում։
In
other , shrjaka-mijavayr
413 մլն դրամ ՝ անտառավերականգնման ու անտառապատման աշխատանքներին
Posted on 8 Ապրիլի, 2022



