«Հայաստանի անտառներն անհավասար բաշխվածություն ունեն, 62 տոկոսը Տավուշի, Լոռու մարզերում են, 30 տոկոսը՝ Սյունիքում, 2 տոկոսն է, որ երկրի կենտրոնական հատվածում է»,- այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը։
Ըստ նրա, պետական բյուջեով, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, Անտառային կոմիտեի, «Հայանտառ»-ի սեփական միջոցների հաշվին 2019-2021 թվականներին իրականացվել է շուրջ 5 հազար հա անտառապատման աշխատանք: «Քաղաքականությունն այնպիսին է, որ հնարավորության դեպքում բոլոր մարզերում հիմնադրվեն անտառներ: Վերջին տարիներին անտառավերականգնման և անտառապատման աշխատանքների ծավալները մեծացել են»,- տեղեկացրեց անտառային կոմիտեի նախագահը և վստահեցրեց, որ անտառավերականգնման զգալի աշխատանքներ են նախատեսված նաև այս տարի:
Բանախոսը նաև հավելեց, որ 2022 թվականի համար պետական բյուջեից արդեն 413 մլն դրամ հատկացվել է անտառավերականգնման ու անտառապատման աշխատանքներին: Պետական բյուջեի միջոցներով այս տարի նախատեսվում է շուրջ 130 հա անտառապատման աշխատանք, 77 հա կոճղաշիվային վերաճի օժանդակում: Դրանից բացի, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այս տարի սկսվել է անտառապատման մեծ ծրագիր: Այն 8 ամյա ծրագրի է, որի շրջանակում 5700 հա անտառապատման աշխատանքներ են իրականացվելու: Այս տարի անտառապատման աշխատանքներ իրականացվելու են շուրջ 1300 հա տարածքում: Կառավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականն ավելացել 50 հազար հա անտառածածկ տարածք:
«Անտառվերականգնման աշխատանքներին զուգահեռ Անտառային կոմիտեի ուշադրության կենտրոնում են մարդկային գործոնով պայմանավորված խնդրահարույց հարցերը, մասնավորապես, ապօրինի ծառահատումները»,- վստահեցրեց Վլադիմիր Կիրակոսյանն ու հավելեց, որ 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 2021 թվականի ապրիլի 1-ի համեմատ ապօրինի ծառահատումների ցուցանիշում նվազման միտում է նկատվում․ «Մասնավորապես, եթե 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ապօրինի հատվել էր 1183 ծառ, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 772 ծառ»:
Անտառային կոմիտեի նախագահի պնդմամբ հիմնական ապօրինի հատումներն իրականացվում են բիզնես նպատակով: Սակայն, վերջին շրջանում նվազել են ինչպես վերահսկողության ուժեղացմամբ, այնպես էլ տեղի բնակիչների հետ աշխատանքով պայմանավորված։
«Այնուամենայնիվ, նվազման ցուցանիշը բավարար չէ, առաջիկայում շարունակելու ենք ուժեղացված վերահսկողությունը»,- ասաց Վ․ Կիրակոսյանն ու շտապես լրագրողներին տեղեկացնել նաև, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են նախատեսում անտառապահպանության գործընթացում․ «Հիմքում տեխնոլոգիական նոր լուծումներն են ու նորագույն սարքավորումները»,- թվարկեց Վ․Կիրակոսյանը:
Անդրադառնալով անտառապատման աշխատանքներին, անտառային կոմիտեի նախագահն ասաց, որ շուրջ 5 հազար հա անտառապատման աշխատանքներում ընդգրկվել են Լոռու, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի մարզերը:
«Անտառապատման աշխատանքներում հիմնականում նախընտրելի է կաղնի, սոճի, ուղեկցող ծառատեսակներ՝ հացենի թխկի, կեչի և այլն: Բայց, ծառեր տնկելը, բնականաբար, դեռ չի համարվում, որ անտառային տարածք է: Մոտ 5 տարի դեռ խնամքի, պաշտպանության, լրացման անհրաժեշտություն կա: Մոտ 7-10 տարի անց նոր կարող ենք համարել, որ դրանք անցել են անտառային շարքեր»,-եզրափակեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը։






Թողնել մեկնաբանություն