Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Մաշկային ի՞նչ հիվանդություններ են առաջանում COVID-19-ից հետո․ մանրամասնում է մաշկաբան-վեներոլոգը

Մաշկային ի՞նչ հիվանդություններ են առաջանում COVID-19-ից հետո․ մանրամասնում է մաշկաբան-վեներոլոգը
Կորոնավիրուսային համավարակը մտավ մեր կյանք ու ժամանակի ընթացքում, իր գոյությանն ընտելացնելով, ի հայտ բերեց մի շարք առողջական խնդիրներ։ «COVID-19 -ի ժամանակ, բացի շնչառական ուղիների ախտահարումից, կարող է լինել նաև մաշկի ախտահարումներ»,- Eco.am սոցիալական հարթակի հետ զրույցում ասաց մաշկաբան-վեներոլոգ Սևակ Մկրտչյանը։ Ըստ մաշկաբանի, հաճախ COVID-19-ը կարող է սկսվել հենց մաշկի ախտահարումով․ «Երբեմն մաշկային ախտահարումները կարող են լինել հիվանդության միակ ախտանշանը: Մաշկային ախտահարման սիմպտոմները բազմազան են, հանդիպման հաճախությունը կախված է հիվանդի տարիքից, ուղեկցող հիվանդություններից, դեղորայքային բուժման առանձնահատկությունից»,- թվարկում է մասնագետն ու հավելում․ «Մաշկի ախտահարումը կարող է լինել մարմնի տարբեր տեղամասերում: Ցանավորման տեսքը բազմազան է՝ կարղ է լինել 1․  բծային ցանավորում, որն արտահայտվում է մաշկի գույնի փոփոխությամբ (նման ցրտահարության), 2․ երբեմն կարող է ուղեկցվել ցավով կամ քորով, 3․ կարող է լինել մանր բշտիկային ցանավորում, տեղակայված իրանին կամ վերջույթներին, 4․ կարող է լինել եղնջացանի տեսքով (ինչպես լինում է եղնջայտուցի ժամանակ), 5․ առաջանում են բաց վարդագույն, մաշկից քիչ բարձր էլէմենտներ, որոնք հաճախ ուղեկցվում են քորով, 6․ Մաշկային ցանավորումը, COVID-19 –ի ժամանակ, հատուկ մոտեցում չի պահանջում, կատարվում է սիմպտոմատիկ բուժում»,- խորհուրդ է տալիս Ս․ Մկրտչյանը: Մաշկաբանի դիտարկմամբ, COVID-19 -ի մաշկային առաջին նշաններն ի հայտ են գալիս վարակումից 4-5 օր անց․ «Սակայն, երբեմն, մաշկի ցանավորումը կարող է լինել COVID-19 -ի առաջին նշանը: Կախված արտահայտվածության աստիճանից և բնույթից ցանավորումը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ»,- տեղեկացնում է մաշկաբան-վեներոլոգ Սևակ Մկրտչյանը։    

Արևային էներգիայի օգտագործման ոլորտում մեծանում է համայնքների ներգրավվածությունը

Արևային էներգիայի օգտագործման ոլորտում մեծանում է համայնքների ներգրավվածությունը
«Մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկ զարգացման ռազմավարությունը խիստ կարևորում է արևային էներգետիկայի զարգացումը մեր երկրում»,- ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի EU4ASEP  ծրագրի ներքո՝ «Համայնքային կայուն էներգիայի» համաժողովին ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարն ուրախությամբ արձանագրեց, որ արևային էներգիայի օգտագործման ոլորտում գնալով մեծանում է համայնքների ներգրավվածությունը։ «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի»  ծրագրի ջանքերով արդեն իրականություն են դարձել երեք համայնքներում արևային կայանների հիմնումը, որոնք ներկայացնում են զուգահեռ ռեժիմով ցանցի հետ աշխատող կայաններ Ապարանում, ինչպես նաև լիցենզավորված ցանցային կայան Արթիկում։ «Ոլորտի սակագնային և կարգավորող դաշտը արևային էներգիայի զարգացման համար մի շարք հնարավորություններ է ստեղծել, որից մեծապես օգտվում են մասնավոր ընկերությունները։ 2021 թվականին հատուկ լիցենզիաների 15 ՄՎտ-ի պատուհանի գործարկումը հնարավորություն է ստեղծել համայնքների համար օգտվելու այս խթաններից՝ ի նպաստ համայնքների տնտեսական զարգացման, լրացուցիչ բյուջետային միջոցների ստացման, աշխատատեղերի ստեղծման և հետճգնաժամային իրավիճակի հաղթահարման համար»,- իր ելույթում շեշտեց  նախարարը և հավելեց, որ տեղական արևային էներգիայի բաշխված արտադրությունը կնպաստի նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։ Համաժողովի ընթացքում, Հայաստանում էներգախնայող աջակցման հիմնադրամներն անդրադարձան համայնքային արևային կայանների կարգավորման դաշտի, ոլորտի զարգացման միտումների, ինչպես նաև ծրագրավորման, նախագծման, տեխնիկական, ստացված էներգիայի հետևանքով բնությանն ու շրջակա միջավայրին չվնասելու խնդիրների մասին։ Իսկ արդեն կառուցման ու էներգավաճառող ընկերություններն էլ տեսանյութերի ու ինֆորմատիվ  ցուցադրության միջոցով ներկայացան իրենց փորձով ու ձեռքբերումներով։ անդրադարձան  փորձի ն ու Համայնքային կայանների կառուցման և էներգավաճառող ընկերությունները գործող:

Մեղվի մայրակաթը՝ որպես կենսաքիմիական նոր դեղամիջոց

Մեղվի մայրակաթը՝ որպես կենսաքիմիական նոր դեղամիջոց
«Մեղվի մայրակաթը լայն կիրառություն ունի հատկապես ժողովրդական բժշկության մեջ: Այն օգտագործում են որպես հակաբակտերիալ, հակասնկային, հակաբորբոքային, հակաօքսիդանտային միջոց, սակայն նրա՝ որպես ռադիոպաշտպանիչ միջոցի մասին տվյալները մասնագիտական գրականության մեջ խիստ սակավ են»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, ծրագրի ղեկավար, կ.գ.թ. Սեդա Մարությանը։   «Մեղվի մայրակաթը՝ որպես ռադիոպաշտպանիչ և հակաօքսիդանտային պայքարի կենսաքիմիական նոր դեղամիջոց» գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն, այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի՝ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը: Գիտական թեման նվիրված է իոնացնող ճառագայթահարման բացասական հետևանքներից էուկարիոտ օրգանիզմներին պաշտպանելու նոր, կենսածին մոտեցում մշակելուն: Ս. Մարությանի խոսքով՝ «Մեղվի մայրակաթն աչքի է ընկնում սննդարար նյութերի մեծ քանակությամբ, ինչն ինքնին կարևոր է ճառագայթահարումից թուլացած օրգանիզմների դիմադրողականությունը բարձրացնելու համար: Մյուս կողմից, մեղվի մայրակաթը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտային միացություններ, որոնք, ինչպես հայտնի է, կանխում են օքսիդային սթրեսի զարգացումն օրգանիզմի բջիջներում ճառագայթումից հետո և պաշտպանիչ դեր ունեն օրգանիզմի համար»։ Ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ գիտական խմբի կատարողները բավականին երիտասարդ են. ընդգրկված են գիտությունների 2 թեկնածու, 1 երիտասարդ գիտաշխատող և 2 մագիստրոս: Գիտական խմբում ընդգրկվածները ձեռնամուխ են եղել առաջին տարվա օրացուցային պլանի կատարմանը։ Ծրագրի ավարտին մեղվի մայրակաթի ռադիոպաշտպանիչ և հակաօքսիդանտային դերի մասին համոզիչ տվյալների ստացումը թույլ կտա առաջարկել մեղվի մայրակաթը՝ որպես հակաճառագայթային պայքարի նոր կենսածին, անվտանգ և հեռանկարային դեղամիջոց:  Արդեն իսկ ստացվել են առաջին հետաքրքիր տվյալները, որոնք հետագա հետազոտությունների համար նոր հեռանկարներ են ստեղծում։

«Լավագույն զբոսաշրջային գյուղ» մրցույթին կմասնակցի 3 գյուղ

«Լավագույն զբոսաշրջային գյուղ» մրցույթին կմասնակցի 3 գյուղ
ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկում է ամենամյա մրցույթ՝ «Լավագույն զբոսաշրջային գյուղ» խորագրով։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն, այս տարի ևս, նպատակ ունի ամենամյա մրցույթին առաջադրելու 3 գյուղ, որը կհամապատասխանի ներկայացված չափանիշներին։ Նախագծին գյուղն առաջադրելու համար, վերջինս պետք է առաջնահերթ բավարարի հետևյալ 3 պահանջները՝ 1․ Գյուղի բնակչությունը չպետք է գերազանցի 15.000-ը։ 2․ Գյուղը պետք է ճանաչված լինի տնտեսական գործունեության որևէ տեսակով (գյուղատնտեսություն, անտառտնտեսություն, անասնապահություն կամ ձկնորսություն) 3․Գյուղն առանձնանա իր համայնքահեն արժեքներով, յուրահատուկ զբոսաշրջային առաջարկներով և/կամ կենսակերպով։ Գնահատման ոլորտները 1․Մշակութային և բնական ռեսուրսների առկայություն 2. Մշակութային արժեքների պահպանություն և խթանում 3. Տնտեսական կայունություն Բնապահպանական կայունություն 5. Զբոսաշրջության զարգացում 6. Համայնքային կառավարման մակարդակում զբոսաշրջության որպես առաջնահերթության սահմանում 7. Ենթակառուցվածքներ և հասանելիություն 8. Առողջապահություն, ապահովություն և անվտանգություն «Լավագույն զբոսաշրջային գյուղ» նախագծի նպատակն է նպաստել զբոսաշրջության դերի մեծացմանը գյուղերի արժևորման և պահպանման հարցում՝ իրենց հարակից լանդշաֆտներով, գիտա և կրթահամակարգով, կենսաբազմազանությամբ, տեղական մշակութային  արժեքներով և տնտեսական գործունեության տեսակներով, խոհանոցով։  

«Ներդրումներ կատարենք մեր մոլորակում» կարգախոսով նշվեց Երկրի միջազգային օրը

«Ներդրումներ կատարենք մեր մոլորակում» կարգախոսով նշվեց Երկրի միջազգային օրը
Յուրաքանչյուր տարվա ապրիլի 22-ին աշխարհը տոնում է Մայր Երկրի միջազգային օրը։ Այս տարի այն նշվեց «Ներդրումներ կատարենք մեր մոլորակում» կարգախոսով։ Երկրի օրը առաջին անգամ նշվել է որպես ժամանակակից բնապահպանական շարժման մեկնարկ, իսկ այժմ այն ճանաչվում է որպես մոլորակի ամենամեծ քաղաքացիական իրադարձություն: 1970 թվականին Երկրի օրը նշելը գործողությունների ալիք է առաջացրել ԱՄՆ-ում՝ բնապահպանական կարևոր օրենքների ընդունմամբ. Օրվան ի պատասխան ստեղծվել են մաքուր օդի, մաքուր ջրի և վտանգված տեսակների մասին օրենքներ։ Իսկ 2009 թվականին ապրիլի 22-ին, Բոլիվիայի նախաձեռնությամբ, Մայր Երկրի միջազգային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Բանաձևի համահեղինակներ են հանդես եկել ՄԱԿ-ի 50-ից ավելի անդամ-պետություններ: Տոնի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել, շրջակա միջավայրի պահպանության և մեր մոլորակի խնդիրների վրա, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, անտառաշերտերի վերականգնումը և պահպանվող տարածքների կառավարումը։ Տվյալ խնդիրներից անմասն չէ նաև Հայաստանը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ առաջիկա քսան տարում մոլորակի բնակչության 60 տոկոսն ապրելու է քաղաքներում: Քաղաքացիների թվաքանակի աճի և քաղաքների սահմանների ընդլայնման համեմատ մեծանում է շրջակա միջավայրի բեռնվածությունը տրանսպորտի, արդյունաբերության, ջրամատակարարման կողմից: Քաղաքներում ջրամատակարարման և կոյուղու համապատասխան համակարգերի բացակայությունը հանգեցնում են առողջության հետ կապված խնդիրների: Այսպես կոչված «կանաչ քաղաքներում» բոլոր այդ գործոնները հաշվի են առնվում վերականգնվող աղբյուրների միջոցով էներգիայի ապահովման, աճող բնակչության համար բավարար քանակությամբ մաքուր ջրի տրամադրման, արդյունավետ ենթակառուցվածքի և տրանսպորտային ցանցերի ստեղծման հաշվին:

Հայաստանում կնշվի անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրեր

Հայաստանում կնշվի անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրեր
Այսուհետ, Հայաստանի Հանրապետության  էկո օրացույցում կավելանա ևս երկու նշանակալի օր։ ՀՀ Կառավարության որոշման համաձայն յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին ուրբաթ օրը կնշվի որպես անասնաբույժի օր, իսկ մայիսի 12-ը՝ կսահմանվի որպես բույսերի առողջության պաշտպանության օր: Ըստ գործադիրի, գործնականում գրեթե բոլոր երկրներում նշվում է անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրերը։ Զարգացած երկրներում անասնաբուժության և բույսերի առողջության պաշտպանության բնագավառները հանդիսանում են խիստ կարևոր և արժանանում են առանձնակի ուշադրության։ Որոշման համաձայն, եթե ապրիլի վերջին ուրբաթ օրը համընկնի Հայոց ցեղասպանության տարելիցի օրվա՝ Ապրիլի 24-ի հետ, ապա այդ դեպքում Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի օրը կնշվի մեկ օր շուտ՝ վերջին հինգշաբթի օրը: Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օր նշելու անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչության կյանքի և առողջության, կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակի ապահովման տեսանկյունից բույսերի առողջության պաշտպանության և անասնաբուժության բնագավառների դերն ու նշանակությունը ևս մեկ անգամ ընդգծելու հանգամանքով։ Նախագծի ընդունումը նպատակաուղղված է անասնաբուժության և բույսերի առողջության պաշտպանության բնագավառների կարևորության ընդգծմանը, հանրության ուշադրության, ինչպես նաև իրազեկման բարձրացմանը։  

Մաքրվել է Ավանի Կաթողիկե եկեղեցին՝ Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ

Մաքրվել է Ավանի Կաթողիկե եկեղեցին՝ Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ
Ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Օրվան ընդառաջ մաքրել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Կաթողիկե եկեղեցին: Այս մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Յուրաքանչյուր տարվա ապրիլի 18-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու իր ենթակայությամբ համապատասխան ստորաբաժանումները պատմության և մշակույթի մի շարք հուշարձանների տարածքներում իրականացնում են տարբեր միջոցառումներ, որոնք միտված են հուշարձանների մասին իրազեկվածության բարձրացմանը, դրանց հանրահռչակմանը և պահպանությանը։ Այս տարի այս միջոցառման թիրախում էր շատերին քիչ հայտնի, բայց մեր պատմության համար կարևորագույն քաղաքական, հոգևոր և ճարտարապետական գոհարներից մեկը՝ Երևան քաղաքի Ավան վարչական տարածքում գտնվող Կաթողիկե եկեղեցին, որի պահպանմանը, հանրահռչակմանը միտված և մաքրման աշխատանքները նախաձեռնել էր «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության աշխատակիցների աջակցությամբ և մասնակցությամբ։ Ավանի Կաթողիկե եկեղեցու մաքրման աշխատանքներին մասնակցել են Երևանի թիվ 39 դպրոցի աշակերտները և ուսուցիչները, նաև քաղաքացիներ ու տարբեր տարիքի երեխաներ։ Մինչ մաքրման աշխատանքների մեկնարկը ՊՄՀՊ վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանն աշակերտներին ներկայացրել է Ավանի տաճարի պատմությունը, ճարտարապետությունը և բացառիկ հոգևոր ու քաղաքական դերն ու նշանակությունը վաղ միջնադարում: Հիշեցնենք, որ Ավանի Կաթողիկե եկեղեցին (հիշատակվում է նաև Ծիրանավոր կամ Սբ. Հովհաննես) թվագրվում է 6-րդ դարով։ Ըստ VII դ. պատմիչ Սեբեոսի՝ Ավանում 591 թ. կաթողիկոս Հովհան Բագարանցին կառուցել է կաթողիկոսարանը: 611 թ․ նա թաղվել է Կաթողիկեի հարավային կողմում: Կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն է, ներսից` խաչաձև գմբեթավոր (գմբեթը չի պահպանվել), քառախորան, չորս անկյուններում շրջանաձև հատակագծով, գմբեթածածկ ավանդատներով, որոնք աղոթասրահի հետ հաղորդակցվում են շրջանի երեք քառորդ հատվածքի խորշերով: Կառուցվել է տեղական տուֆի սրբատաշ քարերով։ Կաթողիկեին հյուսիսային կողմին կից է կաթողիկոսի պալատը, որը եկեղեցու հետ հաղորդակցվում է հյուսիսային մուտքով: Եկեղեցին փլուզվել է 1679 թ․ երկրաշարժից։ 1968 թ. բարեկարգվել է տարածքը: 1978 թ. պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հարավային ճակատը:

Մրգաչրերն օգտակար են, սակայն պետք է օգտագործել չափի մեջ

Մրգաչրերն օգտակար են, սակայն պետք է օգտագործել չափի մեջ
Անժխտելի է, որ թարմ մրգերն առավել օգտակար են ու սննդարար, սակայն առանց հավելանյութերի պատրաստված մրգաչրերն էլ իրենց առավելություններն ունեն։ Սուրբ Հարության՝ Սուրբ Զատկի տոնական սեղաններին, առատ ուտեստներ դնելուց զատ, կարևորություն տվեք չրերին, քանի որ մրգաչրերով` հատկապես չամիչով  փլավը, կարևոր նշանակություն ունի։ Բրնձով փլավի մեջ բրինձը մարդիկ են, իսկ չամիչը՝ Հիսուսի աշակերտներն են, որոնք պետք է տարածեն Հիսուսի խոսքը: Զատիկի չամիչով փլավի բրինձը խորհրդանշում է ժողովրդին, իսկ չամիչը` հոգևորականներին: Ինչևէ, Eco.am սոցիալական հարթակն առանձնացրել է մի քանի մրգաչրեր, որոնք առավել օգտակար են, եթե չեն պարունակում կոնսերվանտներ, ներկեր։ Դրանք պարզապես ջրազրկված մրգեր են, որոնց մեջ պահպանված է վիտամինների մեծ մասը։ Սակայն, լինելով խտացված մթերք, պետք է օգտագործել չափի մեջ։ Ծիրանաչիր Հայկական լեռնաշխարհը հարուստ է ծիրանով, իսկ ծիրանաչիրն էլ իր հերթին հարուստ է կալիումով և օգտակար է սրտանոթային հիվանդույթունների դեպքում։ Այն պարունակում է երեք անգամ ավելի շատ կալիում և շատ ավելի քիչ աղ, քան բանանը։ Ամրացնում է մկանային հյուսվածքները։ Սև սալորաչիր Հեռացնում է խոլեստերինը, հարուստ է K և P վիտամիններով, որոնցից առաջինը նպաստում է արյան բաղադրության բարելավմանը, խցանումների վերացմանը  իսկ երկրորդը՝ անոթների պատերի ամրացմանը։ 100գ․ սալորաչրի մեջ պարունակվում է 46կկ։ Սալորի այս տեսակը 80% հեղուկ է պարունակում և 11% ածխաջուր։ Այն իր մեջ պարունակում է A.B1.B2.B3.B9.C.E վիտամինները։ Այն հրաշալի միջոց է մարդու օրգանիզմում շաքարի քանակը նորմայում պահպանելու համար։ Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ուտել 3-4 հատ սալորաչիր։ Թզի չիր Խթանում է մարսողությունը, օգտակար է մրսածության դեպքում, վերականգնում է ուժերը։ Տանձի չիր Այս մրգաչրի տեսակը մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից և կարգավորում է նյութափոխանակությունը։ Խուրմա Շատ օգտակար է հղիների և կերակրող մայրերի համար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ օքսիտոցին, որը հեշտացնում է ծննդաբերությունը և խթանում կաթնարտադրությանը։ Թթու լավաշ մաքրում է օրգանիզմը շլակներից և տոքսիններից: 1․ Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ: 2․Բարձրացնում է տրամադրությունը: 3․ Հագեցնում է քաղցը երկար ժամանակով: Քաղցր ընկույզով  սուջուխ Մյուս բոլոր չրերից այն առանձնանում է իր համով և օգտակար հատկանիշներով։ Երկու կարևոր բաղադրիչներն էլ ունեն իրենց օգտակար հատկությունները, որոնք միասին դառնում են ավելի նպաստավոր։ Սուջուխի միջուկ հանդիսացող ընկույզը կամ երբեմն էլ պնդուկը՝ նպաստում են ուղեղի լավ աշխատանքին: Իսկ միջուկին պատող օշարակը՝ որը պատրաստվում է ծիրանի կամ նռան չրից, մաշկը դարձնում է առողջ: Նուռը հարուստ է օրգանիզմի աշխատանքը կարգավորող C, B, P վիտամիններով:   Չրերի բուժական հատկությունները Չոր հազի և մրսածության դեպքում 4-5 թզի չրին ավելացնել 1 բաժակ տաք թեյ։ Հովանալուց հետո չրերը հանել, տրորել կաթով, խառնել և ստացված զանգվածից օրական երկու անգամ  0․5 բաժակ խմել տաք վիճակում։ Գործողությունը շարունակել մինչև լրիվ ապաքինվելը։ Քրոնիկ փորկապության դեպքում 400գ․ սև սալորաչիրը՝ առանց կորիզների, անցկացնել մսաղացով։ Ավելացնել 200գ․մեղր, խառնել։ Օգտագործել 1 թեյի գդալ՝ ընթրիքից առաջ և վրայից տաք ջուր խմել։ Անքնության դեպքում 100 գ․ խուրմայի չրի վրա լցնել տաք ջուր և թողնել 3-4 ժամ, հետո կորիզները հեռացնել, պտղամիսը տրորել և լցնել թերմոսի մեջ, 1 լիտր եռացրած ջուր ավելացնել, թողնել 1 ժամ։ Այս թեյը պետք է խմել քնելուց առաջ։        

Թափոնների տեսակավորման մշակույթը մտնում է Երևանի բուսաբանական այգի

Թափոնների տեսակավորման մշակույթը մտնում է Երևանի բուսաբանական այգի
Երևանի Բուսաբանական այգին ևս միացավ թափոնների տեսակավորման մշակույթին։ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրինության նախաձեռնությամբ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչությունը, այգու տարածքում օրերս տեղադրեց թափոնամաններ։ Երևանի բուսաբանական այգու այցելուներն արդեն կարող են տեսակավորել թափոնները՝ մաքուր պահելով այգու տարածքը։ Հավաքված թափոնները ուղարկվելու են վերամշակող գործարաններ՝ երկրորդային հումք ստանալ համար։ Որպես իրազեկում՝ Կապույտ թափոնամանը նախատեսված է պլաստիկի համար, որտեղ կարելի է նետել նաև պոլիէլթիլենային տոպրակներ։ Մոխրագույն թափոնամանը նախատեսված է ապակու համար։ Դեղին թափոնամանը նախատեսված է թղթի համար, այստեղ կարելի է նետել այն ամենը՝ ինչ թղթից է։

Բնության զարթոնքի հետ առնչվող զատկական առանձնահատկությունները

Բնության զարթոնքի հետ առնչվող զատկական առանձնահատկությունները
Սուրբ Հարության տոնը, կամ ինչպես ժողովուրդն է սիրում անվանել Մեծ Զատիկը, քրիստոնյա աշխարհի ամենասպասված ու ամենասիրված տաղավար տոներից կենտրոնական տոնն էր։ Զատիկով էր որոշվում շարժական տոները, քանի որ նշվել է գարնան գիշերահավասարից հետո՝ լիալուսնին հաջորդող առաջին կրակի օրը։ Այս տարի, քրիստոնյա ախրահը Սուրբ Հարության տոնը կնշի ապրիլի 17-ին։ Ինչպես բոլոր տոները, այնպես էլ զատիկը, ունեցել են տարբեր շերտեր։ Eco. am սոցիալական հարթակն իր ընթերցողների համար առանձնացրել է բնության զարթոնքի հետ առնչվող զատկական առանձնահատկություններն ու կարևորությունը։ Զատիկը Քրիստոսի Հարության տոնն է, բայց հնում այն ևս ունեցել է արմատներ՝ հին տարին նոր տարուց զատվելու, բնության զարթոնքի և գարնան գալուստն ավետող տոն էր համարվում։ Նաև կան մեկնություններ, որը ասոցացնում են հատիկ բառի՝ սերմի, հունդի գաղափարի հետ։ Ինչպես հունդը հողի մեջ մեռնելով, ծլարձակելով նոր կյանք է տալիս, նույնն էլ քրիստոնեության մեջ՝ Քրիստոսը զոհաբերվելով, մարդկությանը կյանք է պարգևել։ Այսինքն՝ որոշակի աղերսներ կան հին և նոր տոների մեջ։ Հնում մարդիկ երկար են պատրաստվել այս կարևոր տոնին։ Ծաղկազարդից հետո սկիզբ է առնում Ավագ շաբաթը։ Ավագ Շաբաթվա բոլոր օրերը ունեցել են տարբեր շերտեր, որոնք նշել է եկեղեցին և որոնք արդեն ընդունված է եղել ժողովրդի մեջ՝ տարբեր անուններով։ Ավագ Երկուշաբթի- երբեմն անվանել են սև երկուշաբթի, կամ ջրաղացպանի օր, խորհրդանշելով շաբաթվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները։ Ընդունված էր, որ ջրաղացպանի օրը պետք է ցորեն աղային։   Ավագ երեքշաբթի- Համարվել է աշխատանքային օր, ժողովրդի մեջ ընդունված է եղել անվանել նաև քարքաշա։ Այդ օրը հագեցած օր է եղել, ջուրն են թարմացրել, և անպայման այնքան խնոցի են հարել, որ երկար ժամանակ խնոցի հարելու կարիք չեն ունեցել։ Այդ օրը նաև հիմար իմաստունի օրն է եղել։ 10 Երեխաներին ժամերգության ժամանակ շապիկ են հագցրել, ձեռքներին մոմեր են տվել և վիճակահանությամբ որոշել են, թե ովքեր են իմաստունները և ովքեր հիմարները։ Հիմարների մոմերը հանգցրել են՝ հանել եկեղեցուց, իսկ իմաստունները պիտի այդ ժամերգության ժամանակ ներկա լինեին արարողությանը։   Ավագ չորեքշաբթի- Այդ օրը մարդիկ ազատվում էին ամեն տեսակ աղբից։ Նախ՝ մաքրություն էր կատարվում, բացի դրանից այդ օրը մաքրման ծես էին անում՝ հիվանդությունները, չարը քշելու իմաստով։ Չորեքշաբթի օրը պիտի մարդը մաքրվեր, ինչքան չքանալու բան կար, պիտի այդ օրը ազատվեին։ Նույնիսկ՝ նախօրդ օրը՝ երեքշաբթի, տատիկները երդիկներին 2 քար էին դնում՝ բարի և չարի, իրենց բնորոշումներով և չորեքշաբթի օրը տան երեխային ուղարկում էին երդիկ, քարերից մեկը բերելու։ Որ քարը բերում էր դրանով որոշում էին, թե ինչ է սպասվելու այդ օրը։   Ավագ հինգշաբթի- Արդարության օր էր համարվում։ Այդ օրը տղամարդիկ կացնի բութ կողմով խփում էին չբեր ծառին, որը չէր ծաղկում, վախեցնում էին, ասելով, որ եթե բերք չտաս կտրելու եմ։ Այդպես փորձում էին ապահովել տարվա բերքատվությունը։ Կանայք այդ օրը կրակն ու թթխմորն էին թարմացնում, իսկ եկեղեցում, ինչպես գիտեք, Խորհրդավոր ընթրիքն էր՝ Քրիստոսի և 12 առաքյալների։ Երեկոյան  էլ՝ Ոտնլվայի արարողությունն էր։ Այդ ժամանակ խավարման պահն է, երբ հերթով 12 մոմերը հանգում են և մնում է Քրիստոսին խորհրդանշող մոմը, որը նրա մենակությունն է խորհրդանշում։   Ավագ Ուրբաթ- Արդեն Հուդայի մատնության օրն է, որ մատնեց Քրիստոսին և նա չարչարանքների ենթարկվելով զոհաբվերվեց։ Այդ օրը ժողովրդի մեջ ընդունված է եղել, որ տղամարդիկ, երեխաները եղանով, բահերով հողը փորեն։ Իսկ կանայք ձու էին գործում, կար էին անում։ Այսինքն՝ ծակելու, Հուդային պատժելու խորհուրդ ուներ իր մեջ։ Ասում են՝ Հուդայի աչքն են հանում։   Ավագ շաբաթ -Կարելի է Քրիստոսի մահվան և հարության օրը համարել։ Արդեն երեկոյան, պատարագից հետո՝ զատկական ուտեստներն է մատուցվում։   Ավագ կիրակի –Այդ օրը սկսվում է բուն զատկական տոնախմբությունները, համարվում էր Ախառի կիրակի։ Ախառը զատկական մատաղն էր, որը հավաքվում էր ողջ համայնքի, գյուղի միջոցներով և անխտիր բաժանվում էր բոլորին։ Զատիկը նշում էին մեծ տոնախմբություններով՝ երգով, պարով, այցերով, արարողություններով։ Այս օրերին, ինչպես Նոր տարուն, ընդունված էր այցելել մեկմեկու, շնորհավորել տարբեր ավետիսներով, ձվերով, քաղցրեղենով հյուր գնալ։   Չմոռանաք Զատկի տոնին միմյանց ավետել՝ Քրիստոս հարեավ ի մեռելոց, – Օրհնէալ է հարությունը Քրիստոսի։  Մեզ և Ձեզ մեծ ավետիս։