Յուրաքանչյուր տարվա ապրիլի 22-ին աշխարհը տոնում է Մայր Երկրի միջազգային օրը։ Այս տարի այն նշվեց «Ներդրումներ կատարենք մեր մոլորակում» կարգախոսով։ Երկրի օրը առաջին անգամ նշվել է որպես ժամանակակից բնապահպանական շարժման մեկնարկ, իսկ այժմ այն ճանաչվում է որպես մոլորակի ամենամեծ քաղաքացիական իրադարձություն:
1970 թվականին Երկրի օրը նշելը գործողությունների ալիք է առաջացրել ԱՄՆ-ում՝ բնապահպանական կարևոր օրենքների ընդունմամբ. Օրվան ի պատասխան ստեղծվել են մաքուր օդի, մաքուր ջրի և վտանգված տեսակների մասին օրենքներ։ Իսկ 2009 թվականին ապրիլի 22-ին, Բոլիվիայի նախաձեռնությամբ, Մայր Երկրի միջազգային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Բանաձևի համահեղինակներ են հանդես եկել ՄԱԿ-ի 50-ից ավելի անդամ-պետություններ:
Տոնի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել, շրջակա միջավայրի պահպանության և մեր մոլորակի խնդիրների վրա, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, անտառաշերտերի վերականգնումը և պահպանվող տարածքների կառավարումը։ Տվյալ խնդիրներից անմասն չէ նաև Հայաստանը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ առաջիկա քսան տարում մոլորակի բնակչության 60 տոկոսն ապրելու է քաղաքներում: Քաղաքացիների թվաքանակի աճի և քաղաքների սահմանների ընդլայնման համեմատ մեծանում է շրջակա միջավայրի բեռնվածությունը տրանսպորտի, արդյունաբերության, ջրամատակարարման կողմից: Քաղաքներում ջրամատակարարման և կոյուղու համապատասխան համակարգերի բացակայությունը հանգեցնում են առողջության հետ կապված խնդիրների: Այսպես կոչված «կանաչ քաղաքներում» բոլոր այդ գործոնները հաշվի են առնվում վերականգնվող աղբյուրների միջոցով էներգիայի ապահովման, աճող բնակչության համար բավարար քանակությամբ մաքուր ջրի տրամադրման, արդյունավետ ենթակառուցվածքի և տրանսպորտային ցանցերի ստեղծման հաշվին:






Թողնել մեկնաբանություն