Blog
In
other , shrjaka-mijavayr
«ԷկոՎիլ» ընկերությունը Հրազդանում հիմնեց կեչիների գեղեցիկ պուրակ
Posted on 9 Հունիսի, 2022

Գլոբալ բնապահպանական խնդիրների դեմ պայքարի լավագույն ու արդյունավետ ճանապարհը՝ ծառատունկն է։ «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության նախաձեռնությամբ, օրերս Կոտայքի մարզում՝ Հրազդան քաղաքի Աղբյուրակ զբոսայգում հիմնվեց նորատունկ կեչիների գեղեցիկ պուրակ։
Էկովիլցիների հետ երիտասարդ կեչիները տնկելու էին եկել ոչ միայն համաքաղաքացիները, այլ նաև համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ Իսկ ծառատունկի մասնակիցները շիվերին ամրացրին անվանական ցուցանակներ, որպեսզի յուրաքանչյուրը պատասխանատվություն ունենա խնամելու իր տնկած ծառը։
Յուրաքանչյուր ծառատունկ խթանում է կանաչ տարածքների ավելացմանը՝ նվազեցնելով օդի աղտոտվածությունը, այդ սկզբունքով էլ առաջնորդվելով Eco.am սոցիալական հարթակը նույնպես նորաստեղծ պուրակում տնկեց իր անվանական ծառը։
Կազմակերպիչները համոզված են, որ մի քանի տարի անց, պուրակը կդառնա հրազդանցիների սիրելի ու ամենագողտրիկ անկյուններից մեկը։ Ըստ նրանց, ԷկոՎիլ»-ը Հրազդան քաղաքում տեղադրելով արևային համակարգեր, կրճատում է ածխաթթու գազի արտանետումներն այնպես, ինչպես ծառերը։ Իսկ այս նախաձեռնությունը կրկնապատկում է ԷկոՎիլ»-ի բնապահպանական գործունեությունը՝ զուգակցելով կանաչ գոտիների իրական և վիրտուալ տարածքները։
«Լիահույս եմ, որ բնակիչները և համայնքապետարանը, ամեն ինչ կանեն, որպեսզի այս ծառատունկը ծառայի իր նպատակին։ Մեկ տարի անց այստեղ կտեսնենք կանաչ ծառեր։ Շնորհակալ եմ «ԷկոՎիլ» ընկերությանը՝ ծառատոնկը կազմակերպելու համար», - անվանական ծառը տնկելուց հետո ասաց Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանը։
«Երեխաների աջակցության հիմնադրամ»-ի տնօրեն Կամո Առաքելյանը նույնպես շնորհակալություն հայտնեց «ԷկոՎիլ» արևային ընկերությանը՝ բնապահպանական նախաձեռնության համար․ «Հրազդան քաղաքի այս գողտրիկ անկյունում ստեղծվեց ևս մի պուրակ, կարծում եմ, որ այն ավելի կգեղեցկացնի մեր համայնքը։ Իսկ համայնքի բնակիչներս պարտավոր ենք այն պահպանել»։
Ինչպես վաստահեցնում են «ԷկոՎիլ» աշխատակիցները՝ բնության պահպանությունը և կանաչ տարածքների կրկնապատկումը կշարունակի մնալ «ԷկոՎիլ»-ի ուշադրության կենտրոնում՝ լինելով կարևոր առաջնահերթություններից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
5 կանոն․ ինչպե՞ս խուսափել օձի խայթոցից
Posted on 8 Հունիսի, 2022

Վերջին օրերին, եղանակի տաքացմանը զուգահեռ, կարծես թե սողուններն ակտիվացել են։ Վերջին դեպքը Տավուշի մարզում էր Բերդավան գյուղի տներից մեկում փրկարարները տներից մեկում օձ էին հայտնաբերել։ Նման դեպքեր արձանագրվել են նաև Երևանում։ Ինչպես տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը 2021 թվականին Հայաստանում արձանագրվել է օձի խայթոցի 111 դեպք, որից 1․ 10.8%-ը Երևան քաղաքում, իսկ 89.2%-ը՝ մարզերում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի (25 %) և Արարատի (20 %) մարզերում։ Միաժամանակ, դեպքերի 86.5%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 13.5%-ը՝ կանանց շրջանում: Դեպքերի 91%-ը գրանցվել է մեծահասակների, իսկ 9%-ը՝ 0-18 տարեկան բնակչության շրջանում: Օձի խայթոցից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ մի քանի պարզ կանոն: 1․ Զով օրերին օձերը սիրում են պառկել քարերին և տաքանալ, իսկ շոգ եղանակին թաքնվում են քարերի տակ՝ ստվերում: 2․ Եթե զբոսնում եք այնպիսի վայրերով, որտեղ օձերի առկայության հավանակությունը մեծ է, հագե՛ք երկարաճիտ կոշիկներ և ոչ սանդալներ կամ կտորից կոշիկներ: Վերցրե՛ք երկար փայտ թփերը հրելու համար: 3․ Եթե տեսնում եք օձին հարձակման դիրք ընդունած, ապա կանգնե՛ք և դանդաղ հետ քաշվե՛ք: 4․ Եթե, այնուամենայնիվ, օձը խայթել է, տուժածին անհրաժեշտ է ցույց տալ շտապ բուժօգնություն: Առաջին հերթին արձակե՛ք վերնաշապիկի կոճակները, օձիքը և գոտին, կապե՛ք կծած վերջույթը: Ձեռքի վնասվելու դեպքում այն պետք է անշարժացնել այնպես, որպեսզի քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, տուժածին որքան հնարավոր է շատ ջուր տալ, կարելի է ընդունել նաև որևէ հակահիստամինային միջոց, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ: 5․ Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղը այրելը, կամ կտրվածքներ անելը: Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը:
In
other , eco-aprelakerp , eco-snund
Լավ լվացեք մրգերն ու բանջարեղենը և կանխեք աղիքային վարակիչ հիվանդությունները
Posted on 8 Հունիսի, 2022

Շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Բժիշկները հաճախ են փաստում, որ այս հիվանդությունը 3 անգամ ավելի շատ է գրանցվում ամռանը, քան թե՝ ձմռանը: Ըստ վիճակագրության 2021 թվականի համեմատ այս տարի Հայաստանում աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերն աճել են 1.2 անգամ: Վերջին 4 ամիսների ընթացքում մոտ գրանցվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 2018 դեպք, իսկ 2021 թվականի նույն ժամանակաշրջանում դեպքերը եղել են 1442-ը: Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ են՝ 1․ բակտերիաները (դիզենտերիա, սալմոնելոզ, որովայնային տիֆ, խոլերա), 2․ վիրուսներ (էնտերովիրուսներ, ռոտավիրուսներ և այլն): Վարակի տարածման աղբյուր են հիվանդները և վարակակիրները, որոնց արտաթորանքի, փսխման զանգվածների, երբեմն նաև մեզի միջոցով հարուցիչները արտազատվում են արտաքին միջավայր: Գրեթե բոլոր հարուցիչները բավականին կայուն են արտաքին միջավայրում․ 1․ հողում, 2․ջրում 3․ տարբեր առարկաների վրա՝ խոհանոցային սպասք (ափսեներ, գդալներ, բաժակներ և այլն), կահույքի մակերես, դռների բռնակներ: Սակայն այդ մանրէների համար ինչպես գոյատևման, այնպես էլ բազմացման համար խիստ նպաստավոր պայմաններ առկա են սննդամթերքի մեջ: Սննդամթերքը բարենպաստ պայմաններում վարակիչ հիվանդությունների հարուցիչների համար հանդիսանում է սննդային միջավայր՝ նպաստելով դրանց աճմանը և բազմացմանը: Օրինակ՝ ավելի հաճախ աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների առաջացման պատճառ են դառնում․ 1․ ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, 2․ համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, 3․ ոչ ճիշտ պատրաստված ուտեստները Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են 1․երեխաները, 2․ տարեցները, 3․ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է: Ինչպե՞ս խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից․ 1․ Ծորակի ջուրն օգտագործե՛ք միայն 10-15 րոպե հոսելուց հետո։ Մ՛ի խմեք կասկածելի խմելու ջուր, կամ կասկածելու դեպքում ավելի լավ է խմեք միայն եռացրած-սառեցրած տարբերակով, կամ՝ շշալցված ջուր։ 2․ Փոքր տարիքի երեխաներին երբեք մի տվեք ծորակի ջուր, ինչպես նաև հում կաթ։ 3․ Մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրի տակ, առնվազն 2-3 րոպե, իսկ կասկածելի ջրի դեպքում՝ եռացրած ջրով։ 4․ Սննդամթերքը միշտ պահպանեք համապատասխան պայմաններում, փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար, հետևե՛ք օգտագործման ժամկետներին։ 5․Խուսափել ոչ համապատասխան պայմաններում՝ փողոցներում վաճառվող սննդամթերքից։ 6․ Մշտապես պահպանեք անձնական հիգիենայի կանոնները. ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես։ 7․ Մի՛ գնեք բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլ սնունդ։ 8․ Մի՛ լողացեք լողալու համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ դրանք կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ, Այնուամենայնիվ, աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի։
In
other , shrjaka-mijavayr
Ոռոգման նպատակով Սևանա լճից արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր
Posted on 7 Հունիսի, 2022

Հանրապետության գետերի մեծ մասում հունիսի 6-7-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Այդ մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Ըստ կենտրոնի, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ավելին է․ 1․ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 212.38մլն. մ³-ով, 2․ Ապարանի ջրամբարում՝ 11.91մլն. մ³-ով, 3․Մարմարիկի ջրամբարում` 4.21մլն. մ³-ով, 4․Ազատի ջրամբարում՝ 7.46մլն. մ³-ով ավելի է։ 5․ Արփի լիճ ջրամբարում` 3.50մլն. մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից։ Իսկ ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից էլ տեղեկանում ենք, որ 2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լիճը գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս տարվա հունվարից մինչեւ հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 124 միլիոն 874 հազար խորանարդ մետր ջուր: Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: 2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր:
In
other , shrjaka-mijavayr
Անտառխախտումների և անբարեխիղճ ծառայության համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կադրային քաղաքականությունը կվերանայվի
Posted on 7 Հունիսի, 2022

Ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով Լոռու մարզի դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում 2021թ. դեկտեմբերին ուսումնասիրվել էին «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների տվյալները: Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը, պարզվել էր, որ զանազան անտառխախտումների և իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու, դրանով պետությանը վնասներ պատճառելու համար նախկինում դատապարտված կամ նույնպիսի արարքների համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից պաշտոնավարման պրակտիկան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում շարունակվում է: Ընդ որում, այդպիսի անձինք զբաղեցնում են նաև անտառտնտեսության բարձր պաշտոններ: Ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության․ «Ակնհայտ է, որ այս իրավիճակի պահպանման պայմաններում շարունակում է բարձր մնալ այդպիսի անձանց կողմից պաշտոնեական նոր հանցագործություններ կատարելու, կոռուպցիոն հարաբերությունների մեջ մտնելու, դրանով իսկ նաև ապօրինի անտառահատումների դեմ պետության կողմից որդեգրված կոշտ քաղաքականության արդյունավետությունը նվազեցնելու ողջամիտ ռիսկը: Վերջինս կարող է հասարակության մոտ անվստահություն հարուցել պետության ստանձնած՝ ապօրինի ծառահատումների դեմ պայքարի հանձնառության լրջության հանդեպ: Ելնելով դրանից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը 2021թ. դեկտեմբերի վերջին միջնորդագրով դիմել էր «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին՝ ձեռնարկելու միջոցառումներ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի տարածքային մասնաճյուղերում քրեական նման հետագիծ ունեցող անձանց պաշտոնավարման դեպքերը բացառելու ուղղությամբ: Մարզի դատախազի միջնորդագիրը քննարկվել է: Միջնորդագրի կապակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից ստացված պատասխան գրությամբ հայտնվել է, որ միջնորդագրով բարձրացված խնդիրները մանրամասն ուսումնասիրվել են: Հաշվի են առնվել ինչպես բացթողումների վերաբերյալ մարզի դատախազության դիրքորոշումները, այնպես էլ նախկինում հանդիպած նմանատիպ խնդիրները: Կազմակերպության համապատասխան աշխատակիցներին հանձնարարվել է հետայսու հետևողականություն ցուցաբերել կադրային քաղաքականության հարցում: Մասնավորապես՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կազմակերպության բոլոր մասնաճյուղերի տնօրեններին իջեցվել է հանձնարարական՝ հետայսու, նախքան մասնաճյուղերում նոր աշխատակիցներ աշխատանքի ընդունելու համար միջնորդություն ներկայացնելը, հնարավոր միջոցներով ճշտել՝ արդյոք տվյալ անձն ունի դատվածություն կամ անցնում է անտառխախտումների կամ իր ծառայողական պարտականությունների անբարեխիղճ կատարման հետ կապված որևէ քրեական գործով՝ որպես կասկածյալ կամ մեղադրյալ: Հանձնարարականով դրվել է պահանջ՝ նաև աշխատանքի ընդունվելու դիմում ներկայացնելիս դիմումատուից պահանջել տրամադրել նաև ստորագրությամբ հաստատված գրություն առ այն, որ դիմումատուն չունի դատվածություն կամ չի անցնում որևէ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ անտառխախտումների կամ իր ծառայողական պարտականությունների անբարեխիղճ կատարման հետ կապված: Ապօրինի ծառահատումների, դրանց հետ կապված կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից այս կարևոր միջոցառումները, դրանց հետևանքները շարունակելու են գտնվել Դատախազության ուշադրության կենտրոնում՝ իր գործառույթների իրացման շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ:
In
other , shrjaka-mijavayr
«Միայն մեկ Երկիր» կարգախոսով նշվեց Շրջակա միջավայրի համաշխարհային օրը
Posted on 6 Հունիսի, 2022

50 տարի առաջ՝ 1972 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր։ Այդ օրվանից էլ հունիսի 5-ը միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից մեկը դարձավ։ Այն ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր երկրներում: «Միայն մեկ Երկիր»․ այս տարի հունիսի 5-ը նշվեց հետևյալ կարգախոսով։ Օրվա ամսաթիվն ընտրվել է ի նշանավորումն Ստոկհոլմի հանձնաժողովի՝ շրջակա միջավայրի պահպանման խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների մեկնարկի: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր որոշման մեջ կոչ է արել պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը: Մարդկային քաղաքակրթության ժամանակակից տեխնիկական զարգացումը ներկա դրությամբ հանգեցրել է շրջակա միջավայրի զգալի աղտոտվածությանը: Մարդու ամենօրյա տնտեսական (հանքեր, անտառհատումներ, անտառային հրդեհներ և այլն) և զինվորական (զենքերի փորձարկումներ, պատերազմներ և այլն) գործունեությունը բնական միջավայրին վնաս է հասցնում: Շրջակա միջավայր թափանցող շատ միացություններ չեն հանդիպում բնության մեջ, դրանք մարդու կողմից արհեստականորեն սինթեզված են։ Ուստի, այս տարի պատահական ընտրված չէ «Միայն մեկ երկիր» կարգախոսը, քանի որ հաճախ մոռանում ենք, որ տիեզերքում կան միլիարդավոր գալակտիկաներ, մեր գալակտիկայում՝ միլիարդավոր մոլորակներ, բայց կա միայն մեկ Երկիր: Այս օրը նպատակ ունի յուրաքանչյուր մարդու մեջ արթնացնել շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու ցանկություն: Անհրաժեշտ է աշխարհի ժողովուրդներին հնարավորություն ընձեռել ակտիվորեն նպաստելու կայուն և արդարացի զարգացմանը, նպաստել այն ընկալմանը, որ բնապահպանական հարցերի հանդեպ մոտեցումների փոփոխության հիմնական շարժիչ ուժը մենք ինքներս ենք։
In
other , eco-tourism , shrjaka-mijavayr
Բյուրականի անտառում մարդկանց և կենդանիների մուտքը 25 օր խստիվ կարգելվի
Posted on 6 Հունիսի, 2022

Հունիսի 3-ից անտառներում մեկնարկել էրավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ: Ինչպես հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն հունիսի 5-ին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղը` 1700 հա տարածքում ավարտվել են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները: Իսկ հունիսի 7-ից սույն միջոցառումները կիրականացվեն Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Բյուրականի անտառպետության տարածքում: Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը: Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։
In
other , eco-snund
«Սննդամթերքի անվտանգությունը միայն ապրանքի պիտանելիության ժամկետին հետևելը չէ»․ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ
Posted on 6 Հունիսի, 2022

«Այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որտեղ արձանագրում ենք անհամապատասխանություն և կիրառում ենք սահմանափակում, մենք հետևողական ենք, որպեսզի վերացնենք թերությունները։ Այդ ամենից հետո միայն թույլատրում ենք, որ վերսկսեն իրենց գործունեությունը»,-լրագորղների հետ զրույցում այսօր ասաց ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը պնդելով․ «Վերջին տարիներին Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում նկատվում է դրական տեղաշարժ: Դա ոչ միայն տեսչական մարմնի լավ աշխատանքի, այլև հասարակության պահանջատիրության մակարդակի բարձրացման արդյունքն է»,- փաստեց բանախոսը:

Ըստ նրա, տեսչական մարմինը, ուշադրության կենտրոնում պահելով ոլորտի խնդիրները, հասարակության շրջանում ավելի խստացնելու է վերահսկողությունը և իրականացնելու է իրազեկման ծավալուն աշխատանքներ է:
«Սննդամթերքի անվտանգությունից, սպառողների պաշտպանված լինելուց խոսելիս, միայն ապրանքի պիտանելիության ժամկետին հետևելը քիչ է, պետք է ուշադրություն դարձնել ապրանքի վրա առկա ամբողջ տեղեկատվությանը, որը վերաբերում է սպառողին: Այնտեղ նշված է թե բաղադրությունը, թե առկա ալերգենների մասին տեղեկատվությունը: Տեսչական մարմնի տեսլականն այն է, որ համապատասխան իրազեկման աշխատանքներում քաղաքացիների ուշադրության կենտրոնում պահվի մակնշման ամբողջական տեքստը: Այսօր խոսում ենք նույն կաթնայուղի փոխարինիչով արտադրանքի մասին և ունենք օրենսդրական նախաձեռնություն, որ դրանք առանձին վաճառվեն: Մենք այս նախաձեռնությունը չէինք ունենա, եթե մեր սպառողները կարդային մակնշման վրա առկա տեղեկատվությունը, կատարեին գիտակցված գնում և չգնեին այդ արտադրանքը որպես թթվասեր»,- հրավիրված ասուլիսում ասաց ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետը։
Բանախոսը նաև շեշտեց, որ դրական տեղաշարժ նկատվում է նաև տնտեսվարողների մոտեցումներում, որը տեսանելի է տնտեսվարողների գործունեության կասեցումների թվի նվազմամբ: 2021 թվականին տեսչական մարմնի կողմից 60-ից ավելի տնտեսվարողների մոտ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել: Դրա նախորդող տարիներին այդ քանակը եղել է ավելի մեծ:
In
other , shrjaka-mijavayr
Կկանոնակարգվի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը
Posted on 3 Հունիսի, 2022

Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ «Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը հետամուտ է ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի ջրով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարմանը, մակերևութային և ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի վատթարացման կանխմանը, խիստ փոփոխված ջրային մարմինների կարգավիճակի բարելավմանն ու վերականգնմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը, ինչպես նաև սույն օրենսգրքի խնդիրների լուծման համար իրավական հիմքերի ապահովմանը։ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀԳՀՄ ջրի որակի և պաշարների կառավարման ոլորտում մոտարկման ենթակա ճանապարհային քարտեզի իրականացումը, ջրերի լավ որակը և պաշարների արդյունավետ կառավարումը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պատժամիջոցի չափի բարձրացումը կապահովի ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսի խնայողաբար օգտագործմանը և կհանգեցնի ջրօգտագործման թույլտվության պահանջների լիարժեք կատարմանը: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հիդրոէլեկտրակայանների կողմից ջրօգտագործման համար վճարելու արդարացի պահանջը, կավելանան պետբյուջեի եկամուտները, կիրականացվի մակերևութային ջրերի օգտագործված պաշարների պատշաճ հաշվառում և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում: «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը, կապահովվի ջրօգտագործման թույլտվությունների ստացման նպատակով ներկայացվող փաստաթղթերի օրինականությունը և հաշվարկների իրականացման համար պետականորեն նախատեսված վճարումներ կատարելու իրավական պահանջը։ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կթեթևացվի ջրօգտագործման թույլտվության ձեռքբերման ժամանակ ջրօգտագործողի վարչարարական բեռը, իսկ ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար կսահմանվի պետական տուրք՝ ապահովելով նշված գործունեության իրականացման օրինականության սկզբունքը և պետական բյուջեի եկամուտներում ավելացում։
In
other , shrjaka-mijavayr
Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու գործընթացը կվերահսկվի
Posted on 2 Հունիսի, 2022




